Վլադիմիր ՄԱՐԳԱՐՅԱՆՑԸ ՀԽՍՀ 13-րդ վարչապետն էր, լուրջ, լռակյաց, Մոսկվայում խիստ հարգված մի գործիչ, ում վիճակված էր ծանր խնդիրներ լուծել շրջափակված, երկրաշարժից տուժած, գործադուլներով ու զանազան միջոցներով հարցեր լուծող “Ղարաբաղ” կոմիտեի նախաձեռնած տնտեսական ու քաղաքական էքսպանսիայի պարագայում։ Նրա հանդեպ ՀՀՇ-ի ամբարտավան, չար կեցվածքն արտահայտվեց 1989թ․ՀՀՇ առաջին համագումարում։ Երբ բեմի վրա ծաղրեցին, երեխայի պես անարգեցին ու սեւացրին կիրթ, նվիրված, բանիմաց տարիքով այս մարդուն, մեղադրելով նրան հայերեն չխոսելու մեջ։ Ավելի ուշ, Ղարաբաղ կոմիտեի անդամ Ռաֆայել Ղազարյանը կգրի, թե ինչպես Վազգեն Մանուկյանն այդ օրը կուլիսներում պատմում ու հրճվում էր՝ այդ ամոթալի դրվագները մանրամասն հիշելով։ Գրում եմ, որ փողոցում այսօր թափառող “միտինգավորները”, եւ Քոչարյանի կլանին միացած ՀԱԿ-ը հիշեն, թե ատելության որոմը երբ է նետվել մեր եղբայրության հողի մեջ։ Մինչդեռ՝ Քոչարյանի ռուսերենը ՀՀՇ-ի ականջին երեւի գրափար հայերեն էր հնչում, նրան չէին ընդհատում, յուրային էր։

Հիմա իրար գտել են երկու կորած եղբայրները՝ նույն թույնով շնչող Տեր Պետրոսյանն ու Քոչը։ Մարգարյանցը նույնպես ԽՍՀՄ պատգամավոր էր, բայց քիչ էր գալիս Մոսկվա, անվերջ գործադուլներից, Նաիրիտ, Ատոմակայան Ալավերդու պղնձամոլիբդենային, Կիրովականի քիմկոմբինատները փակելու ցույցերն ու ակցիաները Հայաստանի առանց այն էլ ծանր տնտեսական վիճակը, դարձել էր օրհասական։ Փոքր հատված եմ մեջբերում իմ գրքից, այն քիչ հանդիպումներից, երբ Մարգարյանցը ներկայացնում էր 1989-ին գործադուլներից մաշված մեր երկրի տնտեսական ծանր վիճակը։

Պատառիկներ օրագրից, 1989թ․ Մոսկվա”Երեկոյան տեղի է ունենում մեր պատգամավորական խմբի խորհրդակցությունը։ Հիմնական զեկուցոցը Հայաստանի կառավարության նախագահ Վլադիմիր Մարգարյանցն է։ Նոր է վերադարձել ԽՍՀՄ կառավարության նիստից, ուր քննարկվել է Հայաստանի տնտեսության ծանր վիճակն ու 1990-ի նրան հատկացվող օժանդակության հնարավոր չափերը։ Համաձայնություն էր ձեռք բերվել Ադրբեջանի կառավարության հետ օրական 100 վագոն վառելիք, որը շատ քիչ է ու 50 հազար տոննա միս, կարագ եւ այլ մթերքներ բաց թողնելու մասին։

“Կենտրոնը շատ բացասական է վերաբերվում դեկտեմբերի 1-ի ԼՂԻՄ ՀԽՍՀ Միացումի որոշմանը։ Այդ պատճառով շատ վատ է պլանավորված նաեւ աղետի գոտուն եկող տարի տրամադրվող օգնության չափը՝ ընդամենը 34 միլիոն ռուբլու կապիտալ ներդրում։ Մինչդեռ միայն շրջափակումից հանրապետությունն արդեն 1․5 մլրդ ռուբլու կորուստ է կրել։ Առանձնապես բարդ է սննդի հարցը։ Մենք պետք է մի կերպ ապրենք եկող տարի ու մտածենք խոշոր եղջերավոր անասունների, ոչխարի, հավի մսի, կաթ ու կարագի սեփական արտադրության մասին։ Դա հնարավոր է իրականացնել բարձր լեռնային շրջաններում։ Այլապես մեր տնտեսությունը Նաիրիտից, Կիրովականի քիմկոմբինատից, Ալավերդուց հետո կաթվածահար է եղել, մենք լրիվ դատարկ, մինուսի վրա ենք։ Առավել եւս, 200 հազար հեկտար խաղողի այգի ենք ոչնչացրել, չեն աշխատում։ Նույն գործադուլների պատճառով ստիպված հրաժարվեցինք ռազմական պատվերներից։ Գյուղատնտեսությունը նույն աղետալի վիճակում է, ինչպես արդյունաբերությունը։ Հիմա այլ պոտենցյալ չունենք։ Ղարաբաղում էլ վատ են բեռնաթափվում վագոնները՝ գործադուլ են անում, չորս բժշկական ավտոմեքենա հաջողացրինք մարզի բարձր լեռնային գյուղերի համար, այնտեղ բուժաշխատողների աշխատավարձը պետք է ավելացնել՝ բարձր լեռնայինին համապատասխան”։

Ընթերցողին չեմ ծանրաբեռնի թվերով, միայն ասեմ, որ ՀԽՍՀ վերջին վարչապետը քաջ տիրապետում էր Հայաստանի տնտեսության իրավիճակին, մեծ համարում ուներ Կրեմլում, խոսում էր բոլորիս հասկանալի լեզվով, չէր թաքցնում բացերը, մի բան, որն ուսանելի կարող է լինել անկախ Հայաստանի բոլոր վարչապետների համար անխտիր, որոնք ամեն տարի տնտեսական աճ են գրանցում՝ հակառակ բնակչության օրեցօր ահագնացող աղքատության ու արտագաղթի։

Շուշան Ղազարյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert