Հանրային դիսկուրսում Արցախը գրեթե սրբադասված է ու ուխտավայրի կարգավիճակ ունի։ Ավելի ճիշտ Արցախն այդպիսին չէ, պարզապես Երևանի քաղքենի հայացքն է Շուշին ու Ստեփանակերտը, Մարտակերտն ու Հադրութը այդ անիրական ու լղոզված կերպարանքով պատկերել։ Ավելի ճիշտ Երևանն էլ չէ, այլ երևանյան բոհեմը՝ կիսագրագետ մտավորականությունն ու միջակության ձգտող քաղաքական գազանանոցը։ Խնդիրն այն է, որ մենք չենք փորձում տեսնել ու նկատել այն Արցախը, որն իրականում կա։ Մենք չենք ուզում սիրել արցախցի այն գյուղացուն, որն իրականում է։ Ընդհակառակը՝ մենք Արցախի ու արցախցու գոյություն չունեցող պատրանք ենք ստեղծել, պատրանք, որն հեռու է իրականությունից ու կտրված ճշմարտությունից։ Սա չափազանց լուրջ մշակութային խնդիր է, որը կարելի է ձևակերպել որպես ազգայնական էգոզիմ։ Այսինքն մարդը ինքն իրեն նույնականացրել է գաղափարի հետ։ Իր թշվառությունն ու անկարողությունը քողարկում է գաղափարով, ինքն իր չգոյությունը փոխակերպում է գոյության հենց այդ նույն գաղափարի անսպառ շահագործմամբ։ Հաջորդաբար անձնական քմահաճույքը դառնում է գաղափարի մեխը՝ բուն գաղափարը ծառայեցնելով որպես անհատի գայթակղությունների բավարարարման միջոց։ Ամենն այս հայրենասիրության հետ որևէ աղերս չունի, սա ընդամենը պարզունակ էգոիզմի դրսևորում է, երբ հայրենիքը դառնում է մարդու գերին, ամենօրյա սպառման արագ սնունդը, որը կծում ու թքում են, կծում ու թքում են և այսպես անվերջ։

Իսկ մենք էլ ապրում ենք խորհրդային այն թշվառ այլախոհների պես, այսինքն՝ առաջին տպավորությամբ այլախոհ և հանուն ազատության պայքարող, բայց իրականում՝ ԿԿԲ-ի դրածո և կամակատար։ Այս պարագայում խորհրդային ԿԿԲ-ի սրբազան պարտականություններն իր վրա է վերցրել փողոցային պառլամենտը։ Տարբերությունը միայն մեկն է․ այն ԿԿԲ-ի պես ֆիզիկապես չի սպանում, այլ ոչնչացնում է ներսից՝ աստիճանաբար քայքայելով ու կամաց-կամաց կրծոտելով մարդկային հոգին։ Դե անարյուն ինկվիզիցիայի դարաշրջանում ենք ապրում, երբ խարույկին փոխարինելու է եկել պոլիտկոռեկտությունը։ Եվ մենք ստիպված ենք ամեն օր ու ամեն ժամ ամեն մի տխմարի առջև կանգնած արդարանալ ու բացատրություններ տալ։

Վերջերս այս ամենը մի արցախցու պատմեցի, իսկ հետո էլ բնականաբար հարցրեցի, թե ինչպես են իրենք վերաբերվում էս կեղծ ու լղոզված իրականությունը։ Պատաստանը ուշագրավ էր․ զզվանքով։
Առաջին տպավորությամբ չափազանց բարդ ու անհասկանալի բաների մասին եմ խոսում, բայց իրականում ամեն ինչ շատ պարզ է ու հասկանալի։ Ավելին՝ խնդիրն այնքան պարզ է, որ յուրաքանչուր ոք կարող է զգալ, թե ինչի մասին է խոսքը։
Պետք չէ Արցախը ազգայնական էգոիզմի առարկա դարձնել և դրա շուրջ ինչ-որ երևակայական գոյություն չունեցող ուխտավայրի կերպար ստեղծել։ Պետք չի Արցախը տեսնել սեփական նեղ հայրենասիրական քմահաճույքի ու ճաշակի դիտանկյունից։

Սա չափազանց տհաճ մի հայտնություն է, որի հիմքում սողացող ավազն է։ Կեղծիքի վրա կանգնած կառույցն ինչ-որ մի օր փլվելու է՝ իր ավերակների տակ կործանելով ամեն մի լուսավոր դրսևորում։
Եկեք տեսնենք այն ինչ-որ իրականում կա, առանց պատրանքների ու եսասիրական նկրտումների, եկեք նկատենք և ճանաչենք իրական Արցախն ու արցախցուն՝ առանց զգացմունքային փսլիքների ու կեղծ հայրենասիրական կաղապարների։ Արցախը սրբադասվելու պետք չունի, հողի վրա կանգնած մարդիկ թքած ունեն ձեր եսասիրական հայրենասիրության վրա։ Արցախին մարդկային ու հողին կառչած պարզ արժեքներ են պետք, որը մենք չենք կարողանում տալ։
Քանի դեռ մեր՝ դեպի Ստեփանակերտ ուղղված հայացքը կեղծ է, արցախցիներից ավելին պահանջելը դատարկ մի զբաղմունք է։
Բեռնաթափվելու, կեղծ կաղապարներից, պատրանքներից ու միֆերից ազատագրվելու պետք ունենք, և՛ մենք և՛ իրենք։

Կարպիս Փաշոյան ՖԲ-յան էջից

——————————————————-

Նկարը՝ http://yerkirmedia.am

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert