Կարպիս Փաշոյան

Արդի աշխարհում՝ հատկապես ԱՄՆ-ում եւ Արեւմտյան Եվրոպայում, հասարակագիտությունը եւ ընդհանրապես քաղաքական ու սոցիալական գիտությունները խցանված են եւ բովանդակազրկված։ Իսկ միտքը ստրկացված է արդեն իսկ կրոնի կարգավիճակ ունեցող դոգմատիկ եւ անքննելի հասկացությունների ու եզրույթների անառիկ բանտում։

Ամենայն երեսպաշտությամբ ազատությունը հռչակված է որպես բարձրագույն արժեք, բայց անհասկանալի է, թե ինչպես կարելի է ազատ լինել այնպիսի մի միջավայրում, որտեղ գերակայող է մեկ մշակույթի հեգեմոնիան՝ իհարկե իր ողջ ամբողջատիրական եւ այլատյաց հմայքով։ Խոսքը մեր ժամանակների ձախականության՝ նոր մարքսիստների, սոցիալ-լիբերալների, սոցիալ-դեմոկրատների, ինչպես նաեւ ֆեմինիզմի, բնապահպանության եւ սրանց հետ առնչվող շարժումների մասին է։

Ես չեմ ուզում թիրախավորել առանձին կուսակցությունների, քաղաքական եւ հանրային գործիչների, այս պարագայում իմ հետաքրքրության առարկան այժմեական իրականությունն է որպես այդպիսին։ Իրականություն, որը միագույն է, մեկ դեմքով եւ նույնիսկ նույն լեզվամտածողությամբ։ Իրականություն, որը մերժում է բազմամշակութայնությունը եւ գաղափարների դիսկուրսը՝ շեշտը դնելով հակաինտելեկտուալիզմի եւ արժեքային դիկտատի վրա։

Թյուր կարծիք կա, թե մարքսիզմը պարտվել է։ Առաջին հայացքից տպավորությունն այդպիսին է, չէ՞ որ 20-րդ դարի երկրորդ կեսին հեղափոխականությունը տապալվեց եւ արժեզրկվեց, իսկ Խորհրդային Միությունն էլ դադարեց գոյություն ունենալուց, ինչի հետեւանքով հռչակվեց միաբեւեռ լիբերալ աշխարհի տիրապետությունը։ Իրականում սա հեքիաթ է, քարոզչական միֆ։ Ճիշտ է, մարքսիզմը այդպես էլ չկարողացավ իշխանության հասնել Արեւմտյան Եվրոպայում, իսկ պայթյունավտանգ երիտասարդությունն էլ աստիճանաբար նահանջեց հեղափոխական գաղափարներից, բայց սա ամենեւին էլ չի կարելի դիտարկել որպես պարտություն։

Միգուցե հասարակագիտական անոմալիայի հետ գործ ունենք, երբ գաղափարի կրողները մարգինալ են, բայց գաղափարախոսությունը՝ հեգեմոն։ Այսինքն՝ նոր ձախերը չունեն իշխանություն, մեկուսի են, բայց նրանց գաղափարները մշակութային տեսանկյունից տիրապետող են։ Սա կոչվում է մշակութային հեգեմոնիա, որը թերեւս ամենամեծ իշխանությունն է։ Շարժումը դիրքավորված է համալսարաններում, լրատվական զորեղ ռեսուրսներ ունի եւ այսպիսով ապահովում է իր անքննելի կարգավիճակն ու բնականոն վերարտադրությունը։

Շարադրանքի մեջ ճշգրտություն մտցնելու համար անհրաժեշտ է նկատել, որ սա մարքսիզմի քննադատություն չէ։ Կարլ Մարքսը մահացել է երեք անգամ՝ իր ֆիզիկական մահը, Ֆրանկֆուրտյան դպրոցի ավանդույթների մարգինալացումն ու ԽՍՀՄ-ի կործանումը։ Մեծ հաշվով արդի աշխարհի ձախերը մարքսիստ են առանց Մարքսի։ Դրանց մեծ մասը, մխրճվելով կոնֆորմիզմի մեջ եւ տեղավորվելով կապիտալիզմի ապահով հովանոցի ներքո, հեռացել են ե՛ւ Մարքսից, ե՛ւ Բակունինից ու Լենինից։ Օրգանական կապ գոյություն չունի, բովանդակությունը մահացել է, եւ մնացել են միայն դատարկ ու անհիմք լոզունգները։

Ճշգրտենք՝ ամբողջատիրական լոզունգները, որոնք դարձել են 21-րդ դարի սպիտակ մարդու տիրապետության գաղափարական սյուները։ Գոնե չնչին շեղումը այդ լոզունգներից ազդարարում է մարդու բարոյական վախճանը։ Մարդը զոհ է դառնում հեգեմոն մշակույթի զորեղ հավատաքննությանը, բնականաբար գործի է անցնում երբեք չհնացող եւ արդիականությունը չկորցնող անարյուն ինկվիզիցիան։

Սա փակ շղթա է, բանտ, որից անհնար է դուրս պրծնել։ Հեգեմոն մշակույթից դուրս գալու այլընտրանքը հետադեմ, իռացիոնալ, ֆաշիստ, ռասիստ, հոմոֆոբ, սեքսիստ պիտակվելն է, ինչպես նաեւ կարիերայի վրա խաչ քաշելը եւ սոցիալական մեկուսացումը։

Չխորանալով մանրամասների մեջ՝ նշենք, որ կիսամարքսիստ եւ կիսալիբերալ, բայց էությամբ սոցիալական ռասիստ նոր սպիտակ մարդը մարտահրավեր է նետել նաեւ աշխարհին, ինչպես եւ իր նախորդները։ Նա մի կողմից հանդես է գալիս հակակապիտալիստական դրոշներով, իսկ մյուս կողմից էլ հենց այդ նույն կապիտալիզմը սնուցող աղբյուրներից մեկն է, ավելին՝ դրա համաշխարհային հեգեմոնիայի գաղափարական անվտանգության բարձիկը։

Այլ խոսքով՝ սպիտակ մարդու բեռը կատարելագործվել է։ Բարբարոսների աշխարհից հումք արտահանելու եւ բարբարոսներին քաղաքակրթելու առաքելությանը ավելացել է նաեւ նրանց մտածողությանը մեխանիկական բնույթ հաղորդելու գործառույթը։ Այսինքն՝ հեգեմոն մշակույթը արմատավորվել է նաեւ բարբարոսների միջավայրում՝ բացառելով գաղափարական դիսկուրսի եւ բազմամշակութայնության ցանկացած փորձ։ Այս տողի վրա քննադատները վստահաբար խոր շունչ կքաշեն՝ կարծելով, թե ես դավադրությունների տեսությունների գիրկն եմ ընկել։ Ավելին՝ նրանք, ամենայն հավանականությամբ, որպես շարունակություն կկանխատեսեն հետեւյալ ընթացքը․ իբրեւ թե այլասերված Արեւմուտքը փորձում է այլասերել Արեւելքի խեղճ ժողովուրդներին, հպատակեցնել եւ ոչնչացնել։ Երիցս ո՛չ, ես դեռեւս այդ աստիճան չեմ հիմարացել դավադրապաշտական զառանցանք տարածելու համար։

Իմ մտահոգության միակ առարկան մարդկային անկաշկանդ եւ ազատ մտածողությունն է բազմաբեւեռ եւ բազմամշակութային աշխարհում, առանց արժեքային դիկտատի եւ հասկացությունների հեգեմոնիայի։

Փորձենք մի փոքր առարկայացնել խոսակցությունը։ Արդիականացած սպիտակ մարդու դրսեւորման ամենահարմար տարածություններից մեկը հետխորհրդային իրականությունն է։ Կոմունիզմի պարտությունից եւ արժեզրկումից հետո բնականաբար ձեւավորվել է վակուումային տարածություն, որը տասնամյակներ շարունակ լցվել է ամեն ինչով՝ ազգայնականություն, ֆաշիզմ, իսլամիզմ, լիբերալիզմ, նեոլիբերալիզմ, բողոքականություն, վերակենդանացած ավանդական եկեղեցիներ եւ այսպես շարունակ։ Ինչ ասես կարող ենք գտնել։ Թվարկածների կողքին պատկառելի ներկայացվածությամբ դիրքավորված է նաեւ ձեւով կիսամարքսիստ, կիսալիրբերալ, բայց էությամբ սոցիալ-ռասիստական շերտը, որն ինքն իրեն անվանում է քաղաքացիական հասարակություն։

Իհարկե, քաղաքացիական հասարակությունը, որպես այդպիսին, կարեւոր ինստիտուտ է, առանց որի առողջ եւ կենսունակ պետություն գոյություն ունենալ չի կարող։ Բայց, ցավոք, հետխորհրդային տարածքում տեղայնացված շերտը որեւէ կապ չունի եզրույթի հեգելյան բովանդակության հետ։ Ամենեւին էլ չեմ փորձում որեւէ մեկին վիրավորել եւ պիտակավորել, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ցանկացած միջավայրում էլ կարող են լինել եւ կան հարգարժան մարդիկ։

Կրկնենք եւս մեկ անգամ՝ խոսքը մարդկանց մասին չէ, այլ մշակութային իրականության։ Այսպիսով՝ Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Մերձբալթյան երկրներում եւ Միջին Ասիայում հանդես եկող քաղհասարակությունները իրականում բյուրոկրատական հաստատություններ են, իսկ դրանց մեջ ներառված գործիչները իրենց կամքից անկախ կամ էլ գիտակցաբար ընդամենը չինովնիկներ են, պայմանականորեն՝ եվրոչինովնիկներ։

Դա, որպես ամբողջություն, Արեւմուտքի միահեծան հեգեմոն մշակույթի պերիֆերիալ մարմնավորումն է եւ բնականաբար սպասարկում է պերիֆերիալ կապիտալիզմի շահերը՝ դառնալով դրա գաղափարական գործիքը։ Այսինքն՝ կարգավիճակով եւ դիրքով ավելի ցածր է, ավելի նվաստ է, քանի որ պրովինցիալ է եւ դատապարտված է հավերժ այդպիսին մնալու։ Իսկ պրովինցիալները սնվում են մեգապոլիսից թելադրված դիսկուրով։

Եթե ուշադրություն դարձնենք, ապա ե՛ւ Ուկրաինայի, ե՛ւ Հայաստանի քաղհասարակությունները իրարից ոչնչով չեն տարբերվում, երեւի թե միայն լեզվով, բայց ոչ երբեք լեզվամտածողությամբ։ Ըստ էության՝ գործ ունենք միեւնույն մարդու հետ՝ նույն մեխանիկական մտածողությամբ, նույն դեմքի արտահայտությամբ եւ նույնիսկ նույն արտահայտչաձեւով։ Խնդիրն այն է, որ շերտն այս հանդես է գալիս սեփական պետության եվրոպականացման, մոդեռնիզացման, ռեֆորմների եւ արժեքային հեղափոխության դիրքերից, առանց հասկանալու, որ իրենք Եվրոցենտրիզմի կողմից կլանված մեխանիկական միավորներ են եւ որեւէ աղերս չունեն պետությունների մոդեռնիզացման գործընթացի հետ։ Չեն հասկանում, որ իրենք ընդամենը սպիտակ մարդու կողմից արտադրված համահահարթ եւ անայլընտրանք մտածողությամբ չինովնիկներ են։

Ինչպես Արեւմուտքում, այնպես էլ հետխորհրդային տարածքում շերտն այդ մարգինալ է, բայց միայն առաջին հայացքից, քանի որ ֆիզիկական մեկուսացումը փոխլրացվում է գաղափարների աստիճանական հաղթարշավով։ Վերեւում մատնանշված անհիմք, անմարմին եւ անէ լոզունգները սրընթաց աճ են արձանագրում՝ դառնալով անքննելի եւ անկասկած։ Ի դեպ, խնդիրը միայն լոզունգների մեջ չէ, այլ մարդկանց։ Նրանք, որպես կանոն, օտարանում են հանրույթից, անհաղորդ են դառնում սեփական պետության մարտահրավերներին՝ փոխակերպվելով մոլեռանդ կրոնավորի, որը կրոն չունի։

Հետխորհրդային տարածքում գործող եւ «քաղհասարակություն» հորջորջվող շերտի գաղափարական առաջնային թիրախն է  հակառուսականությունը կամ էլ Ռուսաստանի դեմ 1950-ականների ոգով քարոզչական պատերազմ մղելը։ Սա է նրանց հիմնական քաղաքական արժեքը։ Բնականաբար ո՛չ բոլոր մարդիկ են ներքաշված այս մեծ ձեռնարկի մեջ, բայց անհնար է հայտնվել մշակութային այդ միջավայրում եւ զերծ մնալ համանման տրամադրություններից։

Հայաստանի մասին մի փոքր ավելի մանրամասն խոսենք։ Այստեղ հակառուսականությունը արդեն իսկ քաղաքական օրակարգ է եւ ոչ առանց քաղաքացիական հասարակության («Քաղհասարակություն» եզրույթի տակ պետք չէ հասկանալ միայն ՀԿ-ներին, այլ նաեւ մտավորականների, քաղաքագետների, վերլուծաբանների, հրապարակախոսների մի զգալի մասին) մասնակցության։ Իհարկե ոչ այն չափերով, ինչ Ուկրաինայում, Վրաստանում կամ էլ Էստոնիայում, բայց, այնուամենայնիվ, հոսանքն այդ կա եւ աճի հեռանկարներ ունի։

Այս առումով Հայաստանի քաղհասարակությունը զգալի մասնաբաժին ունի Հայաստանի կապիտուլյացիայի գործում, քանի որ հենց այդ շրջանակներն էին տարիներ շարունակ իրենց ռեսուրսներով տորպեդահարում Լավրովյան պլանն ու փորձում շրջելի դարձնել ԵԱՏՄ-ին Հայաստանի անշրջելի անդամակցությունը։ Այսինքն՝ քաղհասարակություն կոչվածը տարիներ շարունակ Հայաստանում իռացիոնալ հակառուսականություն է քարոզել, ինչը ե՛ւ ներսից, ե՛ւ դրսից քայքայել է պետությունն ու դրա անվտանգությունը։

Հետաքրքրական է նաեւ խաղաղության դիսկուրսը, որը պետք չէ շփոթել ՀԱԿ-ի եւ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած խաղաղության հետ։ ՀԱԿ-ի խաղաղությունը զուտ ներհայկական քաղաքական, մշակութային եւ սոցիալական հարաբերությունների հետեւանք է։ Բարիդրացիության դրոշակներով հանդես եկող Կոնգրեսը բոլորից լավ գիտի նաեւ պետությունն ու ժողովրդին պաշտպանելու ճանապարհը, իսկ դա ավելի քան ապացուցելի փաստ է։ Իսկ քաղհասարակության առաջադրած խաղաղությունը կապ չունի Հայաստանի եւ հայ մարդու հետ։ Դա ավելի շուտ իմպերիալիստական պացիֆիզմի մեխանիկական վերարտադրությունն է հայկական միջավայրում, իսկ աղբյուրը անցած դարակեսին ԱՄՆ-ում լայն տարածում ունեցող Վիետնամական պատերազմի դադարեցման պահանջով պացիֆիստական շարժումն է։

Հռետորական հարցադրում․ ինչպե՞ս կարելի է գերտերության ներսի դիսկուրսը, որը վերաբերում է հենց այդ նույն տերության իմպերիալիստական շահերին, մեխանիկորեն տեղայնացնել Հայաստանում։ Խոստովանենք, որ սա անմտություն է, քանի որ դրա վերջնարդյունքը թուրքական իմպերիալիզմի եւ ադրբեջանական շովինիզմի միջեւ ջախջախված եւ ոչնչացման եզրին հայտնված պետության վերջնական զինաթափումն է ու անձնատուր լինելը։ Սա՞ է նրանց ուզածը։

Բանը հասել է նրան, որ Ղարաբաղյան շարժումը ուղղակի կամ էլ անուղղակի կերպով սկսել է դիտարկվել որպես հակադեմոկրատական եւ ծավալապաշտական արշավ, որը հետեւանքն է լիբեր-ազգայնականության եւ խոշոր կապիտալիստների շահերի սպասարկման։ Այսինքն՝ Արցախում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությունը առոչինչ է, արժեք չունի, իսկ Հայաստանը նրանց համոզմամբ ագրեսոր է, որը հերիք չէ օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, մի հատ էլ փախստական է դարձրել տասնյակ հազարավոր խաղաղ ադրբեջանցիների։

Ես միշտ էլ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից եմ եղել, ավելին՝ նույնիսկ ազգայնական շովինիզմի տիրապետության պայմաններում պնդել եմ, որ ՀՀ-ն պարտավոր է գնալ խաղաղ կարգավորման՝ դուրս գալով հայտնի հինգ շրջաններից։ Հարցը սա չէ, այլ այն նողկալի արհեստական դիսկուրսը, որը արհեստականորեն փաթաթվում է Հայաստանի առանց այն էլ բարակ պարանոցին։ Այն նույն անբովանդակ լոզունգների դիսկուրսը, որը տիրապետող է արեւմտյան աշխարհում եւ յուրօրինակ մուտացիայի է ենթարկվել հետխորհրդային տարածքում, այս դեպքում՝ Հայաստանում։

Ես չգիտեմ, թե ուր է գնում աշխարհը, հատկապես Արեւմտյան աշխարհը։ Ամենայն հավանականությամբ Ռեֆորմացիայից, Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից եւ Ռուսական հեղափոխությունից հետո նախապատրաստվում է չորրորդ համաշխարհային ալիքը, որը պետք է մի կողմից արյամբ, իսկ մյուս կողմից էլ նոր արժեքներով կազմաքանդի կապիտալիզմի շահերը սպասարկող ամբողջատիրական մշակույթի հեգեմոնիան, որի կենտրոնում է կիսալիբերալ, կիսամարքսիստ, բայց էությամբ սոցիալ-ռասիստ հակաինտելեկտուալ հոսանքը։

Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասում պերիֆերիալ կապիտալիզմի հանրույթներին։ Միգուցե դրանցից մի քանիսը կենսունակ գտնվեն եւ էլ ավելի խրվեն պրովինցիալի կարգավիճակի մեջ, իսկ առավել թույլերը կխոշորացվեն ու կկցվեն այս կամ այն մեծ միավորին։ Զուտ քաղաքական քարտեզի օպտիմալացման տեսանկյունից։

Իսկ Հայաստա՞նը։ Ինձ համար արդեն միեւնույնն է, թե ինչպիսին կլինի այն, ժողովրդավարակա՞ն, թե՞ ավտորիտար, ինքնիշխան, թե՞ էլ ավելի ինտեգրված։ Արդեն նշանակություն չունի, քանի որ համանման իրավիճակում նրան մնում է միայն մտածող դառնալ։ Հայաստանը պետք է մտածող պետություն դառնա։ Եվ զուտ այն պատճառով, որ շովինսիտ ազգայնականների եւ պացիֆիստ եվրոչինովնիկների դիսկուրսի զուգահեռ իրականությունում եւս մեկ սերունդ չխորտակվի։

Պարզաբանում. հոդվածն ուղղված չէ քաղհասարակության բոլոր ներկայացուցիչների դեմ, ավելին՝ սա ավելի շուտ գաղափարախոսության քննադատության փորձ է, ոչ թե մարդկանց նսեմացնելու ձեռնարկ:

Karpis Pashoyan

Կարպիս Փաշոյան

Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert