Տարեկան 500 միլիոն եվրո, գուցե մեկ միլիարդ կամ ավելի, կորպորացիաների եւ նրանց կազմակերպությունների կողմից ծախսվում է Բեռլինում իրենց լոբբիստական  գրասենյակները ֆինանսավորելու համար: Այնտեղից 6000 լոբբիստներ պարբերաբար ուղեվորվում են տարբեր տարածքներ՝ Բունդեսթագի պատգամավորների վրա ազդելու, իրենց տերերի քաղաքականությունն ու շահերը պաշտպանելու համար:

Օլիգարխիան ամենուր՝ ցանկացած համակարգում, իր հնարքները գործի է դնում իր շահը պաշտպանելու համար: Գերմանիայի կառավարությունը, ինչպես նաև պատգամավորները քաջատեղյակ լինելով՝ լռում և քողարկում են ճշմարտությունը: Հասարակական նախաձեռնությունները 500 հազարից ավել ստորագրություն հավաքեցին, ստիպեցին Բունդեսթագին և կառավարությանը, որ գաղտնի լոբբիստների ու նրանց կողմից տրված կաշառքները ներկայացնեն հանրությանը:

Նույնը կատարվում է նաև Հայաստանում, մի քիչ այլ կերպ կամ ավելի գռեհիկ: Պատգամավորները, նախարարները գույքի մասին հայտարարություններում հաճախ ներկայացվում են անոնիմ նվիրատուների կողմից «նվիրատվություններ», որում պարզ չէ, թե ո՞վ և ի՞նչ նպատակի համար է նվիրել, կամ որտեղի՞ց և ինչպե՞ս է ձեռք բերել նվիրատուն այդ գումարը:

Հասարակական կազմակերպությունները պետք է կարողանան կառավարությանը ստիպել, որ համապատասխան օրենք ընդունվի՝ նվիրատուների անունները,  նվիրատվությունների նպատակը և այլն հրապարակելու համար:

Ցանկացած պետության արդար և առողջ աշխատելու միակ երաշխիքը  թափանցիկությունն ու անկաշառ և անկախ դատաիրավական համակարգն է:

Դատաիրավական առողջ համակարգ կլինի միայն այն դեպքում, եթե այդ համակարգը հսկվի ժողովրդի կողմից:  Դատախազին, դատավորին ոչ թե երկրի նախագահը կամ վարչապետը նշանակի, կամ ոչ թե հաստատվի իշխող կուսակցության պատգամավորների կողմից, այլ ընտրվի հասարակական կազմակերպությունների, առանձին դատավորների, փաստաբանների և ինչու չէ նաև կուսակցությունների ներկայացուցիչների կողմից ստեղծված հանրային խորհուրդի կողմից, որը լիազորություների մեջ կմտնի դատավոր նշանակելու կամ նրան աշխատանքից հեռացնելու խնդիրը: Նույնը վերաբերվում է նաև գլխավոր դատախազին: Երկրի գլխավոր դատախազի նշանակումը պետք է հաստատվի ոչ թե ԱԺ-ի պատգամավորների մեծամասնության կողմից, այլև այդ «ժողովրդական խորհուրդի»:

Պետությունը և պետական ապարատի ճիշտ աշխատելը կերաշխավորվի միայն համապատասխան վերահսկիչ մեխանիզմի առկայությամբ: Այդ մեխանիզմը պետք է նաև համապատասխանի տվյալ երկրի զարգացածությանը, պետական մտածողության և «պետականություն» հասկացության որակին:

Ոչ զարգացած և պետական մտածողությունից զուրկ երկրներում զարգացած երկրների համակարգային մեխանիզմների և օրենքների ներմուծումը կամ կրկնօրինակումը կդառնա հիանալի տեսություն՝ անհանարին գործնական կիրառելիությամբ:

Երվանդ Խոսրովյան

Հուլիս 2017 թ.

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert