Եթե ես զոհվեմ, հիշեցրեք մորս, որ ես պատերազմ էի գնացել, կռվում էի գիտակցելով` ում հետ ու ինչի համար, թող իր Աստծուց չխռովի ու չանիծի թշնամու մոր արգանդը:
Բացատրեք նրան, որ պատերազմը բակի կռիվ չէ տղաների հետ, որ իրար մի լավ ծեծեինք ու ողջ մնաինք:
Մխիթարեք նրան, որ ես զոհվելուց առաջ հասցրել եմ զոհեր տալ, և որ նա աշխարհի միակ մայրը չէ, ում գունավոր գլխաշորը սևով է փոխարինվելու, բայց նաև ասեք, որ իր ճերմակ վարսերին մայր մտնող արևի գույնն է վայելուչ:
Հորդորեք նրան, որ հանկարծ չարտասվի, ասեք, իր որդին հերոսի նման կռիվ է տվել ու թե համոզվի, ասեք, որ հասցրել եմ ընկնելու պահին նրա կոպերը համբուրել, թող որ համբույրս կոպերին պահի ու արցունքով չլվանա:
Շշնջացեք նրա ականջին, որ ես ցավում եմ իրեն հրաժեշտ չտալու համար և ներում խնդրեք իմ փոխարեն, որ այսուհետ ոչ թե ես իրեն, այլ ինքն է ինձ ծաղիկներ նվիրելու: Նրան փոխանցեք վերջին նվերս` թող գլխաշորին ամրացնի, աշխարհին ցույց տա որ հերոս ունի:
Եվ ի սեր Աստծո, եթե ես զոհվեմ, ինձ մոտ մի եկեք հարգանգի համար, մեր տուն գնացեք, մորս հետ խոսեք, թող իմ կարոտը ձեզանից առնի, թե հյուրասիրի բալի մուրաբա, մի հրաժարվեք մեծ կին է մայրս, չթողնեք նեղվի:
Ասացեք մորս, որ էլ չեմ գալու օրեր հաշվելիս` բարակ մատները իզուր չծալի:
Իսկ հորս…
Հորս փոխանցեք միայն, քնելուց առաջ մորս ոտքերին մի տաք շալ գցի, մորս ոտքերը հանկարծ չսառչի…

Եթե ես զոհվեմ…

Լիլի Շակրին

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert