ԽՈՍՔ ՆԱԶԱՐԵԹ ՍՐՄԱՔԵՇՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

2019թվականի դեկտեմբերի 31-ին կյանքից հեռացավ նշանավոր ազգային –հասարակական գործիչ,մեծ հայրենասեր և փառապանծ գերդաստանի հայր իմ ազնիվ ու հոգատար ավագ եղբայր Նազարեթ Սրմաքեշյանը։
Նազարեթ Սրմաքեշյանը ծնվել է 1926թ. հոկտեմբերի 6-ին նշանավոր գրող, մանկավարժ, հասարակական գործիչ, 1915թ, թուրքական յաթաղանի զոհ Երվանդ Սրմաքեշխանլյանի (Երուխան) մերձավոր ազգական Հրանտ Սրմաքեշյանի ընտանիքում:

Հրանտ Սրմաքեշյանը ծնվել է 1880թ. Կոստանդնուպոլսում և մանուկ հասակից զգացել է հայերի նկատմամբ թուրքական իշխանությունների գործադրած բռնությունների սարսափները: Նրա մոտ անջնջելի հետք են թողել 1890-ական թվականներին սուլթան Աբդուլ Համիդի կազմակերպած հայկական ջարդերը:

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Հրանտը հազարավոր հայ երիտասարդների հետ տարվել է թուրքական բանակ:
Հայ երիտասարդներին թուրքական բանակում ոչ միայն զենք չեն տվել, այլև համազգեստով ու սննունդով չեն ապահովել: Նրանց օգտագործում էին որպես զինամթերք ու սննդամթերք փոխադրող բեռնակիր: Զինվորները սնվում էին կանաչով: Շատերը սովից մահացել են:

Հրանտը մասնագիտությամբ թիթեղագործ էր և դա նրան փրկել է մահից: Թուրքական հրամանատարին հարկավոր եղել լապտեր ունենալ: Հրանտը պատրաստել է այդ լապտերը, որի դիմաց հրամանատարից ստացել է երկու հաց: Այդ հացը Հրանտը բաժանել է հիվանդ հայ զինվորներին:
Թուրք հրամանատարը Հրանտին իր հետ տարել է Հալեպի ռազմաճակատ: Այստեղ մեկ տարի մնալուց հետո, Հրանտին հաջողվել է վերադառնալ Կոստանդնուպոլիս: Նա իր հետ տարել է ջարդից փրկված երկու հայ որբի:
Կ. Պոլիս մեկնող գնացքի վագոններում տեղ չի եղել և Հրանտը որբերի հետ տեղավորվել է վագոներից մեկի տանիքին:

Անտանելի շոգի պատճառով կայարաններից մեկում թուրք զինվորները հարկադրել են Հրանտին ու որբ երեխաներին զիջել իրենց տեղը: Հրանտը մի կերպ երեխաների հետ խցկվել է վագոնից ներս:
Երբ գիշերվա մեջ գնացքը մտել է ցածր բարձրություն ունեցող թունել, վագոնի տանիքում գտնվող թուրք զինվորները չեն նկատել վտանգը և նրանցից ոչ ոք չի փրկվել:
Կ. Պոլսում Հրանտը հանդիպել է Կոնիայից մի կերպ փրկված Լուսաբերին և ամուսնացել են: Հետո մեկնել են Ռումինիա, որտեղ էլ ծնվել է Նազարեթը:

Երկրորդ համաշխաևհային պատերազմի սկզբին վերադառնում են Կ. Պոլիս: 1946թ. Հրանտ Սրմաքեշյանն առաջիններից մեկն էր, որ ցանկություն է հայտնել հայրենադարձվել Սովետական Հայաստան: Սակայն, թուրքական իշխանությունները հայ ընտանիքներին թույլ չեն տվել մեկնել Սովետական Հայաստան:

Հրանտը մահացել է 1966թ.: Նա մահից առաջ իր զավակներին ավանդել է <<Չմոռանաք Հայաստանը>>: Հոր մահից հետո Սրմաքեշյանների ընտանիքը տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ էլ 1972թ. մահացել է Նազարեթի մայրը՝ Լուսաբերը:
Նազարեթ Սրմաքեշյանը չի մոռացել իր հոր պատգամը՝ <<Չմոռանաք Հայաստանը>> և իր ամբողջ գործունեությամբ հավատարիմ է մնացել դրան:

Նազարեթ Սրմաքեշյանը հայտնի էր Սփյուռքում ծավալած իր բազմակողմանի ազգային-հասարակական, բարեգործական-հայրենասիրական գործունեությամբ:

Այդ գործունեության մասին կարելի է շատ գրել, հիշել շատ ու շատ փաստեր, այդ թվում նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին օգնություն կազմակերպելը:

Մեծ գնահատականի է արժանի Նազարեթ Սրմաքեշյանի եռանդուն աշխատանքը Հարություն Հելվեճյանի և Հովհաննես Չիլինկիրյանի հետ միասին Գաղտնի բանակի հերոսներին աջակցելու, նեցուկ լինելու գործում:
Նրան Սփյուռքում և Հայաստանում ճանաչել են որպես լայն մտահորիզոն ունեցող վերլուծաբան:

Սրմաքեշյանի պատմագիտական վերլուծությունները գրավիչ են, ջերմ ու կրքոտ են, ինքնատիպ են, համարձակ, մերկացնող, Հայաստան հայրենիքի շուրջ համախբվելու կոչ են:

Նրա բոլոր աշխատասիրություններով կարմիր թելի նման անցնում է<<Բոլոր երկրների հայեր, միավորվեք Մայր Հայաստանի շուրջ, զորավիգ լինենք նրան>> կոչը:

Սրմաքեշյանի բոլոր աշխատասիրությունները վկայում են, որ նա ամեն ժամ պատրաստ է եղել մարտի՝ հանուն հայության գոյության, միշտ ուղղված են չարության, ստորության, ազգային շահերին դավաճանելու դեմ:

Այսօր էլ հրատապ են դեռևս 1998թ. գրած նրա զգաստացնող հետևյալ խոսքերը, որոնք հնչում են որպես պատգամ և, ամեն առիթով, հարկ եմ համարում հիշել:

Հիմա էլ եմ ուզում դրանք հիշել: <<Սովետ Միութեան փլզումեն յետոյ,-գրել է Սրմաքեշյանը,- Ռուսիա իր պատմութեան ամէնէն տկար ժամանակներէն մին կապրի: Ուրեմն, այս ժամանակաւոր տկարացումը, պէտք չէ պատճառ դառնայ, որ տուժէ Ռուսիոյ հետ Հայաստանի եղբայրական և ռազմավարական դաշինքը: Չդաւենք անոր…>>(Նազարեթ Սրմաքեշյան, Ազգովին զգաստանանք, Երևան, 2011, էջ 52):

Եվ այնուհետև, նա վճռականորեն պահանջում էր <<Խնդրոյ առարկա չդարձնել մեր դարաւոր բարեկամութիւնը և հոգեկցական կապը Ռուսիոյ հետ>>(նույն տեղը, էջ 54):

Մեկ այլ առիթով, հիշելով Երևանում հհշականների կողմից Պուշկինի, Չեխովի և ռուսական մշակույթի մյուս նշանավոր գործիչների արձանների քանդելը, Սրմաքեշյանը գրել է. <<Ինչո՞ւ պէտք էր հակառուս քաղաքականութիւն մը սկսելով, մեր դարավոր և անփոխանակելի բարեկամին, մեծ զինակիցին, փրկարարին դէմ ալ թշնամութիւն ստեղծել: Վասն ինչի՞: Պարզապէս՝ դաւաճանութիւն էր այս: Մենք ապերախտ ժողովուրդ չենք>>(նույն տեղը, էջ 158):

Իսկապես, իմաստուն պատգամ է: Եվ այդ պատգամով Սրմաքեշյանը արժանի տեղ է զբաղեցնում հայ և ռուս ժողովուրդների բարեկամության մեծ ջատագովներ Իսրայել Օրիի, Հովհաննես Լազարյանի, Հովսեփ Արղությանի, Ներսես Աշտարակեցու, Խաչատուր Աբովյանի, Միքայել Նալբանդյանի, Լորիս Մելիքովի, Անդրանիկ Օզանյանի, Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Հովհաննես Բաղրամյանի և մեր մյուս մեծերի կողքին:

Որպես հայ մարդ, որպես հայ պատմաբան, ինձ իրավունք եմ վերապահում այսպես գնահատել նրա վերոհիշյալ պատգամը:

Նազարեթ Սրմաքեշյանի աշխատասիրությունների հիանալի գծերից մեկն այն է, որ նա մարդկանց, ընթերցողների հետ խոսում էր այն ամենի մասին, ինչ անհրաժեշտ է այսօր, ինչ հուզում է նրանց, սկսած ամենաթանկ երազանքից, անձնական հոգսերից մինչև համազգային խնդիրներ:
Այս ամենը վկայում է նրա լայն ու խորը մտահորիզոնի, նրբազգացողության ու տաղանդի մասին:

Սրմաքեշյանը նաև իսկական հոգեբան էր որովհետև իր նրբազգացողությամբ երբեք աջակցության կարիքն ունեցող մարդուն անհարմար դրության մեջ չէր դնում:

Նրա խոսքի մեջ երբեմն հնչում էր զայրացած մարտահրավեր: Մեկ լսվում է անխնա մերկացնող բառեր, նաև մեղմ հումոր:

Սրմաքեշյանի աշխատասիրություններին հատուկ են լույսն ու բարությունը:

Եվ նաև՝ որդիական անհանգստությունն իրեն ծնող ժողովրդի այսօրվա, վաղվա ու ապագայի համար:

Ես առիթ եմ ունեցել տարբեր պայմաններում հանդիպել նրան, լսել նրա խոսքը, միշտ նա իրեն դրսևորում էր որպես իսկական և իմաստուն քաղաքացի:

Հայ ժողովրդի և, առհասարակ, մարդկության թշնամիների դեմ նա մարտնչում էր առանց խղճահարության, հարվածում էր նրանց իր իմաստությամբ:
Տարիներ առաջ, մեր զրույցներից մեկի ժամանակ Նազարեթ Սրմաքեշյանը շատ մտահոգ ասաց. <<Ես միշտ ասել եմ <<Իմ Հայաստանը>>: Բայց այժմ ստիպված եմ ասել՝ <<Այսպիսի Հայաստանն իմը չէ>>:

Ես շատ եմ մտածել նրա այդ խոսքերի շուրջ: Եթե Նազարեթ Սրմաքեշյանի նման մտածող, իմաստուն մարդու մոտ այդպիսի մտքեր են առաջանում, նշանակում է մեր երկրում շատ բան նրա պատկերացումներին չի համապատասխանում:
Հին Հունաստանի նշանավոր փիլիսոփա Պլատոնին են պատկանում հետևյալ խոսքերը. <<Պետության մեջ գերագույն իշխանությունը պետք է պատկանի իմաստուններին, իսկ մեզ մոտ սովորական երևույթ է դարձել, որ իշխանության մեջ հայտնված ամեն մի հիմար իրեն իմաստուն է համարում>>:

Եվ հետո՝ <<Կույր է այն իշխանությունը, որը գնում է անանցանելի ճանապարհով, որը թեքում է հասարակ ժողովրդի վրա, աղքատության ու չքավորության վրա, այսինքն փաստորեն թքում է երկրի վրա, և դրա համար խուլ է մարդկանց դժբախտության նկատմամբ, այդպիսի իշխանությունը և անամոթ քաղաքագետները անբարոյական են>>:

Սրմաքեշյանն էլ Պլատոնի նման, ձաղկում էր բոլոր այն իշխանավորներին ու քաղաքագետներին, ովքեր աչքի են ընկել իրենց տգիտությամբ, ովքեր անխղճաբար թալանել են մեր երկիրը, ովքեր չեն ափսոսացել Հայաստան հայրենիքի համար:
Սրմաքեշյանը գրել է. <<Նախագահի մը առաջնային ու էական պարտականութիւնը չէ՞ իր ժողովուրդի տնտեսական վերելքին և բարօրութեան գործօններու ստեղծման նպաստող հնարքներ գտնել: Այս առումով Լեւոն Տէր-Պետրոսեան,- իր տկար նկարագրին հետեւանքով… ոչինչ կրցաւ ընել: Աւելին՝ երկրին ամբողջ արդիւնաբերութիւնը 15-20 ընտանիքներու և անոնց շրջանակին կողմէ սեփականացուեցաւ և իւրացուեցաւ>>(նույն տեղը, էջ 57):

Այնուհետև, Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների քանդելն ու ավերելը համարելով <<Տխրահռչակ Լ. Տէր-Պետրոսեանի ազգավնաս գործունէութիւներէն մէկը>>, Սրմաքեշյանը գնահատել է որպես <<ոճրային արարք>> և ցավով նշել էր, որ դրա պատճառով <<հարիւր հազարաւոր անձեր անգործ մնացին և երկիրը իսկական անելի մատնուեցաւ:

Հետեւանքը այն եղաւ, որ մէկուկէս միլիոն մարդ արտասամանհուման գաղթեց: Արտահոսք եղաւ: Մինչդեռ կը մտածէինք, թէ Հայաստանի <<Անկախացում>>ով հայրենադարձ պիտի սկսէր:

Այս ահաւոր և յոյժ մեղադրելի արարքը երկիրը յետամնացութեան, աղքատութեան և ժողովուրդը ահռելի յուսահատութեան մատնեց>>(նույն տեղը, էջ 159):

Եվ ամբողջ դժբախտությունն այն է, որ հհշական չարամիտ իշխանությունից հետո ասպարեզ եկած հանրապետական կուսակցությունը ղեկավարվել է նույն գաղափարախոսությամբ և շարունակել է նույն քաղաքականությունը:
Այս կապակցությամբ հիշում եմ բոլորովին վերջերս մեր զրույցներից մեկ ժամանակ Նազարեթ Սրմաքեշյանի հետևյալ խոսքերը.
<<Մեր երիտասարդ հեղափոխականները ճիշտ են հասկացել մեր ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունեցող ազգային համերաշխությունն ու ազգային միասնությունը վերականգնելու և ամրապնդելու կարևորությունը:

Նրանք գիտակցում են, որ օտար զավթիչներից առավել մեր ժողովրդին ավելի մեծ վնաս են հասցրել նրանք, ովքեր իրենց անխոհեմ ու չմտածված գործերով խաթարել են մեր ազգային միասնությունն ու համերաշխությունը>>:

Նազարեթ Սրմաքեշյանը կանխատեսում էր, որ կգա ժամանակը և նորից կասի <<Իմ Հայաստանը>>: Հիմա եկել է այդ ժամանակը: Նրա լավատեսությունն արդարանում է:

Դրա վկայությունն է նրա հրապարակած դրական գնահատականը նվիրված 2018թ. գարնանը Հայաստանում տեղի ունեցած բախտորոշ իրադարձություններին մասին:

Հին խոսք է՝ եթե մարդը մեկ անգամ գողացել է, ապա նա մանր գող է, եթե նա երկու անգամ է գողացել, ապա միջին գող է, եթե երեք անգամ է գողացել, ապա խոշոր գող է, եթե չորս անգամ է գողացել, ապա՝ քաղաքագետ է: Նույնը վերաբերում է նաև ստախոսությանը; Եվ Նազարեթ Սրմաքեշյան հայրենասեր վերլուծաբան հրապարակախոսի խոսքը տարբերվում է քաղաքագետի խոսքից իր ճշմարտությամբ ու մաքրությամբ:

Ուստի, միանգամայն բնական է, որ Նազարեթ Սրմաքեշյանը ստանձնել էր իրարից խզված, անջատված խիղճը, պատիվն ու արժանապատվությունը նորից միացնելու պարտականությունը:

Նա իր խոսքով մարդկանց բերում էր մշակույթ, համախմբում է բոլորիս իր սեփական պատմությամբ ու սեփական խղճով:

Առածն ասում է՝ <<Երբ երկնքում կուտակվում են ամպերը, գյուղացին շտապում է փրկել բերքը>>:

Այժմ, երբ մեր Հայաստան երկրում և ամբողջ աշխարհում տեղի են ունենում իրավական տարատեսակ կոնֆլիկտներով ուղեկցվող չտեսնված փոփոխություններ, երբ կան ուժեր, որոնք ուզում են ամպրոպաբեր ամպերը կուտակել մեր Հայաստանի երկնքի վրա, Նազարեթ Սրմաքեշյանը կոչ էր անում ազգովի համախմբվել ու խորհուրդ անել:

Այժմ հնարավոր է դարձել գնել ու վաճառել այն, ինչ նախկինում արգելված էր: Խիղճը, սխրանքը, տաղանդը, գեղեցկությունը, կանանց, երեխային, պոեզիան, երաժշտությունը, երբեմն էլ հարազատ հողը: Ընդ որում, ամեն տարի կյանքի գինը պակասում է, իսկ իրերի գինը բարձրանում է: Եկել է ապաշնորհների ժամանակը:

Ն ազարեթ Սրմաքեշյանը չէր կարողանում անտարբեր մնալ այս ամենի նկատմամբ և ամբողջ ուժով բոլորիս կոչ էր անում համախմբվել մեր երկրում տեղ գտած այդ հոռի բարքերը վերացնելու համար:

Սիրելի հարազատներ այսպիսին է եղել կյանքին հրաժեշտ տված մեծ հայրենասեր, փիլիսոփայական մտացողությամբ օժտված, մարդասեր, բարություն սերմանող, իմաստուն, մեզ համար շատ թանգ ու հարգելի մարդ Նազարեթ Սրմաքեշյանը։

Խոնարհվում եմ իմ մեծ եղբայր Նազարեթ Սրմաքեշյանի հիշատակի առջև։
Նրա պատվարժան գերդաստանի բոլոր անդամներին սիրելի Վարդանի գլխավորությամբ ցանկանում եմ համբերություն և համոզված եմ, որ նրանք մեծ պատվով ու մեծ պատասխանատվությամբ կշարունակեն Նազարեթ Սրմաքեշյանի հայրենասիրության ու մարդասիրության պատգամները։

Նազարեթ Սրմաքեշյանի պայծառ հիշատակը միշտ կմնա իմ և իմ ընտանիքի անդամների երախտագետ սրտերում։

 

 

Վլադիմիր Պետրոսյան,պատմական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր

01․01․2020թ․ ք․Երևան, Հայաստան։

 

 

 

 

 

споделяне в социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net