Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի գրությունը Երևանի ազգային խորհրդին. 6 հուլիս, 1918թ

www.aniarc.am – Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի և ՀՀ ձևավորման ընթացքում գտնվող կառավարության՝ Երևան տեղափոխվելու ձգձգումը առաջացնում էր հատկապես Երևանի գործիչների դժգոհությունը և կտրկու պահանջը՝ անմիջապես տեղափոխվել Երևան: Այս պայմաններում հուլիսի 6-ինկայացած Հայոց ազգային խորհրդի նիստում, ընդառաջելով Երևանի գործիչների պահանջներին, որոշվում է նախապատրաստական աշխատանքներ կատարել՝ երկու շաբաթվա ըն թացքում Երևան տեղափոխվելու համար: (ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 141, թ. 288 շրջ)

Հուլիսի 7-9-ին թուրքերի կողմից զինադադարի խախտման և Էջմիածնի՝ վիճելի համարվող մի քանի գյուղերի ուղղությամբ ռազմական գործողություններ ծավալելու մասին տեղեկությունը Թիֆլիսում ստացվելուց հետո հուլիսի 12-ի առավոտյան հրավիրվեց Հայոց ազգային խորհրդի արտահերթ նիստ: Նիստի ժամանակ Խորհրդի անկուսակցական անդամ Ստեփան Մամիկոնյանը առաջարկեց վերաքննել Հայոց ազգային խորհրդի՝ Երևան տեղափոխվելու հարցը: (ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 141, թ. 294 շրջ)

Երկար վիճաբանություններից հետո՝ նույն օրը երեկոյան տեղի ունեցած նիստում, ստանալով 8 կողմ ձայն, հավանության արժանացավ սոցիալ-դեմոկրատ Արամայիս Երզնկյանի ներկայացրած բանաձևը, որով առաջարկվում էր արտակարգ լիազորություններով օժտված երեք ներկայացուցիչներ ուղարկել Երևան: Այդ որոշման ընդունումից հետո Քաջազնունին, ով Երևան տեղափոխվելու համոզված կողմնակից էր, հայտարարեց վարչապետի պաշտոնից հրաժարվելու մասին: (ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 141, թ. 297 շրջ)

Խորհրդի հուլիսի 13-ի նիստում, քննարկումների արդյունքում չեղյալ հայտարարվեց նախորդ օրվա որոշումը և, ստանալով 7 կողմ ձայն, հավանության արժանացավ ՀՅԴ-ի կողմից Խաչատուր Կարճիկյանի առաջարկած որոշման նախագիծը՝ «Համաձայն իր նախկին որոշման՝ Ազգային խորհուրդը անմիջապես գնում է Երևան՝ Հայաստանի իշխանությունը»: (կառավարություն, պառլամենտ) կազմակերպելու համար: (ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 141, թ. 299 շրջ)

Հայոց ազգային խորհրդի և ՀՀ ձևավորվող կառավարության՝ Երևան տեղափոխման հարցը մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ձգձգվում էր: Առկա էին հետևյալ պատճառները՝ ճանապարհների փակ լինելը, Անդրկովկասի Դեմոկրատական Հանրապետության միասնական գույքի բաժանման չլուծված խնդիրը, տեղափոխումից հետո փոստ-հեռագրի բացակայության պայմաններում տարբեր պետությունների և Թիֆլիսում տեղակայված դիվանագիտական առաքելությունների հետ անհրաժեշտ կապեր պահպանելու դժվարությունները, Վրաստանի և Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ ընթացող բանակցությունները, չլուծված ֆինանսական խնդիրները, տեղափոխման հարցում թուրքերի կողմից հարուցվող խոչընդոտները, Կ. Պոլսի կոնֆերանսի ավարտին սպասելը, ինչը խորհուրդ էին տալիս նաև Անդրկովկասում Գերմանական կայսրության ներկայացուցիչները, թուրքական պատանդի վիճակում հայտնվելը… Որոշակի բացասական դերակատարություն ունեցավ այն հանգամանքը, որ հայ գործիչների մի մասը դժվարությամբ էր հաշտվում համեմատաբար շքեղ Թիֆլիսը թողնելու և անտուն գաղթականներով լեցուն գավառական քաղաք Երևան տեղափոխվելու հեռանկարի հետ:

Կառավարության կազմավորման շուրջ ընթացող միջկուսակցական հակամարտությունը Հովհաննես Քաջազնունուն հնարավորություն չտվեց կոալիցիոն կառավարույթուն կազմել: Քաջազնունին առաջարկեց կոալիցիայի փոխարեն հանձնարարել կառավարություն կազմել անհատական սկզբունքով:

«Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը. (1918թ մայիս-հուլիս), փաստաթղթերի և նյութերի ժողովածու», Երևան, 2009,  էջ 8-10, կազմող՝ Համո Սուքիասյան

—–

[Թիֆլիսի] Հայոց ազգային խորհրդի գրությունը Երևանի ազգային խորհրդին

Ձեր նամակաները, գրված մայիսի 26-ին և հուլիսի 1-ին, ստացվել են այս ամսի 5-ին: Շտապում ենք պատասխանել Ձեր նամակներին՝ բովանդակություն տալով ձեր հարցումներին և իրերի դրությունը պատկերացնելով այնպես, ինչպես որ կան:

  1. Իշխանության խնդիրը ձգձգվում է ոչ այնքան կուսակցական վեճերի, որքան արտաքին հանգամանքների շնորհիվ: Դաշնագիրը ստորագրելուց հետո ոչ այնքան իշխանության կազմի, որքան <Երևան> տեղեկության հարցը եղել է <Հայոց> ազգային խորհրդի ջանքերի առարկան: Իշխանության վերջնական կազմն ու հաստատումը պիտի տեղի ունենար Երևանում, այնպես որ՝ այդ չէր, որ արգելք էր հանդիսացել Ազգային խորհրդի ու կառավարության տեղափոխությանը, այլ ճանապարհների փակումը, հաղորդակցության՝ փոստի, հեռագրի կատարյալ բացակայությունը, դիպլոմատիական անհրաժեշտ հարաբերությունները զանազան միսիանների հետ մինչև օրս էլ հանդիսացել են գլխավոր խոչընդոտներն ու արգելքը Խորհրդի շուտափույթ տեղափոխության <համար>: Խորհրդիս՝ իբրև Խորհրդի տեղափոխություն, իհարկե, կարելի էր շուտ անել այս կամ այն ճանապարհով, բայց սոսկ տեղափոխությունը, առանց պարզելու սահմանների խնդիրը, հաղորդակցության կանոնավորության և դրամական բարդ խնդիրները, կմատներ նրան ամլության: Ձեր նամակները ստանալուն պես նորից դրվեց տեղափոխության խնդիրը և որոշեց. «Ազգային խորհուրդն ու կառավարությունը տեղափոխել Երևանի առաջարկած ժամանակաշրջանում, այսինքն՝ ոչ ուշ, քան երկու շաբաթվա ընթացքում՝ հաշված հուլիսի 5-ից»: «Մինչև այդ անմիջապես հեռագրել (Կ.) Պոլիս՝ մեր պատվիրակությանը և, մի քանի օր ժամանակ տալով, պահանջել, որ սահմանների խնդիրը պարզեն՝ հետ քաշելով <թուրքական> զորքերը և հայտնեն մեզ»: Իհարկե, սրանից էլ մեծապես կախված կլինի հաղորդակցության խնդիրը: Ինչ վերաբերում է ձեր կազմած ժամանակավոր կառավարությանը, իհարկե, Խորհուրդս որևէ առարկություն չունի մինչև վերադարձը, երբ ամեն ինչ կստանա իր վերջնական ձևակերպումը:
  2. Գաղթականության խնդիրը ոչ միայն ձեզ, այլև բոլորի համար դարձել է մեր ժողովրդի գոյության ամենահիմնական խնդիը: Ոչ միայն Ղարսի, Ալեքսանդրապոլի, այլև Ախալքալակի 80 հազարանոց ազգաբնակչությունը տեղահան է եղած և քարշ է տալիս մի զարհուրելի գոյություն: Ճանապարհները դեպի հյուսիս փակված <են>, պարենի կատարյալ բացակայություն <է>: Վրաց կառավարության անբարյացկամ վերաբերմունքը դեպի հայերն ու նրանց մուտքը Վրաստան՝ ստեղծել են մի անեանելի դրություն: Ազգային խորհուրդս կտրուկ դիմումներ է արել և անում <է>՝ ազգաբնակչությանն իր տեղերը վերադարձնելու, սակայն մինչ օրս ոչ մի դրական արդյունք չի ունեցել: Քանիցս հեռագրով դիմած ենք Վեհիբ փաշային ու (Կ.) Պոլիս՝ մեր պատվիրակությանը, նույնիսկ առանձին պատվիրակություն ուղարկեցինք Բաթում, բայց դարձյալ ապարդյուն: Էսսադ փաշան՝ Վեհիբի փոխանորդը, գրավոր պատասխանով կարգադրել է դադարեցնել վերադարձը մինչև տեղական մահմեդականության գրգռված մտքերը խաղաղվեն: Սակայն ոչ-ոքի համար գաղտնիք չէ, որ նրանք ուզում են ազատ թալանի ենթարկել պարենն ու մթերքը: Նույնիսկ դիմեցինք այդ նպատակով գերմ(անական) միսիային, բայց նրանց միջնորդությունն էլ որևէ արդյունք չտվեց: Այժմ մի վերջին փորձ ենք անում՝ ուլտիմատիվ պահանջ դնելով մեր (Կ.) Պոլսի պատվիրակության առաջ, որ նրանք վերջնական պատասխան ստացան օմս(անյան) կառավարությունից: Դիպլոմատիկական այս միջնորդություններից բացի խորհուրդս ճիգեր է անում պարեն գտնել հարևան երկրներից: Միջոցներ են ձեռք առնված տեղումս գնելու ալյուր, շաքար: Դիմած ենք նաև Ադրբեջանի կառավարությանը, որ հնարավորություն տա պարենի գնումներ անելու իրենց երկրում: Հույս կա, որ հաջողվի, որովհետև իրենք ևս նման դիմում են արել մեզ՝ հատկապես մթերքների փոխանակման համար: Իհարկե, մթերքների փոխանակման մասին խոսք չի կարող լինել մեր աղքատիկ երկրի համար. գուցե՞ հաջողվի դրամով գնումներ անել:
  3. Ֆինանսների խնդիրը նույնպես մեր ցավոտ և ծանր խնդիրներից է: 300 միլ(իոն) ռուբլու բոների տպագրումը վերջացած է, որի պատասխանատվության չափը պիտի որոշվի յուրաքանչյուր պետության կարողության համեմատ: Որոշված է հրատարակել նոր բոներ 200 միլ(լիոն) ռուբլու, թեև վերջնական համաձայնություն չի կայացվել, թե ում ինչքան է ընկնելու: Այս երկու օրս այս խնդիրը ևս կլուծվի: Մեզ հասանելի բոներից մինչև այժմ ստացված է 5 միլիոն, որից Ձեզ ուղարկված <է> Սմբ. Խաչատրյանի միջոցով 2.100.000 ռ(ուբլի), նորից ուղարկվում է…: Ֆինանսական խնդրի հետ մեծ կապ ունի ընդհանուր լիկվիդացիայի խնդիրը: Լիկվիդացիան գլխավորապես այն ծախսերի, որոնք տեղի են ունեցել մինչև մայիս 26-ը, այսինքն՝ մինչև անդրկովկասյան անկախության անկումը: Իրազեկ մարդկանց կարծիքով՝ այդ լիկվիդացիան պիտի կատարվի ըստ տերիտորիայի. մեզ վրա պիտի վերցնենք ծախսերն այն պաշտոնյաների ու հիմնարկությունների, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններում, այլապես դրամական ծանր դրություն կստեղծվի մեզ համար, և մենք չենք կարող հարկավոր քանակությամբ բոներ ստանալ:
  4. Տաճիկների [թուրքերի] բռնությունները գրավված վայրերում նույնպես դարձել է օրվա կարևոր խնդիրներից: Ղարաքիլիսայի և Լոռվա շրջաններից սոսկալի լուրեր են գալիս՝ թալանի, կոտորածի, բռնաբարումների: Այդ առթիվ հանձնարարվեց մեր Բաթումի պատվիրակությանը բողոքելու Էսսադ փաշային: Էսսադ փաշան հերքել է այն լուրը, թե Ղարաքիլիսայում 3 օր իրավունք է տրված կոտորած անելու, խոստացել է շրջաբերական ուղղել զորքին, անձամբ շրջագայել՝ մտքերը խաղաղեցնելու <նպատակով> և թույլատրել է մեզ քննիչներ ուղարկելու այդ վայրերը՝ տեղն ու տեղը ստուգելու և զեկուցելու, կատարյալ ապահովություն խոստանալով: Փոխարենը նա գանգատվել է հայերից, որ թշնամական գործողություններ են թույլ տալիս թուրքերի դեմ, ինչպես, օրինակ, Ղամարլուում, Կայաբաշում (Նուխու շրջան): Առհասարակ, նրանք խոսել են մեր պատվիրակության հետ գրավոր ապացույցներով, փաստերով: Պետք է մեր կողմից ևս գրավոր փաստեր հավաքվի նրանց արարքների մասին, որպեսզի բողոքվելու հնար ունենանք թե՛ օսմանյան կայսրության և թե՛, հարկավոր դեպքում, նաև գերմանո-ավստրո-բուլղարական միսիաններին, որոնք խնդրում են գրավոր փաստական զեկուցումներ հայերի դրության մասին:
  5. Մեր սահմաններից զորքը հետ քաշելու նկատմամբ էսսադ փաշան նույն պատրվակներն է բերել՝ թե իբր դա հայերի օգտի համար է, որովհետև գերմ(անա)-վրացական զորքերն ուզում են խլել այդ երկրամասերը: Երբ մեր պատվիրակները պնդել են, թե իբր (Թ.) Նազարբեկովն էլ համաձայնվել է դրան և վերջում խնդիրն առկախ է թողել՝ պատճառաբանելով, որ վերջնական լուծումը կտա (Կ.) Պոլսի խորհրդաժողովը: Այդ առթիվ, ինչպես հիշեցինք, նորից կտրուկ դիմում է արվելու մեր պատվիրակության միջոցով:
  6. Գաղափար տալու համար գերմանացոց տրամադրությունների մասին՝ բերում ենք այստեղ նրանց հետ ունեցած տեսակցություների կարևոր կետերը. «(Կ.) Պոլիս խորհրդաժողովում մասնակցելու <է> նաև ռուսաց իշխանության ներկայացուցիչը: Գերման-ավստրո-բուլղարական միությունը լուրջ կերպով դրվելու են սահմանների վերաքննությունը Բրեստ-Լիտովսկի պայամնների համաձայն՝ միայն մի հավանական փոփոխմամբ, որ Թուրքիային իրավունք տրվի զորք անցկացնելու երկաթուղով մինչև Ջուլֆա՝ առանց Ալեքսանդրապոլ մտնելու»: Նրանց շատ հետաքրքրում է նաև այն հանգամանքը, թե մեր ուժերով պիտի կարողանա՞նք ներքին կարգ պահպանել հայ և թուրք բանդաներից: Իհարկե, մեր պատասխանը եղել է դրական:

Բաքվի խնդիրը նույնպես զբաղեցնում է նրանց: Հունիսի 26-ին տեսակցության ժամանակ նրանց զինվ(որական) միսիայի պետ ֆոն Կրեսսը բացատրել էր իրենց նպատակը: Գերմ(անացիք) ցանկանում են, որ Բաքվի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծվի: Դրա համար նպատակ ունեն Բաքուն ազատ քաղաք հայտարարել, մի չեզոք զոնա հաստատել, որտեղից կսկսվի փոխադարձ հարաբերություններ մյուս պետությունների հետ, նավթը կարտահանվի որոշ մաքսով, առհասարակ նա կնկատվի իբրև մի անկախ երկիր: Հարցրել էր Ազգային խորհրդի կարծիքը: Այդ հարցի առթիվ ունեցանք առանձին խորհրդակցություն և պատասխանեցինք նրան, որ խորհրդիս համար այդ ծրագիրը ցանկալի և ընդունելի է, բայց իր վրա վերցնել ակտիվ միջնորդություն՝ չի կարող, որովհետև նրա ազդեցությունը չի տարածվում այնտեղի ղեկավար մարմինների վրա. միայն կարող է հարաբերության մեջ մտնել նրանց հետ իբրև տեղեկատու միջնորդ, եթե այդ նրանք ցանկանան: Իշխանությունն այնտեղ գլխավորապես, եթե ոչ բացառապես, բոլշևիկների ձեռքին է: Հուլիսի 5-ի երկրորդ տեսակցության ժամանակ Բաքվի նկատմամբ ասել է հետևյալը. «Բաթումում այդ խնդիրը դրվեց: Թուրքերը դիմեցին մեզ, որ մենք թույլ տանք Վրաստանի միջոցով զորք ուղարկելու, բայց մենք կտրականապես մերժեցինք և կարողացանք նրանց առաջխաղացումը կանգնեցնել՝ մինչև որ այդ, ինչպես և մյուս ցավոտ խնդիրները լուծում կստանան (Կ.) Պոլիս խորհրդաժողովում»: Նույն խնդրի նկատմամբ Էսսադ փաշան հիշեցրել էր մեր Բաթումի պատվիրակությանը, այն էլ գրավոր, որ Ազգային խորհուրդն իր հանձնառությունը կատարի և կոչ ուղղի հայ ազգաբանկչությանը, որ չդիմադրեն տաճիկներին, ինչպես այդ եղել է Կայաբաշ գյուղում: Կոչի նկատմամբ որևէ բան չի արել Խորհուրդս և ոչ էլ խոստացել է, բայց ինչ պարտավորություն որ հանձն է առել Բաքվի նկատմամբ, ըստ դաշնագրի, կատարում է և երեկ՝ ամսույս 6-ին, նորից Գանձակ ուղղվեցին Միշա Արզումանյանը և Մ. Հարությունյանը, որ այնտեղից Բաքու անցնեն:

Ֆոն Կրեսսն իր այս վերջին տեսակցության ժամանակ հայտնեց, որ իր միջնորդությունը ճանապարհների բացման, գաղթականության խնդիրների նկատմամբ հաջողություն չունեցավ: Նրա ասելով՝ թուրքերը չեն ցանկանում, որ Հայաստանում կառավարչական հսկող աչք լինի, որպեսզի կարողանան ազատորեն պարենն ու մթերքները գրավել: Նույն նպատակով էլ չեն ցանկանում գաղթականների վերադարձը: Վեհիբ փաշայի հրաժարականը նա հաղորդեց իբրև ուրախալի լուր, որովհետև նա իր կառավարության հարազատ ներկայացուցիչը չէր. շատ քայլեր ինքնագլուխ է կատարել, իսկ Էսսադն ավելի համապատասխանում է Գերմ(անիայի) նպատակներին և, թերևս, նրա առաջարկով էլ նշանակված լինի այս շրջանի զորքերի հրամանտարը:

Վերջում ֆոն Կրեսսն ասել է, որ գերմանացիք լավ կարծիք ունեն հայերի մասին՝ իբրև ձեռներեց առևտրականների, կուլտուրայի ձգտող և պետք է ամեն կերպ աշխատեն բարվոքելու նրանց դրությունը՝ մինչև պետական իրավակարգ ստեղծվի իրենց երկրում:

(Կ.) Պոլսի խորհրդաժողովը դեռ սկսված չէ: Մեր պատվիրակությունից դեռ նամակ, լուր չենք ստացել, բացի մի երկու ոչ կարևոր հեռագիրներից: Որոշված է նոր խորհրդական ուղղարկել (Կ.) Պոլիս՝ ուժեղացնելու պատվիրակության կազմը:

Նախագահ՝ Ա. Սահակյան

Անդան-քարտուղար՝ Ա. Ստամբոլցյան

Աղբյուր՝ ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 120, թ. 11 և շրջ., 89 շրջ.; Բնագիր: Ձեռագիր: «Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը. (1918թ մայիս-հուլիս), փաստաթղթերի և նյութերի ժողովածու», Երևան, 2009,  էջ 124-130, կազմող՝ Համո Սուքիասյան

 

Աղբյուրը՝ https://www.aniarc.am

 

 

 


бутони за споделяне

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net