Քեզ մոռացա ,
մոռացա այնտեղ,
ուր որսորդները խիղճը կորցրին,
և ճերմակն օդում մի վերջին անգամ
պար եկավ քամու նվագի ներքո
ու խաչվեց հողին:
Քեզ ես մոռացա ,
ճամփաբաժանին,
ուր օդում հազար ճայեր խեղդվեցին,
իսկ նավերն այդպես էլ հողին չհասան,
ծառերն անպտուղ,անսեր մնացին,
իսկ արևները ծովը նետվեցին
և էլ չգտան ետդարձի ճամփան:
Քեզ ես մոռացա,
գիշերակեսին,
ուր հազար աղոթք օդում կախ մնաց,
սավանն առանց բույր,
բարձն էլ առանց ափ,առանց կիրք մնաց,
ուր լուսինն անգամ հեշտանքի պահին
բախտը անիծեծ ու ցավից ոռնաց,
ուր մարմինը փող,իսկ փողը սեր էր:
Քեզ ես մոռացա,
արևածագին,
պատերին մոխիր,
մայթերին փոշոտ,
ուր անկյուններում
մեկ կոպեկանոց
տիկինները《սուրբ》
ինչ-որ մի կնոջ աղոթքն էին վիժում
և հեռանում էին թևանցուկ արած
քեզպեսների հետ:
Քեզ ես մոռացա,
մոռացա մորս աչքերում,
որտեղ քերծված են ոտքերս բոբիկ,
իսկ ասպետները հերոսներ են լոկ
բարի ու պայծառ գրքի տողերում,
որտեղ աչքերս ճերմակ գույնն ունեն
և որսորդները չեն խլել ինձնից
երկնքում պարող երազները իմ:
Մոռացա ես քեզ,
մոռացա այնտեղ ,
որտեղ Աստված այդպես էլ
երջանիկ չեղավ:

Անի Հերունի Սաջյան

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert