Կրոնական դասավանդությունը Գերմանիայի հանրակրթական դպրոցներում կամ կրկին «Հայ Եկեղեցու պատմություն» դասաժամի մասին

Այս օրերին ոմանք կրկին փորձեցին բուռն աղմուկ բարձրացնել Հայաստանի դպրոցներում «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկայի դասավանդման շուրջ։ Արտահայտվեցին զանազան «հեղինակավոր» կարծիքներ։ Դեմ եղողները իրենց տեսակետը հիմնավորեցին շատ հաճախ համաշխարհային առաջադեմ երկրների փորձով։ Մի փոքր ավելի համեստները բավարարվեցին միայն եվրոպական երկրներով։

Ես այնքան գրագետ ու աշխարհաճանաչ մարդ չեմ, որ կարողանամ կամ ինձ իրավունք վերապահեմ ողջ աշխարհն ու Եվրոպան վկայակոչել։ Ուստի բավարարվում եմ միայն Գերմանիայով։ Մի քիչ գերմաներեն գիտեմ ու մի կես դար է այս երկրում եմ ապրում ու գործում։

Հուսամ չեմ սխալվում, որ Գերմանիան աշխարհի ամենաառաջադեմ ու աշխարհիկ-ժողովրդավար երկրներից մեկն է։ Պետությունն ու Եկեղեցին էլ բաժանված են իրարից, կրթությունն էլ աշխարհիկ է։ Բայց արի ու տես, որ էս աշխարհիկ պետության աշխարհիկ կրթություն ունեցող պետական դպրոցներում «Կրոնի դասը» պատկանում է կանոնավոր, չասելու համար՝ պարտադիր դասավանդվող առարկաների թվին։ Ուշադրություն դարձրեք՝ «Կրոնի դասը», ոչ թե՝ «Կրոնների պատմությունը» կամ «Կրոնների ուսումնասիրությունը»։ Եւ այդ «Կրոնի դասը» դասավանդում են Եկեղեցու կողմից վկայված ուսուցիչները կամ նաեւ հոգեւորականներ։ Դասագրքերը կամ դասավանդման նյութերը պատրաստվում են տվյալ Եկեղեցու ուսմունքին համաձայն եւ բնականաբար համաձայնեցվում համապատասխան նահանգի կրթության նախարարության հետ։

Եւ քանի որ Գերմանիայում գործում են հիմնականում երկու մեծ հարանվանություններ՝ կաթողիկե եւ բողոքական, ըստ այդմ դասավանդվում են ընդհանրապես այդ երկու եկեղեցիների կողմից հրամցվող «Կրոնի դասեր»՝ կազմված ըստ այդ եկեղեցիների ուսմունքի եւ դավանության։ Հաճախ նույն դպրոցում դասավանդվում են թե՛ մեկը եւ թե՛ մյուսը։ Եւ ծնողներն էլ իրավասու են ընտրելու, թե իրենց երեխան կաթոլիկ թե բողոքական կրոնի դասավանդության հաճախի։ Կրոնի դասավանդությունը ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից։

Մնացած կրոնների կամ հարանվանությունների հետեւորդներն օրենքով տեսականորեն եւ երբեմն նաեւ գործնականորեն հնարավորություն ունեն աշխարհիկ պետական դպրոցներում պետական ֆինանսավորմամբ կազմակերպել իրենց ուսմունքին համապատասխան կրոնի դաս, սակայն պետք է ապահովեն որոշակի պայմաններ։ Հիմնական պայմաններից մեկը նույն դպրոցում որոշակի թվով աշակերտների գոյությունն է։ Այսպես օրինակ՝ Գերմանիայի տարբեր նահանգներում կան մի շարք պետական դպրոցներ, որտեղ դասավանդվում են հույն-ուղղափառ կամ ասորի-ուղղափառ կրոնի դասեր, որոնց ֆինանսավորումը ստանձնում է պետությունը։

Քանի որ Գերմանիայում կրթական հարցը համագերմանական չէ, այլ կանոնակարգվում է երկրամասային օրենսդրությամբ, գերմանական երկրամասերը գրեթե ամբողջությամբ ազատ են տնօրինելու եւ կանոնակարգելու կրթական հարցերը: Ստորեւ ներկայացնեմ այդ նահանգներից մեկի՝ Գերմանիայի Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա Երկրամասի կրթական օրենքը դպրոցներում կրոնական կրթության վերաբերյալ:

Եւ այսպես.
1. Կրոնական դասընթացը կամ դասաժամը հանրակրթական դպրոցներում համարվում է կրթական ծրագրի կանոնավոր առարկա եւ դասավանդվում է համաձայն տվյալ Եկեղեցու կամ կրոնական կազմակերպության ուսմունքի եւ հիմնարար սկզբունքների: Դասընթացը վերահսկվում է պետական համապատասխան մարմնի կողմից: Դասավանդման իրավական հիմքերը կանոնակարգվում են երկրամասային օրենսդրությամբ, ինչպես նաեւ Պետության եւ Եկեղեցիների միջեւ կնքված համապատասխան համաձայնագրերով:

2. Հյուիս-Հռենոսյան Վեստֆալիայում բացի կաթոլիկ եւ ավետարանական կրոնական դասընթացից այսօր կազմակերպվում են նաեւ հրեական, հույն-ուղղափառ եւ ասորի-ուղղափառ կրոնական դասաժամեր: Ուսուցիչներն իրենց ամսավճարները ստանում են երկրամասային բյուջեից:

3. Երկրամասային որեւէ հանրակրթական դպրոցում հնարավոր է կազմակերպել կրոնական դասաժամ, եթե տվյալ դպրոցում սովորում են վերը նշված հարանվանությունների առնվազն տասներկու աշակերտ: Եկեղեցիների հովանու ներքո գործող հանրակրթական դպրոցներում գործում են հատուկ կանոնակարգեր:

4. Կրոնական դասերը դասավանդվում են ուսուցիչ-ուսուցչուհիների եւ կամ հոգեւորականների կողմից: Եկեղեցական ղեկավարությունը կամ նրանց լիազոր ներկայացուցիչները իրավունք ունեն ստուգել դասաժամերի բովանդակությունը:

5. Կրոնի դասը դասավանդվում է այնպիսի ուսուցիչների կողմից, ովքեր ունեն համապատասխան ուսում եւ եկեղեցիների կողմից տրված որակավորման հատուկ հաստատագրեր կամ արտոնագրեր: Եթե համապատասխան եկեղեցին զրկում է անձին այդ արտոնագրից կամ տվյալ անձը հաստատագիրը վերադարձնում է, ուրեմն նա այլեւս լիազորված չէ շարունակել դասավանդումը: Ոչ մի ուսուցչի չի կարելի պարտադրել, որպեսզի նա կատարի կրոնական դասավանդություն, եթե նա անգամ ունի համապատասխան ուսում եւ որակավորում:

6. Եթե չգտնվի պետական կրթական հաստատություններում համապատասխան ուսում ստացած ուսուցիչ-ուսուցչուհի, կրոնի դասը կարող է դասավանդվել նաեւ հոգեւորականների եւ կամ եկեղեցիների կողմից պատրաստված աշխարհական ուսուցիչների կողմից: Նրանք պարտավոր են ունենալ սակայն պետական արտոնագիր: Որպէս դպրոցի ուսուցչական կազմի անդամ նրանք ուսումնական խորհրդի (կոլեգիումի) անդամ են եւ ենթարկվում են դպրոցական կարգ ու կանոնին, այնքանով որ դրանք կիրառելի են իրենց համար: Նրանք մասնակցում են նաեւ մանավանդ կրոնական հարցերով կազմակերպված համաժողովներին:

Կրոնական դասավանդության բոլոր հարակից հարցերը կանոնակարգվում են Պետության եւ Եկեղեցիների միջեւ կնքված հատուկ համաձայնագրերով:

Bischof Serovpé Isakhanyan

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert