ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ ուղղակի կամ անուղղակի շփվելու մի քանի առիթ եմ ունեցել։

1990-ի օգոստոսին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելիս՝ Հայոց պատմություն առարկան հենց նա էր ընդունում, այն ժամանակ՝ երիտասարդ դասախոս։ Թեև ես շատ լավ էի պատրաստվել, բայց մի քիչ խառնվեցի։ Արամ Սիմոնյանը ինձ օգնեց։ Մարդկայնորեն ես երախտապարտ էի նրան, քանի որ կարող էր ինձ «կտրել» բանավոր այդ քննությունից։ Հարգարժան Սիմոնյանը դժվար այդ դեպքը հիշի, քանի որ դա նրա համար էական չէր հավանաբար, մինչդեռ հենց նրա մեծահոգության և դիմորդի հոգեբանությունը զգալու շնորհիվ ես ոտքի դրեցի Մայր բուհ ու դա երբեք չեմ մոռանում։

Առաջին կուրսում Հայոց պատմություն առարկան հենց Սիմոնյանն էր դասավանդում։ Թեև արդեն 27 տարի է անցել, բայց ես հիշում եմ նրա՝ լսարանում անցկացրած շատ օրեր։ Օրինակ, նա մեզ՝ ապագա լրագրողներիս, խորհուրդ էր տալիս թուրքերեն սովորել։ Ափսոսում եմ, որ կարգին թուրքերեն չսովորեցի։ Հիշում եմ, հիացմունքով էր պատմում Կիլիկիո թագավորներից Մլեհի մասին։ Երբեմն պատմում էր իր մոսկովյան ուսման շրջանից և իր ընկեր Շելով-Կովեդյաևից, ով նորանկախ Ռուսաստանի փոխարտգործնախարարն էր մի կարճ ժամանակ։

Մի քանի տարի առաջ, երբ նա արդեն ռեկտոր էր, ԵՊՀ-ում ներկա էի մի միջոցառման՝ թուրքերեն գրքի շնորհանդեսի, որի ընթացքում նա էլ ելույթ ունեցավ։ Պարոն Սիմոնյանը խոսեց մութ ուժերից, որոնք համագործակցում են թուրքերի հետ։ Նա որևէ անուն չտվեց, և այդպես էլ անհասկանալի մնաց նրա թիրախը։

Ընդամենը մի քանի օր առաջ պարոն Սիմոնյանը ներկա էր Սփյուռքի նախարարությունում կազմակերպված՝ Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական հատորի շնորհանդեսին, որի ընթացքում կարճ ելույթ ունեցավ։ Այս անգամ նրա թիրախում կեղծ հայագետներն էին, թեև կրկին հարգարժան ռեկտորը անուններ չտվեց։

Երկու օր առաջ Արամ Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Մայր բուհի՝ հացադուլ հայտարարած երկու ուսանողների արարքին, կեղծ տեղեկատվություն էր տարածել, ասելով․ «Երեկ չէ առաջին օրը կարծեմ  եկել են Լեհաստանից, Սորոսի՝ այդ հայտնի կազմակերպության համաժողովից, թե հանդիպումից։ Բնականաբար, երևի, ինչ-որ առաջադրանքներ են ստացել և եկել են, առավոտյան մտել են այդ լսարանը, իրենց նախկին հացադուլի լսարանը, և հացադուլ են անում»։

Ու կրկին պարոն Սիմոնյանը մութ ուժեր է տեսնում, այս անգամ նշելով Սորոսի անունը։

Ցավալի է, որ Մայր բուհի ռեկտորի աթոռը զբաղեցնող պատմաբանը նման պարզունակ դատողություններ է անում և իրեն կամ իր վերադասին անցանկալի գործընթացները վերագրում մութ ուժերին ու դավադրական տեսություններին։ Դա կարող է անել քառակուսի ուղեղով պրիմիտիվ ու անպատասխանատու հայրենասերը, բայց ոչ պետական համալսարանի ռեկտորը։

Հենց Մայր Բուհն է, որ շռայլորեն օգտվել է Սորոսի հայաստանյան գրասենյակի դրամաշնորհներից․ 1997-ից ի վեր ԵՊՀ-ն Սորոսից տարբեր ծրագրերի համար ստացել է ավելի քան մեկ միլիոն դոլար։ Այս գումարի մեջ չեն ներառված ԵՊՀ ուսանողների՝ կոնֆերանսների մասնակցելու, ուսման վճարների և բազմաթիվ այլ ծրագրերի համար Սորոսից տրված գումարները։

Այս մասին «Ազատություն» եթերում ասել է Սորոսի՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։ Կրկին ճշտելու համար զանգահարեցի Լարիսա Մինասյանին, ով հաստատեց տեղեկատվությունը։ Ավելին, Մինասյանը նշեց, որ Սորոսից տարիների առաջ դրամաշնորհ ստացել է նաև ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ով նույնպես հայտարարել է, որ հացադուլի նստած ուսանողները սնվում և կատարում են Սորոսի պատվերը։

Հայկ Բաբուխանյանը մի կողմ, բայց ցավալի է, որ ԵՊՀ հարգարժան ռեկտորը նման բարոյական անկում է ապրել

Թաթուլ Հակոբյան

https://www.civilnet.am

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert