Եկել եմ… Եկել եմ, որ պատմեմ, թե ինչն է փոթորկել մտքերս ու անդորրս, որ կիսեմ քեզ հետ այն ամենը , որ ունեմ հոգուս թերթիկների արանքում խնամքով դասավորած: Հիշողություններ, որոնք նմանվում են դեռ մանուկ հասակում գրքի էջերում թաքցրած, չորացած ծաղիկներին ու թիթեռներին. ինչքաաան գույներ կային նրանցում զետեղված: Նայելով չորացած թիթեռների հյութալի գույներին՝ մտովի պատկերացնում էի, թե ինչ արբանքով ու խենթությամբ են նրանք նազել ծաղկից ծաղիկ, ինչ ուժգնությամբ են ըմբոշխնել եթերային ծաղիկների բույրն ու նեկտարը, իսկ հիմա հասկանում եմ, որ նրանք իրենց «եռօրյա» կյանքի ընթացքում հասցրել են կյանքից ստանալ ավելին ու ամենակարևորը, քան դա անում է բանական, «ամենակարող» մարդ արարածը:
Ոտքերս շարժվում են առաջ, բայց մտքերս մնում են ետևում. երևի նրանք էլ են ձանձրացել նույն ճանապարհներն ինձ հետ քայլելուց: Փորձում եմ նրանց համոզել, որ դեռ կարող ենք գրավել այնքան բարձրունքներ, դեռ պիտի սասանենք անհաղթ փարոսներ, դեռ պիտ ցույց տանք ամբողջ աշխարհին, որ մենք ունակ ենք ավելիից ավելին: Բայց ապադյուն: Գլորվում է լուռ կծիկս մտքերի արահետներով իմ խենթ անցյալի, ու փորձում է ծուռ քարտեզս աշխարհի փոխփխել, ուղղել, որ չխոտորվի առանցքս կյանքի….