Այսու տպագրութեան ենք յանձնում Նոր Ջուղայի հայոց թեմի ազգային մարմինների գործունէութեան վիճայարոյց մի շարք դէպքերի մասին հետեւեալ յօդւածը: Հեղինակը իր տեղեկատւութիւնը եւ մեկնաբանութիւնները հիմնաւորելու նպատակով, վկայակոչել է իր ձեռքի տակ ունեցած մի շարք աղբիւրներ եւ փաստաթղթեր, որոնց բոլորի ստուգումը թերթիս համար հնարաւոր չէր կարող լինել: Սակայն նախօրօք մեր պատրաստակամութիւնն ենք յայտնում հրատարակել յօդւածում շօշափւած նիւթերի վերաբերեալ այլ անձանց տարբեր տեսակէտները եւ ուղղումները: Յատկապէս ուրախ կը լինենք հրատարակել Նոր Ջուղայի հայոց թեմի բացատրութիւններն ու տեղեկութիւնները: Այսպիսով ընթերցողին թոյլ կը տանք, նկատի առնելով առկայ փաստերը եւ տեսակէտները, իր սեփական եզրակացութիւնը կատարել:

ԵՐԲ ՕՐԷՆՍԴԻՐԸ, ԳՈՐԾԱԴԻՐԸ ԵՒ ԴԱՏԱՒՈՐԸ ՆՈՅՆՆ Է

ՎԻՃԱՅԱՐՈՅՑ ՀԱՐՑԵՐ Ն. ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԻՑ

Հրաչ Միրզախանեան

1923թ. Մայիսի 19-ին Վիեննայում գումարւում է Հայաստանի՝ իշխանութիւնը կորցրած Հ.Յ. Դաշնակցութեան կուսակցական խորհրդաժողով, որի որոշումներից մէկը հետեւեալն է.
“- Ձեռք առնել գաղութահայութեան ազգային ղեկավարութիւնը, ամէ՛ն գնով եւ կարելի բոլո՛ր միջոցներով:” (“Նոր Սերունդը Քա-ւութեան նոխազ” Թորգոմ Վեհապետեան, 1986, Բէյրութ, Գ. հատոր, էջ 46)
Խորհրդաժողովից յետոյ, գաղութներում ՀՅԴ-ի մարմինները լաւագոյնս իրագործեցին կուսակցութեան ընդունած որոշումը, “ամէն գնով եւ կարելի բոլոր միջոցներով” տիրեցին սփիւռքահայութեան ազգային ղեկավար դիրքերին:
Մասնաւորաբար Իրանում այն տեղի ունեցաւ իշխող վարչակարգի թոյլտւութեամբ ու լիակատար աջակցութեամբ:Արդիւնքում իրանահայ բոլոր ազգային հաստատութիւնները եւ հարստութիւնը անցան ՀՅԴ-ի գերիշխանութեան ներքոյ, որը եւ աւելի ամրապնդւեց 1958 թւին իրանահայ երեք թեմերի անօրինական միացումով Կիլիկիոյ կաթողիկոսութեանը: Դաշնակցականները գրաւեցին եւ թաքնւեցին եկեղեցական կառոյցներում, արդիւնքում դաշնակցականացւեց ոչ միայն եկեղեցու վարչական կառոյցը, այլեւ հոգե-ւորականների մի մասը, եկեղեցական արարողութիւններն ու տօնակատարութիւնները, ազգային բոլոր դպրոցներն ու հաստատութիւնները եւ այսպիսով 400 ամեայ գաղութի մեծաքանակ ազգային բոլոր հարստութիւնները, հնարաւորութիւնները եւ կալւածները դարձան ՀՅԴ-ի սեփականութիւնը, որն էլ այն օգտագործեց եւ դեռեւս օգտագործում է ըստ իր հայեցողութեան՝ ծառայեցնելով կուսակցութեան նպատակների իրագործմանը:
Մի թռուցիկ ակնարկ նետելով իրանահայ հասարակական կեանքին, ակնյայտ է դառնում, որ գոյութիւն ունեցող բոլոր դաշնակցականամէտ միաւորները տեղակայւած են ազգապատկան կալւածներում եւ համարեա բոլորն էլ թաքուն եւ ակնյայտ նիւթա-բարոյապէս պաշտպանւում եւ հովանաւորւում են ազգային իշխանութիւնների կողմից: Խօսենք փաստերով.
-Թեհրանի Հեշմաթիէ թաղամասում ազգային բիւջէով կառուցւած “Հայ Տուն”-ը տրամադրւել է “Սարադարապատ” միութեանը:
-Արհեստաւորների միութեանն է յատկացւել “Արամ” սրահը:
-Զարքեշ թաղամասի “Նայիրի” սրահը տրամադրւել է “Սիփան” միութեանը:
-“ՀՈՒՍԿ”-ը տեղակայւած էր ազգապատկան “Գաբրիէլեան” շէնքում:(“Փոթորկոտ կեանքիս օրերը” Լ.Ահարոնեան, էջ 496)
-Ազգային բիւջէից տարեկան 25,000,000 թուման վճարում են “Հուսկ”-ին “Պատգամ” պարբերականի 4 համարի հրատարակման համար:
-Նոր Ջուղայի “Սասուն” միութիւնը՝ ՀՅԴ-ի հայ դատի գրասենեակը, Սպահանի եւ Շահինշահրի “Արարատ” միութիւնները տեղակայւած են ազգապատկան տարածքներում:
-Նոր Ջուղայի գերեզմանատան շրջափակում գտնւող ազգապատկան ֆուտբոլի դաշտի վարձակալութիւնից ստացւած եկամուտը՝ (ամսական 12.000.000 թուման) տրամադրւում էր “Արարատ” միութեանը: (Տեղեկագիր Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի (ԹԽ) 4 Փետրւար 2003 -4 Փետրւար 2004, էջ 8.
-Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովը (ՊԺ) տարիներ ի վեր է, որ Թեմի համար նախատեսւած բիւջէում յատուկ գումարներ է յատկացնում եւ վճարում ՀՅԴաշնակցութեան Հայ Դատի գրասենեակին, առանց նրանցից պահանջելու նիւթաբարոյական զեկոյց :
-2007.թ. այդ գրասենեակին է վճարւել 32,000,000 թուման (ԹԽ 2007թ.նախահաշիւ), իսկ նոյն հաստատութեան Եւրոպայի գրասենեակին 18,385 ԱՄՆ Դոլար (17,000,000 թուման): (ԹԽ 2007 թ. Արտակարգ նախահաշիւ)
-Իսկ 2011 թւականի համար առայժմս նախատեսւել է վճարել 42.000.000 թուման: (ԹԽ նախահաշիւ 1 Յունւար առ 31 Դեկտեմբեր 2011):
-Երբեմն էլ գումարներ է յատկացւում եւ վճարւում “Ջաւախքի օգնութիւն”, “Արցախ” կամ “Արցախի վերաբնակեցման յանձնախումբ” անւանումների տակ, եւ պարզ չէ թէ ո՞ր մարմնին, անձին կամ կուսակցութեանն է վճարւում այդ գումարները, նաեւ չի ներկայացւում այդ յատկացումների սպառման զեկոյցագրերը: Միայն 2007 թ. այդ անւանումների տակ վճարւել է “Ջաւախքի օգնութիւն” 10.000$, “Արցախ” 24.820$ եւ “Արցախի վերաբնակեցման յանձնախումբ” 32.000.000. թուման: (ԹԽ 2007թ. Արտակարգ նախահաշիւ)
– Թեհրանի “Սուքերեան” սրահը, թաղի ժողովրդի օգտագործման նպատակով կառուցւել է ազգապատկան 2300 ք.մ. հողատարածքի վրայ, պոլսահայ սպայ հանգուցեալ Վահրամ Սուքերեանի կտակած գումարի եւ Թեմական Խորհրդի (ԹԽ) լրացուցիչ բիւջէով: Սակայն ՀՅԴ-ն իւրացրել է այն: Այն իւրացնելու նպատակով 1981-ին հիմնադրում են “Նայիրի” միութիւնը, ապա բռնի ուժով ու սին պատճառաբանութեամբ, ՀՅԴ-ին չյարելու գերպատճառով, ժամանակի Թեմական Խորհրդի միջոցով սրահից վտարում են թաղին պատկանող եւ ժողովրդին հարազատ “Հրազդան” միութեանը եւ սրահը տրամադրում է “Նայիրի” միութեանը: (“Փոթորկոտ կեանքիս օրերը” Լ.Ահարոնեան էջ 495)
-“Նայիրի” միութեան նախագահը 10 Յունիս 2010-ին “Ալիք” օրաթերթին տւած հարցազրոյցում յայտարարում է, որ ցանկանում են այդ հողամասում սրահին կից բաց տարածքում միութեան համար կառուցել նոր կենտրոնատեղի:
Հարց է առաջանում, ինչո՞ւ է ազգապատկան այդ տարածքը, որի շուկայական մինիմալ արժէքը կազմում է 6,000,000,000 թուման, տրամադրւում դաշնակցականամէտ այդ միութեանը, թեմի կանոնադրութեան ո՞ր կէտի համաձայն է կիրառւում նման քաղաքականութիւն: Դեռեւս “Հրազդան” միութեանը սրահից վտարելու ժամանակ ԹԽ-ի ժամանակի նախագահը յայտարարել է. “Թեմական կանոնադրութեան մէջ էլ, եթէ դուք վերցնէք եւ կարդաք,… երբեք գրած չի, որ մենք տեղ տանք որեւէ միութեան:” (“Փիւնիկ” շաբաթաթերթ 23 Նոյ.1981 )
Ի դէպ, անխտիր բոլոր ոչ դաշնակցական միաւորները, անձնաւորութիւնները եւ կարիքաւոր ընտանիքները զրկւած են այս բոլորից: Թեհրանի “Արարատ Ազգային մարզաւանը” ապօրինաբար իւրացւել է “Արարատ” միութեան իրարայաջորդ դաշնակցականամէտ վարչութիւնների միջոցով, որոնց գործունէութիւնը վերջին շրջաններում ունեցել է աւերիչ հետեւանք: Նրանք փոխարէն զարկ տալու սպորտին, լծւած են ՀՅԴ-ի քաղաքականութեան իրագործմանը: Արգելում են գաղափարական հակառակորդներից ոմանց, դրանց շարքում Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Կարէն Դեմիրճեանի մուտքը մարզաւան, կամ մարզական սրահը անւանակոչում ՀՅԴ-ի գործիչ Վաչիկ Ղարաբեգեանի անւամբ: “Արարատ”-ի վաստակաւոր վետերան մարզիկները փնտրւած գործիչներ են Իրանեան այլ մարզակումբներում, սակայն գաղափարական հաւատամքների բերումով տեղ չունեն “Արարատ”-ի վարչութիւններում:
Թեհրանի Հեշմաթիէ թաղամասի “Էրեբունի”, Զէյթուն թաղամասի “Հրազդան”, Նադերշահ թաղամասի “Արմէն” միութիւնները վտարւեցին ազգապատկան տարածքներից, արդիւնքում՝ կազմալուծւեցին: Սեփական տարածք չունենալու գերպատճառով կազմալուծւեցին նաեւ Թեհրանում “Սանահին”, “Աբովեան”, “Վանայ” եւ Սպահանի ու Շահինշահրի “ԻԱՄՄ” միութիւնները: Ազգային տարածքից եւ նպաստից զրկւած է Թեհրանում լոյս տեսնող քսանամեայ “Արաքս” շաբաթաթերթը:
Ցաւօք, այս բոլորը կիրառւում է նախօրոք ճշտւած քաղաքականութեամբ: Սպահանի հայոց թեմի 30-րդ ՊԺ-ը որոշում է. “Ազգային բնակարանները տրամադրել այն կարիքաւորներին, որոնք ունեն առողջ նկարագիր եւ գործօն մասնակցութիւն ազգային կեանքում”: (30-րդ ՊԺ-ի արձանագրութիւն էջ 34) Եւ երբ ծանօթանում ես նոյն ժողովի պատգամաւորներին, նկատւում է, որ նրանց աւելի քան վաթսուն տոկոսը դաշնակցականներ կամ “համակիրներ” են, եւ պարզ է նրանց մօտ առողջ նկարագիր ունեցողը “դաշնակցականն է”, որը իր “գործօն մասնակցութեամբ” ազգային կեանքին, բոլոր ընտրութիւններում իր ձայնը տալիս է դաշնակցականներին:
Իրանի յեղափոխութեան յաղթանակից յետոյ ՀՅԴ-ի մենատիրութեան դէմ մեծ ցասում ու բողոք առաջացաւ իրանահայ համայնքներում, կազմակերպւեցին բողոքի ցոյցեր ու պոռթկումներ, ժողովուրդը ազգային մարմիններից պահանջում էր հաշւետւութիւն ու զեկոյց, պահանջում էին արդար ընտրութիւններ, բողոքողները ցանկանում էին մասնակից լինել ազգային կեանքին, իրազեկ լինել անց ու դարձերին, սակայն հանդիպեցին ՀՅԴ-ի բուռն դիմադրութեանը:
14 Մարտ 1979-ին Իրանահնդկաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Կորիւն Ծ. Վրդ. Պապեանի ստորագրութեամբ հրատարակւեց “Սիրոյ եւ Խաղաղութեան” անւանումը կրող երկարաշունչ մի կոչ: Սոյն գրութիւնում ժողովրդի արդար պահանջատիրութեան մասին նա գրում է՝. “… ստեղծւել են մեր ժողովրդի մի խումբ մարդկանց մէջ անհասկացողութիւններ …մեր ազգային կեանքը խանգարող մի տխուր երեւոյթ” եւ այն վերագրում է “մութի մէջ գործող ձեռքեր”-ի:
Իրանահայ երեք թեմերի ազգապատկան կալւածների ու հարստութիւնների մասին, հանրութեան տեղեկատւութեան համար ոչ մի աղբիւր գոյութիւն չունի, ժողովրդի միջոցով ընտրւած պատգամաւորները տեղեկութիւն կամ ձեռնահասութիւն չունեն այդ ցանկին: Ազգի իշխանաւորները յայտարարում են. “Ազգային կալւածների ցանկը իւրաքանչիւր ՊԺ-ին չի ներկայացւում, դրանց վերաբերւող կալւածագրերը եւ փաստաթղթերը միշտ պահւում են մեր արխիւներում:” (Իրանահնդկաստանի Հայոց թեմի 28-րդ Պատգ. ժողովի արձանագրութիւն էջ 19)
Երբ Թեմի բարձրագոյն մարմին հանդիսացող ՊԺ-ի անդամներից անգամ թաքուն են պահում կալւածների ցանկը, հետաքրքիր է իմանալ, հապա ո՞ր մարմինն է տեղեակ դրանից եւ տնօրինում այն, այսօրեայ պայմաններում ինչո՞ւ եւ ումի՞ց է քօղարկւում դրանք, ժողովրդի՞ց, թէ՞ Իրանի իշխանութիւններից:

ՆՈՐԱՇԷՆԻ ԿԱԼՒԱԾՆԵՐԻ ՀԱՐՑԸ
Սկսած 1979 թւականից Նոր Ջուղայի վանքապատկան “Նորաշէն” կոչւած կալւածները (1856-ին տարածքը 26 ջրիբ (“Պատմութիւն Ն.Ջուղայի” էջ 498)), որ գտնւում է քաղաքի լաւագոյն հատւածում, գրաւել էր պետական հիմնարկութիւնների ուշադրութիւնը, որոնք ցանկանում էին իւրացնել դրանք: 9 Ապրիլ 1984-ին “Քէյհան” օրաթերթում տպագրւած հաղորդագրութեամբ Սպահանի Գաւառապետարանը յայտարարում է, որ բռնագրաւել է “Նորաշէն” տարածքից 3000 ք.մ., որի համար էլ 1984-ի Օգոստոսին “Սաբթի միջոցով իր անունից ստանում է նոր կալւածագիր:” (Հաղորդագրութիւն Նոր-Ջուղա 10 Նոյ. 1983 Դիւան Առաջնորդարանի)
Այս բոլորը չեզոքացնելու նպատակով ԹԽ-ը բանակցում էր պետական տարբեր հիմնարկութիւնների հետ եւ անւանի փաստաբան դոկտ. Օննիկ Սահակեանի համագործակցութեամբ դատ էր յարուցել նրանց դէմ:
Այս եւ մի շարք այլ ոտնձգութիւնների պատճառով Նոր- Ջուղայի եւ Շահինշահրի շուրջ 1000 հայերի ստորագրութեամբ կազմւեց մի դիմումնագիր համախօսական, ուղղւած պետական օրգաններին, որում պահանջւում էր յետ վերադարձնել վանքապատկան կալւածները:
Համախօսականի ստորա-գրողների անունից “Յանձնախումբ” ստորագրութեամբ հրատարակւեց մի հաղորդագրութիւն, որում ասւած է.
“… 1985-ի Յունւարին սոյն համախօսականը ստորագրողների կողմից մի նամակ գրւեց ԹԽ-ին, որը ստորագրել էին Ն.Ջուղայից եւ Շահինշաhրից 5 անձնաւորութիւններ, նամակում գրւած էր. “Անցեալում եւս այլ հողամասեր կամ բռնագրաււել են ազգային մարմինների կամքից անկախ, կամ էլ վաճառւել են նրանց համաձայնութեամբ”, եւ առաջադրելով մի շարք առաջարկներ, հարցադրել էին “Ի՞նչ ծրագիր ունեն մեր ազգային մարմինները եղած հողամասերի համար:” ԹԽ-ը նամակին բանաւոր ձեւով պատասխանելու պարտականութիւնը յանձնարարեց նոյն խորհրդի անդամ Պրն. Ժորժիկ Աբրահամեանին:
ԹԽ-ի խօսնակը մեր պատւիրակներին փոխանցեց հետեւեալը.
” -Նախ պէտք չկայ մտահոգւելու 3000 մետր հողամասի վերաբերեալ եւ կարիք չկար ստո-րագրութիւն հաւաքելու, որովհետեւ այդ հողամասերը անպայման կը վերադարձւեն առաջնորդարանին:
-Առաջնորդարանը չունենալով անհրաժեշտ միջոցներ՝ բիւջէ, մասնագէտ, ծրագրող եւ գործադիր ուժեր չի կարող անել աւելին քան անում է: Եւ չի էլ կարծում, որ ուրիշները աւելի լաւ կարող են գործել:
-Առաջնորդարանը կարիք չունի ոչ ոքի, մանաւանդ դիմում կատարողների համագործակցութեանը, որովհետեւ կարծում է, որ դրանց առաջարկները միտումնաւոր են եւ կասկածելի:
-ԹԽ-ը պատասխանատու չի մի քանի անհատների, որոնք իրենց համարում են ժողովրդի ներկայացուցիչ:”
Սակայն ցաւօք հակառակ ԹԽ-ի խօսնակի պնդումներին, ոչ միայն այդ 3,000 ք.մ. չի վերադարձւել առաջնորդարանին, այլ 1979-ին դարձեալ նոյն հողատարածքից 8,000 ք.մ. յանձնւել է Իսլ. Մշակոյթի եւ Առաջնորդութեան Նախարարութեանը եւ փոխարէնը ստացւել է՝ Սպահանում մէկ թեմապատկան կալւածի գործառոյթի փոփոխութեան եւ Սպահանի արւարձանում գտնւող Շահինշահր քաղաքում 15,000 ք.մ. մարզա-մշակութային գործառոյթով հողատարածքի տրամադրման ԽՈՍՏՈՒՄ, որոնք եւ չեն իրականացւել մինչեւ 2011 թ. Յունւարի 16-ը: (ԹԽ-ի տեղեկագիր 16 Փետրւար 2010 – 15 Յունւար 2011 էջ 10) Աւելին 32-ամեայ բանակցութիւնների ու սակարկութիւնների արդիւնքում խոստացւած 15,000 ք.մ.ը վերածւել է 7,000 ք.մ.ի բնակարանային գործառոյթով: (ԹԽ տեղեկագիր 10 Փետրւար 2008 – 15 Փետրւար 2009 էջ 7) (Ի դէպ Շահինշահրի մէկ ք.մ. հողատարածքի շուկայական արժէքը հաւասար է 150,000 թումանի, իսկ յանձնւած հողատարածքինը՝ 6,000,000 թումանի):

ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹԵԱՆ ԾՐԱԳԻՐ
Նոր Ջուղայի հայկական գերեզմանատան տարածքում, շիրիմաքարերից դէպի հարաւ գոյութիւն ունի հսկայական ազատ հողատարածք: ԹԽ-ը որոշեց այդ հողատարածքում իրականացնել բնակարանաշինութեան ծրագիր, որը իրականացնելու համար անհրաժեշտ էր քաղաքապետարանի համաձայնութիւնը եւ հողատարածքի մասնատումը: Այդ նպատակով 2002 թ. կատարւած բանակցութիւնների արդիւնքում, քաղաքապետարանին վճարւել է 247,537,500 թուման: (ԹԽ 2001-2002թթ. հաշւետախտակ սիւնեակ 26 եւ 2002- 2003թթ. տեղեկագիր, էջ 9) Սակայն հողատարածքի մասնատումը չի իրականանում գումարի վճարումից 9 տարի անց: 2009 թ. պարզւում է, որ մշակութային ժառանգութիւն հիմնարկը չի արտօնում նման նախաձեռնութեան իրականացումը: Վճարած գումարը յետ ստանալու աշխատանքների ընթացքում ի յայտ է գալիս, որ քաղաքապետարանին վճարւած գումարը եղել է ոչ թէ 247,537,500 այլ 190,000,000 թուման: (ԹԽ տեղեկագիր 10 Փետրւար 2008 – 15 Փետրւար 2009, էջ 7)
Ո՞ւր մնաց հաշւետախտակներում ներկայացւած ծախսւած գումարի 57,537,500 թումանը: Եթէ ընդունենք, որ այսօրեայ պայմաններում աշխատանքները իրականանում են յաւելեալ եւ ոչ պաշտօնական վճարումների` կաշառքի շնորհիւ, հապա ինչո՞ւ չի իրականանում այն կաշառքը վճարելուց յետոյ եւս: Եւ ինչո՞ւ է 2002թ. նիւթական զեկուցագրում պաշտօնական վճարումը եւ կաշառքը (եթէ այդպիսին է) միատեղւած զեկուցւել միեւնոյն անւան տակ: Իհարկէ բարեմիտ լինելու համար պէտք է խոստովանել, որ որոշ գործարքներում երբեմն պատահում են նման ձախողութիւններ, բայց երբ ազգային իշխանութեան համարեա բոլոր աշխատանքներն են ունենում նման ա-ւարտ, այդ դառնում է կասկածելի եւ ունենում կործանիչ հետեւանք, ինչը պատահեց վերը նշւած սցենարի հեղինակի հետ, որը հեռացւեց ազգային, գուցէ եւ, կուսակցական զբաղեցրած դիրքերից, որը պէտք է համարել դրւատանքի արժանի, սակայն 30 տարով ուշացած քայլ:
Նոր Ջուղայի հայկական գերեզմանատան արեւելեան անմիջական հարեւան՝ Սպահանի պետական համալսարանը ակամայից կամ դիտաւորեալ գրաւել եւ զբաղեցրել էր գերեզմանատան տարածքից 16.000 ք.մ.: Բանակցութիւնների անարդիւնաւէտութեան պատճառով գործը յանձնւում է դատարան, դատը շահում է ԹԽ-ը, դատավճռում որոշւում է յետ վերադարձնել 12.000 ք.մ. առգրաււած տարածքը, եւ երբ ՊԺ.ում հարց է տրւում թէ ինչո՞ւ է 16.000 ք.մ.ի փոխարէն յետ վերադարձւում միայն 12.000 ք.մ. ԹԽ-ի ժամանակի նախագահը պատասխանում է, թէ դա մեքենագրական սխալութեան արդիւնք է, որ դատը յարուցելու ժամանակ թոյլ է տւել մեր քարտուղարը: (Այս տեղեկութիւնները առկայ են ՊԺ-ների արձանագրութիւններում, որոնք չեն տրամադրւում անգամ պատգամաւորներին: Սպահանի ՀԹ Թեմական եւ Կրօնական Խ-ների տարեկան զեկուցագրերից մէկական օրինակ տրամադրւում է պատգամաւորներին:)
Ի դէպ նոյն ԹԽ-ի նախագահը պաշտօնավարում էր Սպահանի պետական համալսարանում: Դատը շահելուց յետոյ էլ նա եւ … համաձայնեցին, որ առանց վարձատրութեան, այդ տարածքը մնայ համալսարանի տրամա-դրութեան տակ:

ՅՈՎՍԷՓ ՊՕՂՈՍԽԱՆԵԱՆԻ ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻ ԿԱԼՒԱԾՆԵՐԸ
Տասնեակ տարիներ է, ինչ փակւել է բարերար Յովսէփ Պօղոսխանեանի՝ 1904 թ. Ապրիլ 25-ի մարդասիրական կտակով կառուցւած եւ ժողովրդին հսկայական ծառայութիւն մատուցած “Յովսէփ Պօղոսխանեան” ազգային հիւանդանոցը:
Հիւանդանոցի փակումից տարիներ անց, նրա հսկայական այգին հատեց նորակառոյց մի պողոտայ, հողամասի մնացած հատւածը յայտնւեց նորակառոյց պողոտայի եզրին եւ բազմապատկւեց դրա շուկայական արժէքը, որը եւ գրաւեց շատերի ուշադրութիւնը:
2002-2003 տարեշրջանին ԹԽ-ը որոշեց սոյն հողամասի մի հատւածում կառուցել 8 յարկից բաղկացած մի համալիր: Շինարարութեան բիւջէի հայթայթման համար ընտրւեց ներդնող անձ, որպէս գործընկեր տոկոսային 60- 40 յարաբերութեամբ (ԹԽ 5 Փետրւար 2004-26 Յունւար 2005 տեղեկագիր, էջ 9), որին եւ յանձնւեց շինարարութիւնը իրականացնելու պարտականութիւնը: Գործընկերոջ հետ կնքւած պայմանագրի անյստակութեան կամ այլ պատճառներով տարբեր անհամաձայնութիւններ առաջացան ԹԽ-ի եւ նրա միջեւ, որոնք առկայ են ԹԽ-ի տարեկան զեկոյցներում: Ի վերջոյ ԹԽ-ը 2007-ին առանց ամփոփելու գործարքից ստացւած շահը, կամ վնասը, զեկուցում է, որ աւարտւել է շինարարական աշխատանքը եւ հաշւեփակում է կատարւել գործընկերոջ հետ: (ԹԽ 21 Յունւար 2006 – 30 Յունւար 2007 տեղեկագիր, էջ 13)
Պատգամաւորական ժողովներից մէկում, մի խումբ դաշնակցական պատգամաւորները խնդիր են յարուցում, որ այդ շէնքի կառուցումը մեծ վնաս է պատճառել ազգային ունեցւածքին եւ պահանջում են հաշւեքննութիւն: Դաշնակցական 3 պատգամաւորների անդամակցութեամբ կեանքի է կոչւում քննիչ յանձնախումբ: Մի քանի ամիս անց յանձնախումբը զեկուցում է, որ շինարարութիւնը իրականացւել է շատ մեծ վնասով, սակայն չեն հրապարակել վնասի չափը: (Առկայ են ՊԺ-ների արձանագրութիւններում):

Ն. ՋՈՒՂԱՅԻ ՔԼՈՒԲԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ
1980 թւականին Նոր Ջուղայի “Հայոց Ակումբ”(Քլուբ)-ում ոչ դաշնակցականների միջոցով իրականացւում էին ժողովրդական հաւաքներ, թատերական ներկայացումներ, կազմակերպւում գրքի ցուցահանդէսներ, որոնցից մէկը ենթարկւեց դաշնակցականների յարձակմանը, հրի մատնւեցին ցուցադրւած գրքերը, ծեծի ենթարկւեցին պատասխանատուները եւ ի վերջոյ ոստիկանութեան միջամտութեամբ եւ ազգային իշխանաւորների ցանկութեամբ փականք դրւեց դարպասներին, երբ հէնց նոյն ժամանակ համայնքը կարիք ունէր այդ վայրին, ԻԱՄՄ-ի Նոր Ջուղայի մասնաճիւղը, որը վայելում էր մեծ թւով մարդկանց համակրանքը, իր աշխատանքները իրականացնում էր վարձու մի խարխուլ շինութիւնում: Որոշ ժամանակ անց, մի քանի տարով այն յատկացւեց Իրան-Իրաքի պատերազմից տուժած ընտանիքների ժամանակաւոր բնակութեան համար: Այժմ 30 տարի է, ինչ այդ ազգապատկան մշակութային կենտրոնը չի ծառայում իր կոչմանը: Վերջին տարիներում մէկ միլիարդ թումանից աւելի ծախսերի գնով վերանորոգւեց այն:
ԹԽ-ի 1 Փետրւար 2002 – 28 Յունւար 2003 միամեայ գործունէութեան տեղեկագրի էջ 11-ում ասւած է. “Սկսւել է Ակումբի հիմնական նորոգութեան եւ բարեփոխման աշխատանքը” եւ յայտարարւել է, որ “այն ծառայելու է իբրեւ համայնքի անդամների հաւաքավայր …” իսկ 4 Փետրւար 2003 – 4 Փետրւար 2004-ի տեղեկագրի էջ 6-ում ասւում է որ՝ “որոշւեց նրա մէկ յարկը ծառայի որպէս Ազգագրական Թանգարան”, իսկ 15 Փետրւար 2005 – 20 Յունւար 2006 տեղեկագրի էջ 9-ում ասւում է “նկատի ունենալով շէնքի ճարտարապետական աւանդական ոճը, կատարւած նիւթական մեծ ներդրումը, վայրը ծառայեցնել զբօսաշրջութեան առնչւող աշխատանքներին:”
Այս ընթացքում շէնքի հետագայ օգտագործման համար ԹԽ-ի կողմից յայտարարութիւն է հրատարակւել համայնքում՝ առաջարկութիւնների, նախագծերի եւ վարձաակալութեան դիմումների ընդունման համար: (ԹԽ 21 Յունւար 2006 – 30 Յունւար 2007 տեղեկագիր, էջ14): Իսկ 10 Փետրւար 2008 – 15 Փետրւար 2009 տեղեկագրի էջ 6 ում ԹԽ-ն յայտարարում է “դիմումների ընտրութեան աշխատանքը ընթացքի մէջ է:
Ակումբի պաշտօնական բացումը կատարւեց 2008 թւականի Դեկ.26-ին Գերաշնորհ Սրբազան Հօր աղօթքով: ( ԹԽ 10 Փետրւար 2008 – 15 Փետրւար 2009 տեղեկագիր, էջ14 )
17 Մարտ 2009 – 15 Փետրւար 2010 տեղեկագրի էջ 13-ում յայտարարւում է. “Նկատի ունենալով, որ առհասարակ առկայ է Ակումբի առեւտրական արտօնագիր չունենալու պարագան, փորձ է կատարւել խնդիրը լուծել այլ շփումներով ու դասաւորութիւններով, սակայն դեռեւս որեւէ յստակ նախատեսութիւն չենք կարող ունենալ հաւանական խոչընդոտների կապակցութեամբ:”
Եւ վերջապես 16 Փետրւար 2010 – 15 Փետրւար 2011 տեղեկագրի էջ 12 նշւում է՝ . “անհրաժեշտ է այն օժտել առեւտրական արտօնութեամբ, որի համար պիտի մեծ գումարներ վճարել քաղաքապետարանին”. “…որ Խորհուրդս ի վիճակի չէ Ակումբի խանութները ներկայ կացութեամբ վարձակալութեան յանձնել:”
Ի՞նչ ստացւեց: Ազգապատկան չքնաղ կալւածները ջրի գնով ու ապօրինաբար վաճառեցին, ստացւած գումարից նորոգեցին Ակումբը, Խաչ ու Աւետարանով կատարեցին բացումը, եւ դարձեալ փակեցին այն, եւ հիմա էլ բացէիբաց ասում են “յստակ նախատեսութիւն չենք կարող ունենալ հաւանական խոչընդոտների կապակցութեամբ:” կամ “Խորհուրդս ի վիճակի չէ Ակումբի խանութները վարձակալութեան յանձնել:”
Ի՞նչ է, սկզբից չգիտէի՞ն, որ “Ակումբ”-ի հսկայական շինութիւնը չունի առեւտրական արտօնագիր:
Նման ծախսատար եւ մեծ աշխատանքները այսպէս չեն իրականանում, նախ տնտեսագէտների միջոցով ուսումնասիրւում եւ յստակեցւում է վայրի օգտագործման նպատակայարմարութիւնը, ապա ըստ քաղաքաշինութեան կանոնակարգի, արտօնւած մասնագէտների միջոցով կազմւում է շինարարական նախագիծ, որը եւ համաձայնեցւում է քաղաքապետարանի հետ եւ ճշտւում պետական վճարումների չափը եւ վճարման եղանակը: Այնուհետ այս ծախսը գումարած շինարարական այլ ծախսերի հետ ներառւում են նախահաշւի մէջ եւ մեր պարագայում ներկայացւում ՊԺ-ին եւ հաստատում ստանալուց յետոյ, գործադրւում:
Ուրեմն, պարզւում է, ինչպէս միշտ, այս պարագայում եւս առանց որեւէ լուրջ ուսումնասիրութեան եւ “հէնց այնպէս” է կատարւել այս աշխատանքը եւ մսխւել ազգային ունեցւածքից հսկայական գումարներ:
8 յարկ համալիրի կառուցման, “Հայոց Ակումբ”-ի նորոգութեան նաեւ Թեմական Խորհրդի այլ նախաձեռնութիւնների ծախսերը հայթայթելու պատճառաբանութեամբ 2001-2002 ժամանակահատւածում ՀԱԿԱՌԱԿ ՊԺ-Ի ՈՐՈՇՄԱՆ (առկայ է ՊԺ-ների արձանագրութիւններում) վաճառւում են “Պօղոսխանեան” հիւանդանոցի մասնատւած հողամասերի միանգամից 5 կտորը՝ ընդհանուր 3910,13 ք.մ.:

Ն. ՋՈՒՂԱՅԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ` ԱՄԱՅԻ
Ն. Ջուղայում գոյութիւն ունեն բազմաթիւ դպրոցական կանգուն շէնքեր, որոնց մեծ մասը կառուցւել են բարերարների կտակներից ստացւած գումարներով: Սրանց շարքում են “Քանանեան”, “Կատարինեան”, “Արմէն”, “Գիշերօթիկ” եւ…հոյասքանչ շէնքերը:
– 2007-ին որոշւում է “Արմէն” դպրոցի բակում կառուցել նոր շէնք՝ “Ն.Ջուղայի Հայոց Ազգային կրթահամալիր” անւան տակ, 3,000 ք.մ. յատակագծով:
Շինարարութիւնը աւարտւել է եւ պաշտօնական բացումը կատարւել է 2010 թ. Սեպ. 23-ին:
Ի՞նչ է լինելու աւանդական դպրոցների ճակատագիրը, ի՞նչ նպատակի պէտք է ծառայեն այդ կառոյցները, որոնք բոլորն էլ կանգուն շէնքեր են, եւ հնարաւոր էր նոր համալիր կառուցելու ծախսի միայն մի քանի տոկոսով արդիականացնել դրանք, որով կը խնայւէր ծախսւած գումարի մեծ տոկոսը եւ ճարտարապետական կոթող համարւող այդ շէնքերը զերծ կը մնային ապագայի չնախատեսւած վտանգներից կամ բռնագրաւումից:
Այս օրերին, երբ աշխարհի տարբեր երկրներում իրանահայութիւնը մեծ շուքով ու խանդավառութեամբ տօնում է “Քանանեան” եւ “Կատարինեան” դպրոցների հարիւր ու քանիամեակները, Նոր Ջուղայում սառը քամին մոլագար ոռնում է նոյն դպրոցների կանգուն ու հիւրընկալ դահլիճներում ու դասարաններում ու տարածում նրանց մօտալուտ մահւան գոյժը: Մնում է ԹԽ-ի մի այլ “կամայ թէ ակամայ” հաղորդագրութեամբ յայտարարւի դրանց հոգեհանգստեան ու օտարման վերջին արարը:

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
-Ցաւալի վիճակում են Թեմական Խորհրդի ներդրումները Հայաստանում: Եկամուտ ապահովելու միտումով Հայաստանում գնել են 2 բնակարան վարձու տալու նպատակով, նշանակել են գործակատար, սակայն բնակարանների վարձից ստացւած գումարները չեն փակում գործակատարի աշխատավարձ:
-Հայաստանում գնել են “Ջերմուկ-Բլու” կաթնամթերքային հիմնարկի 49 տոկոսը եւ մինչեւ 2004 թւականը վճարել են 120.000 ԱՄՆ դոլար, (ԹԽ 4 Փետրւար 2003-4 Փետրւար 2004 տեղեկագիր, էջ12) բոլոր զեկոյցներում էլ յայտարարում են, որ 51 տոկոսի փայատէր՝ հայաստանցի գործընկերը հաշւետու չի իրենց, չի համագործակցում եւ չեն կարողանում վաճառել այն:

“ՍԱՅԵՐ ՍԷՅՐ” ՕԴԱՆԱՒԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
-2000թ. Թեմական Խորհուրդը հակառակ համայնքի անդամների կամքին ազգային հնարաւորութիւններով ու յատկացւած տարածքում հիմնադրում է “Սայեր-Սէյր” Օդանաւային գործակալութեան ընկերութիւնը: Չուսումնասիրւած այս նախաձեռնութեան 10-ամեայ գործունէութիւնը ա-ւարտւեց մեծ նիւթական վնասներով: Նրա գործադիր տնօրէնը իւրացրեց ընկերութեան գումարների մի մասը եւ խոյս տւեց արտասահման: Այս կապակցութեամբ հետաքրքիր է ընթերցել հատւածներ ԹԽ-ի տեղեկագրերից: ԹԽ-ը իր զեկոյցներից մէկում գրել է. “Թւում է թէ համայնքի մէջ այդ ուղղութեամբ զրոյցներ շատ գնացին, բայց մենք կարծում ենք, որ Թեմական Խորհուրդը ինքը ամէնից շատ տեղեակ է դրան առնչակից թերութիւններին ու առաւելութիւններին:” (24 Նոյեմբեր 1999 – 24 Յունւար 2001 տեղեկագիր, էջ 20)
Իսկ մէկ տարի անց զեկուցում են, որ ընկերութեան գործադիր տնօրէն Պրն. Զարեհ Բաբախանեանի շրջանից հեռանալուց յետոյ՝.” … Թեմական Խորհուրդը հանդիպեց մի շարք անորոշութիւնների “Սայեր-Սէյր” Ընկերութեան հաշիւների ու գործունէութեան կապակցութեամբ:” Որ “յանձնարարւեց … քննել “Սայեր-Սէյր”-ի ամբողջ հաշւական ու նիւթական գործունէութիւնը:” (30 Յունւար 2001- 31 Յունւար 2002 տեղեկագիր, էջ10)
Եւ դարձեալ մէկ տարի անց յայտարարում են, որ ” … Պրն. Զարեհ Բաբախանեանի շրջանի … hաշւեքննութեան աշխատանքը կատարւել է առկայ փաստաթղթերի հիմամբ. քննութեան ընթացքում երեւան են եկել մի շարք խնդիրներ, որոնց պարզելու հեռա-նկարը եւ հնարաւորութիւնը՝ եղած փաստաթղթերի եւ մատեանների միջոցով, ցաւօք գոյութիւն չունի … :” (1 Փետրւար 2002 – 28 Յունւար 2003 տեղեկագիր, էջ14)
-Ի վերջոյ 2009թ. յայտարարւում է՝ .”…նկատի ունենալով ստացւած զեկուցումները՝ ըստ որոնց թեմապատկան “Սայեր-Սէյր” Օդանաւային գործակալութեան ընկերութիւնը ընդհանրապէս շահաւէտ գործունէութիւն չունի, … Խորհուրդս որոշում է ընդունել կազմալուծել ընկերութիւնը …:” (10 Փետրւար 2008 – 15 Փետրւար 2009 տեղեկագիր, էջ12)
Յատկանշելի է, որ այս ընթացքում Պրն. Զարեհ Բաբախանեանը անդամակցում էր Թեմական Խորհրդին եւ վարում գանձապահի պարտականութիւնները, միեւնոյն ժամանակ նա հանդիսանում էր Թեմական եւ կրթական խորհրդների կապը: (24 Նոյեմբեր 1999 – 24 Յունւար 2001 տեղեկագիր, էջ 1 եւ 2)
Այստեղ առաջանում է հարցերի երկար շարան: Ինչո՞ւ էր միայն Պրն. Զարեհ Բաբախանեանը արժանի ստանձնելու այդ աշխատանքը: Ինչպէ՞ս նա յայտնւեց այդ պաշտօնում: Ո՞վ էր երաշխաւորում նրան, եւ …
-Այս միջադէպից յետոյ ինչպէս միշտ, ոչ մի դատական գործ չյարուցւեց, ոչ ոք պատասխանատւութեան չկանչւեց, հրապարակաւ ոչ մի մարմին չդատապարտեց այդ արարքը, միայն ՊԺ-ի նիստերից մէկում բաւարարւեցին նրան անւանել “վատ ընկեր”:
Իրարայաջորդ Թեմական Խորհուրդների զեկուցագրերը լեցուն են, “կարծում ենք”, “թւում է թէ”, “հաշւետու չէ”, “անորոշութիւններ”, “պարզելու հեռանկար գոյութիւն չունի”, “պատասխանատու չէ”, “շահաւէտ գործունէութիւն չունի”, “ցաւօք”, “գողութիւն”, “այլ շփումներ”, “մենք ամէնից շատ տեղեակ ենք” եւ… բառերով ու ինքնագոհ ու անիմաստ արտայայտութիւններով, պարզւում է ամէն ինչը անորոշ է ու յանձնւած բախտի քմահաճոյքին, գոյութիւն չունի ուսումնասիրւած նախագիծ ու գործելաոճ, բացակայում է թափանցիկ նիւթաբարոյական հաշւետւութիւն, եւ …:
Ո՞վ է պատասխանատու այս բոլորի համար, ՊԺ-ն, որն իր անդամների մեծամասնութեամբ, յաճախ անտեսելով առանձին անդամների քննադատութիւններն ու հարցադրումները, կուրօրէն հաստատում է նման ծրագրերը, հաշ-ւեքննիչ մարմիննե՞րը, որոնց չի ներկայացւում ամբողջական հաշ-ւետւութիւն, Թեմական Խորհուրդների անդամնե՞րը, որոնք ամենաթանձր մաղումներից յետոյ գաղափարական պատկանելութեան գերպատճառով նշանակւում են կուսակցութեան միջոցով, թէ՞ ինքը կուսակցութեան ղեկավարութիւնը, որը ենթակայ չէ ոչ մի օրէնսդրութեան եւ պատասխանատու չէ ոչ մի մարմնի, եւ որի անդամների անւանացանկը չի յայտարարւում որեւէ տեղ:
Դժբախտաբար իրանահայ ազգային կոչւած իշխանութիւնում չկայ պատասխանատւութեան զգացում, այստեղ բոլոր անցուդարձերը ենթակայ են կուսակցութեան կամքին, հայեցողութեան ու թելադրանքին: Իսկ բողոքողների դէմ փակւում են անգամ “Ակումբ”-ների, Մարզաւան”-ների ու “Եկեղեցի”-ների դարպասները:
Թւում է թէ այս բոլորի պատասխանատուն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շրջանային կոմիտէն է, որը շրջանում հանդիսանում է թէ՛ օրէնսդիր, թէ՛ գործադիր է եւ թէ՛ դատական մարմին:

«Յոյս» թիւ 104

10 Օգոստոս 2011

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert