ՀՅԴ-ն այլևս անելիք չունի՝ ինչպես դեռ մեկ դար առաջ կանխատեսել էր նրա հիմնադիր հայրերից մեկը
ՀՅԴ-ն, որպես ավանդական կուսակցություն, Երրորդ հանրապետության քաղաքական կյանքին, ըստ էության, ինտեգրված չի եղել։ 1995-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ այս կուսակցության գործունեությունը կասեցվեց, նրա ղեկավարները երկու տարբեր քրեական գործերով կալանավորվեցին։

Հիմա չենք ուզում անդրադառնալ կամ գնահատական տալ ավանդական կուսակցության գործունեության կասեցման քաղաքական, իրավական հիմքերին, սակայն փաստն այն է, որ ՀՅԴ-ն գործող կուսակցությունից վերածվեց միֆի, որը դեպի իրեն էր ձգում Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունից դժգոհ խմբերին, կամ էլ՝ 88-ի շարժման հետևանքով լուսանցքում հայտնված նախկին կուսնոմենկլատուրայի մի հատվածին։

1998-ին ՀՅԴ-ի ռեաբիլիտացիան տեղի ունեցավ ոչ թե քաղաքական հարթության վրա, այլ՝ պալատական հեղաշրջման գործընթացում, որտեղ մեծ էր ՀՅԴ-ի, այսպես ասած, գաղափարական ներդրումը։ 1998-ի հեղաշրջումն ուղղված էր Երրորդ հանրապետության, 88-ի շարժման արժեքային համակարգի դեմ, պարկոմա-դաշնակցական տիպիկ ռևանշ էր, ինչի հետևանքով ՀՅԴ-ն դարձավ, ըստ էության, քրեաօլիգարխիկ համակարգի կայացման մասնակից՝ ստանալով իր քաղաքական, բիզնես քվոտաները։

2003-ից դա ֆորմալիզացվեց, այսպես կոչված, կոալիցիոն կառավարությունների ձևավորմամբ, որոնց ավանդական կուսակցությունը մասնակցեց 15 տարի՝ հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրամամբ պայմանավորված կարճ դադարով։

Եթե Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ՀՅԴ-ին հաջողվում էր մասնակիորեն պահպանել իր «ինքնատիպությունը», որովհետև նրան երկրորդ նախագահն օգտագործում էր՝ ՀՀԿ-ին հակադրելու համար, ապա Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ՀՅԴ-ն առհասարակ կորցրեց իր քաղաքական ու կուսակցական ինքնաբավությունը՝ վերածվելով ՀՀԿ-ի, այսպես կոչված, հայդատական կցորդի։

Երբ թավշյա հեղափոխությունից հետո ՀՅԴ-ն մասնակից դարձավ անցումային կառավարությանը, ավելորդ անգամ ապացուցեց, որ չունի որևէ սկզբունք, քաղաքական կրեդո ու պատրաստ է մաս կազմել ցնակացած կոալիցիայի՝ նույնիսկ իր արժեքները չկիսող ուժերի հետ։

Սակայն Ռոբերտ Քոչարյանի հայտնի կալանավորումը ու նրա ակտիվացումը ՀՅԴ-ին վերադարձրին քրեաօլիգարխիայի սարդոստյան, որտեղ նա հոկտեմբերի 2-ին դիմավորեց հայտնի մղձավանջը՝ ռևանշիտների շարքում հայտնվելով քրեաօլիգարխիայի մյուս քաղաքական ցուցանակների՝ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հետ։

Նոր Հյաստանում ՀՅԴ-ն հայտնվել է կատարյալ քաղաքական դիսկոմֆորտի մեջ։ Բաղրամյան 26-ում այլևս մտադիր չեն պայմանավորվել որևէ կուսակցության հետ, իսկ հասարակության հետ Դաշնակցությունն աշխատել չի կարող՝ կորցնելով կուսակցական բոլոր հատկանիշները։

ՀՅԴ-ն իր էլեկտորալ ռեսուրսները վերականգնելու նույնիսկ տեսական հնարավորություններ չունի, որովհետև ազգայնական դաշտում ունի «Սասանա ծռերի» նման ախոյան, իսկ սոցիալիստական գաղափարների հետ այս կուսակցությունը պարզապես այլևս չի ասոցացվում՝ աշխատավորության դասակարգային թշնամի օլիգարխիայի ստվերում քսան տարի գտնվելու հետևանքով։

Sahak Shahmooradian ի ՖԲ-յան էջից

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert