«Ցեղասպանությունը սկսվում է մեկ անձ սպանելով՝ ոչ այն պատճառով թե ի՞նչ է արել նա, այլ այն պատճառով՝ թե ո՞վ է նա»

Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ Մելինե Սահրադյանի ելույթ-շարադրությունը

«Ցեղասպանությունը սկսվում է մեկ անձ սպանելով՝ ոչ այն պատճառով թե ի՞նչ է արել նա, այլ այն պատճառով՝ թե ո՞վ է նա» – այսպես է բնութագրել մարդկության դեմ ուղղված հանցագործությունը Միավորված Ազգերի 7-րդ գլխավոր քարտուղար Քոֆի Աննանը:

Մարդկության պատմությունը լի է ողբերգական էջերով՝ պատերազմներ, արյունահեղություններ, ոճրագործություններ, ցեղասպանություններ, որոնք համաշխարհային հասարակության անցյալի ամոթալի դրվագներն են: Առաջադեմ մարդկությունը մշտապես դրանց կանխարգելման ճանապարհների և միջոցների փնտրման, կատարելագործման մտահոգություններով՝ ցանկանում է ստեղծել խաղաղ համակեցությամբ աշխարհ՝ հեռու ցեղասպանություններից և ամեն տեսակ ոճրագործությունից: Արդյո՞ք մարդկությունը հաջողում է հասնել ցանակալիին, հաջողում է բռնել ցեղասպանություն իրականացնող ձեռքը, պակասեցնել անարդարարությունը, արյունահեղությունը և տառապանքն աշխարհում: Արդյո՞ք դա պետք է թողնել միջազգային կազմակերպություններին, արդյո՞ք հնարավոր է դա անել հերթական կոնվենցիայի, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտի ընդունման միջոցով: Թե՞ հարկավոր է գործնական մոտեցում՝ իրական և խթանող քայլեր խաղաղ և ներդաշնակ աշխարհում ապրելու, արարելու, անձի ազգային, կրոնական և ռասսայական պատկանելությունը հարգելու, մարդուն բարձարագույն արժեք համարելու համար:

ՄԱԿ-ի 1948 թվականին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եվ պատժելու մասին» կոնվենցիան ուժի մեջ է մտնել 1951 թվականին, որը ցեղասպանությունը որակեց հանցագործություն և պատժելու ենթակա գործողություն: Արդյո՞ք կոնվենցիան մարդկությանը ցեղասպանությունից հետ պահող և զսպող գործիք դարձավ: Ավաղ, ոճրագործության պատմությունը շարունակեց հարստանալ նոր իրադարձություններով՝ Ինդոնեզիայի սպանդը, Քամբոջայի և Ռուանդայի ցեղասպանությունները, Բոսնիայի ջարդերը, Սինջարի եզդիներ ցեղասպանությունը և այլն: Ցեղասպանությունների հետևանքներն անդառնալի են. անդառանալի են մարդկային կորուստները, շեղված մարդկային և, նույնիսկ, մի ամբողջ ազգի ճակատագրերը:

Ազգային, էթնիկական, ռասսայական կամ կրոնական խմբի ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացման կամ ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմը պետք է փնտրել դրա դրդապատճառների մեջ: Ցեղասպանության դրդապատճառների շարքում են ծավալապաշատությունը և, հիմնականում, ազգային կամ կրոնական գերակայության հաստատման, որևէ խմբի ազգային կամ կրոնական պատկանելությունը թերագնահատելու և նրան իշխելու մոլուցքը: 1915թ. թուրքական հրոսակները սպանում էին խաղաղ հայ բնակչությանը, որովհետև վերջիններս այլակրոն էին, հայ էին, երջանիկ էին իրենց հայրենիքում, սակայն խանգարում էին Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներին: Կարո՞ղ ենք գտնել այն գործիքակազմը՝ հեռահար և մոտակա ազդեցությամբ, որը թուրք զինվորի և նրա հրամանատարի մեջ կդաստիարակեր մարդասիրություն և կստիպեր հրաժարվել անզեն բնակչությանը, կանանց և երեխաներին, ծերերին անողոքաբար սպանելուց:

Աշխարհը, միջազգային կազմակերպությունները, առաջադեմ մարդկությունը, իհարկե, անտարբեր չի եղել ցեղասպանությունների փաստին, և պետական կազմավորումները, որոնք իրականացրել են նման ոճրագործություններ ենթարկվում են պատժամիջոցների: Բայց կրկին հարց է առաջանում. արդյո՞ք բոլոր ոճրագործություններն են որակվել ցեղասպանություն, արդյո՞ք բոլոր ցեղասպանություններն են արժանացել համապատասխան գնահատականի և պատժի: Բոլոր այս հարցադրումներով հանդերձ համաշխարհային հանրությունը և միջազգային ու միջկառավարական կազմակերպությունները ամրագրել են իրենց դիրքորոշումը՝ ցեղասպանություններ իրականացրած պետություններին, ռազմական կազմակերպված խմբերին պատասխանատվության ենթարկել և պատժամիջոցներ սահմանել: Կարծում եմ, պետք է շարունակել պատաժամիջոցների քաղաքականությունը՝ համապարփակ կերպով. տնտեսական, դիվանագիտական, քաղաքական և նաև՝ բարոյական, պետք աշխարհի բոլոր երկրները հանդես գան դատապարտող հայատարարություններով և սահամանափակեն հարաբերությունները ցեղասպանություն իրականացրած պետության հետ՝ զրկելով նրան աշխարհում որևէ որոշիչ գործողության մասնակցելու և անդամագրվելու հնարավորությունից: Սրան պետք է հետևի փոխհատուցման գործընթացը՝ նյութական և բարոյական դրսևորումներով:

Աշխարհի և համաշխարհային հանրության նման դիրքորոշումը նախադեպ կդառնա և կանխարգելիչ դեր կունենա ցանկացած արյունահեղության համար:

Ցեղասպանությունները կանխարգելելու հնարավոր ուղիներից է նաև մարդկության գիտակցական մակարդակը բարձրացնելն առ այն, որ հարգանքի են արժանի բոլոր ազգությունները, բոլոր դավանանքները, որ սպանությունները, մասնավորապես ազգային, կրոնական, ռասսայական պատկանելության պատճառով, փոխում են աշխարհի և մարդկության ներդաշանակությունը, բերում են ցավ և տառապանք, որ չկա արդյունքում՝ հաղթող, և ցեղասպանողը հաղթող չէ, այլ՝ բարոյազրկված և հեղինակազրկված հանրույթ, դատապարտաված համայն մարդկության կողմից: Մարդկանց մեջ այս գաղափարները սերմանելու միակ ճանապարհը՝ կրթությունն է, գաղափարական դաստիարակությունը:

Աշխարհի ցանկացած կետում մարդիկ պետք է հնարավորություն ունենան իրացնելու իրենց կրթության իրավունքը և բարձացնելու իրավագիտակցությունը, որի արդյունքում կտարբերակեն ազգայնականությունը հայրենասիրությունից և կրոնամոլությունը՝ հավատից: Պետք է սովորեցնել համամարդակային արժեքներ դպրոցում, հասարակական փոխհարաբերությունների ընթացքում, բարձրագույն և մասնագիտական հասատատություններում, սոցիալական ցանցերում, պետք է ձևավորել անձի ազատությունների արժեհամակարգ՝ այդ ազատությունները հարգելու և սեփականը պահպանելու վրա հիմված: Կիրթ հասարակությունը՝ զինված համամարդակային արժեքներով, թույլ չի տա որևէ քաղաքական, ռազմական, պետական կազմավորման իրականացնել, մասնակցել ոճրագործությանը: Մարդկությունը՝ ինքը, առանց պետությունների միջամտությունների, պետք է ականջալուր լինի ցեղասպանվող ժողովրդին և գնահատական տա նման ոճրագործություններին, քանզի իրավական նիհիլիզմը հանցագործություն ծնելու նախապայման է: Մարդկության սաստող, դատապարտող գնահատականը պետք է հնչի մեր օրերի ցեղասպանությունների վերաբերյալ, օրինակ՝ 2014 թվականին Սինջարում «Իրաքի եւ Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման անդամների կողմից եզդի բնակչությանը ցեղասպանելու վերաբերյալ: Կրթության և իրավագիտակցության բարձրացման պայմաններում ԻԼԻՊ –ն արդեն չի կարող հավաքագրել զինվորների, որոնք, ըստ էության, դահիճներ են, շատ քչերը կամովին կմիանան ոճրագործերի այդ խմբավորմանը: Կարծում եմ, որ համաշխարհային մարդկությունը հավասարապես պետք է իրացնի իր կրթվելու իրավունքը, իսկ այն երկրները, որտեղ սոցիալական խնդիրների պատճառներով անգրագիտությունը բարձր մակարդակի վրա է, պետք է ստանան համաշխարհային հասարակության ֆինանսական, նյութական աջակցությունը՝ հասարակությանը կրթելու համար:

Ցեղասպանությունների կանխարգելման գլխավոր միջոցներից է աշխարհում զենք և զինամթերքի արտադրության, վաճառքի վերահսկողության սահմանումը: Միջազգային կազմակերպությունները, մասնավորապես ՄԱԿ-ը, ցեղասպանությունները, ոճրագործությունները կանխարգելելու համատեսքտում պետք է վերաձևակերպեն իրենց լիազորությունները և մտածեն մեխանիզմներ՝ աշխարհում զենքի օգտագործման նպատակները պարզելու, զենքի արտադրության և վաճառքի ծավալներն իջեցնելու համար:

Ցեղասպանությունը որպես մարդկային ամենամեծ ոճրագործություններից մեկը պետք է դատապարտվի և այն կանխարգելելու գործընթացին հավասարապես պետք է մասնակցեն միջազգային կառույցները, պետությունները և քաղաքացիական հասարակությունը՝ ձեռնարկելով համախմբված և հետևողական քայլեր:

Շնորհակալություն

#ցեղասպանությունըհանցագործությունցեղասպանություններիկանխարգելումըհամամարդակայինխնդիր

 

 

 

 

социално споделяне

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net