ԱՆԻ-ի տեղեկանքը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՅԴ «Աշխատանք» թերթի՝ 1918թ․ հունիս 5-ի համարում՝ առաջին էջում լույս տեսած հոդվածը։ Թերթի խմբագիր-հրատարակիչը Արամ Մանուկյանն էր։ Այս հրապարակումից ակնհայտ է դառնում այն հակասությունը, որ եղել է Երևանի և Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդների միջև՝ կապված թուրքերի դեմ կռիվները Արարատյան դաշտում, Շիրակում շարունակելու և Բաթումում բանակցելու հարցում։ 

Ինչպես հայտնի է, հայկական ուժերը՝ Հայկական կորպուսը, կարողացավ թուրքերին կանգնեցնել, ապա նրանց ծանր մարդկային կորուստներ հասցնելով` մինչև մայիսի 29-ը հետ քշել Բաշ-Ապարանում ու Սարդարապատում: Հաղթանակով ոգևորված` հայերն առաջ էին շարժվում դեպի Ալեքսանդրապոլ: Գեներալ Սիլիկյանը մտադիր էր թուրքական զորքերին հետապնդել մինչև Ալեքսանդրապոլ և հավատում էր, որ հայկական ուժերը կկարողանան երկու օրում հետ վերցնել քաղաքը:

Մայիսի 29-ին Սիլիկյանը երկորդ կոչն է ուղղում հայերին. ՙՄենք պետք է թուրքերից հետ վերցնենք Ալեքսանդրապոլը: Նրանք պահանջում են Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի ու Էջմիածնի (Մայր տաճարի հետ) գավառները, Երևանի նահանգի մեծ մասն ու Նախիջևանը: Կարո՞ղ ենք թույլ տալ նման վիրավորանք: Երբե’ք, հա’յ ժողովուրդ, դու չպիտի թույլ տաս այդպիսի անարգանք: Եվ այդ անարգանքը տեղի չի ունենա, եթե մենք հասնենք մինչև Ալեքսանդրապոլ: Դեպի’ զենք բոլորդ, դեպի’ Ալեքսանդրապոլ՚:

Սակայն երբ հայկական զորքերը մոտենում էին Ալեքսանդրապոլին, զորավար Թովմաս Նազարբեկյանը Հայկական կորպուսին կանգ առնելու հրաման տվեց: Երևանի Ազգային խորհրդի անդամների մի մասը առաջարկվում էր հաշտվել կացության հետ և ընդունել Բաթումի դաշնագրի պայմանները, ուրիշները պահանջում էին չեղյալ համարել Նազարբեկյանի հեռագիրը, զորքերի ընդհանուր հրամանատար նշանակել Սիլիկյանին և շարունակել պատերազմը: Ազգային խորհուրդը չկարողացավ միակամություն դրսևորել, և Սիլիկյանին մնում էր ենթարկվել Նազարբեկյանի հրամանին:

Բաթումում բանակցությունները սկսվել էին մայիսի 29-ին և ավարտվել հունիսի 4-ի Հաշտության և բարեկամության դաշնագրով Հայաստանի և Օսմանյան կայսերական կառավարության միջև։ 

*****

Միշտ նույն ճանապարհով

Մինչ Երևանի հայությունը գերհզոր ճիգեր էր գործադրում փրկելու իր պատիվն ու կյանքը և միաժամանակ պարտությունների էր ենթարկում թշնամուն, անդին՝ Բաթումում, դարձյալ վերսկվսում են հաշտության բանակցությունները, այս անգամ՝ Հայոց Ազգային խորհրդի կողմից:

Դեռ երեկ էր, երբ ոչ մի պայման ու սրբություն չճանաչող թշնամին իր հրեշային նպատակներն իրագործելու փութկոտությամբ ներխուժեց Ալեքսանդրապոլ, գրավեց այն, հավաքեց ու Ղարս ուղարկեց այնտեղի 4000 զինվորներին, նաև՝ օրիորդներ, բժիշկներ, ֆելդշերներ, գթության քույրեր և հիվանդանոցի ծառայողներ: Այսօր նա նոր պայմաններ է առաջարկել և վերջնագրով նոր պահանջներ է դրել՝ «իր կայսրության ցեղային ու կրոնական տեսակետներով ամուր կապված Կովկասի մուսուլման ազգաբնակչության հանգիստը ապահովելու և հարյուր հազարավոր ավազակախմբերի արյունոտ լծից և չափ ու սահման չճանաչող բռնություններից ազատելու համար»: Նաև իր ռազմական նպատակներն իրագործելու համար ՝ «պետք է իրեն զիջվեն մի շարք կարևոր հողամասեր և անհրաժեշտորեն տրամադրելի լինեն ամբողջ երկաթուղագծերը՝ զորքերի անարգել տեղափոխությունը կատարելու համար»:

Երևանյան զորամասի հրամանատարը՝ հայտարարելով, որ թշնամին նպատակ ունի ամբողջապես ոչնցացնել մեզ, ասում է՝ «Մեր բոլորիս մտքերն ամբողջովին պետք է ուղղված լինեն դեպի Ալեքսանդրապոլ, մենք պետք է հետ վերցնենք այն և ապա միայն բանակցության մեջ մտնենք թուրքերի հետ՝ խաղաղություն կնքելու համար»:

Իսկ Հայոց Կենտրոնական Ազգային խորհուրդը, որ իր և Թիֆլիսից բացի ուրիշ ոչնչի մասին չմտածեց ու չհոգաց և թողեց, որ հայկական շրջանները մեկուսանան, կտրվեն, ապրեն կամ մեռնեն, և որ բոլոր սխալները գործեց, իբր թե ստիպված մյուս ազգությունների հետ միասին, այսօր կրկին անգամ առանց կապ ունենալու Երևանի հայության հետ, առանց իրավունք ունենալու նման ճակատագրական ձեռնարկ կատարելու և, վերջապես, առանց հրահանգ ստանալու՝ բանակցություններ է սկսել, ո՞վ գիտի՝ ինչ մեծ զոհողություններով, և հայության բախտը տնօրինելու քայլն է արել:

Եվ եթե երբեք կնքված է հաշտությունը, ստորագրված են պայմանները, ընդունված է Թուրքիայի վերջնագիրը, այդ հողամասերը զիջված են առանց հայության կամքին և կարծիքին, ապա ուրեմն գործված է հանցանքների ամենասևը, դավաճանության ամենասոսկալին, որոնց նմանը հայկական տարեգրության մեջ չի եղել:

Մի՞թե Երևանի հայությունը կռիվ հայտարարեց, դիմադրություն կազմակեպեց, հաղթանակներ տարավ նրա համար, որպեսզի այսօր ստրկանա, ստորանա, որպեսզի թուրքերին հանձնի իր երկրի կարևոր հողամասերը և այդպիսով՝ իր ձեռքով իր գերեզմանը փորի:

Ինչո՞ւ ուրեմն հավատալ դաշինքներին և պայմաններին, ինչո՞ւ զիջել նոր հողամասեր և վերջապես, այս ճակատագրական ժամին, երբ պետք է մեր դատավճիռը կարդացվի, ինչո՞ւ թուլացնել մեր զինվորության և ժողովրդի անընկճելի ոգին ու չշարունակել այն էլ ավելի հրահրել ու բոցավառել, որպեսզի անարգ թշնամին ոտք չդնի մեր օջախը, չսրբապղծի մեր պատիվը և արյան բաղնիքի չվերածի մեր հայրենիքը:

Շարունակել ուրեմն ընթանալ միշտ նույն ճանապարհով:

«Աշխատանք», Գ․ տարի, չորեքշաբթի, 5 (23) Յունիս, 1918, թիւ 5 (205), Երևան, խմբագիր-հրատարակիչ՝ Արամ Մանուկյան 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht.