ԿԱԴՐԵՐ, ԿԱԴՐԵՐ, ԿԱԴՐԵՐ…

Ամենացավոտ, ամենադժվար լուծելի խնդիրն է բոլոր կառավարությունների համար:
Նիկոլ Փաշինյանի համար նույնպես դժվար լուծելի խնդիր է սա: Երբեմն թվում է, թե այս մարդը միայնակ իր ուսերին է առել ամբողջ ծանրությունն ու փորձում է երեսուն տարիներ ի վեր մեր երկրում կատարված ավերածությունները կարգի բերել:
Բոլորովին չստվերելով Կառավարությունում ներկա կադրերի կատարած աշխատանքը, բայց շատ կուզենայի նաև, որ Կառավարությունում աստիճանաբար ներգրավվեն նաև բանիմաց, գրագետ, անկաշառ նոր կադրեր, որոնք այս մի տարվա մեջ, չլինելով պետական կառույցի անդամներ, հսկայական ներուժի տեր են և իրենց ակտիվ վերաբերմունքով, անկասկած, ավելին կարող են անել, եթե նրանց ներուժը օգտագործվի ըստ ամենայնի:

Ես չեմ համարձակվում որևէ առաջարկ անել, բայց պիտի վկայեմ փաստաբաններից Արտակ Գալստյանին, ում մանավանդ այս վերջին շաբաթների դիտարկումները Արդարադատության նախարարության ու ԲԴԽ-ի գործառույթներին վերաբերող ծրագրային դրույթներ կարելի է համարել: Եվ բնավ էլ պատահական չէ, որ իրար խառնվեցին ու իրենց չարությունը Արտակի վրա թափեցին հենց այն դատավորները, որոնք իրենց մեղանչումները պիտի կոծկեին պաշտպանվելու լավագույն միջոցը հարձակվելն է սկզբունքով: Եվ հարձակվեցին` ծածկելու համար իրենց կապերը հհկ-ից ու այն հանցագործ ռոբից:

Խաղեր է, որ խաղում են ռոբին բացահայտ ու ծածուկ պաշտպանողները: ՍԴ-ից հրայրը հայտարարում է, թե եթե դատավոր գրիգորյանը պահանջի, ՍԴ-ն կարող է քննության նյութերը տրամադրել, որոնց հիման վրա ռոբին կալանքի վերցնելու բողոքը դյուրին կդառնա, իսկ գրիգորյանը դրան դեռ չի պատասխանել: Այստեղ հրա՞յն է խաղում, թե՞ գրիգորյանը պիտի խաղա` այդ նյութերը չուղարկելու զանազան պատճառաբանություններով:
Արտակ Գալստյանի ակտիվությունը դուր չեր գալիս դատավորներին, դուր չէր գալիս ԲԴԽ-ի ղեկավարին, ում անգործությունն էր մատնաշվում…
Դատաիրավական համակարգի առողջացման այս փուլում օգտակա՞ր են փաստաբան Արտակ Գալստյանի դիտարկումները` հիմնավոր, փաստերի ճշգրտությամբ, այդ կառույցը վերջնականապես աղտից մաքրելու սրտացավությամբ: Անկասկած օգտակար են:

Ուրեմն ինչու՞ չօգտագործել նման ներուժը, ինչու՞ հիմնավոր առաջարկություններ անողը սոսկ առաջարկություն ներկայացնողի դիրքերում մնա, երբ կարելի է նրան գործուն միջամտության հնարավորություն տալ:
Դատաիրավական համակարգը մաքրելու այս օրերին այնքա~ն ահավոր փաստերի հանդիպեցինք, որ հիասթափությունն իր անսահման չափերով կրծում է Հայաստանի Նորով, Ապագայով մտահոգ մարդկանց սրտերը: Նայելով կաշառակերության մեջ թաթախված դատավորների ու նաև այդ ԲԴԽ-ական լիդերի ներկայացրած հայտագրերը, մտածում եմ, թե, լավ, սրանց ագահությունը սահմաններ չի՞ ունեցել, զարմանում եմ, թե ինչու՞ են կարողացել այդքան ազատ ու անկաշկանդ գործել:

Ես չգիտեմ, նրանք հիմա ամոթի զգացում ունե՞ն, կամ զղջու՞մ են, արդյոք, իրենց արածների համար: Կաշառք վերցնելու փաստն ինքնին ապացույց է այն բանի, որ իրենց վարած դատական նիստերում արդարը պատժվել, անարդարն է հաղթել` կաշառքի լույսի տակ:
… Ես լիովին պաշտպանում եմ Փաշինյանին, խրախուսում եմ նրա ջանքերը և հուսով եմ, թե Փաշինյանը, իր այդ անսահման զբաղվածության մեջ, կհասցնի նոր կադրերին տեսնել, որոնց ներգրավումով ինչ-որ չափով կթեթևանանան իր հոգսերը: Ախր, մեղք է մեր վարչապետը` չափազանց շատ հոգսեր է ուսել:

 

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert