Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ հատորից
Քանի դեռ գոյություն ուներ Խորհրդային Միությունը, Հայաստանը Թուրքիայի համար այդ հսկայական կայսրության տարածք էր, իսկ թուրք-հայկական մի քանի հարյուր կիլոմետրանոց սահմանը Թուրքիա-ԽՍՀՄ սահման` երկաթյա փշալարերով ու դիտաշտարակներով: Երկրորդ աշխարհամարտից հետո Խորհրդային Միության և Թուրքիայի հարաբերությունները սառն էին, երբեմն` թշնամական, երկու պետությունները մաս էին կազմում աշխարհաքաղաքական հակադիր բևեռների:
Այդ տարիներին թուրք-հայկական (խորհրդային) սահմանը Արևմուտք-ԽՍՀՄ ՙերկաթյա վարագույրի՚ հարավային հատվածն էր: Չնայած դրան, Մոսկվան Խորհրդային Հայաստանից լարերով էլեկտրաէներգիա էր արտահանում Թուրքիա, շաբաթական մի քանի անգամ գործում էր Կարս-Գյումրի և հակառակ ուղղությամբ մարդատար գնացք, երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցությունը և ապրանքաշրջանառության մի մասը կատարվում էր Դողուքափը-Ախուրյան սահմանադռնով, Արաքսի կամրջի վրայով փակ չէր նաև Ալիջան-Մարգարա ցամաքային սահմանադուռը:
Թուրքերի համար ղարաբաղյան հարցում հայկական պահանջատիրությունը տհաճ նորություն էր: Թուրքական թերթերը օր-օրին հետևում էին ղարաբաղյան իրադարձություններին և հատկապես` Մոսկվայի արձագանքին: Անկարայում պաշտոնական շրջանակները լռությամբ հետևում էին իրադարձություններին: Թուրքիան, ինչպես և Արևմուտքը, տեսնում էր Խորհրդային Միության առաջ կանգնած լրջագույն քաղաքական, աշխարհաքաղաքական և տնտեսական մարտահրավերները, սակայն չէր կանխատեսում նրա մոտալուտ վախճանը: 1988 թվականին Խորհրդային Միությունը Թուրքիայի համար շարունակում էր հզոր տերություն մնալ և նրա ներքին գործերին միջամտելը, իսկ արցախյան հարցը այդպիսին էր ընկալվում, Անկարայի համար շռայլություն կարող էր լինել: Պետական շրջանակները սպասողական դիրք էին գրավել:
1988թ. հունվարի վերջերին թուրքական թերթերից ՙԹերջյումանը՚ շեշտեց, թե գորբաչովյան հրապարակայնությունը ուժ է տվել հայերին, ովքեր պահանջում են Թուրքիայի պնդումով ժամանակին Ադրբեջանին տրված Ղարաբաղը:1 Բացի այդ, Հայաստանը պահանջում է Նախիջևանը և Ղարաբաղը այն դեպքում, երբ այսօրվա Խորհրդային Հայաստանի տարածքի վրա ժամանակին եղել է թուրքական խանական իշխանություն և միայն ցարական ժամանակ է այդ տարածքը ստացել Հայաստան անունը, գրեց ՙԹերջյումանը՚` պնդելով, թե Գյոքչան հազար տարի կոչվել է թուրքական լիճ, և միայն հիմա է Սևան: ՙՈչ ոք այլևս ձայն չի հանում, բայց գոնե մի քիչ հանգիստ նստեն մեր նախկին նահանգի նոր բնակիչ հայ հարևանները: Ո’չ, նրանք հիմա էլ Ադրբեջանից են հող պահանջում՚:
Հայերի շարժումը ՙուղղված է նաև Թուրքիայի դեմ՚, բացի այդ` հայերի մտադրությունը նեղ կացության է մատնել Մոսկվային, որը միշտ նեցուկ էր կանգնում ՙհայ ահաբեկիչներին՚, գրեց Հուրիյեթը՚:
Եթե Մոսկվան գոհացում տա հայերի պահանջին, վաղը ուրիշները ևս հետևելու են հայերի օրինակին, իսկ եթե Գորբաչովը ուժ գործադրի, ապա իր բարեփոխումների շարժումն է տուժելու, կարծիք հայտնեց ՙՋումհուրիյեթը՚: Արևմուտքի որոշ շրջանակներ գրգռություններով վտանգում են Թուրքիայի և ԽՍՀՄ-ի ամբողջականությունը, հետևաբար` Անկարան և Մոսկվան պետք է զգոն լինեն: Թերթը գրում էր, որ Խորհրդային Միությունը տարիներ շարունակ, հակառակ Թուրքիայի խնդրանքներին, ՙփակել է ականջները և չի դատապարտել հայկական ահաբեկչությունը՚:
1988-ի հունվար-փետրվար ամիսներին թուրքական լրատվամիջոցները հաճախ էին գրում ԱՄՆ Կոնգրեսում հայկական բանաձևի շրջանառության, Հայկական հարցի և ԱՍԱԼԱ-ի մասին: Անդրադարձը ԱՍԱԼԱ-ին հատկապես շատացավ, երբ ապրիլին Աթենքում սպանվեց նրա ղեկավար Հակոբ Հակոբյանը: Հունիսին Աթենք այցելեց վարչապետ Թուրգութ Օզալը: Վերջին 36 տարիներին դա Թուրքիայի վարչապետի առաջին այցն էր Հունաստան:
Յոթանասուն տարի հետո ՙՍևրի ոգին՚ կրկին վեր է հառնում, գրեց ՙՄիլլիյեթը՚, հիշեցնելով, որ Արևմուտքը որոշել էր մասնատել ՙօսմանյան հողերը, հաստատել ՙԱնկախ Հայաստան՚ ու ՙԻնքնավար Քուրդստան՚, սակայն Մուստաֆա Քեմալի ՙՆոր Թուրքիայի ոգին՚ պարտադրեց իր ուժը՚: ՙԱյսօր Արևմուտքի ծրագրերում ՙանկախ Հայաստանի՚ գաղափարը կրկին հող է գտնում, և սա չի կարելի շրջանցել: Վերջին տասնհինգ տարիների նախաձեռնություններն ու քարոզչությունը, որոնք ուղղված էին Թուրքիայի դեմ, այդ գաղափարի արտահայտություններն էին: Փետրվարից ի վեր ականատեսն ենք դրա երկրորդ փաստին. Խորհրդային Միության հայությունը պահանջում է Հայաստանին վերակցել Ադրբեջանի մաս կազմող Լեռնային Ղարաբաղի շրջանը՚: Լուսանկարներում երևում է հայերի ՙծով՚ բազմությունը Օպերայի հրապարակում, որը ՙմինչև կես միլիոն, նույնիսկ 700 հազարի է հասնում՚, որոնք, թվում է ՙհանուն անկախության՚ են պայքարում:
Թուրքական լրատվամիջոցներում և ակադեմիական շրջանակներում այն ընկալումը կար, որ Մոսկվան աջակցում է հայերին` ընդդեմ ադրբեջանցիների: Թուրքիայում Ադրբեջանցիների ազգային կենտրոնի նախագահ Մեհմեդ Արալը 1988թ. մարտին մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Նախիջևանի և Ղարաբաղի մասին հայերի ՙանիրավ ու անհիմն պահանջների՚ հետևում Գորբաչովը և Խորհրդային Հայաստանի ղեկավարներն են: Արալը ադրբեջանցիներին կոչ արեց մինչև արյան վերջին կաթիլը պայքարել ՙհայրենական հողերը մեր ձեռքից առնել՚ ձգտողների դեմ: Արալը, հիշեցնելով Կարսի պայմանագիրը, որի տակ դրված է Թուրքիայի, Խորհրդային Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ստորագրությունը, հայտարարում էր, որ Նախիջևանի, Զանգեզուրի և Ղարաբաղի հարցը միայն հայերի ու ադրբեջանցիների ներքին հարց չէ, Թուրքիան այդ խնդիրներում կողմ է:
Թուրքական թերթերը, ղարաբաղյան դեպքերին անդրադառնալով, առիթն օգտագործում էին գրելու Խորհրդային Միության հանրապետություններում բնակվող թուրքալեզու ժողովուրդների մասին ընդհանրապես: Արցախյան շարժման առաջին ամիսներին թուրքական լրատվամիջոցները հաղորդում էին խնդրի շուրջ միջազգային և խորհրդային, առաջին հերթին` Ադրբեջանից տրվող միակողմանի հաղորդագրությունները: 1988-ի մարտին թուրք ամենահայտնի լրագրողներից Մեհմեդ Ալի Բիրանդը մեկնեց Մոսկվա և Բաքու, ղարաբաղյան իրադարձություններին անդրադարձավ իր ՙ32-րդ օր՚ հեղինակային ծրագրով և մամուլում հրապարակումներով:
Ղարաբաղյան զարգացումներին Անկարան բարձր մակարդակով առաջին անգամ արձագանքեց 1988-ի դեկտեմբերի սկզբին: Երբ այցելությամբ ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Օզալին հարց ուղղեցին հայ-ադրբեջանական բախումների մասին, նա պատասխանեց, որ հայերի և ադրբեջանցիների միջև խնդիրներ գոյություն ունեն, բայց դրանք Թուրքիայի հետ կապ չունեն, Անկարան հեռվից է հետևում իրադարձություններին և բավարարվում դիտորդի դերով:
Պաշտոնական Անկարան 1989-1990 թթ.` Խորհրդային Միության փլուզման նախօրեին, շարունակում էր ուշադրությամբ հետևել Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, սակայն միաժամանակ մնում էր զգուշավոր: 1990թ. հունվարյան դեպքերի օրերին, երբ Բաքվի հայկական ջարդերից հետո խորհրդային բանակը միջամտեց` տանկերով ճնշելով Ադրբեջանի Ժողճակատի իշխանության ձգտումները, Թուրքիայում ընդդիմադիր ուժերը կառավարությունից ակտիվ գործողություններ էին պահանջում, որին ի պատասխան նախագահ Օզալը հայտարարեց. ՙԱդրբեջանցիները շիաներ են, մենք սուննի: Նրանք ավելի շատ Իրանին պետք է հետաքրքրեն՚:
Թուրքիան, չցանկանալով փչացնել հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ, Բաքվի դեպքերը որակեց ՙԽՍՀՄ ներքին գործ՚: Սակայն Կարսի, Աղրըի (Արարատ) և մի շարք այլ արևելյան նահանգներում բնակվող էթնիկ ադրբեջանցիները բողոքի ցույցեր կազմակերպեցին, իսկ ազգայնամոլները` Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) և նրա առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի գլխավորությամբ շտապեցին օգտագործել այդ ներուժը: Պետության չեզոքությունը ազգայնամոլներին հնարավորություն տվեց հանդես գալու ՙարտաքին թուրքերի՚ շահերի պաշտպանության դիրքերից` որպես նրանց ՙմիակ տերը՚: Ազգայնական շարժման բոլոր հատվածները միավորվեցին Ադրբեջանի դեպքերը ՙԽորհրդային Միության ներքին գործ չհամարելու՚ նշանաբանի շուրջ:
Դեռ 1989թ. ԱՇԿ-ն ոչ միայն ակտիվացրեց արտաքին կապերը թուրքալեզու հանրապետությունների հետ, այլև փորձեց կապեր հաստատել Մ. Նահանգների հայկական և հրեական կազմակերպությունների հետ: ԱՇԿ-ի Էրզրումից պատգամավոր Ռիզա Մուֆթուօղլուի խոսքերով` ԱՄՆ հայ լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու Թյուրքեշն առաջին անգամ հանդիպել են 1989թ.Անկարայում: Մուֆթուօղլուին բացատրելով այդ հանդիպման անհրաժեշտությունը` Թյուրքեշը նշել էր, որ Սփյուռքը բաղկացած է երկու հատվածից` ազգայնական (դաշնակցական) և համեմատաբար չեզոք. ՙՄենք ցանկանում ենք գժտություն առաջ բերել այդ երկու զանգվածների միջև՚:
1989թ. աշնանը թուրք լրագրող Բիրանդը կրկին այցելեց Ադրբեջան և իր ՙ32-րդ օր՚ ծրագրով անդրադարձավ արդեն ոտքի կանգնած Ժողճակատին: Էլչիբեյի հետ զրույցում վերջինիս աշխատասենյակում երևում են գրքեր Աթաթուրքի մասին, նրա դիմանկարը, Թուրքիայի դրոշները: Բիրանդը հաղորդեց, որ Ադրբեջանի ժողովուրդը անհուն սիրով է նայում դեպի Թուրքիան, հետևում թուրքական մամուլին: Մի ադրբեջանցի Բիրանդին ասում էր, որ հայերի հարձակումները միայն ադրբեջանցիների դեմ չեն, այլ ամբողջ թուրքական աշխարհի, հետևաբար` աշխարհի բոլոր թուրքերը պետք է միանան հայերի հարձակումների դեմ:
Անկարան, նկատի ունենալով Ադրբեջանից եկող ցանկությունները, լրջորեն մտածում է բարեկամական հարաբերություններ զարգացնել Ադրբեջանի հետ, որը Ղարաբաղի պատճառով Հայաստանի հետ պատերազմի շեմին է, գրեց ՙԳյունեշ՚ թերթը: Անկարան դիմեց Մոսկվային, որպեսզի թույլտվություն ստանա հյուպատոսություն բացել Բաքվում: Խորհրդային Միությունը, փոխադարձաբար, ցանկություն հայտնեց հյուպատոսարան բացել Տրապիզոնում:
1988թ. օգոստոսին բացվել էր ԽՍՀՄ-Թուրքիա Սարփիի անցակետը Սև ծովի վրացական ափին, որը դարձավ Թուրքիայի` Հարավային Կովկասի հետ կապվելու ցամաքային հիմնական ուղին: 1989թ. դեկտեմբերին Խորհրդային Միությունը առաջարկում էր ավելի կանոնավոր կերպով օգտագործել Կարս-Գյումրի երկաթուղին, սակայն Թուրքիան կարևորություն էր տալիս Սարփիին և առաջարկում սահմանադուռ բացել Նախիջևանի և Թուրքիայի սահմանին, այդ նպատակով` ժամ առաջ նորոգել Սադարակի փլված կամուրջը:
Թուրքիան ակնհայտ հետաքրքրություն էր դրսևորում Վրաստանի և Ադրբեջանի հետ տնտեսական և այլ հարաբերություններ հաստատելու հարցում, սակայն Հայաստանի դեպքում ուներ վերապահումներ: 1990թ. նոյեմբերին Մեհմեթ Ալի Բիրանդի հետ զրույցում Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Եսայի Ստեփանյանը կարևորում է ինչպես Կարս-Գյումրի երկաթուղու, այնպես էլ Ալիջան-Մարգարա սահմանային կետի բնականոն գործունեությունը: ՙՄենք առաջին քայլն արել ենք: Դիվանագիտական միջոցներով հայտնել ենք, որ ցանկանում ենք Թուրքիայի հետ կապի մեջ մտնել: Այժմ սպասում ենք Թուրքիայի պատասխանին: Նախ պետք է կապը հաստատվի, որպեսզի որոշվի հարաբերությունների բնույթը: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ առևտրային, զբոսաշրջային և քաղաքական հարաբերությունների մեջ մտնել՚,- Երևանում թուրք լրագրողին ասել էր վարչապետ Վազգեն Մանուկյանի կառավարության անդամը:
Պաշտոնաթող դեսպան Քեամուրան Գյուրյունը ՙՀայաստան՚ խորագրով հոդվածում, որը տպագրվեց ՙՀուրիյեթ՚ թերթում, վերապահումներ արեց Երևանի կողմից Թուրքիայի հետ գործակցելու ուղղությամբ կատարած առաջարկի դեմ: Նա նշում էր, որ Թուրքիան քաղցր հիշողություններ չունի անկախ Հայաստանի հետ նախկինում ունեցած իր հարաբերություններից: Դեսպանը ընդգծեց, որ 1918-ին, երբ Հայաստանը անկախացավ, պատերազմեց թուրքերի դեմ և պարտություն կրեց, իսկ 1965 թվականից ի վեր Հայաստանը ամեն տարի ոգեկոչում է Ապրիլ 24-ը, և կան բաներ, որոնց մասին անթույլատրելի է մեկնաբանություններ անել` դրանք արմատներից անջատելով: Դեսպանի խոսքերով` Թուրքիայի մասին Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները չի կարելի բարեկամական որակել:
Թուրգութ Օզալը 1991թ. հունվարին ՙ32-րդ օր՚ ծրագրում Բիրանդի հետ զրույցում, ի պատասխան Երևանից հնչող ուղերձների նշեց, որ Անկարան ծրագրում է տնտեսական հարաբերություններ հաստատել Երևանի հետ, իսկ ավելի ուշ Փենսիլվանիայի համալսարանում, պատասխանելով հայ ուսանողի` Հայոց ցեղասպանության մասին հարցին, ասաց. ՙՍա շատ հին պատմություն է, ես չեմ սիրում այս պատմությունը: Մոռանանք այն, ինչ որ պատահել է 76 տարի առաջ և թողնենք, որ այս մասին պատմաբանները վճիռ կայացնեն՚: Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպություն ստեղծելու համաձայնություն է ստորագրվելու, որին Հայաստանը ևս մաս պիտի կազմի. ՙՀայաստանը ի՞նչ կարող է անել, եթե միայն թշնամիներով շրջապատված լինի: Մենք մեր ձեռքը մեկնեցինք, ասացինք, որ Հայաստանի հետ հարաբերություններ ենք մշակում և մեր դեսպանին էլ Երևան ուղարկեցինք՚: