«Մի ծաղկով գարուն չի գա»
«Մի ձեռքը ծափ չի տա»:

Միանալով աշխարհում ազնիվ եւ արդարադատ մարդկանց ամանորյա բարեմաղթություններին  Եվրոպայի Հայերի Համագումարը իր հերթին բարի ցանկություններով եւ գալիք 2017 թվականի  համար լավագույն ակնկալիքներով՝ մաղթում է որ Հայոց Աշխարհը եւ հայ ժողովուրդը, որպես մեկ միասնություն եւ մեկ կամք աշխարհի չորս ծագերում  ապրի խաղաղության, ազատության եւ երջանկության մեջ:

Գրեթե միշտ վարժվել ենք ասելու, որ անցնող տարին Հայաստանի ու սփյուռքահայության համար  շատ ծանր տարի էր, անցնող 2016 թվականը եւս այս առումով բացառություն չեղավ:

Անկայուն եւ արհավիրքներով լեցուն աշխարհի եւ  գերտերությունների ռազմատենչ քաղաքականության և անկշտում ախորժակի պայմաններում, աշխարհը կանգնել է նոր արհավիրքների ու պատերազմների շեմին:

Միլիոնավոր մարդիկ տեղահանվել ու տեղահանվում են իրենց բնօրրաններից, այդ թվում Սիրիայի եւ Իրաքի մեր հայրենակիցները, որոնք ցեղասպանությունից մազապուրծ՝ նորից կանգնել են լինել չլինելու ահավոր հարցի առջեւ: Ամենուր հայ եւ այլ փոքրամասնությունները կրկնակի դժվարությունների եւ սպառնալիքների առջեւ են կանգնած: Վտանգվել ու վտանգվում են նրանց կերտած հարստությունը, մշակույթը, լեզուն եւ գոյատեւելու իրավունքը:

Ցեղապաշտական ու ռասիստական մտայնությունները դյուրությամբ տարածվում եւ տեղ են գտնում հասարակությունների ուղեղներում…  նման սին ու մարդատյաց գաղափարախոսություններով սնվող խմբավորումները Եվրոպայում եւ այլուր գլուխ են բարձրացրել եւ սպառնալիք են ողջ մարդկության համար:

Թուրքական ֆաշիզմը տարածաշրջանը վերածել է պայթուցիկ ռումբի, Ալիեւական այսպես կոչված Ադրբեջանը  մեզ պարտադրված ապրիլյան քառօրյա պատերազմում հայ զինվորի ու հայ սպայի անկոտրում կամքին բախվելով՝ այս անգամ խորամանկաբար նորանոր սադրանքների եւ արկածախնդրությունների է դիմում:

Իհարկե բացասական եւ ցավալի այս երեւույթների կողքին կյանքը շարունակվում է…  պայքարը հանուն մարդկային արժեքների, հանուն խաղաղության եւ արդարության շարունակվում է… եւ հույսը երբեք չի մարում:

Հայ ժողովրդի պարագայում եւս այդպես է, անցնող 2016 թվականին եւս միջազգային ասպարեզում ունեցանք ձեռքբերումներ, Գերմանիան ճանաչեց ու դատապարտեց Ցեղասպանությունը, Արցախի ինքնիշխանության ճանաչումը միջազգային հասարակական եւ պետական շրջանակներում դարձավ օրակարգի հարց,  մշակութային եւ սպորտի ասպարեզում թե’ Հայաստանում եւ թե’ Սփյուռքում արձանագրվեցին որոշակի նվաճումներ, հուսադրիչ էր Փարիզում հայկական նոր դպրոցի հիմնադրումը…

Սակայն անելիքներ շատ կան եւ մեր գերագույն նպատակներին հասնելու համար դեռ երկար ճանապարհ ունենք կտրելու:

Սփյուռքը իր ներքին բազմատեսակ եւ լուրջ կարելիություններով ու հնարավորություններով հանդերձ դեռ չի կարողացել ստեղծել այն կառույցը, կամ կառույցները որով հնարավոր կլինի ի մի բերել իր կարելիությունները եւ ներուժը՝ հանուն լեզվի եւ մշակույթի պահպանման եւ զարգացման, հանուն գոյատեւման եւ ազգային միասնականության, հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, զարգացման եւ բարգավաճման:

Իսկ Հայաստանի մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը անտեսված պետական այրերի կողմից, անկարող իր օրվա հացը վաստակելու՝ մաքառում է աղքատության եւ անհուսության մեջ, մինչդեռ ազգ ու հայրենիք չճանաչող մի խումբ մարդիկ ձեռք ձեռքի տված թալանում են ժողովրդին եւ կեղծ ազգային եւ հայրենասիրական լոզունգների քողի տակ, հազար ու մի խարդավանքներով, խաբելով ժողովրդին ցանկանում են հավատացնել, որ իրենցից ոչ լավը կա, ոչ էլ իրենցից պրծում…

Իսկ արտագաղթը շարունակվում է նույն թափով… գրին-քարտի խաղարկությունները, արտագաղթը եւ արտագնա աշխատանքի որոնումները դարձել են ժողովրդի գոյատեւման հիմնական հույսի աղբյուրը:

Վերջին 10 տարիների ընթացքում երկրից դուրս է բերվել 10 մլդ ԱՄՆ դոլար, իսկ երկրի պարտքը 6 մլդ դոլարի է հասել: Ո՞վքեր են այդ միլիարդատերերը, եթե ոչ հենց իրենք հին ու նոր իշխանավորները, կամ նրանց հովանավորողները:

Արցախի հարցի լուծման շուրջ բանակցությունները պարտվողական վտանգավոր աստիճանի են հասցվել:

Իսկ արդարություն պահանջող եւ պայքարող ժողովրդի մի զգալի մասն արդեն անօրինաբար գտնվում է բանտերում…

Ինչպես հայրենիքում, նույնպես եւ այստեղ ունենք հրաշալի, կրթված եւ ապագային վառ աչքերով նայող երիտասարդություն, նրանց պետք է աջակցել եւ համախմբել, նրանք, զերծ են ամեն տեսակ նեղ անձնական կամ խմբակային նախապաշարումներից, նրանք եկող գարնան նոր ծաղիկներն են, նրանց ուղեկցել է պետք… Բավ է այսքան ցրված լինել… այսօր Եվրոպայում միլիոնանոց հայությունը պիտի կարողանա բռունցքվել…

Մի ծաղկով գարուն չի գա… Մի ձեռքը ծափ չի տա :

Սփյուռքը Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրություններում ունի որոշակի անելիքներ եւ հարկավոր է այս ուղղությամբ լուրջ մոտեցում:

Հարկավոր է ստեղծել այնպիսի ընտրական մթնոլորտ, միջոցներ եւ հնարավորություն, որպեսզի ժողովրդի կամարտահայտությունը դառնա իրագործելի: Այստեղ են ասել «Սահման քաջաց զեն յուրյանց»:

Վերադառնալով ամանորյա մաղթանքներին ցանկանք, որ այլեւս ոչ մի հայ ստիպված չլինի լքելու իր հայրենիքը, իր հարազատ հողը
Օգտվելով ամանորյա այս բարեբաստիկ առիթից համախմբման եւ ինքնակազմակերպման կոչ ենք անում առաջին հերթին Եվրոպական ցամաքամասում բնակվող մեր հայրենակիցներին:  Մեր ինքնությունը եւ ազգային դիմագիծը  պահպանելու եւ զարգացնելու գրավականն ու երաշխիքը միայն մեր մեջ պիտի փնտրել:

Եվրոպայի Հայերի Համագումարը կարեւորության հանգամանքով՝ կրկնելով նախորդ տարվա ամանորյա խոսքը, «ամանորի սեմին մաղթում է, որ Հայաստանի Հանրապետության ղեկը այսօր իրենց ձեռքում պահող իշխանավորները գիտակցեն, որ իրենց կատարած ու կատարելիք բոլոր քայլերի համար պատասխանատու են ո’չ միայն հայաստանաբնակ ժողովրդի, այլ ողջ հայության առջեւ՝ հատկապես երբ օրակարգի վրա է Հայաստանի ինքնիշխանությունը, անվտանգությունն ու հայկական ոտնահարված իրավունքների հարցը»:

Հայրենի մեր քույրերին եւ եղբայրներին մաղթում ենք առավել կամք եւ պայքարի ուժ եւ կորով հաղթահարելու իրենց եւ երկրի առջեւ ծառացած բոլոր դժվարությունները: Մաղթում ենք խաղաղություն եւ արդար պահանջների իրականացման տարի եւ պահանջում ազատություն բոլոր քաղբանտարկյալներին:

Արցախին հաղթանակի ամրապնդում եւ Ջավախքին իր ազգային իրավունքներին հասնելու միասնականություն, հավատք եւ եռանդ:

Իսկ սփյուռքահայությանը մաղթում ենք համախմբություն եւ կազմակերպվածություն ի խնդիր մեր գոյատեւման եւ ազգային  գերակա շահերի:

Աշխարհին մաղթում ենք խաղաղություն եւ կայունություն: ժողովուրդներին բարեկամություն եւ հաշտ ու խաղաղ կյանք…

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

27 դեկտեմբերի 2016թ.

Շվեդիա,
contact@aaeurop.com
www.aaeurop.com

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert