Քանի դեռ չկան իրար հետ ուղիղ կապի պատրաստ մասնագետներ, միշտ կապը և անգամ կապի բացակայությունը լինելու է միջնորդավորված, որտեղ շահում են միջնորդները. Անի Սարուխանյան

– Հարգելի Անի, ինչպե՞ս տարիներ առաջ վճռեցիք սովորել ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնում, կա՞ արդյոք որևէ նախապատմություն։ Ձեր մասնագիտության ընտրությունը ինչպե՞ս ընդունվեց հարազատների կամ  ընկերական շրջանակներում։

– Այո, կա նախապատմություն, որը նման է թուրքագիտության ուսանողներից երևի շատերի նախապատմությանը։ Մայրս ինձ մեծացրել ու դաստիարակել է որպես պահպանողական ազգայնական, ուստի պատանեկության ու մասամբ վաղ երիտասարդության տարիներս կարելի է բնորոշել որպես մոլի ազգայնականության տարիներ, երբ միտքս ու հույզերս ամբողջովին համակված էին ազգափրկության վեհագույն գաղափարներով ու վրեժխնդրության ցասմամբ։ Նախ ուզում էի զինվորական դառնալ, բայց այդ ժամանակ ռազմական ինստիտուտում աղջիկների ընդունելություն դեռ չկար։ Մի օր ձեռքս առա «Դիմորդ» ուղեցույցը և սկսեցի հերթով ուսումնասիրել բուհերն ու մասնագիտությունները։ Այսօրվա պես հիշում եմ զարկերակիս բաբախյունը, երբ կարդացի «Թուրքագիտություն» մասնագիտությունը (հետագայում ամբիոնը վերանվանվեց և իրավացիորեն դարձավ թյուրքագիտության ամբիոն)։ Այն համապատասխանում էր թե՛ «թշնամու լեզուն իմանալու» և դրանով «վրեժ լուծելու» հայրենասիրական մղումներիս, թե՛ լեզվական-լեզվաբանական հետաքրքրություններիս ու հակումներիս։ Ընտրությունս հենց այդ պահին կատարվեց։ Շրջապատում ընդունվեց նորմալ, որովհետև շրջապատս ինձ ճանաչում էր, և երևի հենց այդպիսի մի բան էին սպասում ինձնից։

Հայաստանից Թուրքիա ձգվող ճանապարհը Ձեզ ԵՊՀ-ից բերեց Անկարայի համալսարան։ Իբրև հայերենի դասախոս՝ ինչպե՞ս ընդունվեցիք թուրքական ակադեմիական միջավայրում։

– Ուսանողական տարիների ընթացքում հայրենասիրությունս հուզականից տեղափոխվեց ավելի ռացիոնալ դաշտ։ Վերափոխվեցին գաղափարներս ու մտածողության նախկին կաղապարներս։ Բացի դրանից թուրքագիտության անծայրածիր օվկիանոսի մեջ ժամանակի հետ ավելի հստակ ուրվագծվեց այն նեղ մասնագիտական ոլորտը, որտեղ պիտի շարունակեի գործունեությունս։ Դա լեզուն էր, մասնավորապես թարգմանությունը, հետագայում՝ նաև լեզվի ուսուցումը։ Հատկապես մագիստրատուրայում ուսանելու տարիներին Թուրքիայում կրթությունս շարունակելու ուղիներ էի որոնում, որովհետև պարզ էր, որ լեզվական գիտելիքներս կատարելագործելու լավագույն ճանապարհը լեզվակիրների հետ նույն միջավայրում հայտնվելն է։ Իսկ դա գիտեք, որ այդքան էլ հեշտ որոշում չէ թուրքագիտության ուսանողների համար՝ դիվանագիտական հարաբերությունների բացակայության և բազմաթիվ այլ պատճառներով։   Հենց այդ ժամանակ ծանոթացա Երևանում բնակվող պոլսեցի այն երիտասարդի հետ, որը հետո պիտի դառնար իմ ամուսինը։ 2017-ին տեղափոխվեցինք Անկարա, որտեղ իմ առաջնային նպատակը ուսումս շարունակելն էր Անկարայի համալսարանի լեզվի, պատմության և աշխարհագրության ֆակուլտետի հայոց լեզվի և մշակույթի ամբիոնում։ Այն ինձ հնարավորություն կտար ներսից ճանաչելու այս երկու սերտորեն փոխկապակցված և քաղաքականացված գիտական համակարգերը՝ Հայաստանում թուրքագիտությունը և Թուրքիայում հայագիտությունը։

Ի զարմանս ինձ՝ Անկարայի համալսարանում չտեսա այն քաղաքականացված միջավայրը, որ սպասում կամ պատկերացնում էի։ Անշուշտ գովելի է, երբ Թուրքիայի նման երկրում հայագիտության ամբիոնը (չշփոթել Հայաստանով զբաղվող այլ կառույցների և անհատների հետ), շնորհիվ ամբիոնի հիմնադիր-վարիչ, պրոֆեսոր Բ․Քարաջայի հետևողականության, փորձում է հնարավորինս անսասան պահել գիտական-ակադեմիական դիրքը՝ զերծ մնալով սոսկ քարոզչական գործիքի վերածվելու վտանգավոր և վնասակար գայթակղությունից։ Ամբիոնի վարիչի հետ առաջին հանդիպումից հետո ինձ առաջարկվեց դասավանդել ամբիոնում, ինչին ես սիրով համաձայնեցի, որովհետև լեզուն իմ տարերքն է, իսկ նրա դասավանդումը՝ էներգիայիս հիմնական աղբյուրներից մեկը։  

Ակադեմիական միջավայրում ընդունվեցի այնպես, ինչպես երևի կընդունվեի Հայաստանում որևէ տեղ աշխատանքի ընդունվելիս։ Ունեմ առողջ գործնական-ընկերական հարաբերություններ բոլոր գործընկերներիս հետ։ Անկարայի համալսարանում գրեթե բոլոր լեզուների ամբիոններում կան լեզվակիր դասախոսներ՝ ամենատարբեր երկրներից։ Ես ընդամենը նրանցից մեկն եմ։

– Ի՞նչ եք դասավանդում Անկարայի համալսարանում, ովքե՞ր են Ձեր ուսանողները։ Առհասարակ Թուրքիայում ովքե՞ր են շահագրգռված հայերեն սովորել ։

– Իմ աշխատանքի անցնելուց հետո՝ 2018-ին, հայոց լեզվի և մշակույթի ամբիոնում բացվեց բակալավրի ծրագիր (մինչ այդ գործում էր միայն մագիստրատուրա և PhD), որտեղ դասավանդում եմ բանավոր խոսքի, թարգմանության հետ կապված առարկաներ, ինչպես նաև ընդհանուր արևելահայերեն եմ դասավանդում ամբիոնի նախապատրաստական կուրսում։

Թուրքիայում հայերենի հանդեպ հետաքրքրությունը նվազագույն է։  Ի տարբերություն Հայաստանի և Ադրբեջանի՝ Թուրքիայում բացակայում է  «թշնամու լեզուն սովորելու» շարժառիթով մասնագիտության ընտրությունը։ Առհասարակ այստեղ հանրության շրջանում բացակայում է հայերի՝ որպես թշնամու միասնական կերպարի ընկալումը, որովհետև այստեղ «թշնամիները» շատ են և փոփոխական։

Հայերենով հետաքրքրված առաջին՝ ամենամեծ խումբը տեղացի հայերն են, որոնց մեծագույն մասը հետաքրքրված է արևմտահայերենով։ Երկրորդ՝ անհամեմատ ավելի փոքր խումբը կազմում են տարբեր գիտնականներ՝ պատմաբաններ, մշակութաբաններ, գրականագետներ և այլն, որոնք սովորում են հայերեն՝ որպես երրորդ, չորրորդ օտար լեզու՝ իրենց գիտական ուսումնասիրությունների շրջանակն ընդլայնելու նպատակով։ Երրորդ խումբը հայերի և Հայաստանի հանդեպ համակրանքով լցված մարդիկ են։ Չորրորդը՝ հաճույքի համար՝ որպես նոր, դժվար, յուրահատուկ լեզու սովորողներ։ Վստահ եմ, որ կան նաև ուժային կառույցներում ռազմավարական նպատակներով սովորողներ, որոնց անձամբ ես դեռ չեմ հանդիպել ո՛չ մասնավոր դասերիս շրջանակում, ո՛չ համալսարանական միջավայրում։

Արցախի պատերազմի ընթացքում, երբ Թուրքիան անթաքույց սատարեց Ադրբեջանին, Հայաստանում թուրքական ամեն ինչի հանդեպ եղած ատելությունը հասավ իր գագաթնակետին։ Ձեր կարծիքով՝ վրեժի ու ցասումի, ատելության զգացմունքային դաշտից ինչպե՞ս կարելի է տեղափոխվել իրատեսական դաշտ, որտեղ լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած (չէ՞ որ մեր աշխարհագրական դիրքը մեզ «պարտադրում է» ունենալ հարաբերություններ Թուրքիայի հետ, սովորել թուրքերեն, ճանաչել Թուրքիան խորքից, ճանաչել ներսից)։

– Պատերազմի ընթացքում և հետո Հայաստանում ատելության մթնոլորտի շիկացումը օրինաչափ եմ համարում։ Այլ կերպ հնարավոր չէր։ Մարդիկ ազատ են ատելու կամ սիրելու ում ուզեն և որքան ուզեն, սակայն պետությունը իր քաղաքացիների պաշտպանության, բարեկեցության, խաղաղ բարգավաճման համար պարտավոր է սեփական շահերից բխող քաղաքականություն վարել։ Տպավորություն է, թե մեր պետության մեջ վաղուց կորսվել է պետական շահի գիտակցումը, նրա սահմանումը։ Գուցե այս հարցում հարկավոր են ավելի լուրջ քննարկումներ, ազատ բանավեճեր։ Մենք պարտավոր չենք հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, բայց ըստ իս՝ երկուստեք մեր շահերից է բխում հարաբերություն ունենալը։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի այդ հարաբերությունները հաստատել ավելի վաղ, քան դանակը կհասնի պարտադրվածության ոսկորին։ Սովորել թուրքերեն և ճանաչել Թուրքիան ևս պարտավոր չեն բոլորը, պարտավոր են մասնագետները։ Մյուսների համար պարզապես ՑԱՆԿԱԼԻ է ճանաչելը։ Որովհետև վախից ծնված այս ատելությունն իրականում գալիս է անճանաչությունից և դրանից բխող անճարության զգացումից։

Ապրելով Թուրքիայում՝ Դուք ներսից եք ուսումնասիրում երկիրը, պատմությունն ու մշակույթը, ավելին՝ երկու զուգահեռները անընդհատ Ձեր տեսադաշտում են։ Այսօր Հայաստանում թուրքագիտությունը ի՞նչ վիճակում է, որո՞նք են ակնհայտ բացթողումները, առհասարակ ի՞նչ բարեփոխումների կարիք կա։ Երբևէ ուսումնասիրե՞լ եք, թե Թուրքիան որքանով է կարևորում երկրում հայագիտության ոլորտի զարգացումը։

– Թուրքագիտությունը՝ որպես լայն թյուրքագիտության մի ճյուղ, որպես գիտակարգ, երկարամյա հարուստ ավանդույթ ունի Հայաստանում։ Սակայն այն մեծ մասամբ պտտվում է հայկական թեմատիկայի, հայ-թուրքական խնդրի շուրջ։ Սա միանշանակ կարևոր է, պետք է և պարտադիր է։ Սակայն սրա կողքին բացթողում է նույն հայ-թուրքական կոնֆլիկտի լուծման իրատեսական ուղիների, պատկերացումների, տարբերակների վերաբերյալ աշխատանքների գրեթե բացակայությունը։

Մտահոգիչ եմ համարում բուն թուրքական մշակույթի, գրականության, պատմության, քաղաքականության, լեզվական հարցերով ուսումնասիրությունների սակավությունը։ Այն աստիճան, որ անգամ դիպլոմավոր թուրքագետներ կարող են իրենց թույլ տալ արտահայտություններ, ինչպիսիք են «թուրքը գրականություն չունի», «թուրքական մշակույթ գոյություն չունի» և այլն։ Էլ չեմ խոսում մասնագիտական շրջանակից դուրս թուրքական մշակույթի մասին առկա կանխակալ պատկերացումների մասին, որ ունի երկու բևեռացված դրսևորում․ առաջինը՝ «էդ քոչվոր բարբարոսներին ի՞նչ մշակույթ» համոզման կրողներ, երկրորդը՝ տեղեկատվական վակուումի մեջ թուրքական սերիալները հալած յուղի տեղ կուլ տվողներ։ Այս վակուումը լցնելն ու թյուրընկալումները շտկելն էլ կարծում եմ կրկին թուրքագետներիս գործն է, որ չի արվում կամ գոնե չի երևում։

Ինչ վերաբերում է թուրքական հայագիտությանը, ապա այն, որ 85 միլիոնանոց երկրում հայագիտություն դասավանդվող երկու բուհերում միասին վերցրած (Անկարայի համալսարան և Կայսերիի Էրջիյեսի համալսարան) կան մատների վրա հաշված ուսանողներ, ցույց է տալիս, թե որքան է Թուրքիան կարևորում երկրում հայագիտության զարգացումը․․․ Չկա նաև դրա հանրային պահանջը։ Մինչդեռ իզուր։ Քանի դեռ չկան իրար հետ ուղիղ կապի պատրաստ մասնագետներ, միշտ կապը և անգամ կապի բացակայությունը լինելու է միջնորդավորված, որտեղ շահում են միջնորդները։

Ձեր թուրք ուսանողները և առհասարակ թուրքերը ի՞նչ վերաբերմունք ունեն Հայաստանի, հայ ժողովրդի հանդեպ (հայերի հանդեպ ունեցած թուրքերի կանխակալ վերաբերմունքը կարելի՞ է ասել, որ անհատական հարաբերություններում փոխվում է)։ Ի վերջո, մե՞նք ենք իրենց ավելի շատ ատում, թե՞ իրենք մեզ։

– Մինչ օրս իմ ուսանողները կա՛մ ընդգծված դրական, կա՛մ չեզոք վերաբերմունք են ունեցել հայերի նկատմամբ։ Գուցե հետագայում պատկերը փոխվի, որովհետև առհասարակ թուրքերի վերաբերմունքը հայերի հանդեպ խիստ տարբեր է՝ հայերին և Հայաստանին սիրահարվածներից մինչև կույր ատելությամբ լցված հոծ զանգվածներ։

Երբեք բացասաբար տրամադրված մարդկանց հետ տևական շփում չեմ ունեցել, որ փոփոխություն նկատեմ։ Որպես հայ՝ հաճոյախոսություններ էլ չեմ ստացել։ Ստացել եմ ընդհանուր հայերին ուղղված հաճոյախոսություններ, երբ իմացել են, որ հայ եմ։

Թվաքանակով նրանց մեջ ավելի շատ են ատողները, որովհետև նրանք 85 միլիոն են, մենք՝ 3։ Տոկոսային հարաբերությամբ մենք ավելի շատ ենք ատում, որովհետև տուժող կողմը մենք ենք։ Եթե նկատել եք, Ադրբեջանում էլ ավելի շատ էին մեզ ատում, քան մենք իրենց, որովհետև ըստ իրենց՝ իրենք էլ մեզնից էին տուժել։

Դուք միևնույն ժամանակ դասավանդում եք թուրքերեն․ բոլոր նրանց, ովքեր թուրքերեն սովորել-չսովորելու երկընտրանքի առաջ են կանգնած, ի՞նչ խորհուրդ կտայիք։ Հատկապես այս պատերազմից հետո, թուրքերեն և ադրբեջաներեն սովորելու անհրաժեշտությունն արդյո՞ք աճեց։

– Միանշանակ անհրաժեշտություն է այդ լեզուներին լավագույնս տիրապետող տարբեր ոլորտների մասնագետներ ունենալը։ Լեզուն իմանալը կարևոր է առաջին ձեռքից ինֆորմացիա ստանալու և ուզածդ ինֆորմացիան դիմացի դաշտ տեղափոխելու, անհրաժեշտության դեպքում կենդանի հաղորդակցության մեջ մտնելու, սկզբնաղբյուրների հետ աշխատելու համար։ Եվ առհասարակ, չէ՞ որ ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես, և ամեն նոր լեզու մի նոր աշխարհի բանալի է, նոր մտածողություն է։ Իսկ ընդհանրապես, տևական խաղաղության հասնելու համար այսօր հարևանների լեզուն սովորելուց թերևս ավելի կարևոր է նրանց հետ լեզու գտնելը, ինչի համար ամենաառաջին պայմանը ոչ թե լեզուն իմանալն է, այլ լեզուն գտնելու փոխադարձ ցանկությունը։  

https://www.armtimes.com/hy/article/207818

Լիլիթ Պողոսյան, Թուրքիա

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert