Բազմազգ Թիֆլիսում իմ կյանքը անցել է զուտ հայկական միջավայրում։Իմ ժամանակ հայկական համայնքը ուներ երկու գործող եկեղեցի,12 միջնակարգ դպրոց,Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտի հայկական ֆակուլտետ,մի քանի գրադարան,ռադիոհաղորդումների հայկական խմբագրություն,Մերանի հրատարակչության հայկական խմբագրությունը,Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղը՝իր ՛՛Կամուրջ՛՛ տարեգրքով,ինչպես նաև ՛՛Սովետական Վրաստան՛՛թերթի խմբագրությունը ու հայկական թատրոնը․․․Մանուկ հասակից մինչ հասուն տարիք կյանքս այս հոգևոր-մշակութային օջախներում,որոնց հետ կապված են բազմաթիվ հուշեր․․․

Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի հավաքներից մեկի ժամանակ քննարկվում էր մեր հարգելի լրագրող և ընկեր Լավրիկ Ազրոյանի հոր՝ Կորյուն Ազրոյանի պատմվածքները…հին գվարդիայի բանավեճը թեժ էր ընթանում, քննադատությունը անպակաս…և ահա ի պաշտպանություն Ազրոյանի ելույթ է ունենում պրոլետգրող Բատրակ Հայկը.՛՛Կոյրունի լիզուն սայուն է՛՛,ասում է նա: Մկրտիչ Ասլանյանը ընդհատում է նրան՝այ Բատրակ,երեք բառ ասիր,երեքն էլ սխալ… Խեղճ Մկրտիչ Ասլանյան,Հովհաննես Կարայան,Բենիկ Սեյրանյան…բա որ հիմա տեսնեին ֆեյսբուկյան գրական լեզուն… zato sajun e…

Գյումրվա հումոր…
ՎԱՅ ՆԱՐԵԿԱՑԻ ՋԱՆ, ՑԱՎԴ ՏԱՆԵՄ… Այս նկարում մեր թիֆլիսեցի ընկեր ՀՈՎՍԵՓՆ է: Նա կարգին արհեստավոր էր,հեռախոսների վարպետ,բայց Հավլաբարում հայտնի էր որպես ՛՛գիժ պատրիոտ՛՛:Նա սիրում էր ամեն հայկականը,հասկանում էր,չէր հասկանում,եթե հայ է կամ հայկական է,ուրեմն իրենն է,իր պարծանքը…Սկսած ֆուտբոլից մինչև գրականություն:Ոնց էր սիրում Շիրազին,հիշում եմ,իմացել էր,որ Շիրազը շատ երեխաներ ունի,տղաներով գնացել են Երևան,Շիրազի տուն,ավելի ճիշտ՝ բնակարան,համ տեսնելու,համ էլ Թիֆլիսի բարիքներ նվիրելու…

Այդպիսին էր Հովսեփը, երբ պետք էր Ղազարոս Աղայանի տուն-թանգարանը նորոգել,առաջինը եկավ:Վայ,որ մեկը մեր թատրոնի պուրակ բերեր մի նշանավոր հայի մասին նորություն,առաջինը ինքն էր այդ լուրը տարածողը…Եվ ահա մի տարի,Սայաթ-Նովայի ՎԱՐԴԱՏՈՆԻՆ Երևանից ՀԳՄ մեծ պատվիրակություն էր եկել մասնակցելու՝Հովհաննես Շիրազի գլխավորությամբ; Ամբողջ հայ համայնքը եռում էր Շիրազին տեսնելու և լսելու բերկրանքից:Երբեք,ոչ մի տարի Վարդատոնը այդքան մարդաշատ չէր եղել…Շիրազն էր եկել…Նա խոսեց.Սայաթ-Նովայի մասին,հայ և վրաց ժողովուրդների հազարամյա բարեկամության մասին,հատկապես ընդգծելով,որ մեր երկու ժողովուրդները այս տարածաշրջանում քրիստոնյա ԽԱՉԸ կրող ԱՐԾԻՎԻ ԵՐԿՈՒ ԹևԵՐՆ ԵՆ,արծվի թռիչքը կխափանվի եթե թևերից մեկը տկարանա…Հանճարեղ բանաստեղծի ինչ պատկերավոր բնորոշում,ինչ իմաստուն ՊԱՏԳԱՄ հայ և վրաց սերունդներին…Վարդատոնից հետո,բնականաբար, մեծ ճաշկերույթ:Հիմա էս Հովսեփս կպել է,թե Սամվել ջան ես էլ գամ էլի,բանկետի փողը կտամ,մենակ թե գամ էլ,մասնակցեմ էլի,մոտիկից տեսնեմ էլի Շիրազին…Իհարկե մասնակցեց,կողքս էի նստացրել,որ հենց մի ավելորդ բառ,սաստեի…Բենիկ Սեյրանյանը թամադայի իր գործն էր անում,կենացները թանկանում էր,մեկ էլ էս Հովսեփս, թե՝ Սամվել ջան,համարյա դիփին գիդամ,համա էս միրուքովն ով ա,չեմ գիդա այ…Պահի տակ բզոտությունս բռնեց. ոնց թե տո,դու Գրիգոր Նարեկացուն չես ճանաչում,աբա դուն ինչ հայ իս տո…Խիստ ինքնասիրությանը կպա,որ վստահաբար հավատա ասածիս:-Լավ էլի տո,դռուստ իս ասում,մաշ էս էն Նարեկացին ա…Գլխով հաստատում եմ,հազիվ ինձ զսպելով…Կողքիս նստածները հո ապշել էին:Հիմա Հովսեփս հանդիսավոր վեր է կացել և դիմում է միրուքով ու երկար մազերով…Լյուդվիգ Դուրյանին:-Վայ,Նարեկացի ջան,կներես,որ միանգամից քեզ չճանաչեցի,տո դուն մեր ազգի պարծանքն իս,ցավդ տանեմ,տուն գնամ,հարևաններին պատմեմ,չեն հավատա,որ քու պես մենծ հայի հետ սեղան իմ նստի,կենացդ,քե թախվա…Մի հռհռոց,մի ուրախություն…հիմա էլ չեմ կարող Հովսեփին հասկացնեմ,հավատացնեմ,որ դիմացինը Նարեկացին չէ…-Տո ինչ ես գլուխս հարդուկում,ես իրա նկարը տեսել եմ,տոչնի ինքն ա…Երանի չէր Հովսեփի նման նվիրյալ հայեր շատ լինեին,չիմանալը ամոթ չէ,չսովորելն է ամոթ…Հովսեփը սովորող հայ էր…

Samwel Pogosyan

 

 

 

 

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert