Քոչարյանը Փաշինյանի պարտության դիմաց պատրաստ է զոհաբերել Արցախը

Հեղինակ՝ Կարպիս Փաշոյան|www.1in.amՎարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը չափազանց բազմազան էր ու բազմաշերտ։ Առաջին հայացքից այն նվիրված էր դատական համակարգի բարեփոխման հիմնախնդրին, բայց միայն առաջին հայացքից, քանի որ վարչապետի խոսքի հիմնական թիրախը Հայաստանի Հանրապետությանը սպառնացող հավանական դավադրությունն էր։ Այս համատեքստում դատական համակարգը միայն բութ գործիքի կարգավիճակ է ստանում, որը սպասարկում և ապագայում էլ սպասարկելու է դավադրության կյանքի կոչումը։

Իսկ ի՞նչ դավադրության մասին է խոսքը, որի շուրջ այդքան խոսում են ու քննարկումներ ծավալում։ Մինչ բուն նյութի մասին խոսելը պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում գրեթե բոլոր համապետական նշանակության դավադրությունները կառուցարկվել են Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ։ Այլ խոսքով ասած՝ հակամարտության հարցի արհեստական արծարծումը պարբերաբար դառնում է այն պատրվակը, որի հիման վրա սաղմնավորվում ու մարմնավորվում են ներիշխանական ճգնաժամերը։

Վերոհիշյալ գործիքակազմի գործարկմամբ է կյանքի կոչվել 1998 թ․ «պալատական հեղաշրջումը»։ Եվ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իր հրաժարականի ելույթում ակնարկում է, որ Արցախի հարցի արծարծումը իր հրաժարականի գործում ընդամենը պատրվակ էր։

Արձանագրենք նաև, որ վերջին 25 տարիներին Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանական դիսկուրս երբևէ չի կառուցվել, ավելին՝ դրա անհրաժեշտությունը մղվել է ետին պլան։ Փաստորեն, ռացիոնալ դիսկուրսի փոխարեն տիրապետող դիրքեր են զբաղեցրել ազգայնական դեմագոգիան ու մանիպուլյացիոն աղմուկ-աղաղակը, որը նաև հետհեղափոխական Հայաստանի ամենահրատապ խնդիրներից մեկն է։

Արատավոր այս իրավիճակի առաջնային պատասխանատուները նախկին իշխանություններն են՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Երկրորդ ու երրորդ նախագահներն իշխանության են եկել Ղարաբաղյան հակամարտության միջոցով ու շահարկմամբ։ Այս նույն տրամաբանությամբ համակարգի շարունակականությունն էլ նրանք ապահովել են հենց նույն հիմնախնդրի շահարկման հաշվին: Այսինքն՝ այս երկուսը պատերազմի տրամաբանական արտադրանքներն են, ու իրենց քաղաքական գոյությունն էլ մշտապես արդարացրել են պատերազմով կամ էլ դրա սպառնալիքով: Այլ առաքելություն ու գոյության այլ իմաստավորում նախորդ երկու ռեժիմները երբևէ չեն ունեցել: Պարզապես ուրիշ ելք չկար, Քոչարյանն ու Սարգսյանը իշխանության մնալու այլ տարբերակ չունեին ու տրամաբանորեն ժողովրդին պետք է կերակրեին քաղաքական այդ միֆերով:

Իսկ ի՞նչ է կատարվում ներկայումս։

Բանն այն է, որ Ղարաբաղյան հակամարտության գաղափարական ներգործությամբ գոյություն ունեցող իշխանությունները հիմա էլ դիրքավորվել են ընդդիմադիր տիրույթում ու իրենց ընդդիմադիր գոյությունը փորձում են հիմնավորել նորից պատերազմով ու Ղարաբաղին սպառնացող թվացյալ վտանգով: Այսինքն՝ նրանք ընդդիմադիր են, քանի որ Ղարաբաղին վտանգ է սպառնում, ընդդիմադիր են, քանի որ կառավարությունը «հող հանձնող» է:

Ինչպես տեսնում ենք՝ «քոչարյանական գվարդիան» նորից ու նորից հակամարտությունը դարձնում է մանիպուլյացիայի ու ազգայնական դեմագոգիայի առարկա՝ հանրությանն էլ ավելի հեռացնելով բանական դիսկուրսից: Փաստորեն, Ղարաբաղի շահարկման հաշվին իշխանության եկած ու գոյության շարունակականությունը ապահոված ռեժիմը հիմա էլ այդ նույն Ղարաբաղի շահարկման միջոցով հիմնավորում է իր ընդդիմադիր լինելու անհրաժեշտությունը:

Հիմա վերադառնանք վարչապետի՝ պատերազմ հրահրելու, տարածքներ հանձնելու և այդ ամենի պատասխանատվությունը գործող կառավարության վրա բարդելու թեզին։

Թողնենք մի կողմ քաղաքական զգուշավորությունն ու պարզ մարդկային լեզվով վերլուծենք Փաշինյանի չափազանց ուշագրավ այս հայտարարությունը։
Սխալվելու չնչին հավանականությամբ, վարչապետը ահազանգում է զինված հեղաշրջման սպառնալիքի մասին, որն ըստ էության պետք է ունենա հետևյալ ճանապարհային քարտեզը․ պատերազմի սանձազերծում, ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների կորուստ, Հայաստանի ռազմաքաղաքական պարտություն, իսկ դրան էլ հաջորդելու է զինված ապստամբությունը, որը հեռացնելու է Փաշինյանին իշխանությունից՝ մեղադրելով պետական դավաճանության ու Ղարաբաղը հանձնելու մեջ։

Ի դեպ նույն տրամաբանությունը գործել է նաև 2016 թ․ Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Ինչ-որ ուժեր անհամբերությամբ սպասում էին, թե երբ պետք է ադրբեջանական զորքերը վերցնեն Մարտակերտն ու Մարտունին, որպեսզի զինված հեղաշրջման միջոցով իշխանությունից հեռացնեին Սերժ Սարգսյանին։ Այս մասին իր հարցազրույցներից մեկում ակնարկում է նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ մոտավորապես նշելով հետևյալը․ «․․․Ձեռքերը շփշփացնելով սպասում էին, թե երբ պետք է Սարգսյանը տապալվի»։

Ահա, սա է դավադրության ամբողջ էությունը, որի գործարկման ընթացքի մեջ դատական համակարգն ու Ռոբերտ Քոչարյանը ընդամենը գործիքներ են, ավելի շուտ՝ հակահեղափոխության կազմակերպման ու կյանքի կոչման առաջնային շարժիչ ուժերը։ Իրականում խնդիրը շատ ավելի խորն է ու համընդգրկուն, որի արմատները հասնում էն ընդհուպ պետության սահմաններից դուրս՝ դեպի հյուսիս։ Խաղասեղանին դրված է Հայաստանի ինքնիշխանության, ինչպես նաև Արցախի անվտանգության հարցը, քանի որ այս փուլում Փաշինյանի պարտությունը առաջին հերթին պետության պարտությունն է։ Վստահաբար, Հոկտեմբերի 27-ից հետո փոքրիկ ու փխրուն Հայաստանը դժվար թե կարողանա դիմակայել այդ ծանր հարվածին, որն իր սուր ծայրով կոտրելու է պետականության ողնաշարը, քանի որ զինված ապստամբությունից ու Փաշինյանի ձերբակալությունից հետո տարածաշրջանում են հայտնվելու հյուսիսից ժամանած ինչ-որ խաղաղապահներ, իհարկե, փրկագործական առաքելությամբ։

Չմոռանանք, որ փրկագործական առաքելությամբ զորքեր արդեն մեկ անգամ ժամանել են Հայաստան՝ 1920 թ․։ Բայց, չգիտես ինչու, նրանք որոշեցին հայ ժողովրդին փրկել հատկապես այն ժամանակ, երբ Քեմալական Թուրքիան արդեն իսկ կոտրել էր տարածաշրջանում կապիտալիստական որջի ողնաշարը։

Վերջաբանի փոխարեն միայն նշենք, որ եկել է սթափվելու և լրջանալու պահը․ Հայաստանի ինքնիշխանության գաղափարի դիմաց կանգնած են այնպիսի ուժեր, որոնք պատրաստ են նույնիսկ Արցախի զոհաբերությամբ հասնել Փաշինյանի տապալմանը։

Աղբյուրը՝  https://www.1in.am

 

 

 

споделяне на връзка

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net