«Այսպես….. մեր մեծ տարածաշրջանում, որի ամբողջական ընկալումը հայաստանցիներս չունենք, առաջիկայում գուցե թե այնպիսի իրողություններ են ազդեցիկ նշանակություն ունենալու, որ չէինք էլ կարող կանխատեսել։ Դրանք շարժելու են սալեր, որոնք աշխարհակարգային չափումների ու ծավալների տիրույթում են, առաջացնելով էական տեկտոնիկ տեղաշարժ, որի սկիզբը դրվեց նախորդ շաբաթ Չինաստան-Իրան հարյուր միլիարդավոր դոլարների պայմանագրով։

Չինաստանը խաղաղօվկիանոսյան հակամարտությանն ավելացնում է ԱՄՆ-ի հետ դիմակայության ևս մեկ լոկացիա, ինչը վկայում է, որ նրանք այս որոշումը հաստատապես ոտքի վրա չեն ընդունել։ Ընդ որում ծրագիրը, եթե, իրոք, երկուստեք անկեղծորեն կյանքի կոչվի, Իրանի դեպքում Դուբայի, գուցե դուբայների հնարավորության հիմքեր է դնում։ Հնարավոր տեղանքները նույնիսկ անվանված են, այդ թվում չարենցյան Մակուն։ Բացի գեոպոլիտիկ բովանդակությունից, սա նաև վիթխարի բիզնես պրոյեկտ է։

Ոնց հասկանում եմ առանձին կղզիներում էլ կլինեն եվրոպական պլյաժներ անգամ կրոնապետության պայմաններում, առանձնացված հեռուներում, որտեղ այլազգի կանանց համար պրոբլեմներ չեն լինի հարավային արևի ջերմությունը վայելելու հարցում։ Այսինքն, պայմանագիրը կյանքի կոչվելու դեպքում արդեն առաջիկա հինգ տարում էականորեն ու թավ ուրվագծերով փոխելու է ռեգիոնի դիմագիծը։

Ընդ որում, նկատենք, որ մեկ ամիս առաջ, Իրանն իմանալով, թե ինչ է սպասվում Չինաստանի հետ հարաբերություններում, հայտարարեց նաև ԵԱՏՄ մտնելու մտադրության մասին։ Այնպես որ Թեհրանում ևս այս որոշումը ոտքի վրա չէ, որ ընդունել են ու հիմա այլևս նոր իրողություններ են առաջացել։ Տրամպի անհեռատեսությունը, բայց ոչ միայն դա, Իրանին մղեցին ազգային անվտանգության նորանոր երաշխիքներ գոյացնելու քայլերի։

Ի՞նչ է անելու ԱՄՆ-ը։ Զիջելու՞ է տարածաշրջանը, թե գտնելու է պետություն կամ պետությունների խումբ, որ կլինի կամ կլինեն իր կիսադաշտի խաղացող։ Չեմ բացառում, նույնիսկ շատ հավանական եմ համարում, որ այդ երկիրը կամ նրանց թվում լինի Թուրքիան։ Էրդողանն այստեղ խնդիր է, որը պետք է թեկուզ փափուկ ուժով խաղա Իրան-Չինաստանի դեմ։ Իսկ եթե չխաղա, ի՞նչ է լինելու։

Բոլոր դեպքերում պիտի նկատի առնենք դեռ չերևակվող մեկ հարց ևս. իսկ ի՞նչ է անելու Ռուսաստանը մի դեպքում Իրան-Չինաստանի դեմ խաղացող, իսկ մյուս դեպքում այդ խաղից հրաժարվող Թուրքիայի հետ հարաբերություններում։ Սրանք խնդիրներ են, որ այսպես կամ այնպես ձևակերպվելու են որպես մարտահրավերներ, մարտահրավերներ մեզ համար, նաև Ադրբեջանի համար ու մի թեթև էլ Վրաստանի համար։ Իսկ եթե մենք ամենօրյա ռեժիմով դրանց պատասխանները չփնտրենք, նորից կունենանք լավագույնը ցանկանալու և ՛՛ինչպես միշտը ՛՛ ստանալու հեռանկարը»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert