ևոն Զուրաբյան

Զարհուրանքով նայեցի Փաշինյանի եւ Ալիեւի բանավեճը Մյունխենյան կոնֆերանսում։ Եթե դիտում ես հայ ղեկավարների էվոլյուցիան Լեւոն Տեր֊Պետրոսյանից դեպի Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, իսկ նրանցից դեպի Նիկոլ Փաշինյան, ապա դժվար է ազատվել այն մտքից, որ Հայաստանի մյուս ղեկավարը լինելու է պիտեկանտրոպ։

Մեր պետությունը ներկայացնող անձի ավելի ողորմելի եւ արգահատելի պատկեր երբերւէ տեսած չէինք։ Խղճալի կեցվածքով, կաղ տրամաբանությամբ, աղքատիկ, կակազող եւ կոտրված անգլերենով աշխարհին ներկայացող Հայաստանը անգամ խղճահարություն չէր կարող հարուցել։

֊ Ամբողջ տեսարանը մեր ազգային արժանապատվության եւ ինքնասիրության էկզեկուցիա էր։ Ալիեւը աշխարհի առաջ ձեռ էր առնում Հայաստանին եւ նրա վարչապետին։ Նա հայտարարեց, որ Հայաստանը ստորագրել է կապիտուլյացիա, որը ընդունվել է ոչ միայն ամբողջ աշխարհի, այլ նաեւ հայ ժողովրդի կողմից, քանի որ այն պատերազմից հետո վարչապետ ընտրեց նրան, ով ստորագրել էր այդ կապիտուլյացիան։ Փաշինյանը առարկելու բան չուներ։ Առարկելու բան կլիներ, եթե Ալիեւի դիմաց նստած լիներ մեկ այլ ղեկավար, ոչ՝ Փաշինյանը։ Ի դեպ, այս դրվագը ցույց տվեց, որ Փաշինյանի վերընտրությունը Հայաստանում միայն ավելի է սաստկացրել Ալիեւի ագրեսիան Հայաստանի նկատմաբ, եւ ես հույսով եմ, որ դա դաս կլինի մեր որոշ թեթեւամիտ քաղաքացիների համար։

֊ Փաշինյանը լռեց, երբ Ալիեւ մեղադրեց Հայաստանին բոլոր մեղքերի մեջ, Ադրբեջանի տարածքների օկուպացիայի, ՄԱԿ֊ի ԱԽ բանաձեւերի խախտման մեջ։ Քանի որ Հայաստանի պատմությունը Նիկոլ Փաշինյանի համար սկսում է 2018 թվականի իր «փառապանծ» հեղափոխությունից, նա չգիտի, որ Հայաստանը ՄԱԿ֊ի ԱԽ֊ի բանաձեւերը չի խախտել եւ չէր էլ կարող խախտել, քանի որ գրավյալ տարածքներից դուրս գալու պահանջը երբեք էլ չի հասցեագրվել Հայաստանին, հետեւաբար, հակառակ Ալիեւի ասածների, Հայաստանի դեմ ոչ մի պատժամիջոց չէր էլ կարող կիրառվել։ Նա չգիտի, որ այդ բանաձեւերը չի կատարել հենց Ադրբեջանը, բազմիցս խախտելով զինադադարը եւ հրաժարվելով հենց այդ բանաձեւերում ներկայացված կարգավորման առաջարկները կատարելուց։ Լռելով, Փաշինյանը, փաստորեն ընդունեց Ալիեւի մեղադրանքները եւ Հայաստանի մեղավորությունը։

֊ Երբ Ալիեւը ասաց, որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն գոյություն չունի, Փաշինյանը անհոդաբաշխ անգլերենով փորձեց բացատրել, որ այդ հասկացությունը ընդգրկված է Ալիեւի կողմից ստորագրված նոյեմբերի 9֊ի հայտարարության մեջ, բայց չասաց, որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը ամրագրված է նաեւ միջազգային բոլոր հիմնարար փաստաթղթերում, մասնավորապես՝ ՄԱԿ֊ի ԱԽ֊ի հենց Ալիեւի կողմից մատնանշած բանաձեւերի մեջ եւ ԵԱՀԿ բոլոր փաստաթղթերում։

֊ Փաշինյանը լռեց, երբ Ալիեւը ասաց, որ չի բանակցի ղարաբաղցիների հետ, քանի դեռ նրանց ներկայացնում է Ռուբեն Վարդանյանը, մինչդեռ պետք էր ընդամենը ասել, որ արցախցիները իրենք պետք է որոշեն, թե ով է իրենց ներկայացնում այդ բանակցություններում, եւ ոչ թե Ալիեւը։

֊ Փաշինյանը ոչ մի համոզիչ փաստարկ չկարողացավ բերել հերքելու համար Ալիեւի կեղծիքները Լաչինի միջանցքի շրջափակման բացակայության մասին։ Լաչինի միջանցքով անցնող մեքենաների վերաբերյալ Ալիեւի «վիճակագրությանը» պետք էր պատասխանել իրական վիճակագրությամբ, որը ցույց կտար, որ ուղեւորների եւ ապրանքների փոխադրումներն, ըստ էության զրոյացվել են, խափանելով բնականոն կյանքը եւ բերելով տնտեսական աղետալի հետեւանքների։

֊ Փաշինյանը ոչ մի բառ չասաց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9֊ից հետո կատարված ագրեսիայի մասին անգամ Հայաստանի կողմից «օկուպացիայի» մասին Ալիեւի կեղծ մեղադրանքներին պատասխանելու համար նրան տրված իրավունքի սահմաններում։

֊ Իսկ երբ Փաշինյանը որոշեց պատասխանել Ալիեւի մեղադրանքներից մեկին՝ Ղարաբաղում 64 մզկիթների քանդման վերաբերյալ, պարզվեց, որ ավելի լավ կլիներ Փաշինյանը այդ մեղադրանքին չպատասխաներ ընդհանրապես։ Չհերքելով այդ տեղեկությունը, նա ոչ ավել, ոչ պակաս՝ պնդեց, որ խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանում քանդվել է 1560 մզկիթ, ինչից հմաշխարհային հանրությունը, ըստ Փաշինյանի ճղճիմ տրամաբանության, պետք է եզրակացներ, որ հայերի արածը մի մեծ բան չի։ Ընդորում, այս կատարյալ հիմարության վրա Փաշինյանը ծախսեց նրան հատկացված ժամանակի առյուծի բաժինը։

Մի խոսքով, Փաշինյանի երեկվա ելույթը Մյունխենյան անվտանգության կոնֆերանսում բացահայտեց ահավոր իրողություններ։ Մյունխենում նստած էր Հայաստանի խայտառակ կապիտուլյացիայի ողորմելի մարմնավորումը եւ հասկանալի դարձավ, որ եթե կա մի բան, որ դեռ չենք կորցրել ռազմի դաշտում, մենք կորցնելու ենք տկարամիտ դիվանագիտության արդյունքում։ Չէ՞ որ այդ նույն անգլերենով կամ ռուսերենով, այս նույն անգետ եւ ճղճիմ տրամաբանությամբ Փաշինյանն այսօր պաշտպանում է Հայաստանի եւ Արցախի շահերը աշխարհի մեծամեծերի հետ հանդիպումների ժամանակ եւ Հայաստանի համաձայնությունն է տալիս այս կամ այն՝ մեր ազգի համար ճակատագրական որոշումներին։

Ցավոք, մեր ազգի մեծամասնությունը այս ամենի մասին ոչ մի բան չի իմանա, հաշվի առնելով այսօր Հայաստանում տիրող ինֆորմացիոն դաշտի ծառայամիտ եւ մանիպուլյացիոն վիճակը։ Մյուս կողմից, իսկապես այդ մարդկանց առողջության համար ավելի լավ կլինի որ նրանց «անդունդը» չխաթարեն։

Մեկ էլ կասկածեցի Լեւոն Տեր֊Պետրոսյանի Փաշինյանին տրված «ազգակործան պատուհաս» բնորոշման վրա։ Ինձ գնալով թվում ա, որ նրան ավելի շատ կսազեր «ազգակործան պապուաս» բնորոշումը։

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert