2020թ -ին Իրանի արտահանման ծավալը 34 միլիարդ 998 միլիոն դոլար է կազմել, իսկ Իրանի ներմուծման ծավալը՝ 38 միլիարդ 892 միլիոն դոլար: Իրանը ամենատարբեր արտադրանք է արտահանել 143 երկիր և 120 երկրից ապրանքներ է ներմուծել: Իրանի արտահանված ապրանքատեսականու 50%-ը եղել է նավթաքիմիական արտադրանք և նավթամթերք, 20%-ը՝ հանքանյութեր, 18%-ը՝ գյուղմթերք և սննդամթերք, 10%-ը՝ արդյունաբերական արտադրանք, և 2%-ը՝ գեղարվեստական արտադրանք:

Պետք է նշեմ, որ այս ամենը կատարվել է Իրանի դեմ ամենախիստ պատժամիջոցների պայմաններում: Եթե պատժամիջոցները չլինեին, Իրանի առևտրաշրջանառությունը երկու-երեք անգամ ավելի մեծ կլիներ:

Տարիներ շարունակ ապրելով և աշխատելով Հայաստանում, շփվելով Հայաստանի բիզնես-շրջանակների հետ, ես միշտ լսել եմ բողոքի և դժգոհության ձայներ այն մասին, որ Իրանը բիզնեսի և արտահանումների համար փակ երկիր է, բանկային փոխանցումներ չկան, որ Իրանի հետ դժվար է աշխատել կամ չի ստացվում աշխատել և այլն: Ընդունելով բոլոր նշված խնդիրները, և այն, որ պետք է դրանց վերաբերյալ լուծումներ գտնել, միշտ ներկայացրել եմ իմ մոտեցումը, որը ինչ-որ չափով մոտիկ է Իրանի բիզնես-դաշտի մոտեցումներին, այն է. ինչպե՞ս է ստացվում, որ նույն առկա խնդիրներով 2020թ -ին 120 երկիր կարողացել են 38 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքներ արտահանել Իրան…

Խնդիրը նրանում է, որ Հայաստանի բիզնես ոլորտը տարիներ շարունակ աշխատելով Ռուսաստանի շուկայի հետ, իր արտադրանքը հարմարեցրել է ռուսական շուկայի պահանջարկին. պահածոյացված սնունդ, գյուղմթերք, հյութեր, խմիչքեր և այլն, ինչը Իրանի շուկայի պահանջարկներին չի համապատասխանում: Իրանի շուկայի պահանջարկը Հայաստանում մինչ օրս խորապես չի ուսումնասիրվել, չի մշակվել նաև համապատասխան ռազմավարություն և չեն արվել լրջագույն քայլեր՝ իրանական մեծ շուկայի ներուժի ուղղությամբ:

Ճիշտ է՝ Հայաստանը չունի նավթ ու գազ, բայց Հայաստանի աշխարհագրական դիրքը այնքան յուրահատուկ է, որպես Ասիան Եվրոպային կապող հանգույց, որ տնտեսական և քաղաքական ճիշտ ռազմավարություն մշակելու և ունենալու դեպքում, Հայաստանը կդառնա այն երկիրը, որը երազում են բոլորը: Հայաստանը, ունենալով ռուսական շուկայի հետ սերտ համագործակցություն, կարող է կապել Իրանին ռուսական և եվրասիական շուկաներին, ինչը Իրանի համար մեծ խնդիր է: Նույն պահածոյացված սննդամթերքի և գյուղմթերքի ոլորտում Իրանի հետ աշխատելով և համագործակցելով՝ Հայաստանը կարող է շատ ավելի մեծ ծավալներով նույն ապրանքատեսակները արտահանել ռուսական և եվրասիական շուկաներ: Հայաստանը նաև կարող է օգտակար լինել հայ-իրանական համատեղ արտադրությունների արտադրանքի արտահանման հարցում՝ դեպի եվրոպական շուկաներ: Իրանական հումքը և ապրանքները կիսաֆաբրիկատների տեսքով, հսկայական քանակով կարող են Հայաստան հասնել, Հայաստանում վերջնական արտադրանքի վերածվել և որպես հայկական ապրանքներ՝ արտահանվել եվրասիական և եվրոպական շուկաներ: Մյուս կողմից՝ Հայաստանի բիզնես ոլորտը, արտադրելով իրանական շուկայի պահանջարկներին համապատասխանող ապրանքներ, կարող է մեծ ծավալով արտահանում ապահովել դեպի Իրան:

Հայաստանի ճիշտ տնտեսական ռազմավարություն ունենալու և իրականացնելու դեպքում, միլիարդ դոլարների հասնող Իրանական արտահանման և ներմուծման ծավալի մի քանի տոկոսը միայն Հայաստանին կապելու դեպքում՝ Հայաստանի տնտեսությունը աննկարագրելի զարգացում կապրի: Դրան հասնելու համար պետությունը և բիզնես ոլորտը պետք է համատեղ ռազմավարական ծրագրեր ընդունեն և դրանով առաջնորդվեն: Աշխարհում ոչ մի պետություն էլ չի կարող միայնակ երկրի ներքին տնտեսական խնդիրները լուծել, եթե տվյալ երկրի բիզնես ոլորտի հետ չունենան միասնական մոտեցումներ, տեսլականներ և ռազմավարություններ: Բոլոր երկրներում տնտեսական ռազամավարական ուղղությունների ընդունման և իրականացման մեջ բիզնեսի ներկայացուցիչները մեծ դեր ունեն: Հայաստանի տնտեսական պոտենցիալը շատ մեծ է, պարզապես պետք է փոխվեն մոտեցումները, բիզնես-մոդելները, հստակեցվեն տնտեսական քաղաքականության ռազմավարություններն ու ուղղությունները:

Փույա Հոսսեյնի «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամ, 05.05.2021թ.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert