1920 թվականի մայիս։ Այդ ժամանակից անցել է 100 տարի։
Հայաստանի առաջին հանրապետության դաշնակցական ղեկավարները իրենց իշխանությունը սկսեցին մեծ խոստումներ տալով թե ամեն ինչ կանեն երկրի քայքայվաց տնտեսությունը վերականգնելու, սովը հաղտահարելու, տասնյակ հազարավոր որբերի ու գաղտականների վիճակը թեթևացնելու, կարգն ու կանոնը հաստատելու, հանցագորցություները կանխելու համար։
Կառավարության այդ խոստումների մեջ գլխավոր շեշտը դրվում էր հրչակված անկախությունը ամրապնդելու վրա։
Ստորեւ ներկայացնում ենք պրոֆեսոր ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
գրքից հատվածներ՝
«ՀԱՅԱՍՏԱՆ. ՄԱՅԻՍ, 1920 ԹՎԱԿԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ՀՀ ԳԱԱ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ 2020»
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԸՆԴՎԶՈՒՄԸ 1920 Թ. ՄԱՅԻՍԻՆ
ԵՐԿՈՒ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
Երկրի ներքին կյանքը կայունացնելու, կարգ ու կանոն հաստատելու գործում Հայաստանի Հանրապետության դաշնակցական կառավարության ձեռնարկած միջոցառումները դրական արդյունք չէին տալիս, չնայած, որ այդ ուղղությամբ ընդունվել էին բազմաթիվ որոշումներ: Դրանք, ինչպես նաև կառավարության անդամների ամպագորգոռ խոսքերն ու խոստումները չէին ամրապնդվում գործով:
Ավելի ու ավելի էր խորանում այն անջրպետը, որ ստեղծվել էր կենտրոնական իշխանության և ժողովրդի միջև: Գավառներում չէին կանխվում ապօրինությունները: Ասպարեզը մնացել էր մի խումբ բախտախնդիր անձանց ձեռքին, որոնք անարգել կերպով զբաղված էին հարստահարմամբ ու մարդկանց նկատմամբ բռնությունների գործադրմամբ:
Մեծանում էր սովից մահացած մարդանց թիվը։ Այսպես, օրինակ Ապարանի շրջանում 1919թ․ ծնվել էին 212 մարդ, մահացել էին 1285 մարդ (Վլադիմիր Պետրոսյան, «ԱՊԱՐԱՆԻ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ»,Երևան,1960 էջ 10)։
Ահա այսպիսի պայմաններում լցվել է Հայաստանի աշխատավոր բնակչության համբերության բաժակը և նա 1920 թ. մայիսին ընդվզել է իշխանությունների հակաժողովրդական քաղաքականության և ապօրինի գործողություների դեմ:
Համաժողովրդական ընդվզումը մեր պատմագրության մեջ հիշատակվում է որպես «1920 թ. մայիսյան ապստամբություն» և դրան տրվել է գնահատական:
Առաջին՝ դաշնակցության գործիչներն ու գաղափարախոսները դա գնահատում են որպես Սովետական Ռուսաստանի աջակցությունից օգտվող հայ բոլշևիկների դավաճանություն:
Երկրորդ՝ հայ կոմունիստներն էլ ձգտում էին դաշնակցության իշխանության անհեռատես քաղաքականությունից զզված ժողովրդի տարերային շարժումը դարձնել երկիրը կործանումից փրկելու միջոց:
Այս գնահատականներից ո՞րն էր ճիշտ:
Հայաստանի Հանրապետության դաշնակցական կառավարության վարած ամբողջ ներքին ու արտաքին քաղաքականության բուն էությունը, դրա օբյեկտիվ գնահատականը փաստում են, որ անտարակույս ճիշտ էր երկրորդ գնահատականը:
Իսկ ինչո՞ւ էր ճիշտ:
1920 թ. ապրիլի 28-ին Ադրբեջանում հռչակվել էր սովետական իշխանություն: Դա նշանակում էր, որ Անդրկովկասում նորից հաստատվում էր Ռուսաստանը՝ այս անգամ սովետական իշխանության տեսքով: Ստեղծված այսպիսի պայմաններում Հայաստանում սովետական կարգերի հաստատումն անպայման կնշանակեր ունենալ Ռուսաստանի նման հզոր դաշնակից, այն էլ այն դեպքում, երբ քեմալական Թուրքիան բացահայտորեն հանդես էր գալիս Հայաստանը ոչնչացնելու դիրքերից:
Իսկ ի՞նչ էր լինելու, եթե Հայաստանում չհաստատվեր սովետական իշխանություն:
1920 թ. հետագա ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները պերճախոս փաստեցին, որ Հայաստանը դաշնակցական կառավարության վարած անհեռատես քաղաքականության հետևանքով զրկվել էր Ռուսաստանի նման հզոր երկրի հետ դաշինքից, հայտնվել էր միջազգային մեկուսացման մեջ և կորցրել հսկայական տարածքներ՝ ավելի քան 35.000 քառ. կմ: Հայ ժողովրդի գլխին թափվեցին նոր դժբախտություններ:
Ահա, այս ամենն էլ հաշվի առնելով, համոզված կարելի է ասել, որ հայ կոմունիստները ճիշտ էին, երբ ստեղծված վիճակից դուրս գալու միակ ելքը տեսնում էին Հայաստանում սովետական կարգերի հաստատման և այդ միջոցով Ռուսաստանի հետ դաշինք կնքելու մեջ:
Այո, կոմունիստները ճիշտ էին այսպիսի ելք տեսնելու հարցում:
Անհրաժեշտ եմ համարում նաև ընդգծել հետևյալը։
Հայաստանի Հանրապետության դաշնակցական կառավարությունը իրավունք չուներ մայիսմեկյան խաղաղ ցույցերը ճնշել և մեծ արյունահեղություն կազմակերպել։ Ավելին՝ Հայաստանի և նրա ժողովրդի անվտանգության շահերից ելնելով՝ դաշնակցական կառավարությունը պարտավոր էր այսպես կոչված դաշնակիցների մոտ չցուցադրել իր որդեգրած հակառուսական, հակասովետական քաղաքականությունը :
Ադրբեջանում սովետական կարգերի հաստատումից հետո տեղի ունեցած իրադարձությունների վերլուծությունը բերում է այն համոզմանը, որ Հայաստանում ևս պետք է հաստատվեր սովետական իշխանություն:
Իմ տեսակետով, դաշնակցական կառավարությունը, իր կորպորատիվ շահերից ելնելով, չի կարողացել ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը և որդեգրել է մի անմիտ ու վտանգավոր քաղաքականություն: Դաշնակցական կառավարությունը գերադասել է պահել իր իշխանությունը, շարունակել է սիրաշահել դաշնակից տերություններին և բռնել Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը զոհաբերելու ոչ մի արդարացում չունեցող ուղին:
Այսպիսի քաղաքականությամբ դաշնակցական կառավարությունն ավելի է խորացրել առճակատումը Սովետական Ռուսաստանի հետ:
ՄԱՅԻՍՄԵԿՅԱՆ ՑՈՒՅՑԵՐԸ
Անցած տասնամյակներում մայիսյան իրադարձությունների մասին ինչպես Սովետական Հայաստանում, այնպես էլ արտասահմանում գրվել են բազմաթիվ գրքեր, հրապարակվել են փաստաթղթերի ժողովածուներ ու հուշագրություններ, որոնք հարկ չեմ համարում այստեղ վկայակոչել:
Ուստի, միայն կամենում եմ անդրադառնալ հետևյալ հարցին:
Ի՞նչ է իրենից ներկայացնում այսպես կոչված մայիսյան ապստամբությունը՝ սոցիալիստական, թե դրսից հրահրված շարժում:
Պետք է նշել, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը բացառվում էր, որովհետև Հայաստանում չկար զարգացած արդյունաբերություն: Հետևապես չկար նաև ուժեղ բանվոր դասակարգ, որը կարողանար ղեկավարել սոցիալիստական շարժումը: Բացառված էր նաև դրսի ազդեցությունը:
Իրադարձությունների վերլուծությունը բերում է այն համոզմանը, որ 1920 թ. մայիսին տեղի ունեցածը ժողովրդի զայրույթի հուժկու պոռթկում էր, որի դեմ դաշնակցական կառավարությունը ոտքի էր հանել Հայաստանի բնակչության մեծամասնության մոտ զզվանք ու սարսափ ստեղծած մաուզերիստ-ավազակախմբերին:
Ժողովրդի զայրույթի հասունացմանը նպաստել էր ոչ միայն դաշնակցական կառավարության անհեռատես քաղաքականությունը, այլև այն, որ դեռևս հարատևում էր ֆիզիկական բնաջնջման վտանգը: Վերջին հանգամանքից էլ թելադրված, ժողովուրդն աչքի առջև ունենալով պատմական փորձը՝ նորից կանգնել է ընտրության առջև` ո՞ւմ օգնությամբ փրկվել` Ռուսաստա՞նի, թե՞ Արևմուտքի:
Հայաստանում զարգացող իրադարձությունները, տեղի ունեցող ապօրինությունները, թալանը, մաուզերիստների անզուսպ հանցագործ արարքները, չհաղթահարվող սովը, կյանքի բոլոր ասպարեզներում շարունակվող անկումը, կառավարության սին խոստումները ժողովրդի մոտ արագորեն գցում էին կառավարության և դրա ղեկավար կուսակցության հեղինակությունը:
Եվ, փաստորեն, 1920 թ. մայիսին ժողովրդական զայրույթի ուժգին պոռթկումը հարկավոր է ոչ թե վերագրել կոմունիստների քարոզչությանը, ինչպես փորձում են ներկայացնել դաշնակցության գաղափարախոսները, այլև կառավարությունը ղեկավարող դաշնակցության հակաժողովրդական քաղաքականությանը, նրա դեմ համաժողովրդական ատելության ու զզվանքի ուժեղացմանը:
Ժողովրդի ատելությունը վաստակած դաշնակցական կառավարությունը դիմել է դեմագոգիայի՝ 1920 թ. մայիսի մեկին կազմակերպելով Մայիսմեկյան տոնակատարություն: Իշխանությունն առաջին անգամ նշում էր «Մայիսի մեկը»: Այս առաջին տոնակատարության մասին վկայում է նաև Ա. Խատիսյանը: Նա հայտնում է, որ չնայած ցուցարարների առջևով ընթացող ավտոմեքենայի վրա դրվել էր Լենինի նկարը, բայց բոլշևիկյան ոգով արտասանված ճառերը ժողովուրդն ընդունել է սառնությամբ:
Մայիսի մեկի տոնակատարության օրն Երևանում հանգիստ է անցել: Վստահ դրանից՝ կառավարությունը հաջորդ օրը իջեցրել է հացի չափաբաժինը: Մայիսի 3-ին սովյալ բազմությունը Երևանում փողոց է ելել: Սկսվել է անկազմակերպ ցույց: Կանայք ավերել են Աստաֆյան (այժմ` Աբովյան) փողոցի վրա գտնվող հացի փռերն ու խանութները:
Մայիսմեկյան խաղաղ ցույցեր եղան նաև Կարսում, Սարիղամիշում, Քավթառլույում, Դիլիջանում, Նոր Բայազետում: Այս ցույցերը թեև ունեին հակակառավարական բնույթ, բայց դրանց մասնակիցներն երբեք բռնությունների չեն դիմել:
Մայիսմեկյան տոնակատարությունն Ալեքսանդրապոլում ղեկավարում էին բոլշևիկները: Ալեքսանդրապոլում գտնվող «Վարդան Զորավար» զրահապատ գնացքում Սարգիս Մուսայելյանի գլխավորությամբ տեղավորվել է բոլշևիկների կենտրոնը: Այստեղ մայիսի 7-ին ստեղծված հեղկոմը, մի քանի օր անց՝ մայիսի 10-ին, Հայաստանում հռչակել է սովետական կարգեր և դրանով իր գործն ավարտված համարել:
1920 թ. մայիսի 13-ին Հայաստանի Հանրապետության դաշնակցական կառավարությունը «Վարդան Զորավար» զրահապատ գնացքում գտնվող հեղկոմին ներկայացրել է վերջնագիր: Մայիսի 14-ին կառավարական զորքերի հետ միասին Ալեքսանդրապոլ է մտել նաև Սեպուհը` սասունցի գաղթականներից և Դենիկինի մոտից փախած սպիտակ գվարդիական սպաներից կազմված ջոկատով: Նրանք դաժանորեն սպանել են բազմաթիվ զինվորների, որոնք համակրանք էին դրսևորել «Վարդան Զորավարի» նկատմամբ:
Չնայած մայիսյան ցույցերի խաղաղ բնույթին, դաշնակցական կառավարությունը դրանք խեղդել է արյան մեջ: Ձերբակալվել են բազմաթիվ մարդիկ, որոնցից 237-ը բանտերում սպանվել են առանց դատի: Կարսում գնդակահարվել է 300 մարդ, այդ թվում նաև 1918 թ. մայիսին Սարդարապատի հերոսամարտում վճռական մասնակցություն ունեցած «Մահապարտների» գնդի զինվորներին՝ իբրև Հայաստանի անկախության թշնամիների:
Պետք է նշել, որ Ալեքսանդրապոլի, Կարսի և այլ տեղերի մայիսմեկյան ցույցերի մասնակիցները զինված չեն եղել և զենք չեն օգտագործել։ Առհասարակ, կառավարության ուղարկած զինված ջոկատներին և մաուզերիստների խմբերին զինված դիմադրություն ցույց չի տրվել։
Դաշնակցական կառավարությունը դաժան դատաստան է տեսել նաև խաղաղ ցույցերին մասնակցող կոմունիստների նկատմամբ։
Շատ փաստերից բերեմ միայն մեկը։ 1920 թվականի մայիսին Նոր Բայազետի գավառում սկսված խաղաղ ցույցերին մասնակցող գյուղացիներին և նրանց միացած զինվորներին ճնշելու նպատակով եկել է Ռուբեն Տեր-Մինասյանը՝ զինված ջոկատի հետ միասին։ Խաղաղ ցույցը ճնշելու համար գործադրվել են սարսափելի միջոցներ, խոշտանգվել ու սպավնել են բազմաթիվ մարդիկ։
Մաուզերիստները Փաշաքենդ (այժմ Հացառատ) գյուղում բռնել են գավառում սկսված խաղաղ ցույցերի ղեկավար Հովհաննես Սարուխանյանին։ Մաուզերիստները Սարուխանյանի երկու ձեռքերը կապել են ձիերի թամքերից և գետնի վրա քարշ տալով՝ տարել են Նոր Բայազետ։
Կատաղած մաուզերիստները չեն բավարարվել Սարուխանյանին բազմաթիվ վերքեր հասցնելուց և Նոր Բայազետի հրապարակում կոտրել են նրա ձեռքերն ու ոտքերը և բանտ նետել։ Իսկ մայիսի 23-ին Հ․ Սարուխանյանին Երևան տանելու պատրվակով բանտից հանել են և ճանապարհին գազանաբար սպանել ( Վլադիմիր Ներկարարյան, «Հովհաննես Սարուխանյան», Երևան,1955, էջ 64):
Պատմիչ Առաքել Դավրիժեցին այդպիսի դաժան խոշտանգման մասին իր աշխատության մեջ պատմել է, որ թուրքական դատարանի վճռով Տիգրանակերտ քաղաքի հրապարակում ջարդել են 15-ամյա հայ պատանի Նիկողայոսի ոտքերն ու ձեռքերը․․․
Մինչև այսօր հայտնի չէ առանց դատի գնդակահարված կոմունիստների թիվը։
Միայն հայտնի է այն կոմունիստների թիվը, որոնք գնդակահարվել են դատարանի վճռով։ Այդ վճռով գնդակահարվել են Հայաստանի բոլշևիկների ղեկավարներից 46 մարդ, այդ թվում` Բագրադ Ղարիբջանյանը, Ստեփան Ալավերդյանը, Սարգիս Մուսայելյանը և ուրիշներ:
ԲԱԳՐԱՏ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ
Դաշնակցական կառավարության ստեղծած արտակարգ դատարանն արագորեն քննել է ապստամբությունը կազմակերպելու մեջ մեղադրվող բոլշևիկների գործը և բոլորին ենթարկել է մահապատժի։
Այդ դատարանում Բագրատ Ղարիբջանյանն իր վերջին խոսքում ասել է հետևյալը․
«Ես գիտակցում եմ, որ այնպիսի երկրում, որին ոտնակոխ են արել սուլթանական բաշիբուզուկները և դաշնակից իմպերիալիստները, օբյեկտիվ տվյալներ չկային իշխանությունը գրավելու և պահելու համար: Ես անձամբ համաձայն եմ եղել իշխանությունը գրավելուն, բայց ոչ այն ժամանակ՝ ոչ մայիսի
10-ին: Բայց ի՞նչ կարող ես անել, երբ առկա են սուբյեկտիվ նախադրյալները, երբ հասունացած միտքն արագացնում է իրադարձությունների ընթացքը»:
Բռնկված ապստամբությունը գնահատելով որպես անարյուն՝ Ղարիբջանյանը դա համարեց անվիճելի անհրաժեշտության արդյունք, և ասաց. «Ո՞վ է մեղավորը, որ ամբողջ Հայաստանով մեկ ապստամբեցին աշխատավոր մասսաները, որպեսզի տապալեն այն կառավարությունը, որն իրեն զրկել է ոչ միայն իրեն չհանդուրժող մեծամասնությունից, այլև անխոհեմ փոքրամասնությունից: Ո՞վ է մեղավորը, որ կառավարությունը բավականաչափ քաղաքական հեռատեսություն չունի, որպեսզի ժամանակին ձեռք առած միջոցներով կանխի ժողովրդական փոթորիկը: Կառավարությունը չցանկացավ հասկանալ նոր ժամանակի ոգին: Ժողովրդական ոգին խորթ էր պետական կուսակցությանը: Դա նրանց կործանման պատճառն էր պայքարի օրերին, դա նրանց դատապարտումը կլինի պատմության մեջ»:
«Ենթարկվելով կուսակցության կարգապահությանը,-շարունակեց նա,- չցանկանալով, որ հեղափոխությունը դուրս գա իր ափերից և ջրածածկ չանի շրջապատող իրականությունը՝ ես, այլ կոմունիստների թվում, անցա շարժման գլուխ: Մենք մեր նպատակին հասանք: Առանց որևէ մի կրակոցի մենք քաղաքը վերցրինք, (Նկատի ունի Ալեքսանդրապոլը-Վ․Պ․), նմանապես և առանց որևէ մի կրակոցի արյունահեղությունից խուսափելու համար մենք իշխանությունը հանձնեցինք` ուղիղ գծով տեղի ունեցած բանակցությունների համաձայն»:
Իր ճառը Բ. Ղարիբջանյանն ավարտեց հետևյալ խոսքերով. «…Դուք ինձ մահապատժի եք դատապարտում: Թո՛ղ այդպես լինի: Բռնությամբ կյանքից զրկելը եզակի երևույթ չէ հեղափոխական փոթորիկների մեր ժամանակներում: Ես երջանիկ եմ, որ ընթանալով ժողովուրդների լավագույն զավակների հետքերով, որոնց գլխավորում էր Շահումյանը՝ դրանով ես բացում եմ Հայաստանում ազատագրական շարժման առաջին էջը, բայց դուք իմացեք, որ նույն այդ պատմության հակառակ էջը կբացեն ռեակցիայի ուժերը, հակահեղափոխական տարրերը:
Եթե դուք վստահ եք, որ մահապատժի ենթարկելով ինձ՝ դրանով կկանգնեցնեք հայ չքավորության արյունաքամությունը, եթե դուք վստահ եք և համոզված, թե մեր կյանքի գնով ձեզ կհաջողվի հայ չքավոր գյուղացիությանն ու բանվորներին ազատել չարանենգ սպեկուլյացիայի և անընդհատ շորթումների մագիլներից, ես հոժարակամ կգնամ դեպի մահապատիժ, դրանով ես միայն կկատարեմ իմ ժողովրդի փրկության համար ընկած հեղափոխականի պարտքը»: (ՀՀ ԱԱ, ֆ. 9, ց. 2, գ. 5, թ. 1-14):
Իր գոյության երկու և կես տարիների ընթացքում Հայաստանի դաշնակցական կառավարությունն ոչ մի հաջողություն չունեցավ ինչպես երկրի ներքին կյանքում, այնպես էլ միջազգային ասպարեզում:
Շարունակելի