Եվս մեկ հատված “Սատանայի կինը”վեպից:

-Գիտե՞ս, թե երբ աշխարհն այսպես շուռ եկավ, հենց այն պահին, երբ եկեղեցիներ կառուցեցին նրանք ովքեր անհավատ էին ու անաստված, ծիծաղելի է անգամ պատկերացնելը, եկեղեցու շինարարը, ով ամեն առավոտ շտապում էր աշխատանքի, որովհետև ժամանակ էր դրված, եկեղեցին պետք էր արագ կառուցել, ամեն օր մինչև աշխատանքի հասնելը անիծում ու փնովում էր կյանքը ու չէր հավատում Աստծուն, եկեղեցու պատերը անաստավածն էր կառուցում, իսկ մոմավաճառը հասարակ պոռնիկ էր, իսկ ներսում մեղքերի թողություն էր անում մեկը ով հենց նոր բարդելից էր դուրս եկել ու մինչև տուն հասներ ու համբուրեր կնոջն ու երեխաներին, եկել էր մեղքերին թողություն տալու, էն շուրթերով, որոնք գիշերը համբուրում էին մեղքը ու այդ նույն շուրթերը մի քանի ժամ անց պետք է համբուրեին զավակներին, ու ամենանողկալին էս ամենի մեջ այն է, որ նրան օրհնում էր քահանան, ով աշխարհի մեղքն ուսերին ամեն մեղա եկողի հետ ինքն էլ էր մեղա գալիս, որ գոնե մի քիչ ուսերի բեռից ազատվեր: Մենք ավելի շատ մոմապաշտ ենք քան աստվածապաշտ, մենք հավատում ենք մոմի ուժին, որքան մեծ է ու հաստ այդքան արագ են աղոթքներդ տեղ հասնում` ըստ մեզ, իսկ ես անգամ գրքերում չեմ հիշում, որ մեզնից պահանջեն աղոթք անելիս մոմ վառել, շա՜տ, մե՜ծ ու հաստ, պարտադիր այցելել եկեղեցի ու նոր մեղա գալ, ախր երբ պետք է հասկանանք, որ աղոթք անելիս պետք է ընդամենը լռել ու էական չէ, թե որտեղ ես և որ անկյունում, լուռ քո աղոթքն արա, մեղա արի ու վերջ: Զզվելի ենք, դրա համար էլ մեր եղածն էլ օր օրի դառնանում է: Հիվանդանոցներում ամեն օր մարդիկ են մեռնում ու գիտես ինչու, որովհետև բավարար գումար չունեին, որ վճարեին, որ իրենց փրկեին երդվյալները, մենք վճարում ենք, որ մեզ գիտելիք տան, որ հետո էլ մեզ վճարեն, մենք վճարում ենք աղոթքի համար, օրհնության համար, ծնունդի ու մեռնելու համար: Մենք վճարում ենք, որ մեզ խաբեն, մեզ դեռ մանկուց սովորեցնում են հավատալ, բարի լինել, գրքերում միշտ բարիներն են հաղթում, գրքերում միշտ խաղաղություն է վերջում, իսկ էս անտեր իրականության վերջը երբ է: Եկեղեցում խաղաղություն են քարոզում, չսպանել, սիրել թշնամուն, բայց աղոթքով և օրհնանքով պատերազմ ուղարկում ջահելներին` սպանելու,ատելու թշնամուն,հիմա էս իրականությունում ո՞րն է ճիշտ, եկեղեցում լսածը, գրքերում գրվածը, դպրոցներում անգիրվածը, թե նա ինչ տեսնում ու լսում ենք պատերազմներում: Մենք Աստծո ստեղծածներս` սպանում ենք, շնանում,գողանում ու պղծում էն ամենը ինչ կա մեր շրջապատում, իսկ մեղքը բարդում սատանայի վրա.

-Իսկ ո՞վ է քեզ համար սատանան, եթե ոչ չարը, սատանան ինքն արդեն մեղքն է, Աստված ստեղծեց մարդուն անթերի, իր նման, բայց մարդը հանդիպեց սատանային և սատանան գնեց մարդու հոգին ընդամենը մեկ խնձորով.

-Աստված ստեղծեց մարդուն անթերի՞, իր նմա՞ն, այստեղ է հենց ձեր սխալը,որ հավատում եք էն ամենին ինչն ուղղակի գրքերում եք կարդում, իսկ ովքե՞ր են այդ գրքերի հեղինակները, ինձ ու քեզ պես հասարակ մարդիկ, ո՞վ ասեց, որ ամեն բան ինչ գրված է ճիշտ է, Աստված ստեղծեց մարդուն անթերի, անթերի՛, հասկանում ես, իսկ անթերին չի կարող սխալվել, Աստված ստեղծեց մարդուն իր նման, այդ դեպքում Աստված ոչ անթերի է, ոչ էլ անսխալ, որովհետև մարդը անթերի չէր ինչպես ինքդ ասեցիր, մարդ սխալվեց և հավատաց սատանային ու վաճառեց հոգին մեկ խնձորի դիմաց, եթե հավատանք գրքերին և էն ամենին ինչ հասել է մեզ: Սատանան մեղավոր չէր, որ մարդը անթերի չէր, նվիրյալ և հավատացյալ չէր, որ ընդունակ էր ծախվելու: Աստված ուղղակի սխալվեր էր,երբ հավատացել էր, որ իր ստեղծածը անթերի է ու նման իրեն: Հարցնում ես ով է սատանան ինձ համար, ասեմ, սատանան ճշմարտությունն է, երբ Աստված ստեղծեց մարդուն, սատանան փորձեց ապացուցել Աստծուն, որ իր ստեղծածը թերի է, ոչ նվիրյալ և չսխալվեց, մարդը դավաճանեց Աստծուն, հոգին վաճառելով մեկ խնձորով, հետո սատանան փորձեց Աստծո որդուն համոզել, որ մարդը երբեք չի փոխվի, որ աշխարհում միշտ տիրելու է չարը քանի կա մարդ, որ իր հոր ստեղծած աշխարհը, բնություն, կենդանիներ ոչնչանալու են մարդկանց շնորհիվ և, որ զուր են տառապանքները բոլոր, որ խաչին ելնելով ոչինչ ու ոչ ոք չի փրկվելու, և այդպես էլ եղավ, եղավ էն ամենը ինչ սատանան ասում էր, մարդն օր օրի ավելի չար ու վատը դարձավ և սկսեց ոչնչացնել էն ամենը ինչ ստեղծել էր Աստված, իսկ Աստված, Աստված ուղղակի լռեց, որովհետև միշտ է այդպես, երբ ստեղծում ես որևէ բան, սիրում ու նվիրվում, քեզ հակառակում համոզել չի ստացվում, դու կուրորեն հավատում ես քո ստեղծածի անթերի լինելուն, Աստված սիրեց մարդուն և հավատաց, որ նա անթերի է, անգամ միակին խաչը հանեց հավատալով, որ մարդը փրկություն ունի և մինչ օրս հավատում է, որովհետև մենք դեռ կանք: Աստված մեզ ավելի շատ է հավատում քան մենք Աստծուն, այ հենց այդ է պատճառը,որ աշխարհը գլխի վայր է:

Անի Հերունի Սաջյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert