Դաշնակցություն կուսակցությունը մեկ դար առաջ ստեղծեց հայրենիքը փրկելու՝  «Փրկության կոմիտե», որի գործողությունների պատճառով կորցրեցինք  հայրենիքի մեծ մասը. Արցախը, Նախիջեւանը մնացին Ադրբեջանի հսկողության ներքո, իսկ Կարսը, Արդահանը եւ արեւմտյան Հայաստանի մի հսկա մաս մնաց Թուրքիային, տապալվեց նաև Սևրի դաշնագիրը:

 Եթե դաշնակցություն կուսակցությունը շարժվեր ըստ պայմանավորվածության, որը ձեռք էր բերվել իր և Խորհրդային Հայաստանի իշխանությունների միջև և օգներ Խորհրդային Հայաստանի իշխանություններին, ապա չէինք կորցնի վերոնշյալ  տարածքները:

 Ազգային իղձերին հավատարիմ կուսակցությունը պետք է որ պատմությունից, իր անցյալից դասեր քաղեր՝ ապագայում ազգակործան քաղաքականությունից խուսափելու համար: Բայց դաշնակցության թե՛ անցյալ եւ թե՛ ներկա գործողությունները փաստում են, որ այդ կուսակցությունը ապազգային է, նրա գործողությունները հայ ազգի համար եղել ու մնում են կործանարար:

 Ես հատուկ շեշտում եմ Դաշնակցություն կուսակցությանը, քանի որ ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին չեմ համարում քաղաքական կուսակցություններ: Ոչ մի քաղաքական լուրջ գործիչը չի կարող դրանց կուսակցություն անվանել: Բայց, իրենց  130-ամյա կուսակցության պատմությամբ «հպարտացող» դաշնակցականները, կարծես թե, առաքելություն ունեն ոչ թե պետականություն կերտելու եւ  ազգ ու հայրենիք փրկելու, այլեւ՝ հայրենիքը կործանելու:  

Պատմությունը կրկնվում է եւ Դաշնակցությունը վարվում է նույնպես, ինչպես վարվել է 1921 թվականի փետրվարին: Այդ կուսակցությունը  եթե առաջնորդվեր պետական շահով ու միտվեր հայրենիքի պաշտպանությանը, պետք է որ հեռու մնար ներքաղաքական խժդժություն առաջացնելուց և ամեն ինչ աներ, որպեսզի երկիրը օր առաջ կայունություն, անվտանգություն եւ խաղաղություն ձեռք բերեր: Բայց, չգիտես ինչու, յուրաքանչյուր ճակատագրական պահի նրանք, միանալով հետադիմական ուժերին, վեր դասելով նեղ կուսակցական շահերը, նպաստում են հայրենիքի կործանմանը՝ իրականացնելով դարավոր թշնամու երազանքը:

Ստորեւ ներկայացնում եմ մի քանի փաստարկ, որպեսզի ընթերցողի համար հասկանալի լինի, թե  1921 թվականի փետրվարյան խայտառակ հեղաշրջումը, որով այդքան հրճվում են դաշնակցականների հին ու նոր գաղափարախոսները, ու՞մ էր ձեռնտու եւ ինչո՞ւ էր քեմալական իշխանությունը դրանով այդքան հիացած:

 Եւ այսպես՝

1921 թ. փետրվարի 18-իե Երևանում «փրկության կոմիտեի»կազմակերպած միտինգում Բեհաէդդին Շաքիրն իր ելութում արդեն բացահայտորեն խոսել է Թուրքիայի նպատակների մասին։

«Քաղաքացիներ և ընկերներ,– ասել է թուրքական բեյը,– ողջունում եմ ձեզ այսօրվա հանդիսվոր օրվա առթիվ, երբ ձեզ հաջողվել է վտարել ձեզ մոտ բռնությամբ նստած արյունախում մարդկանց ու գազաններին, որոնք իրենց անվանում էին բանվորա-գյուղացիական իշխանություն։

Ես հավատացած եմ, որ հայ ժողովուրդն առաջիկայում թույլ չի տա, որ այդ բանդիտները հրի ու սրի մատնեն ժողովրդական ունեցվածքն ու հայրենիքի փառապանծ զավակներին։

Ձեզ ողջունում եմ նաև այն առիթով, որ Թիֆլիսն այսօր մեր ձեռքին է, իսկ Բաքվում ապստամբություն է նույնպես բանդիտների դեմ և շատ շուտով մեր զորքերն Ախալցխայի վրայով կշարժենք դեպի Բաքու՝ այդ բանդիտների լծից մեր եղբայրներին ազատագրելու համար։

Թուրքական զորքերի անունից անկեղծորեն ողջունում եմ ձեզ ներկա մեծ տոնի առթիվ, նրանք հավատում են և երդվում, որ հարկ եղած պահին նրանք բոլորը, կհամախմբվեն Անդրկովկասում։ Իսկ այժմ գործի անցեք, քանի որ թշնամին դեռ թիկունքում Է» (ՀԱԱ, ֆ. 113, ց. 3, գ. 47, թ. 2):

 

Տարած հաղթանակով ոգևորված Ս. Վրացյանն ու նրա համախոհները փետրվարի 18-ին շտապել են շքերթ կազմակերպել դեպի Երևանում գտնվող թուրքական հյուպատոսարան ու հայտնել իրենց երախտագիտությունը Հայաստանը սովետական իշխանությունից ազատելու համար։

Պարտքի տակ չի մնացել թուրքական հյուպատոսը, որ խանդավառված դաշնակներին դիմելով ասել Է. «Ձեր զգացմունքներն անկեղծ են։ Դուք կռվում եք ձեր երկրի ազատության համար։ Մեր Հայաստանի և Տաճկաստանի միջև եղել են և կան մութ ուժեր, որոնք սերմանում են թշնամություն։ Սակայն, մենք ցանկանում ենք Հայաստանի բարգավաճումը և ողջունում նրա ազատագրման համար ձեր մղած պայքարը» («Հայրենիք», թիվ 1, 1968, Էջ 26): 

1921 թ. փետրվարի 24-ին Երևանում գտնվող թուրքական հրամանատարության ներկայացուցիչ Բեհաէդդին բեյը, որը նաև Հայաստանում ներկայացնում էր թուրքական կառավարությանը, այցելել է Ս. Վրացյանին և հայտարարել. «Մեր կառավարությունը ճանաչում է Հայաստանի փրկության կոմիտեին որպես միակ ազգային իշխանությունը Հայաստանում։

Եվ այն չափով, որ չափով Հայաստանի և Տաճկաստանի սահմանների հարակից խնդիրներն ստացել են իրանց իրավական լուծումը Ալեքսանդրապոլի դաշնագրով, պարզ է, որ Հայկական կառավարությունը ևս չի հանդուրժի, որպեսզի Մոսկվայի խորհրդաժողովում այդ հարցերը քննության առնվեն»։ (1921 թվականի փետրվարյան խռովության անատոմիան. պրոֆ. Վլադիմիր Պետրոսյան, հատոր 1-ին, Երեւան, 2020թ.)

 Փաստերը բազում են, և դրանք բոլորը այս նյութում պարփակելը հնարավոր չէ: Կարծում եմ, որ այսքանն էլ բավական է գաղափար կազմելու համար, թե դաշնակցությունը ինչպես է կեղծել  և շարունակում է կեղծել  պատմությունը՝  որպեսզի դրա քողի տակ ներկայանա  «հայրենիքի փրկիչ»:

 Իսկ հիմա անդրադառնանք ներկա իրադրությանը՝ «հայրենիքի փրկության շարժում» կոչված խմբավորման գործողություններին:

 2009 թվականին, երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնել էր Թուրքիայի հետ «ֆուտբոլային դիվանագիտություն» հաստատելու քաղաքականությունը, որի հետեւանքով Ցյուրիխում ստորագրվեց խայտառակ արձանագրությունները,
ինչը գրեթե Բաթումի պայմանագրի կրկնապատճենն էր, Դաշնակցություն կուսակցությունը բավարարվեց միայն կոալիցիայից դուրս գալով եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջով, չնայած, որ այդ խայտառակ արձանագրությունների ստորագրման հեղինակը Սերժ Սարգսյանն էր:
Իսկ հիմա, այդ նույն Դաշնակցությունը, ոչ թե պահանջեց Մնացականյանի հրաժարականը,  ոչ թե պահանջում է Արա Այվազյանի, պաշտպանության նախարարի,Արցախի նախագահի կամ որեւէ պետական այլ պաշտոնյայի հրաժարականը, այլ՝ միայն ու միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Կարո՞ղ է արդյոք Դաշնակցությունը տալ տրամաբանական պատասխան, թե ինչո՞ւ էր արդարացնում Սերժ Սարգսյանին եւ հարվածի տակ դնում  արտգործնախար Նալբանդյանին, իսկ հիմա չի առաջնորդվում նույն սկզբունքով: 

 Քոչարյանի կողմից Մեղրիի տարածքը Արցախի հետ փոխանակման ժամանակ, Դաշնակցությունը ներքին կարգով  քննարկում էր ոչ թե Մեղրիի տարածքի անձեռնմխելիությունը եւ դրա կտրուկ մերժելը, այլ մտահոգված էր բոլորովին այլ խնդրով՝ չլինի թե համաձայնվելու կամ չհամաձայնվելու դեպքում հանկարծ  դաշնակցությունն իր հեղինակությունը կորցնի: Սա է Դաշնակցության «հայրենասիրությունը», նրա համար իր հեղինակությունը վեր է հայրենիքից: Բայց չի հասկանում, որ հայրենասիրությունն ու հայրենատիրությունն են, որ բարձրացնում են կուսակցությանը հեղինակությունը, ոչ թե հօգուտ կուսակցական հեղինակության հայրենիք սակարկելը:

 Երբ  2015 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից  կասկածի տակ դրվեցին եւ  տասնյակ հազարով ցուցարարներ պահանջում էին նոր ընտրություններ,  «հայրենիքի փրկության շարժման» մեջ համախմբված եւ ոչ մի կուսակցություն չկանգնեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, չընդիմացավ կեղծիքներով նախագահի աթոռը գրաված Սերժ Սարգսյանին:

 Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ներկայացնում է իր եւ Րաֆֆի  Հովհաննիսյանի միջեւ տեղի ունեցած մանրամասն խոսակցությունը:

 Այսպես.

Ի պատասխան Արմենիա հ/ը լրագրող Գագիկ Մկրտչյանի հարցին, Սերժ Սարգսյանը նշել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ ինքը ասել է « …եթե հանկարծ ինչ-որ մի հրաշքով այդպիսի հնարավորություն լինի և մենք Ձեզ հետ անցկացնենք նախագահական ընտրություններ և ինչ-որ մի հրաշքով Դուք տանեք ձայների 55 տոկոսը, մնացած 45 տոկոսը ես կարո՞ղ եմ տանել: Ասաց՝ այո: Ասացի՝ այդ դեպքում, ես կարո՞ղ եմ ընդհանրապես մի 20 հազար մարդ հավաքել Ազատության կամ Հանրապետության հրապարակում: Ասաց՝ այո: Ասացի՝ դա 4 անգամ ավելին է, քան այսօր դու ես հավաքել: Այդ դեպքում, ես էլ կհավաքեմ այդ 20 հազար մարդկանց և կասեմ՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իր
37 տոկոս քվեներով նոր ընտրություններ պահանջեց և անցկացրեց, ապա ես էլ եմ պահանջում նոր ընտրություններ: Այդ դեպքում ո՞ւր ենք գնալու, մինչև ե՞րբ»:

 Իհարկե, Սերժ Սարգսյանը շատ ճիշտ պատասխան է տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն,  եթե Րաֆֆի Հովհաննիսյանը  5 հազարանոց հանրահավաքով կամ  Սերժ Սարգսյանը իր 20 հազարանոց հանրահավաքով  չեր կարող ստիպել նոր ընտրություններ, ապա ինչպե՞ս է լինում, որ մերօրյա  17 կուսակցությունների միջին կտրվածքով  5 հազարանոց հանրահավաքով կարելի է խոսել ժողովրդի անունից ու պահաջել ընտրություններ, ավելին՝ իշխանության հրաժարականը պահանջել:

 Սերժ Սարգսյանը պատասխանելով լրագրողին՝ շարունակում է. «… Դուք ասում եք, որ 500 հազարից ավելին կանգնած են նրա (Րաֆֆի Հովհաննիսյանի-Ե.Խ.) թիկունքին և հրապարակներում են: Ես, ուրեմն, տեսողության հետ կապված խնդիրներ ունեմ և ոչ միայն ես, այլ երևի մեր բնակչության մեծ մասը, որովհետև այնտեղ ես չեմ տեսել ոչ 500 հազար, ոչ 50 հազար: Եվ, երբ ասում են, որ ժողովուրդը հրապարակներում է, ինձ համար շատ տարօրինակ է: Միջին հաշվով, այս հանրահավաքներին, որ տեղի են ունենում Ազատության հրապարակում, մասնակցում է 3000 մարդ: Նախ՝ ես վստահություն չունեմ, միգուցե Դուք ունեք, որ նրանք բոլորը` մինչև վերջին մարդը, քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին և երկրորդ` 3000 մարդը, թեև մեզ համար յուրաքանչյուր մարդու կարծիք շատ էական է, կազմում է մեր քաղաքացիների 0,1 տոկոսը: Մենք մոտ 3 մլն ենք: Ուրեմն, խոսել այն մասին, որ ժողովուրդը հրապարակներում է, առնվազն, ինչ ասեմ, կոռեկտ չի»:

 Ելնելով  Սերժ Սարգսյանի վերոնշյալ ասածի տրամաբանությունից՝  դա «կոռեկտ» չի կարող լինել նաեւ «Հայրենիքի փրկության շարժում»-ի միջին կտրվածքով 5 հազարանոց հանրահավաքի դեպքում:  Այդ շարժումը՝ 17 կուսակցություններով հանդերձ, 3 մլն բնակչության 0,2 տոկոսն է հավաքում իր շուրջ, այրդո՞ք ըստ  Սերժ Սարգսյանի տրամաբանության, իրավունք ունի՞ 0,2 տոկոսանոց շարժումը հանդես գալ  ամբողջ ժողովրդի անունից և ավելին՝ իշխանափոխություն պահանջել:

Կարծում եմ, որ «Հայրենիքի փրկության շարժումը» իր հինգ տոկոսանոց  հավաքով
եթե Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ նրանից հրաժարական պահանջեր, ապա կարժանանար այն նույն պատասխանին, ինչին արժանացել էր Րաֆֆի Հովհաննիսյանը: 

 Սերժ Սարգսյանը Հրայր Թամրազյանի հարցին ի պատասխան շարունակում է. «…այնտեղ հարթակում էլ ասում են` ժողովուրդ, հանուն ժողովրդի և այլն: Այս կապակցությամբ իմ հիշողության մեջ դառը պատկերներ են արթնանում, որովհետև աշխարհի և՛ բոլոր բարեգործները, և՛ բոլոր չարագործները միշտ խոսել են ժողովրդի անունից ու իրենց գործողությունները միշտ զարդարել են խոսքերով, թե իբր դա անում են հանուն ժողովրդի:  […] Եթե հիշում եք, 2008թ. մինչև 30 հազար մարդ հավաքվեց Ազատության հրապարակում՝ լսելու այն թեկնածուի ճառը, որը տարել էր 300 հազար ձայն կամ դրա սահմաններում՝ ինչ-որ տարբերությամբ: Այսինքն, գոնե այս դեպքում հավաքվեց քվեարկողների, ընտրողների 10 տոկոսը»:

 Պարոն Սարգսյան եւ պարոն դաշնակցականներ, ԲՀԿ-ականներ ու հատկապես վազգենմանուկյանականներ, բոլորդ հիշում եք չէ՞, թե բնակչության «10 տոկոս» -ի հանրահավաքը ինչով ավարտվեց՝ մարտի 1-ով: 10 տոկոսը հրապարակից հեռացվեց 10 քաղաքացու սպանդի գնով՝ լոկ իշխանության աթոռը պահելու համար:

Հարց է առաջանում, իրավունք ունի՞ ներկա իշխանությունը դիմելու քոչարյանասերժական մեթոդին՝  17 կուսակցության ներկայացուցիչներին հրապարակից բռնի ուժով հեռացնելու և համապատասխան պատժամիջոցներ կիրառելու, թե՞ դա միայն ձեր իշխանության դեպքում է թույլատրելի:

 Պարո՛ն Սաղաթելյան, Ձեր այս հայտարարությունից հետո՝ «Ես հավաստիացնում եմ ձեզ, որ այս մեր երթերով, բողոքի հսկայական ակցիաներով խաթարելու ենք ամբողջ հասարակական կյանքը և հասնելու ենք իշխանափոխության», իրավո՞ւնք ունի ներկա իշխանությունը ձեզ հետ վարվելու այնպես, ինչպես վարվեց Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին խաղաղ  ցուցարարների հանդեպ: Ի դեպ այն ժամանակ «հասարակական կյանքը խաթարելու» կոչեր չէին հնչում, ֆիզիկապես ոչնչացման հայտարարություններ չէին հնչում, «սատկացնելու, ջարդելու եւ  փշրելու կոչեր չէին հնչում: Իսկ դուք ձեր ելույթների 90 տոկոսը տրամադրում եք սպառնալիքներին, բռնության, քանդելու և ավերելու կոչերին….

Դուք որոշեք, թե ըստ ձեր իշխանության ժամանակաշրջանի տրամաբանության, ձեզ հետ ինչպե՞ս եւ ո՞ր մեթոդով պետք է վարվել… 

 Պարոնայ՛ք, դուք ձգտում եք հասնել թագավորության, մենք՝ դեպի հայրենիք: Թագավորների գլուխը ուշ, թե շուտ կտրում են, իսկ հայենիքը պաշտպանում:

 Երվանդ Խոսրովյան, 23 փետրվարի, 2021 թ.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert