Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան, 2020-12-01

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։

– Իրանի հայկական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, ըստ որի՝ Իրանի հայկական կառույցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Սակայն իրանահայերը այս օրերին տեսակապի միջոցով հաղորդում են, որ սա իրանահայ կազմակերպությունների և առհասարակ իրանահայերի դիրքորոշումը չէ, որ փորձում է տարածել Իրանում Դաշնակցությունը։ Պարոն Քեշիշյան, ի՞նչ է Ձեզ հայտնի։

– Մենք հենց երեկ մի հայտարարություն ենք հրապարակել, որտեղ անդրադարձել ենք այդ հարցին: Խնդիրն այն է, որ նման հայտարարություն ոչ թե այդ միություններն են տարածել, ոչ թե նույնիսկ թեմի առաջնորդները, որ իրենց անունով հրապարակում են, դա պարզապես պատրաստում է ՀՅԴ-ն և նրանց անունից հրապարակում կամ պարտադրում, որ նրանց անունից հրապարակի: Որովհետև ՀՅԴ-ն իր ազդեցություններն ունի այդ միությունների նկատմամբ: Իրականում այդ միությունների ոչ անդամներն են այդ հայտարարությունից, դրա բովանդակությունից խաբար, ոչ էլ այդ առաջնորդները: Ուզում եմ հիշեցնել, որ Արցախյան պատերազմի ազատագրման ժամանակ էլ իրանահայ թեմերի առաջնորդները նույն Դաշնակցության խայտառակ ձեռքով դատապարտեցին հայոց հողերի ազատագրումը: Հիմա այդ պատմությունը կրկնվում է այլ տարբերակով: Եթե անցյալում դատապարտում էին ազատագրումը, հիմա էլ նույնը անում են իրենց քմահաճույքի կամ իրենց շահերի համար: Այսպիսի բովանդակությամբ է, որ հարցն արծարծվում է: Եթե տեսել եք հայտարարությունը, այնտեղ նույն ոգին, նույն մոտեցումն է, ինչը Դաշնակցությունն է արծարծում և խոսում դրա մասին, ոչ թե այնպես, ինչպես որևէ հայ մարդ կասեր: Այնտեղ նաև թույլատրվում է միջամտություն Սփյուռքից Հայաստանի ներքաղաքական կյանքին, ինչը Սփյուռքի համար անընդունելի պարագա է: Բացի դրանից՝ կարծես թե քաղաքական ուժերին ուզում են պարտադրել իրենց կամքը, թե ում պետք է ընտրեն, ում պետք է չընտրեն, ինչպես պետք է ընտրեն կամ ինչպիսի իշխանություն պետք է ունենա Հայաստանը: Սա անտրամաբանական է իր ընդհանրության մեջ: Մենք հիմա տարածել ենք հայտարարություն, որտեղ տվել ենք նաև այդ միությունների անունները, որոնք նույնիսկ իրենց անունը այդ հայտարարության մեջ գրել են, բայց հետո մարդիկ չեն ստորագրել, և հարկադրված են եղել ջնջել: Այդ շարքում Հայ խորհրդական միության անունն է, Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահը հայտարարությամբ հանդես եկավ և ասաց, որ մենք նման հայտարարության տակ չենք ստորագրել, դա շփոթմունք է:

– Այսինքն՝ այս ամենը Իրանում համակարգում է Դաշնակցությո՞ւնը:

– Այո՛, և դա մեծ բողոքի ալիք է առաջացրել համայնքում: Համացանցում բոլորն իրենց խոսքն են ասում, բողոքում են, որ դուք ինչ իրավունք ունեք նման հայտարարությամբ հանդես գալ իրանահայության անունից:

– Ի՞նչ նպատակ են իրենք հետապնդում սրանով:

– Ես միայն կարող եմ ասել, որ սա անիմաստ բան է, որովհետև ընդհանրապես երբևէ չկա նման չափանիշ, որ Սփյուռքը նման ընտրություններ կամ նման քվեարկություններ իրականացնի: Իրանահայ համայնքում, եթե ամեն ինչով գցես-բռնես, այդ կուսակցական դեմքերը 1-2 տոկոսով ավելի քիչ են: Բայց խնդիրն այն է, որ եկեղեցին և կառույցները իրենց ձեռքում են, ինչն իրենց թույլ է տալիս նման մանևրների գնալ: Իրականությունն այն է, որ ժողովուրդն իրենց կողմը չի պահում, ժողովուրդը դեմ է նրանց: Ժողովուրդը օրինականության և Հայաստանի իշխանությունների կողքին է, եթե այդ իշխանությունն ընտրվել է օրինական կարգով և շարունակում է իր կյանքը օրենքների հիման վրա:

– Դուք կիսո՞ւմ եք տեսակետը, որ պարտված իշխանությունը պետք է հեռանա:

– Որ իշխանությունը պետք է հեռանա, դա ոչ ես եմ կիսում, ոչ էլ Սփյուռքի հայությունը: Այստեղ ես չեմ տեսնում միայն պարտված իշխանություն, ես այստեղ տեսնում եմ պարտված հայություն, պարտված երկիր՝ իր զինվորով, իր քաղաքական ուժերով: Սա ազգով պարտվել է, և այդ պարտությունը պետք է ոչ թե վերագրել պետության որոշակի շրջանակի և անգամ ոչ միայն պետությանը, եթե կուզեք, այդտեղ ամբողջ հայությունը պարտվել է: Եվ հայ ժողովուրդը պարտավոր է վերականգնել ու պարտությունը վերափոխել հաղթանակի իր կամքով, իր պահանջով: Ամենակարևորն այն է, որ ամեն ինչ լինի օրինականության սահմաններում: Իսկ այսպիսի հայտարարություններով միայն երկրին կարող ենք վնասել, իսկ դա վտանգավոր է հայ ժողովրդի համար: Ի վերջո, մենք չենք կարող անտեսել, որ հայ զինվորը կռվեց ոչ միայն Ադրբեջանի բանակի դեմ, այլ մի քանի պետությունների, կռվեց Թուրքիայի դեմ, կռվեց Իսրայելի դեմ, ահաբեկիչների դեմ: Ես պարտավոր եմ հայտարարել և արդեն բոլորը հայտարարել են, որ, այո՛, մեր զինվորը թեկուզ պարտվել է, բայց քաջաբար կռվել է: Մենք խոնարհվում ենք մեր զինվորի, մեր բանակի առջև և պետք է թիկունք կանգնենք նրան, որպեսզի կարողանա այսուհետ հաղթանակներ տանի, և հաղթանակներ տանենք ազգով, պետությամբ, բոլորով միասին:

https://www.1in.am/2865252.html

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert