1918-ի աշնանը թուրքերը հեռացան: Հայ զորքը Դիլիջանի կողմից մտավ ավերված գյուղաքաղաք: Ստեղծվեցին զեմստվոներ՝ համայնքի գործերը վարելու համար: Ղարաքիլիսան երբեք հաջողություն չունեցավ պաշտոնյաների ընտրության մեջ՝ միշտ անարժան, միշտ անընդունակ, բայց խորամանկ մարդիկ: Հսկողություն, պատասխանատվություն գոյություն չուներ, կամ ձեւական միայն: Ժողովուրդը միշտ դժգոհ, միշտ անբավական, միշտ աղաղակող, սակայն միշտ ներողամիտ: Հազարներ կլանող պաշտոնյան երբեք չտեսանք մեղադրյալի աթոռին նստած: Այն շրջանն էր, երբ տանուտերը ռոճիկ չէր ստանում, բայց ընտրվելու համար իրար գլուխ էին պատռում: Հասկանալի է, թե ինչու…

Անցյալ տարի դիպլոմավոր քննիչներից մեկը եկավ, հարյուր հազարներ կողոպտեց ու անհետացավ: Եւ որքան են կաշառակեր պաշտոնյաներ, դատավորներ, որոնք սովալլուկ գայլերի նման հոշոտում, պատառոտում, քամում են նորակազմ հանրապետության վերջին կաթիլը:

Եւ որպիսի՜ սոսկալի զեղծումներ են կատարում Հայաստանի երկնակամարի տակ զանազան խայտաբղետ լիազորներ, որբանոցների, պահեստների կառավարիչներ, նկարագրել անհնար է: Երեկ շապիկ չուներ, այսօր միլիոնների հետ է խաղում, եւ անգլիական լորդի նման ապրում ի հաշիվ թշվառ գաղթականների, անտերունչ որբերի…

Ժողովուրդը, գաղթականությունը սովի մեջ գալարվում է, այլնինչ թալանչի լիազորները, բախտախնդիր մութ մարդիկ, ոտքի տակ տրորելով ժողովրդին, ծաղրելով նրա տառապանքները, ոսկու մեջ թավալվում եւ գլուխները բարձր շրջում են: Իսկ կառավարությունը մատների արանքով է նայում այս կործանիչ երեւույթի վրա:

Աչքներս ջուր կտրեց սպասելով. ո՛չ մի զեղծարար, ո՛չ մի թալանչի, ո՛չ մի ավազակ, ո՛չ մի կաշառակեր պաշտոնյա մինչ օրս իր արժանի պատիժը չի կրել, այնինչ նրանք լեգեոն են կազմում: Ահա թե ինչպես ենք պաշտպանում մեր մանուկ պետության շահերը: Հերկուլեսյան ուժ է հարկավոր ավգյան ախոռը մաքրելու համար: Սա լալկանություն չէ, այլ պարզ իրականություն: Ներկա կառավարության հիմքը ավազի վրա է դրված:

ԽՈՐԵՆ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ԽԱՆԶԱԴՅԱՆ
«Հուշեր եւ տպավորություններ», 1919 թ.

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert