1998 թվականի այս օրը ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Համալսարանի վերջին կուրսում էի։ Ես ու ընկերներս, էլ չասեմ ընտանիքս աննկարագրելի դառնացած էինք։ Հաջորդ օրը ընկերներով պիտի գնայինք Ծաղկաձոր՝ համալսարանի հանգստյան տուն։ Երեք օր կարծեմ մնացինք։ Մաֆիաներին, ճոպանուղու ճանապարհին, ընթրիքներին հաջորդող ու ընթացիկ թեման մեկն էր՝ նախագահի հրաժարականը, այն տեքստը, որը նա թողեց մեզ իր պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ ։ Եվ որը հաջորդել էր նրա հայտնի՝ «Պատերազմ թե խաղաղույթուն. Լրջանալու պահը» ծավալուն հոդվածին։
Ես շատ լավ եմ հիշում, թե նախագահի գաղափարակիցների, նրա համախոհների շրջանում իր հրաժարականից հետո ինչպիսի մեծ հուսահատություն կար։ Եվ, որքան էլ դա շատերին համոզիչ չթվա, իմ կարծիքով հուսահատության գլխավոր պատճառն այն էր, որ նախագահի հեռանալով մեր երկրի խաղաղության հարցը, Արցախի հարցը հայտնվում էր կասկածելի անորոշության ու մանիլպուլիացաների տիրույթում ու պատերազմի ուրվականը դառնում էր ակնհայտ տեսանելի։ Եվ դա հասկացողները, այդպես մտածողները աննկարագրելի ծանր էին տանում այս հրաժարականը։ Ինչպես Նախագահն էր հրաժարականի իր խոսքում շեշտել ՝ «Հայաստանում խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն էր կրել» ։
Ես չեմ կարող անգամ հաշվել, թե այս թեմայով բանավեճերի, զրույցների, քննարկումների ինչ ահռելի չափաբաժնում եմ ես մեծացել իմ ընտանիքում։ Հայրս կյանքն էր դրել այս թեմայի մեջ։ Մեր ընտանիքի, մեր ընկերների համար Հայաստանը պարտվել էր հենց այս օրը, ու վերահաս վտանգի, աղետի տեսլականը սարսափեցնում էր ։
Այդ օրից ի վեր հազար անգամ ինձ շատ համակրելի, մտերիմ մարդկանց հետ բանավեճ եմ ունեցել այս թեմայի շուրջ։ Ես մինչև այսօր էլ այդ հարցի պատասխանը չունեմ, թե ինչու էր այդքան անհնար իրականության հետ առերեսվելը։ Նախագահին քննադատողներից հիմնականում հասկանում էի, որ խնդիր ունեն իր անձի հետ, ուղղակի, չեն սիրում ու վերջ։ Դրան նպաստել էր վերջին տարիների քոչարյանասերժական լկտի պրոպագանդան՝ Նախագահին ու նրա գործունեությունը սևացնելու, նրա շուրջ մտացածին միֆեր ստեղծելու, որոնք, ցավալիորեն, մեծ ախորժակով համտեսեց մեր հասարակությունը։ Նրան քննադատողներից քանի՞ հոգի էին կարդացել Պատերազմ և Խաղաղություն. Լրջանալու պահը հոդվածը, որտեղ նա անկեղծորեն, ճշմարիտ քաղաքական գործչին վայել դիպուկությամբ, անկեղծությամբ նեկայացնում էր մեզ սպասվող իրականությունը, ուղիղ ասում էր, թե ինչ գին պիտի վճարենք, եթե արժանապատիվ խաղաղության ու հաշտության ճանապարհով չգնանք։ Բացատրում էր, թե ինչու է հատկապես հիմա կարևոր դա անել, քանի ուժեղ ենք, հաղթած, աշխարհում հարգանք ու անուն վայելող։
Պատերազմից հետո շատ ավելի դառն է հետահայաց նայել այս ամեն ինչին։ Քանի հոգու եմ ես ուղարկել նախագահի հոդվածը այս տարիների ընթացքում։ Վերջերս մեր հրաշալի ընկերներից մեկի համար միացրի նախագահի հրաժարականի տեսանյութը։ Լսեց տակնուվրա եղած՝ կարծես չհավատալով իր լսածին։ Մինչդեռ Հայաստանից քսան տարի առաջ եկել էր նրա հանդեպ լցված ատելությամբ։ Մեր մյուս հրաշալի ընկերը, որ այստեղ է եկել Իրանից շատ տարիներ առաջ, պատերազմի այս անփառունակ ավարտից հետո դառնացած ասաց ինձ՝ անկեղծորեն քեզ խոստովանում եմ, որ Տեր-Պետրոսյանի անունը այս գաղութում եթե հնչել է, ապա որպես հող հանձնողի և երբեք առողջ դիսկուրս չի եղել նրա գաղափարների շուրջ, հակառակը՝ փաստորեն ամբողջապես այլակերպվել է նրա ասածը։ Այս շարքը կարող եմ երկար թվարկել, հավատացեք։
Ցավալի է, աննկարագրելի ցավալի է։ Ավելին՝ ողբերգություն է իմ կարծիքով։ Որովհետև այս կրավորական կեցվածքի, այս անառողջ մթնոլորտի ու խաղաղության դիսկուրսը տապալելու հատուկ ջանքերի պատճառով այսօր ունենք կոտրված երկիր, հազարավոր նահատակ զինվորներ, որբացած երեխաներ, սգացող հարազատներ ու անհույս, կոտրված քաղաքացիներ։ Մենք հաղթած նախագահին, երկիրը խաղաղության ճանապարհով տանող նախագահին չհասկացանք, փոխարենը թողեցինք, որ մեր երեխաների ապագան , մեր երկրի խաղաղ ապագան, մեր երազանքները կոխկրտվեն ոչմիթիզականության, պոպուլիստության, քաղաքական տգիտության պատճառով։
Օրեր առաջ, էլի մեր ընկերներից, ում զինվոր տղան վիրավորվեց պատերազմում, փառք աստծո, այսօր ապաքինվում է, մեզ հետ զրույցում ասաց՝ -Միայն Տեր-Պետրոսյանը կկարողանա երկիրն էս անդունդից հանել, սենց չի լինի… մենք կործանվում ենք…
Անկեղծ եմ ձեզ ասում, իմ լացն եկավ։ 2008-ից ի վեր (մոտավորապես այդ ժամանակից ենք ճանաչում իրեն) մենք վիճում, քննարկում, վիճում էինք ՝ խնդրելով կարծրատիպները, ասեկոսեները մի կողմ թողնել ու փորձել հասկանալ, թե ինչ էր և է’ առաջարկում Տեր-Պետրոսյանը։
Այսօր, պատերազմի այս դառը ապտակից հետո շատերը սթափվել են։ Մի՞թե սթափության գինն այսքան դառը պիտի լիներ, մի՞թե դրան էին արժանի մեր երեխեքը, մեր հայրենիքը։