Այդ հին ու նոր ցավատանջ, այո, երբեմն նաև՝ կործանարար փնտրտունքը

Կենդանական աշխարհից մեզ հայտնի են կենդանիներ, որոնք բնազդով իրենց ուրույն միջոցներն են գտել գոյատևելու համար։ Թույլերը գտել են իրենց շրջապատի կենդանիներից անհամեմատ շատ ու արագ բազմանալու ելքը։ Հայը այստեղ զիջել է ու զիջում է իր հարևաններին, թե անցյալում և թե մեր օրերում։             Պատմությունից հայտնի է նաև, որ շատ ժողովուրդներ երբեմն  կրոնափոխ են եղել, փոխել են իրենց գիրը, երբեմն նաև լեզուն։ Հզոր Զրադաշտական Պարսկաստանը արաբական արշավանքների հետևանքով փոխեց իր՝ կրոնը, գիրը, եգիպտացիները նաև իրենց լեզուն։ Իսկ Հայությունը հենց սկզբից այնպես փարվեց քրիստոնեության, առաքելական եկեղեցուն։ Կարելի է ասել, նա գնաց հոգևոր ստրկության, դարձավ բանիվ և գործիվ Լուսավորիչի՝ երևի նմանը մարդկության պատմության մեջ չունեցող, բռնությամբ պարտադրված՝ կրոնի գերին, անընդունակ ճգնաժամային ու վտանգավոր պահերին խուսանավելու, այլ ընտրանքային ելքեր գտնելու, իր հողը պաշտպանելու համար։ Հայտնություն չէ, եթե ասել, որ Ժողովուրդների պատմությունը ցույց է տվել, որ՝ աշխարհում ոչ մի բան հավիտենական չէ, բացի հողից, հենց հայ ժողովրդի պատմությունը մեզ դառնորեն հուշում է, որ՝ եթե հողը տվիր, այն կորցրիր, ապա վերջում կտաս նաև ամեն ինչ։

            Հայաստանի աշխարհագրական դիրքի և հզոր հարևանների պատճառով, հայ ժողովրդի, ավելի շուտ երկրի վերնախավի՝ թագավորների, իշխանների առաջնային խնդիրն ու մտահոգությունը միշտ էլ եղել է տվյալ պահին  երկրի անկախությանն սպառնացող վտանգը դիմակայելու համար, փնտրել հուսալի դաշնակից, բայց միշտ չէ, որ տվյալ ժամանակահատվածի համար այդ դաշնակիցը ու նրա հետ դաշինքը եղել են հուսալի։ Բացի այդ, յուրաքանչյուր կողմնորոշում, թե՛ անցյալում և թե՛ մեր օրերում հասարակությանը, ինչպես նաև երկրի քաղաքական ուժերին բաժանել է կողմ կամ դեմ մասերի, ինչը, որ միշտ էլ կործանարար է եղել երկրի համար։  

            Իսկ նման կացությունը սկսվել է արդեն չորրորդ դարից ու շարունակվում է մեր օրերում։

            Նման իրավիճակը ու սխալ կողմնորոշումը ավելի կործանարար եղավ Կիլիկյան թագավորության համար, երբ տեղի հայ իշխանները, Լևոն թագավորի գլխավորությամբ, կողմնորոշվեցին դեպի Եվրոպա ու իրենց դաշնակից ընտրեցին հեռավոր Եվրոպայից եկած ասպատակող խաչակիրներին, ընդդեմ իրենց հարևան արաբներին, որքան անմտածված ու սխալ կողմնորոշում․․․

            Այստեղ արժե է հիշել Իսրայել Օրի-ի առաքելությունը։ Ով տարիներ, ժամանակի՝ «Քաղաքակիրթ աշխարհի» տերերի դռներն թակելով համոզվեց, որ նրանք ոչ մի հետաքրքրություն ու շահ չունեն հեռավոր Հայաստանին օգնելու, ուստի արևմուտքից հույսը կտրած՝ նա վերջնականապես հայացքը ուղղում է դեպի հզորացող Ռուսական կայսրություն։ Սկիզբ է դրվում Ռուսական կողմնորոշմանը։ Ժամանակը ցույց տվեց, որ եթե նման քաղաքականությունը ճիշտ էր Արևելյան Հայաստանի դեպքում, ապա այն ավելի քան ողբերգական ավարտ ունեցավ Արևմտյան Հայաստանի ու արևմտահայության համար։ Ջոն Կիրակոսյանը գրում է. «Այն պարագայում, երբ արևմտահայությունը հեծում էր սուլթանի յաթաղանի լծի տակ, Պոլսի հայ ջոջերն ու եկեղեցին արևմտյան տերությունների դռներն էին թակում, նրանցից օգնություն աղերսելով»։

            Հանրությանը հայտնի այս ամենը հարկ համարեցի հիշել, քանի որ ներկայիս Հայաստանի քաղաքական դաշտը, ինչպես միշտ, այնպես է լարված, այո, շիկացած՝ այս, այն կողմնորոշման պատճառով, որ յուրաքանչյուր չմտածված քայլ՝ այս, կամ այն կողմից, կարող է երկիրը անկառավարելի դարձնել, որը նշանակելու է, կամովին, այլևս ստիպված՝ երկիրը փրկելու համար՝ հրաժարվել անկախությունից ու ընդունել Ռուսաստանի գերիշխանությունը, որի հիմքերը գիտակցաբար ու նպատակամղված դրել են նախկին իշխանությունները։  Ներկայիս երկրի կիսանկախ, համարյա գաղութային իրավիճակը դրա վառ ապացույցն է։

            Այսօր արդեն մենք կարող ենք ու պետք է խոսենք, քննարկենք 1988-ից սկսած, նախ «Ղարաբաղ կոմիտեի», հետո՝ Հայաստանի իշխանությունների կողմից վարած սխալ արտաքին քաղաքականության մասին։ Որ այն սխալ է եղել, ահա այսօր մենք՝ համայն հայությունը, այն զգում է իր հոգու ու իր մաշկի վրա։             Ժամանակին երկրի անկախության հեռանկարից ու ժամանակավոր հաղթանակից խանդավառված, ազգովի նիրհի մեջ էինք, բոլորովին չտեսանք, չկռահեցինք, թե թշնամանքը՝ մեր հարևանների հետ, ո՞ւր է տանելու մեզ։ 

            Մեր օրերի համար որքան ողբերգական էր նման մտածելակերպը և իրավիճակները, սեփական կարողությունները սխալ գնահատելու ու անհեռատես, անհեռանկար հայտարարություններ անելը։

            -Ո՞ւր է այսօր այնքան հոխորտացող պաշտպանության նախարարը, ինչո՞ւ պատասխանատվության չի ենթարկվում նա, այն ինչպիսի՞, ո՞ր փաստերի վրա էր հիմնվում նա, երբ մեծամտորեն հայտարարում էր, թե՝ «մի թիզ հող էլ չենք տա», կամ՝ «նոր պատերազմ, նոր տարածքների գրավում»։

            -Ապա ինչպիսի՞ փաստերի վրա էր հիմնվում Նիկոլ Փաշինյանը, երբ որպես Հայաստանի նոր ընտրված վարչապետ, իր՝ առաջին անգամ Արցախ այցելության ընթացքում «տղայավարի» հայտարարում է, «Արցախը Հայաստան է և վերջ»։ Այն օրերին մենք բոլորս էլ ծափահարեցինք նրան, այս և դրա նման ճառերին, բոլորովին չենթադրելով, այո չհասկանալով, որ դրանք սոսկ մակերեսային ու ուռճացված խոսքեր են։ Ովքե՞ր են եղել վարչապետի նման հայտարարություն անելու խորհրդականները։ Միթե՞ կարելի է որպես երկրի ղեկավար նման անհիմն հայտարարություններ անել ու հանրությանը մոլորեցնել, նիրհի մեջ օրօրել․․․

            Վերջին ժամանակներս վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը համարձակվում է անհնարինը անել՝ հաշտության եզրեր գտնել, բարիդրացիական մթնոլորտ ստեղծել թուրքերի հետ։ Նրան կհաջողվի՞ դա անել,– չգիտենք, պետք է փորձել։ Մեր սպասելիքները «քաղաքակիրթ աշխարհից» ու Ռուսաստանից, ինչպես նաև դարավոր թշնամությունը թուրքերի հետ, մեզ բացի պատերազմներից, կոտորածներից ու եղեռնից ոչինչ չտվին, պետք է փնտրել այլ ընտրանքայինը, այլ բանաձևեր, այլ ինքնապաշտպանության մեխանիզմներ գտնել, այդ թշնամական միջավայրում գոյատևելու համար․․․

            Հենց այստեղ է, որ շատերը ճղճղոցներ են դրել, սակայն բոլորից ավելի բարձր ու հետևողական «Ազգային բևեռի» լիդերները, որ՝

            –ժողովո՛ւրդ, արթնացեք, Փաշինյանը ցանկանում է երկիրը հանձնել թուրքերին․․․ Ասես նրանք ոչ մի դաս չեն առել պատմությունից։

            Ժողովրդական լեզվով ասած՝ չարամտությունն էլ իր սահմաններն ունի․․․

Բեռլին, սեպտեմբեր 2021                                                   Սամվել Հովասափյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert