Պատմվածքը նվիրվում է պատերազմի բովով անցած ,անձնվեր ,քաջարի բժիշկներին

-Կարճատև արձակուրդ հավերժությունից. ահա թե ով կամ ինչ ես դու: Դու կյանք ես, որ տրված ես մեզ՝ ճշտած չլինելով անգամ՝ մենք այն ուզու՞մ ենք, մեզ պե՞տք է այդ կարճատև արձակուրդը, այդ կյանք կոչվածը, թե՞ ոչ: Քանզի այն ում համար նվեր է, ընծա՝ ուղարկված ի վերուստ, ում համար՝ նվիրում, անձնազոհություն, ում համար՝ տառապանքների անհաշիվ, անհամար շղթա, ում համար՝ ընդամենը տասնօրյա ակնթարթ, ում համար՝ ամբողջ մի հավերժություն, անվերջանալի, ում համար…Կարճատև արձակուրդ հավերժությունից…Գրողը տանի: Որքան էլ որ փորձես խուսափել, շրջանցել, չի ստացվի: Մենք պարտավոր ենք այն վերցնել, տնօրինել, քանի որ այն տրված է մեզ, այն մերն է և մենք պարտավորություն ունենք դրված մեր ուսերին, պիտի տնօրինենք: Միաժամանակ այդ արձակուրդը՝ այդ կյանք կոչվածը բացառիկ հնարավորություն է՝ ընձեռված մեզ, և մենք պիտի բաց չթողնենք այն: Մենք նույնիսկ հստակ չգիտենք մեզ ընձեռված այդ հնարավորության չափը: Մի բան ես հաստատ գիտեմ, որ ինձ տրված չէ լինել առաջնաշարքերում, և շատ ավելի լավ, ստիպված չեմ լինի կեղծ ժպտալ, բարձր ծափահարել և աչքի պոչով հետևել, թե արդյո՞ք ամեն բան ճիշտ եմ անում, թե՞…Արի ասենք, որ այս արձակուրդի ամենագարշելի մասը պարտադրանքի մասն է: Դու պարտավոր ես, դա պարտադիր է: Դա նողկալի է, իսկ սրտխառնոցը տհաճ զգացողություն է: Լա՛վ, թքած ամեն ինչի վրա, արի վայելենք մեր արձակուրդը: Գուցե Մալդիվնե՞ր: Ա՛յ, կհագնենք դեղին տրուսիկներ և կվայելենք կյանքը՝ մեր բաժին արձակուրդը: Իսկ այդ ընթացքում կմտածենք միայն մեր միջնամատի եղունգի մասին, որը հիմար պատահականությամբ ջարդվել է և ամբողջական տեսքը կորցրել մեր խնամված մատների: Դե այդպես ընդունված չէ, չի նայվում, ի՞նչ կասեն: Ծիծաղելի է չէ՞, դարձյալ շեղվեցինք ու պարտականությունների, պարտավորությունների սարքած ծուղակն ընկանք: Գլուխը քարը…Արի, սիրելի՛ս, արի քեզ մի խորհուրդ տամ, արի արձակուրդի մասին չմտածենք, ուղղակի սպառենք հավերժությունից նվեր ստացած մեր չափաբաժինը: Այ օրինակ՝ առավոտյան սուրճը պարտադիր չէ, բայց ցանկալի է: Այնպե՜ս ենք սովորել նրա բուրավետ ներկայությանը, այնպես ենք վարժվել, որ պատրաստ ենք այդ մեկը դարձնել պարտականություն և խոնարհումով ըմբոշխնել այն: Այդ նա է մեր բթացած ուղեղներին իմպուլսներ ուղարկում, սթափության ուղերձ հղում և ուղղորդում կում-կում ըմպել դառնահամ հեղուկը: Իսկ արձակուրդը շարունակվում է՝ սկսվելով այստեղից, սուրճի դատարկ բաժակից: Երանի՜, երանի արթնանամ, և այն մղձավանջն ավարտվի, երանի՜, երանի կարողանայինք միասին խորհել:

Սեղանին դրված նկարով շրջանակն անհաղորդ այս ամենին՝ քամահրանքով ժպտում էր: Ժպտում էր ու իր սպանող, ոչնչացնող ժպիտով լցնում սենյակի դատարկությունը: Դատարկության հետ քառասնօրյա կռիվն ավարտվել էր, այլևս պայքարի ուժ չկար, պայքարելու ցանկություն՝ նույնպես, որովհետև դավադրությունը ոչ մի ժամանակ էլ չի խրախուսվում: Այնպես որ՝ ժպտա, սիրելի՛ս, ժպտա՛, հաղթող ու պարտվող չկա: Անկողնուց վեր կենալը համարում եմ անիմաստ: Ավելի լավ է շարունակեմ զրույցս փակ աչքերով:

-Սիրելի՛ս, այսպես լավ է, այնպես չէ՞: Մեր արձակուրդն անցնում է: Ոչինչ, որ մեկիս մոտ մի փոքր շուտ ավարտվեց: Դա կարևոր չէ, կարևորն այն է, որ մենք կարող ենք նույնիսկ առանց իրար տեսնելու զրուցել, զգալ իրար, վայելել այս ծխով համեմված տտպահամ օդը, որը համարյա չի լքում այս սենյակ կոչվող զնդանը:

-Ինչ ասացի՞ր, սա քո ձա՞յնն է, ասա՛, լսում եմ: Ձայնը որսալու և պարզորոշ լսելու համար աչքերս չբացելով դարձա համակ ականջ: Եվ ահա, շատ հստակ լսում եմ.

-Դու մենակ չես, ես այստեղ եմ, քեզ հետ եմ՝ շաղախված քո սուրճի բույրին, ոտքերիդ տակ խշխշացող տերևների խլրտոցին: Խառնված եմ այն օդին, որը դու արտաշնչում ես: Ես քո ներսում բույն ունեմ դրած: Չե՞ս հավատում: Ասեմ ավելին, զգույշ եղիր մտքերիդ մեջ, ես միշտ կամ: Երազելիս, խորհելիս զգույշ եղիր, հա՜, հա՜, հա՜…

-Քո դիվային քրքիջն արհերքելի փաստ է: Հավատում եմ, հավատու՛մ եմ: Իմ արձակուրդի օրերի միակ սփոփանքն ես դու, իմ հրե՛շ, իմ փերի՛: Այս օրս էլ լցվեց, լցվեց քեզանով, իմ շոշափե՛լի իրականություն, անիրական երազ: Հիմա ինձ կներես, ես պետք է վեր կենամ, խոստում ունեմ տված ինքս ինձ, պետք է կատարեմ: Կհանդիպենք, կզրուցենք, երբ կամենանք, այո՞: Դե իհարկե, քո խառնվածքի համաձայն չես հերքում, չես հակաճառում. միևնույն է՝ անելու ես այն, ինչ դու ես կամենում: Ես վաղուց վարժվել եմ դրան, չմտահոգվես: Նույն սոսնձվող տեսիլքը: Անկողինս միակ անհերքելի փաստն է, որ ինձ համոզում է, որ ես եթե ոչ կիսարթուն, ապա գոնե արթուն չեմ եղել: Բայց պատուհանը խոնարհաբար ներս էր թողել թթվածնով հագեցած վաղորդյան թարմ օդը: Ես հասկացա, որ արթուն եմ, և հանդիպումն ավարտված է: Իմ փրկությունը հիմա արագ հագնվելն ու արձակուրդային պարտականություններից կախվելն է: Իսկ մինչ կհագնվեմ, ասեմ, որ դու ինձ լքել ես հարկադրաբար, քո հիվանդության որակին բնորոշ չարությամբ: Չարորակ պարտադրանք…Դու պարտադրված լքեցիր հարկադրանքի այս ծանր բեռը՝ քո կարճատև արձակուրդի հավերժությունից խլված: Դա իրական հաղթանակ էր, ես պարտված եմ: Դու հաղթել ես, դու ինձ հաղթել ես: Բայց արի մի բան խնդրեմ. ընդունում եմ իմ պարտությունը, միայն դուրս արի ինձնից, լքի՛ր ինձ, թող, որ հանգիստ այրվեմ եսասիրության իմ խառնարանում՝ կուլ տալով պարտության դառը պատառը: Դու լքելով ինձ չէիր էլ կարծում, որ քո թռիչքին հաջորդելու է իմ անկումը: Գիտեի՛ր, որքան բարձր թռչես, ես ավելի դղրդյունով եմ գահավիժելու: Եվ քանի որ դու հզոր ես, արեցիր դա: Շատ ճիշտ արեցիր: Միջակությունից առաջացած սրտխառնուքը ոչ մի սոդայաջուր չի հանգստացնում: Դու միշտ ճիշտ ես եղել: Չեմ բարձրաձայնել, չեմ ունեցել այդչափ համարձակություն բացահայտ պարտությունս ընդունելու, սակայն մտքերիս մեջ չդադարող ծափերը քեզ են պատկանել: Հիմա, երբ դու շատ հեռու ես ինձնից, ես տեսնում եմ այդ աներևույթ թելը, որն ականից ամրացված լարի միտքն ունի: Ամեն անգամ զգույշ եմ մտածում, հանկարծ մտքերիս մեջ չափը չանցնեմ: Կպայթի քրքիջս, հա՜, հա՜, հա՜…Դե հետևանքները դու էլ գիտես: Արի չմանրամասնենք: Ես դեռ ժամանակ ունեմ, իմ արձակուրդը դեռ չի վերջացել: Գնացի, կտեսնվենք:

Աշունը տարվա ամենաչքնաղ ժամանակահատվածն է, բայց ես ատում եմ նրան: Քո այդ խելացնոր գույների մեջ ես տխրում եմ: Այդ տաք օդի հաստ շերտի մեջ պարտադիր մի սառը, սարսուռ բան կա, որը չի թողնում մոռանամ, չատեմ խենթացնող ներկերի այդ բիրտ խաղը: Տերևների այդ խշխշան խլրտոցը հիշեցնում է ամեն անգամ, հիշեցնում է, որ արձակուրդի մեջ եմ: Հիշեցնում է, որ չգիտեմ, թե որքան է տևելու, որքան կարող եմ ձգել: Էլի շեղվեցի: Չէ, կարծես թե լսում եմ իրականության ու արձակուրդի ավարտն ազդարարող շչակների ձայները: Լսու՞մ եմ, թե՞ ինձ թվում է: Չէ, քո ֆիզիկական ներկայության պակասը խենթացրել է ինձ: Սակայն արի խոստովանեմ՝ սա իմ փրկությունը և փայփայած նվերը կլինի այս ամբողջ արձակուրդի ընթացքում: Միևնույն է՝ ես հստակ լսում եմ այս շչակների ձայնը: Լա՛վ, արի պարզ ասեմ. «Ես առանց քեզ ապրել չեմ կարողանում շատ հասկանալի պատճառով՝ դու այն միակն էիր, որ կայիր: Չչարախնդա՛ս, ես շատ պարզ ու շիտակ ասացի այն, ինչ կա իրականում: Դու լքեցիր ինձ առանց խղճի խայթի՝ մի գավաթ գինին կում-կում խմելով, անթարթ հայացքդ աչքերիս գամած: Շրթունքներիդ մի անկյունում ծուղակվել էր մի ծուռ ժպիտ: Այդպես քամահրանքով ու հաղթանակած էլ թռար: Ճախրանքդ տեսա, երկա՜ր, երկա՜ր նայեցի պատուհանից: Նախանձեցի քեզ, կյանքում առաջին անգամ նախանձեցի քեզ: Կներես, բայց ես լսում եմ ինչ-որ շչակների ձայն: Ի՞նչ է սա: Մի՞թե երկնքից ինձ հրավերք է հնչում շչակներով: Չէ, իրականությունն ավելի իրական է, քան իմ և քո զրույցը: Ես տեսնում եմ փողոցում խուճապահար մարդկանց: Նրանք մոլորված են, նրանք խուճապահար են: Ահա այն կինը խուճապը խառնած դավադիր աշնան խառնիճաղանջ տերևների պտույտին՝ անիրական շարժումներով հետ ու առաջ է վազում, կարծես չիմանալով անելիքը: Լավ, սիրելի՛ս, ես վերադառնամ իրականություն»:

-Կներեք, մայրի՛կ ջան, ի՞նչ է կատարվել, ինչու՞ եք այսպես այլայլված, ի՞նչ է պատահել, ու՞ր են փախչում ժողովուրդը: Այս ի՞նչ շչակների ձայն է:

Կինը մխվեց տեղում: Կրունկի վրա մի պտույտ կատարելով շրջվեց ձայնի կողմը:

-Կներե՛ք, գլխաշորով էիք, կարծեցի՝ կարելի է ձեզ մայրիկ կոչել: Կներեք, քու՛յրս, կասե՞ք ինձ՝ ի՞նչ է կատարվում: Կորցնելով ժամանակի զգացողությունը, կարծես չնկատելով, կինը կանգնել էր՝ անթարթ հայացքը գամած ուղիղ աչքերիս: Անծանոթուհին մտքով վազում էր տարբեր ուղղություններով, մտքով գոռում էր, կանչում ամուսնուն, տղային…Բայց կանգնել ու անընդհատ նայում էր հարցական դարձած, անորոշությունից շիվար, կյանքի նշույլ չունեցող աչքերիս, որոնց խորքում ծվարել էր հույսը, իմ հարցի պատասխանը ստանալու հույսը:

-Դու կօգնե՞ս ինձ, ասա՛, կօգնե՞ս,- հանկարծ մեռելային թմբիրից արթանացավ անծանոթ կինը, որն իմ վերջին հույսն էր՝ իմանալու իսկությունը: Շրջապատում ոչ ոք չկար: Իսկ շչակի ձայնը կար, չէր դադարում: Դա երկնքից չէր: Դա իրական օդը ճեղքող գույժ էր:

-Ես քեզ կօգնեմ, միայն թե իմանամ՝ ինչպես, ինչի համար: Եվ գրո՛ղը տանի, ի՞նչ է կատարվում, այս ի՞նչ ձայն է:

-Պատերազմ է սկսվել…

-Պատերա՞զմ, ի՞նչ պատերազմ, ինչի նո՞ր է սկսվել պատերազմը: Ես արդեն 40 օր է պատերազմում եմ: Իսկ հիմա առանց կատակի:

-Պատերազմ է սկսվել…Կինը հրանոթից արձակված արկի արագությամբ անհետացավ: Այդ աշնան խաժամուժի մեջ մնացի մենակ: Շրջապտույտի մեջ խաղացող տերևների հարձակումից մի կերպ ազատվելով՝ հայտնվեցի այն փոքրիկ շրջանակի առջև: Իսկ շրջանակից ինձ էր նայում նույն քմահաճ, քամահրանքախառը ժպիտը:

-Լսեցի՞ր, լսեցի՞ր, այդ կինն ասաց, որ պատերազմ է սկսվել: Կարելի էր սպասել, բայց դրա համար նախ հարկավոր էր իրականություն վերադառնալ: Իսկ այս քառասնօրյա տնային կալանքը, այս կամային արժեքները փորձության տակ պահելու փորձերս պսակվեցին պարգևատրությամբ: Ինձ քեզ մոտ հայտնվելու հնարավորություն ընձեռնվեց: Ես կփակեմ դուռը՝ առանց որևէ մեկին հրաժեշտ տալու: Քեզ նորից տեսնելու, քեզ հետ լինելու փայփայած հույսս իրականություն դարձնելու ակնկալիքով կփորձեմ հերոսանալ: Միայն այդ ճանապարհով կարող եմ հայտնվել քո տարածքում: Ես դա հստակ գիտեմ: Դու ինձ հերոսաբար լքեցիր: Նույն կերպ ես պիտի լքեմ երկիրը: Չնայե՛ս ինձ այդպես: Մեկ է՝ ինձ զինվորականի խակի կանաչի նախշուն հագուստն ավելի շատ է սազում, քան իմ սպիտակ բժշկական խալաթը: Կհանդիպենք:

Թանձր ծուխը կախվել էր արձակ, անծայրածիր դաշտի վրա: Դժոխային ծանր լռությունը վատ կանխազգացումների ակնհայտ հիմք էր տալիս բոլորին: Տղաները լուռ էին, լարված: Ոչ ոք կատակելու տրամադրություն չուներ: Թշնամին չար կատակներ էր նյութում: Օդի մեջ կախված էր այդ զգացողությունը: Խրամատը հյուրընկալ էր, բայց ոչ ապահով: Սկսվեց դիվային հրավառությունը: Օդը պատռելով հեղեղի պես թափվեցին արկերը: Այդ սատանայական հրավառությունը խլում էր կյանքեր՝ մատաղ երազանքներով, հույսերով, հույզերով, սիրով, անձնանվեր, անձնուրաց կյանքեր: Արյան անձրևն անհամաչափ սփռվում էր դաշտերի, խրամատների ու մեր սարսափից քարացած դեմքերի վրա: Անհավասար կռիվ էր էս արդար Աստծո աչքի առաջ. գրո՛ղը տանի: «Թող սատկի ինձ նման բժիշկը, որ կարծես սատանայի կողմից ուղարկված աչք փակող, դեմք ծածկող ծառայակից լինեմ: Տե՛ր Աստված, հիմա այս ամենը թողած Քեզ հետ կռիվ տա՞մ: Այսքան փախած փամփուշտը կա, այսքան ալավ կրակ, ինչու՞ կյանքս չես առնում: Պահում ես, որ տառապանքս հազարապատկվի՞: Կամ օգտագործիր ինձ, թույլ տուր օգնեմ տղերքին, մի՛ խլիր ձեռքիցս, կամ դժվա՞ր է ինչ է վերցնել ոչինչ չարժեցող կյանքս: Դու ծիծաղու՞մ ես ինձ վրա: Չկարողացա փրկել կնոջս կյանքը, կյանք, որն ինձ համար ամենաարժեքավորն էր այս կյանքում: Թույլ տվեցիր, որ զգամ իմ անճարակությունը: Աչքիս առաջ որբացրիր ինձ, գլուխս լցրիր մտքեր, որ ինձ չկախեմ, որովհետև ասացիր, որ դա կլինի մեր բաժանումը, որ ես այլևս չեմ տեսնի նրան: Հույսը, որ մեռնելուց հետո կլինեմ նրա մոտ, մարեցրիր: Հիմա ես չեմ ուզում մեռնել, մեջս զարթնել է բժիշկը, ուզում եմ օգնել, փրկել, կյանք տալ էս կոկոններին: Անզորությունից խռխռում եմ, ամեն մեռնողի հետ մեռնում, ամեն վիրավորի հետ տնքում, ցավ եմ քաշում: Ի՞նչ ես ուզում ինձնից: Կամ օգնիր, որ օգնեմ, կամ…Չէ, որոշել եմ, չեմ մեռնելու, իմ փոխարեն մեռան արդեն, մեռան էս հերոսները: Ես այլևս չեմ կարող հերոսանալ: Ինչ էլ անեմ, դա կապկել կլինի, էլ հերոսության տեսակ չմնաց, ուշացել եմ: Հերոսանալը պլան չէ, ես սխալվել եմ, ես խաբված եմ: Քեզնից ոչինչ չեմ ուզում, միայն թույլ տուր՝ օգնել կարողանամ: Ես ետ եմ կանգնում իմ պլաններից: Չեմ ուզում հերոսանալ, միայն կարողանամ օգնել այս բնածին հերոսներին, այս առյուծի կորյուններին: Երբ նրանցից մեկը բռնում է հավերժի ճամփան, ես մեռնում ու ողջ եմ մնում: Օգնիր ինձ, Տե՛ր, որ կարողանամ օգնել, խնդրում եմ»:

Իջավ երեկոն: Ես ինձ գտա իմ արցունքներից թրջված խրամատի պատին մխված: Հերթական դժվարին խաղաղությունը:

-Տղանե՛ր, թույլ տվեք, ես դա կարող եմ անել: Արյունահոսությունը դադարեցնելն ինձ համար դժվար բան չէ, դուք ձեր գործին եղեք, ես հիմա: Կներե՛ք, չէի ասել, ես բժիշկ եմ: Ուզում էի մարտիկ լինել, կռվել, հերոսանալ, կներեք: Ես բոլորին կօգնեմ, դուք ձեր գործին եղեք, տղե՛րք ջան:

Չշրջվեցի, որպեսզի չտեսնեմ իրար նայող, զարմացած, մի քիչ էլ կասկածամիտ հայացքները:

-Շնորհակալ եմ, Տե՛ր, շնորհակալ եմ, ստացվում է, ես դա ուզում եմ, ես օգնում եմ, կոչումս կյանքի է վերածվում: Չգիտեմ՝ ինչ չափով կարողացա: Մի քանի տասնյակ կյանքեր խլեցի ինձ հետապնդող մտքերի ձեռքից՝ մի քանի տասնյակի, մի քանի հարուրյակի միջից, Տե՛ր Աստված: Ես չէի հիշում իմ կողպած դուռը, չէի հիշում շրջանակից ինձ նայող կիսածաղրական հայացքը: «Կներես, սիրելի՛ս, ես փոխել եմ միտքս, ծրագրես փոփոխվեցին, ես կարծում եմ, որ դու էլ այդպես չես նայում ինձ քո շրջանակից: Դու քո կարծիքը պետք է փոխես, ես հիմա դա եմ ուզում: Մեր հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգվում է, կներե՛ս: Քեզ չկարողացա կյանք տալ, բայց այս գեհենի մեջ պետք եմ»:

Անհավասար կռիվը խենթության հասնող չափեր էր ընդգրկել: Բոլորի ոունգերին հողի բույրն էր, աչքերի հատակին՝ հայրենի եզերքը, մտքներին՝ հաղթելու, ոսոխին սանձելու մոլուցքը, խաղաղություն պարտադրելու կիրքը, հաղթելու հրամայականի պահանջը: Մի՞թե հող հայրենին այսպիսի հոգու կանչ ունի, մի՞թե: Այսպիսի սեր ու գեների մեջ շաղախված հայրենասիրություն, երկիրը պահելու, հողը պաշտելու անձնվեր նվիրում որտեղի՞ց է գալիս, որտեղի՞ց: Եվ քանի միտքս պարզվում էր, աճում, մեծանում, այնքան ես փոքրանում, ոչնչանում էի: Կներես, սիրելի՛ս, ես քեզ դավաճանել եմ: Հիմա դու էն միակը չես, ես թանկարժեք բաներ շատ ունեմ: Հողը, էն թաց խրամատը կուրացրել են նախկին աչքերս, բայց փոխարենը բացել են հոգուս աչքերը: Հիմա տեսնելու փոխարեն ես զգում եմ: Բութ մատով սեղմում եմ զարկերակը՝ փրթված, կտրված զարկերակը, որ կյանքը չհոսի, չգնա: Կարողանում եմ փրկել: Կներես, սիրելի՛ս, այս անգամ ես քեզ հաղթեցի: Անգամ ես պարտվեմ էլ, հաղթանակած եմ լքելու: Կռիվս տվի ու հաղթեցի: Կներե՛ս, պիտի գնամ, տղերքը ինձ են սպասում: Մեր հանդիպումը երևի ուշանա: Կիսատ գործեր ունենք: Կորցրած ունենք, պիտի հետ բերնեք: Հավերժությունից պոկված արձակուրդս ձգձգվեց: Կորցրած ունեք, պիտի հետ բերենք, կներե՛ս…

Հեղինակ`Կարինե Խանինյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert