Այսօր խմորվում է՝  դառը հաց, վաղվա համար     

                                                                               ժող. ասածվացք                          

2016 թվականին Բեռլինում բնակվող մի խումբ հայեր առիթն ունեինք ուղիղ եթերով, զրուցել Պարոն Փաշինյանի հետ։ Այդ զրույցի ընթացքում նա այն միտքը հայտնեց, որ իրենք՝չեն հետևում իզմերին։ Նա խոսեց նաև թավշյա իշխանափոխության հասնելու իրենց տեսակետից…

            Նախ, ի՞նչ ասել է՝ իզմերին չհետևել, երկիր ղեկավարել՝ առանց որևէ հստակ գաղափարախոսության և տնտեսական ծրագրերի

            Ի՞նչ ասել է՝ «Արցախը Հայաստան է և վերջ», հայտարարությունը,  որը իրագործելու համար երկիրը ոչ մի նյութական, մարդկային ռեսուրս չուներ և ինչպես հիմա է պարզվում, չէր կարող ոչ մի՝ քիչ, թե՝ շատ, բարեկամ պետության կողմից աջակցություն ակնկալել…

            Վերջին երկուս ու կես տարիների անց ու դարձերը մասամբ բացահայտեցին.

            -Որ՝ ոչ հետևողական և չափից ավելի թավշյա և իզմերին չհետևող գործադիր իշխանության մեղկ և ներքին՝ գաղափարազուրկ քաղաքականությունը, լուրջ խոչնդոտ են լինելու, երկրի ներսում հասնել արդար և համերաշխ հասարակություն ստեղծելու նրանց ձգտումների, միտումների իրագործման համար։

            -Որ որոշ, թող թույլ տրվի ասել՝ ամբոխավար կոչերը, բարյացակամ ցանկությունները, բավական չեն արմատախիլ անել, տասնամյակներ շարունակ հասարակության մեջ ամրացած, մի շարք բացասական բարքեր և սովորություններ…

            -Որ անցյալ իշխանությունների գաղափարազուրկ խամաճիկներին (վանեցյաններ, օսեպյաններ և այլն) վստահել, նրանց նշանակել պատասխանատու պաշտոնների և սպասել, որ նրանք դարձի կգան և չեն չարաշահի իրենց դիրքը, մեղմ ասած՝ միամտություն է եղել…

            -Որ քայլեր չանել դատական իշխանությունը բարեփոխել և համաձայնեցնել հեղափոխության պահանջներին և սպասել ինքնամաքրման, լուրջ բացթողում է եղել, որի հետևանքն, այդ կառույցում նկատվող տեղատվությունն է և ներկայիս փողոցներում ձևավորվող ընդդիմության տարատեսակ թշնամական պատկերը։

            -Որ 2018 թվականին, ոգևորված ժողովրդի մոտ հեղափոխությանը ձայնակցելու պատկերից, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը չփորձեց, ավելի շուտ, չուզեց, քաղաքական այն ուժերին, ովքեր մոտ էին կանգնած հեղափոխությանը, ներգրավել նոր ձևավորվող գործադիրի մեջ։ Ինչպես գերմանացիք են ասում՝ նրանց չվերցրին նավակի մեջ, ապա բնական է, որ այս օրերին, նրանք միայնակ պատասխան պետք է տան, պատերազմի նման ելքի պատճառով, որքան էլ, որ այդ պարտությունը ամենից առաջ պետք է վերագրել անցյալ իշխանությունների ազգակործան գործունեության հետ…

            -Որ ներկայիս Հայաստանի քաղաքական դաշտում նկատվող՝ բոլորը՝ բոլորի դեմ, բոլորը՝ իշխանության դեմ և նրանց պետականության հիմքերը խարխլող գործընթացքը դիտելով, մեզ միանգամայն պարզ է դառնում, անցյալում հայ ժողովրդի պարտությունների պատճառը։ Եվ եթե այսօր տարբեր ուժերի կողմից լուրջ քայլեր, փորձեր չարվեն, զսպվածություն ցուցաբերել, ինքնամաքրման հասնել և առաջնորդվել կարողանան միայն հանրության ու երկրի շահերը նկատի առնելով, ապա հաջորդ պարտությունը անխուսափելի է լինելու։

            Եվ բոլորովին էլ մարգարեություն չի լինելու, եթե ասել, որ այսօր որոշ մերժված շրջանների կողմից խմորվում է այն՝ դառը հացը, որ վաղը հրամցվելու է հաջորդ սերունդներին, եթե նրանք հաղթանակ տանեն…

            Նման հոռետես վարկածը գուշակություն չէ, այլ իր մեջ ներառում է իրական վտանգի կանխատեսում, Հայաստանի քաղաքական դաշտում ներկայիս շիլա – շփոթը վկայակոչելով և տարբեր ու տարատեսակ անուններով կուսակցությունների և իշխանության հավակնող անձերի, բազմազանությունը նկատի առնելով…

            Լուսավոր Հայաստան, Բարգավաճ Հայաստան, երկիր ծիրանի, Սասնա Ծռեր և այլն, և այլն, բոլորն էլ մեկը մյուսի պատճենը, երկրի զարգացման համար ոչ հստակ քաղաքական, տնտեսական ծրագրեր առաջադրելով…

            …Անպատասխանատու քայլ այն բոլոր քաղաքական գործիչների կողմից, ովքեր բոլորն էլ անխտիր, իմաստնությունն ունեն, տեսականորեն վերլուծել՝ մեր մոլորակի մարդկային հասարակությունների՝ բոլոր քաղաքական, տնտեսական խնդիրները և լուծումներ առաջադրել, սակայն անկարող են, սեփական երկրում, դեն նետել իրենց՝ անհատական հավակնությունները, չափավորել իրենց եսը և գործնականորեն միավորվեն, որևէ հստակ գաղափարի և տնտեսական, քաղաքական որոշակի ծրագրեր ունեցող, ասենք՝ նոր՝ սոցիալ դեմոկրատական  կուսակցության շուրջ։ Խոսքը այն ուժերի մասին է, որոնք պաշտպանեցին 2018 թվականի հեղափոխությունը, կամ նրան մոտ էին կանգնած։ Իրականում այդ պետք է արվեր դեռ շատ վաղուց, հենց Ազգային Ժողովի ընտրությունների նախօրյակին, կամ, պետք է փորձ արվեր, առնվազն ԱԺ-ում Լուսավոր Հայաստան կուսակցության հետ կոալիցիոն կառավարություն ստեղծել, այդ դեպքում ամբողջովին «Իմ Քայլը» խմբակցության ուսերին չէին ծանրանա, ներկայիս կառավարության ճգնաժամը…

            Ցավոք պետք է նշել, որ եթե 2018 թվականի հեղափոխության թարմ և ոգևորիչ շունչը նաև սփյուռքում էր որոշ չափով արթնացրել Հայաստանից հեռացած, ինչպես նաև բուն սփյուռքահայության շրջաններին, և որոշները ոչ միայն երազում, ապա լուրջ մտածում էին, հայրենիք վերադառնալու մասին, ապա ներկայիս, նրանց մոտ էլ է նկատվում, հուսալքում, շփոթություն, հարցադրում և իհարկե սպասում, արդյո՞ք հայրենի իշխանություններին կհաջողվի՞, հնարավորինս կարճ ժամկետում հաղթահարել ներկայիս ճգնաժամը և վերացնել պատերազմի հետևանքները…

Սամվել Հովասափյան, Բեռլին, փետրվար 2021

                                                                                                                             

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert