Երվանդ Խոսրովյան

Սառը պատերազմից հետո ստեղծված միջազգային հարաբերությունները կարգավորող օրենքները այլևս չեն աշխատում, դրանք չեն աշխատում ոչ թէ հիմա, այլ 90-ականներից ի վեր, երբ ԱՄՆ-ը հայտարարեց «պատմության ավարտը» և փոձեց իր հեգեմոնիան տարածել ամբողջ աշխարհի վրա՝ «ով մեզ հետ չէ՝ մեր թշնամին է» կարգախոսով:

Միջազգային օրենքների անաշխատունակության մասին առաջինը հայտարարել է Կուբան, ապա Իրանը և հետո Չինաստանն ու Ռուսաստանը: Քաղաքականապես կույր պետք է լինել՝ չհասկանալու, թե միջազգային օրենքներ կոչված հռչակագրերը, հայտարարություններն ու համաձայնագրերը վաղուց չեն աշխատում կամ դրանք դարձել են կամայական օգտագործման առարկա: Եթե այդ օրենքները աշխատեին, չէր լինի «երկակի ստանդարտ»-ի վերաբերմունք ժողովրդների ինքնորոշման իրավունքի կամ այլ հարցերի լուծման վերաբերյալ:

Համաշխարհային իմպերիալիզմի դարաշրջանը ավարտվում է, սկսում է բազմաբևեռ աշխարհի նոր դարաշրջանը: Ազգային ազատագրական շարժումները խեղտվեցին դեռ բեղմնավորման շրջանում՝ նոր գաղութատիրական քաղաքականության պատճառով: Ժամանակին փորձ արվեց որոշ պետությունների կողմից ստեղծել չպարտավորվող, կամ «չմիավորված երկրների» (Non-Aligned Movement) շարժումը.

Զրկված ազգերի շահերն անտեսելը և թերզարգացած կամ զարգացող երկրների իրավունքները չհարգելը հանգեցրեց ազատական ​​շարժումների առաջացմանը և անկախության կազմակերպությունների աճին։ Հակագաղութային ու ազատագրական պայքարի ալիքը նախ ընդգրկեց Ասիան և Մերձավոր Արևելքը, ապա տարածվեց Աֆրիկայում։ Այդպես ծնվեց ասիական և աֆրիկյան երկրներից բաղկացած համաժողովի անցկացման գաղափարը, որը մի շարք զարգացումներից հետո հանգեցրեց «Չմիավորված շարժման» առաջացմանը։ Չպարտավորվելը կամ «կախված չլինելը» դարձավ այն երկրների ղեկավարների քաղաքականությունը, որոնք անկախ տարբեր համակարգերից ու գաղափարախոսություններից ընդհանուր նպատակ ու իդեալ էին հետապնդում։

Չմիավորված շարժումը ստեղծվել է Սառը պատերազմի տարիներին նորանկախ Երրորդ աշխարհի երկրների խմբի կողմից՝ նպատակ ունենալով պայքարել գաղութատիրության, շահագործման և համաշխարհային իմպերիալիզմի ցանկացած ձևի դեմ:

  Այս շարժումը, հենվելով չհանձնվելու ռազմավարության վրա, դիմակայելով մեծ տերությունների ավելորդ պահանջներին, հետամուտ է եղել համաշխարհային խաղաղության հաստատմանը և միջազգային համակարգում ավելի արդար դասավորությունների հաստատմանը։

Չմիավորված շարժումը հիմնադրվել է Բելգրադում 1961 թվականին՝ Արևելք-Արևմուտք հակամարտության ամենաթեժ պահին։ Անդամ երկրների մեծ մասը գալիս է Աֆրիկայից, Հարավային և Հարավարևելյան Ասիայից և Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմուտքից: Բոլոր 120 երկրները միասին կազմում են մոտվորապես 5 միլիարդ մարդ և, հետևաբար, աշխարհի բնակչության մոտ 60%-ը:

Առաջնահերթ նպատակը անդամ երկրների միջև խաղաղության, անկախության և ինքնորոշման խթանումն էր։ Նպատակն էր դրել պաշտպանել իր անդամների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Լրացուցիչ նպատակներն էին նաև տնտեսական զարգացումը և սոցիալական առաջընթացը: Մինչ օրս դրանք ներառում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են զինաթափումը, ապագաղութացումն ու մարդու իրավունքների պահպանումը, բայց նաև ավելի նոր նպատակներ, ինչպիսիք են էկոլոգիական կայունությունը և աղքատության ավելի արդյունավետ կրճատումը:

Բանդունգի կոնֆերանսը, որը գումարվել է 1955 թվականին Ինդոնեզիայի նախագահ Սուկարնոյի նախաձեռնությամբ, «համաշխարհային խաղաղության և համագործակցության խթանման համար» հռչակագրով հայտարարեց մասնակից կառավարությունների՝ սառը պատերազմին չներգրավվելու մասին որոշումը։ Այս համաժողովը նաև ընդգծեց և հաստատեց Նեհրուի հինգ գաղափարները, այն է՝

Փոխադարձ հարգանք միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ:

Հավասարություն և փոխադարձ շահ:

Միմյանց վրա չհարձակվելը:

Խաղաղ համակեցությունը:

Միմյանց ներքին գործերին չմիջամտելը:

Սառը պատերազմի ավարտով և սոցիալիստական ​​ճամբարի փլուզմամբ, Չմիավորված շարժման անդամ երկրները մի տեսակ անինքնության էին մատնվել, քանի որ այդ շարժման գոյությունը պայմանավորված էր նրանով, որ բացասական հավասարակշռություն ստեղծեր սառը պատերազմի դարաշրջանի երկու գերտերությունների միջեւ: Սակայն բեվեռներից մեկի՝ սոսիալիստական ճամբարի փլուզմամբ, այդ սկզբունքը վերացել էր։ Ոմանք ենթադրում էին, որ չմիավորված շարժումը հակաիմպերիալիստական ​​չափանիշների ժառանգորդն է և պետք է շարունակի իր գոյությունը։

2000-ականներից սկսած, վերոհիշյալ գաղափարախոսությունը ավելի գործնական և համակարգային դարձնելու նպատակով ծնունդ առավ ԲՌԻՔՍ-ը, որի շուրջ համախմբվող պետությունների թիվը տարեցտարի ավելանում ու նոր թափ է ստանում: Այս ամենն տեղի է ունենում ոչ թե արհեստական ու կամայական որոշումների, այլ անհրաժեշտության պահանջից ելնելով՝ համաշխարհային իմպերիալիզմի միահեծան քաղաքականությանը համախմբված դիմակայելու նպատակով:

Ինչքան խորանում և զարգանում է բազմաբևեռ նոր աշխարհակարգը, այնքան կատաղում է համաշխարհային հեգեմոնիան կործնող հին աշխարհակարգի կրող հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ: Կատաղում է, որովհետև քաղաքականապես կորցնում է իր համաշխարհային հեգեմոնիան, ֆինանսապես և տնտեսապես մեծ հարված է հասցվում   համաշխարհային առևտրի փոխարժույթ հանդիսացող դոլարին, ինչի պատճառով ապարդյուն են դառնում ԱՄՆ կողմից կիրառվող տնտեսական պատժամիջոգները: Այդ իսկ պատճառով էլ, հին և հետզհետե մարող աշխարհակարգի կրող կենտրոնները նոր աշխարհակարգին դիմակայելու համար փորձում են պատերազմներ հրահրել, կոնֆլիկտները սրել, խաղաղությյունը տապալել և այլ դավադրություններ ի գործի դնել:

Շարունակելի…       

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert