Դա շաբաթներ առաջ էր, ընկերոջս՝ Րաֆֆի Դավթյանի հետ կանգնած էինք Բեռլինահայ Համայնքի՝ Հայ Տան սրահում տեղադրված՝ գրադարանի առջև, որտեղ խնամքով ղասավորված են հայության և հայկականության վերաբերյալ գերմաներեն լեզվով գրքեր։

Պարզվեց, որ այդ պահին, մեզ երկուսիս նույն հարցն էր մտահոգում, ի՞նչ է լինելու հայ գրքի գալիք օրը սփյուռքում, դատելով մեր համայնքի գրքերի օրինակից, դրանք մատնվելու են մոռացության, փոշածածկվելու են, մի օր մանրեների, միջատների կեր դառնալով, ստիպողաբար աղբամաններ նետվելու… Այդ ամենը մենք գիտենք մեր գրքերի օրինակից, որոնք մնացին Իրանում…

Այնուամենայնիվ Րաֆֆին հարցնում է.

-Ի՞նչ է լինելու մեր գրքերի հետ…

-Այդ հարցը ես ինձ վաղուց եմ տվել, պատասխանում եմ ես։ Մյուս սենյակի գրադարանում փոշոտվում են ոչ միայն 1923 թվականին հիմնադրված Բեռլինահայ Գաղութի Միության, այլ, հետագայում ստեղծված՝ Հայ Ուսանողական և Երիտասարդական Միության, ինչպես նաև մեր համայնքի անդամ՝ որոշ անհատների անձնական գրքերը։ Ի՞նչ ենք անելու այդ գրքերը, ո՞ւմ ենք պահ տալու դրանք…  Տարիներ են անցել այն օրից, երբ Երանուհի Հարթմանը այնքան գուրգուրանքով դրանք իր կիրակնօրյա հայկական դասերի աշակերտների հետ ցուցակագրեցին և խնամքով դասավորեցին նոր գնված գրադարաններում։ Այդ ժամանակներից սկսյալ, քչերն են բացել այդ գրադարանների դռները և որևէ գիրք վերցրել։ Այս ամենը հատկապես ինձ, մեծ ցավ է պատճառում, որովհետև տարիների ընթացքում այդ գրքերը ես եմ ստացել Սփյուռքի Հետ Մշակութային Կապի Կոմիտեից և վերջում այն հանձնել Բեռլինահայ Համայնքին։ Եվ այսօր ցավով նկատում եմ, որ դրանք միայն ավելորդ տեղ են զբաղեցնում։ Ու ահա պահն է, որպեսզի ընդունենք մեր պարտությունը և խոստովանենք, որ մեզ մոտ՝ սփյուռքում, նոր սերունդը այնքան էլ հայերենին չի տիրապետում, որպեսզի ցանկության դեպքում, այդ գրքերից oգտվել կարողանա։ Բացի այդ, մեր այս էլեկտրոնային դարում, ո՞վ է տպագիր գիրք կարդում։ Ո՞վ է հետաքրքրված հայ տպագիր գրքի մերօրյա իրավիճակով։ Անմխիթար ներկա և ապագա է ուրվագծվում, չկա՞ կարդացող, ուրեմն չեն  լինելու նաև գրողներ, գրքեր, գրականություն, մշակույթ։ Պատկերը ամբողջական է դառնում, երբ անդրադառնում ենք այն իրողությանը, որ նաև Հայաստանում ներկայիս գրողները, մեծ դժվարություններ ունեն, իրենց գրքերը հրատարակելու և կարդացող գտնելու։ Սա թվում է ավելի քան անմխիթար հեռանկար, իհարկե նաև մղձավանջ, երբ մտածում ես, որ այսօր հայ գիրքը, հայ մարդու կյանքում չունի այն բարձր մշակութային արժեքը, ինչը որ ունեցել է հազարամյակներ և դարեր շարունակ։ Սակայն թվում է թե ելքը գտնվել է, ահա թե՞ ինչպես։ Մեր օրերում ինտերնետի ընձեռած հնարավորությունների շնորհիվ, յուրաքանչյուր հայի համար հասանելի է դարձել ամբողջ հայ գրականությունը։ Ինտերնետում փնտրելով Հայ մատենագրություն համապատասխան էջերը, վայրկյանների ընթացքում մեզ հասանելի են դառնում, հինգերորդ դարից սկսած, գրեթե ամբողջ հայ գրականությունը։ Այդ ամբողջը հնարավոր են դարձրել և վերին աստիճանի շնորհակալ աշխատանք են կատարել, Երևանում՝ Ամերիկյան համալսարանի աշխատակիցների անձնակազմը, հավանաբար տարիներ հսկայական աշխատանք կատարելով։ Նրանք մեծ խնամքով և շատ հարմար դասավորությամբ, պատրաստել են այդ էջերը։ Այսու ամեն մի հայի համար, որտեղ էլ որ նա գտնվի, հասանելի են բոլոր ժամանակների, բոլոր գրողների գործերը։ Մնում է համազգային ջանքեր գործադրելով, պետական և համապատասխան հիմնադրամների օժանդակությամբ, տարբեր լեզուներով թարգմանել տալ հայոց պատմությունը, հայ գրականությունը և դրանք ավելացնելով ներկայիս էջերին, այդպիսով ամբողջ աշխարհասփյուռ հայությանը, մատչելի դարձնել հայոց պատմությունը և հայ գրականությունը։

Այնուամենայնիվ մի հարց մնում է չպարզված։ Ինչպե՞ս են պաշտպանվելու ժամանակակից հայ գրողների իրավունքները և շահերը։ Գոյություն ունի նաև մի այլ բարդ հարց, ըստ երևույթին մենք պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ մոտ ապագայում, տպագրված հայ գիրքը, շատ քիչ գնորդ է ունենալու, ուրեմն ինչպե՞ս է գոյատևելու և զարգանալու հայ գրականությունը, այս հարցը շատ լուրջ մարտահրավեր է, որով պետք է զբաղվեն Հայաստանում համապատասխան պետական իրավասու մարմինները և դրա համար մի լուծում գտնել…

 

Սամվել Հովասափյան

Բեռլին, ապրիլ 2020

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert