Որքանո՞վ են կարևորել քաղաքական ուժերն այս ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրային դրույթների ներառումը

Գայանե Սարգսյան

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ  նախընտրական պայքարին միացած կուսակցությունների ու դաշինքների զգալի մասը հրապարակել են իրենց նախընտրական ծրագրերը:Հանքարդյունաբերական խնդիրներով հարուստ երկրի կառավարման հայտ ներկայացնող քաղաքական ուժերը որքանո՞վ են կարևորել իրենց ծրագրերում անդրադարձն այս ոլորտին: Այս հարցի պատասխանն ենք փորձել գտնել   նախընտրական ծրագրերի ուսումնասիրման արդյունքում:

«Քաղաքացիական պայմանագիր»   կուսակցությունը նախընտրական ծրագրում հանքարդյունաբերության ոլորտին առանձին անդրադարձ չի կատարել: Ընդհանրական  անդրադառնալով արդյունաբերական ոլորտին, ծրագրում նշված է.

  • 3 ամսվա ընթացքում սահմանելու ենք արդյունաբերական զարգացման գերակա 5 ոլորտներ՝ հիմնված վերջիններիս հետկովիդյան շրջանում տնտեսական պոտենցիալի և համախմբվածության վրա: 1 տարվա ընթացքում յուրաքանչյուրի համար մշակելու ենք ոլորտային զարգացման ծրագիր՝ պետություն-մասնավոր համագործակցություն սկզբունքով:
    Արդյունքում գերակա ոլորտները կհամախմբվեն միասնական օրակարգի շուրջ, պետության աջակցության գործիքակազմը զգալիորեն կբարձրացնի տնտեսվարողների միջազգային մրցունակությունը: Կստեղծվեն պայմաններ Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության աճի համար:

Թե արդյունաբերական զարգացման գերակա ո՞ր 5 ոլորտների մասին է խոսքը, ծրագրում հստակեցված չէ:

Ի տարբերություն այս ընտրությունների, նախորդ՝ 2018-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ կուսակցությունն իր նախընտրական ծրագրում հստակ շեշտադրել էր հանքարդյունաբերության ոլորտային կետերը, մի ամբողջ ենթաբաժին հատկացնելով շրջակա միջավայրի համալիր պահպանմանը, վերականգնմանը և կայուն բնօգտագործմանը:Ի թիվս այլ կետերի, այդ  ենթաբաժնում հստակ նշված էր.

  • ընդերքօգտագործման ոլորտում առաջնորդվելու ենք բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման, ոլորտում թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացման, ընդերքօգտագործումից առավելագույն ավելացված արժեքի ստացման եւ կայուն զարգացման սկզբունքներով, այդ թվում՝ շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնելու եւ գալիք սերունդների շահերի պաշտպանության միջոցով:
  • Մշակելու ենք հանքարդյունաբերության՝ օրենսդրական դաշտի, ոլորտում արձանագրված խնդիրների, միջազգային լավագույն ստանդարտների վերլուծության վրա հիմնված ռազմավարություն, որի արդյունքում դրվելու են ոլորտի զարգացման ռազմավարական հիմքերն ու սկզբունքները, ինչպես նաեւ մշակելու ենք վերջիններից բխող օրենսդրական բարեփոխումներ։
  • Ներդնելու ենք շրջակա միջավայրի միասնական մոնիթորինգի եւ վերահսկողության, թույլտվությունների, լիցենզիաների միասնական համակարգեր: Քայլեր ենք ձեռնարկելու բնական ռեսուրսների արդյունահանման ծավալների եւ հանքահումքային հենքի վերարտադրության տեմպերի միջեւ դիսբալանսի վերացման համար:
  • Ապահովելու ենք հանքարդյունաբերական թափոնների կառավարման եւ շահագործված հանքերի փակման/ ռեկուլտիվացիայի ժամանակակից մեխանիզմների կիրառումը:
  • Մեր քաղաքականությունը միտված է լինելու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը եւ վերամշակող հանքարդյունաբերության զարգացման խթանմանը, ինչը կապահովի հանքանյութերի մշակման ամբողջական ցիկլը եւ կստեղծի տնտեսական հավելյալ արժեք: Ուստի, նվազեցնելու ենք խտանյութի եւ չվերամշակված հումքի արտահանումը՝ այն փոխարինելով վերամշակված հանքանյութի արտահանմամբ:

  «Հայաստան դաշինք»-ն    իր նախընտրական ծրագրային կետերից մեկով խոստանում է.

  • Հանքարդյունաբերությունը համապատասխանացվելու է շրջակա միջավայրի պահպանության միջազգային չափանիշներին:
  • Սերունդների առջև ապահովելով պատասխանատու բնապահպանություն, ստեղծված նոր իրողությունների պայմաններում գործադրվելու է  ջրային ռեսուրսների կառավարման նոր ռազմավարական ծրագիր…

Հիշեցնենք, որ այս քաղաքական ուժն առաջնորդող  Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին են չնչին արժեքներով մասնավորեցվել երկրի հանքագործական ընկերությունների մի զգալի մասը: Հանքարդյունաբերության միջազգային չափանիշներին համապատասխանեցման համատեքստում հարկ է նշել, որ դաշինքի «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար  Վահե Հակոբյանը հանքարդյունաբերության ոլորտում ներգրավված ակտիվ խաղացողներից է, իսկ այսօր  հանքարդյունաբերական գործարանները, նաև նրանք, որոնք փոխկապակցված են Վ. Հակոբյանի անվան հետ,  մեղմ ասած հեռու են շրջակա միջավայրի պահպանության միջազգային չափանիշների պահպանումից:

Դաշինքում ներառված  «Հայ Յեղափոխական դաշնակցություն» -ը   2018-ի նախընտրական ծրագրում նշել էր.

  • «Դաշնակցությունը վստահ է, որ պետության քաղաքականությունը պետք է միտված լինի բնական ռեսուրսների շահագործումը բացառելուն, շրջակա միջավայրի, այդ թվում ՝մարդու մարդու կյանքի ու առողջության վրա բացասական ազդեցությունը նվազեցնելուն, բնական ռեսուրսների համալիր կառավարմանը և դրանցից ստացվող եկամուտների արդար բաշխմանը հասարակության բոլոր անդամների միջև»:

«Հայրենիք» և «Հայաստանի Հանրապետական կուսակցության»  «Պատիվ ունեմ»  դաշինքն իր նախընտրական ծրագրում խոստանում է.  

  • Հանքարդյունաբերության ոլորտում պետք է ներդնել շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգ: Բաց հանքարդյունաբերության հետևանքով վտանգի տակ է դրվում տվյալ տարածքի մակերևութային և գրունտային ջրային պաշարները, մշակովի հողատարածքները, ինչպես նաև հարակից տարածքների կենսաբազմազանությունը: Հանքարդյունաբերության ազդեցությունը մարդու վրա կարող է լինել ուղղակի կամ անուղղակի ձևով (աղտոտված օդը շնչելով կամ ծանր մետաղներով հարուստ սնունդ օգտագործելով): Արդյունավետորեն շրջակա միջավայրին պակաս վնաս հասցնել կարելի է, օրինակ՝ հանքարդյունաբերողին պարտադրել թափոնների երկրորդային վերամշակում իրականացնել և ժամանակակից ստանդարտներին համապատասխան ֆիլտրեր կիրառել: Լուծման մյուս եղանակը այն է, որ հանքարդյունաբերության հետևանքով առաջացած թափոնների համար սահմանադրորեն արձանագրված, բայց չկիրառվող  և հանքարդյունաբերողին թափոնների դիմաց վճարելու պարտավորությունից ազատելու արտոնությունը վերացվի:

 2018-ի ընտրություններում «Պատիվ ունեմ»  դաշինքի տարիներ շարունակ իշխանություն ներկայացրած կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, իր սեղմ նախընտրական ծրագրում հանքարդյունաբերությանն ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրային կետեր չէր նշել:

upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/...

«Բարգավաճ Հայաստան»-ն իր նախընտրական ծրագրի 7-րդ կետով առաջ է քաշում Հայաստանի արդյունաբերական երկիր դառնալու գաղափարը. 

  • Հայաստանը վերստին պետք է դառնա արդյունաբերական երկիր: Հատուկ ձևավորված արդյունաբերական գոտիներում պետք է ստեղծվեն բարենպաստ հարկային, վարկային և արտադրական պայմաններ:

Թե՛ այս, թե՛ նախորդ ընտրություններին ընդառաջ ներկայացված  նախընտրական ծրագրերում հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրային կետեր չեն ներկայացվել:

Լուսավոր Հայաստան Կուսակցություն | www.brightarmenia.am

«Լուսավոր Հայաստան»     կուսակցությունն իր նախընտրական ծրագրում  կարևորելով  բնական ռեսուրսների արդյունավետ շահագործումը և արդար բաշխումը, շեշտադրել է.

  • Անհրաժեշտ է բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունները, ապահովել շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելումը կամ նվազեցումը, բնական ռեսուրսների համալիր կառավարումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը:  

Կուսակցությունը կարևորել է նաև դրամավարկային ու հարկային արդյունավետ քաղաքականության իրականացումը տնտեսության հեռանկարային ճյուղերում, այդ թվում՝  հանքահումքային վերամշակող արդյունաբերության ոլորտում:

Կուսակցությունը գրեթե նույն ձևակերպմամբ է ոլորտին անդրադարձել նաև 2018-ին:  

ԱԺԲ

Ազգային – Ժողովրդավարական Բևեռ-ն առաջիկա ԱԺ ընտրություններին ընդառաջ   հանքարդյունաբերության ոլորտին առնչվող ծրագրային երկու կետ է առաջ քաշել.

  • Իրականացնել հանքավայրերի ստուգաչափական իրական քարտեզագրում և մշտադիտարկում:
  • Ուսումնասիրել ՀՀ-ում գործող հանքավայրերը շահագործելու նպատակով տրամադրված արտոնագրերի օրինականությունը և բացահայտել դրանց իրական սեփականատերերին:

Ընդ որում, քաղաքական ուժը խոստանում է, որ «Ծրագրի ռազմավարական առաջնահերթությունները պետք է ամբողջությամբ կամ առնվազն հիմնական մասով ի կատար ածվեն երկամյա անցումային ժամանակահատվածում, իսկ մնացյալ ծրագրերն ու միջոցառումներն առնվազն պետք է մեկնարկեն և հունի մեջ դրվեն»։

ՔՈ քարոզարշավ օր 5 - YouTube

«Քո Որոշումը»   կուսակցությունն իր նախընտրական ծրագրում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ հստակ դիրքորոշում է հայտնել.

  •   Մենք բացառելու ենք նոր մետաղական հանքավայրերի շահագործման թույլտվությունների տրամադրումը, փուլ առ փուլ բարձրացնելու ենք բնօգտագործման վճարները։ Կոշտ և համարժեք քաղաքականություն ենք վարելու միջավայրի աղտոտման հարցում։ Վարելու ենք արտեզյան ավազանի վերականգնողական քաղաքականություն։
  • Մշակելու ենք մեխանիզմներ, որոնց միջոցով ժողովրդի սեփականությունը հանդիսցող բնական ռեսուրսների օգտագործումից գալիք սերունդների համար կկուտակվի մասնաբաժին, ներդնելու ենք հարկային գոտիականություն և հասցեականություն՝ ապահովելու ցածր մրցունակություն ունեցող տարածքների համաչափ զարգացումը, տնտեսությունից դուրս մնացած խմբերի ներառումը։ 

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ | Լրագիր

«Հայ Ազգային Կոնգրես»ն  իր ծրագրում հանքարդյունաբերությանն ուղղված հստակ ձևակերպում չունի:

Հայոց Հայրենիք կուսակցություն - Home | Facebook

«Հայոց հայրենիք»-ը   ևս իր 16 կետից բաղկացած ծրագրում հանքարդունաբերությանն առանձին անդրադարձ չի արել: 

Արդար Հայաստան - Videos | Facebook

«Արդար Հայաստան»  կուսակցությունը հանքարդյունաբերության ոլորտը  շոշափել է   չափազանց հպանցիկ՝ բնական պաշարների ողջամիտ օգտագործման համատեքստում.

  • Կազմել որակապես նոր բնապահպանական հայեցակարգ և դրանից բխող օրենսդրություն՝ փոփոխությունների միջոցով ապահովելով հասարակության էկոլոգիական դաստիարակությունն ու կրթությունը, շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը:

ՀԵՎԿ - Հայաստանի Եվրոպական կուսակցություն/ EPA - European Party of Armenia  - Home | Facebook

 «Հայաստանի Եվրոպական կուսակցություն» -ը  որպես ՀԵՎԿ նախընտրական ծրագիր ներկայացնելով   Հայաստանի անկախության հռչակագիրը, նշում է.

  • Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:

5165 ազգային պահպանողական շարժում կուսակցության ցուցակը կգլխավորի Կարին  Տոնոյանը - yerkir.am

 «5165 Ազգային Պահպանողական Շարժում» կուսակցությունը փաստելով, որ «բնական պաշարները և հարստությունը կարող են օգտագործվել տնտեսական զարգացման համար, սակայն այն պետք է լինի խելամիտ և առանց անընդունելի հետևանքների»,  կարևորել է.

  • ընդերքի շահագործման արդյունավետ և ողջամիտ համակարգի ներդրումը:

Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինք - Home | Facebook

 «Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների դաշինքը»    պաշարների անվտանգ և խնայողաբար օգտագործում և առողջ շրջակա միջավայր ծրագրային դրույթով առաջարկում է.

  • Խաթարված էկոհամակարգերի վերականգնում, հանքարդյունաբերության և բնապահպանության շահերի հավասարակշռումը՝ մարդու և բնության ներդաշնակ կյանքի ապահովմամբ, բնական ռեսուրսների կառավարման գործում պետական ու քաղաքացիական բարձր վերահսկողություն:
  • Հողային, անտառային, ջրային, ընդերքի և այլ ռեսուրսների բարձր արդյունավետությամբ, անվտանգ ու խնայողաբար օգտագործում, թափոնների կառավարման ու վերամշակման նոր համակարգի ներդրում։

Հ. Գ. Մենք փորձել ենք իմի բերել ու ներկայացնել նախընտրական ծրագրերը հրապարակած քաղաքական ուժերի հանքարդյունաբերությանը վերաբերող դրույթները: Այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագրային դրույթներն ու ոլորտները շատ հաճախ փոխկապակցված են, ներկայացրել ենք նաև քաղաքական ուժերի կայքերի կամ ֆեյսբուքյան էջերի ակտիվ հղումները, որտեղ կարող եք գտնել ներկայացված նախընտրական ծրագրերի ամբողջական տարբերակները: 

Նյութում տեղ չեն գտել այն քաղաքական ուժերի ծրագրերը, որոնք համացանցում չի հաջողվել գտնել: Դրանց առկա լինելու և հանքարդյունաբերության ոլորտին առնչվող դրույթների առկայության դեպքում պատրաստ ենք ավելացնել նաև այդ ուժերի մոտեցումները ներկայացնող տեղեկատվությունը:

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert