ԳԻՐՔ ԸՆԹԵՐՑԵԼԸ «ԴԶՈՂ» Է

Մեկ-մեկ մտածում եմ, թե ինչի՞ համար է գրականությունը, ինչու՞ այն կա: Գուցե պարապ վախտի խաղալի՞ք է, երևի թե չէ, մտքի ու զգացմունքի գերթանձրացու՞մ, դարձյալ չէ, աշխարհաճանաչողական գործի՞ք, դե չէ՛ էլի, չէ: Բա ի՞նչ է ուրեմն, տակն ի՞նչ մնաց, որ չասացի: Երաշտությու՞ն է, նկարչությու՞ն է, գուցե սեփական վերջավորության գիտակցումին անհաղորդ անհատ մարդու և հավաքական մարդկության մթագնած ուղեղում խաղարկվող հնչյունների, ձայների ու գույների ինքնանպատակ խտացու՞մ, սրացու՞մ, կարծես էլի՛ չէ, ոչ էլ կախարդանքի կամ մոգության դաշտից է, քանի որ միշտ էլ կարող ես խաբկանքի ու խաբեության հմայախաղի արհեստական, շինծու, ձեռակերտ հնարամտությունը հենց տեղում՝ դեպքի վայրում բռնացնել, մերկացնել ու պատին դեմ անել:

Բայց ահա կա մի գրող, որին կեղծության կամ հորինումի մեջ բռնացնելու ոչ հնար կա, ոչ էլ ձև, քանի որ նա իր միջից է իր գրականության նյութը արարում, ասել է թե՝ ինքն իրեն է արարում և իրենով էլ՝ արտաքին թվացողությունների աշխարհը, որն իբր թե իրականության մեջ է գոյում: Մինչդեռ իրականություն ասվածը լավագույն դեպքում միայն անցյալին կարող է վերաբերվել, բայց ոչ ներկային, որն ընդամենը լինելության ընթացք է՝ in potentia, որպես հնարավորություն, քանի որ ներկան բազմաթիվ հնարավորություններ է, բայց ոչ երբեք ավարտուն իրականություն, որովհետև իրականությունն այն է, ինչն արդեն ձևավորվել-վերջացել է, դարձել հակազդման առարկա ու մնացել է անցյալում: Իրականությունը առավել ևս չի կարող ապագային վերաբերել, որն ըստ էության, դեռևս անգո մի բան է, չգոյություն և ըստ այդմ՝ ժամանակից ու տարածությունից դուրս է, որպեսզի ընկալելի, մտառելի լինի:

Խոսքս Ֆրանց Կաֆկայի մերձավորագույն զուգեղբոր՝ Ռոբերտ Վալզերի մասին է, գրող, որը Մուզիլի խոսքերով, կռիվ է տալիս արտաքին աշխարհի ու մարդկային ներաշխարհի երևույթները որպես իրականություն ընդունելու մեր անքակտելի, անօտարելի հավակնոտության դեմ:

Վալզերի «Զբոսանք» վեպը հայերեն լույս տեսավ 2017-ին և ինչպես այսօր լույս ընծայվող որևէ գրքի, այնպես էլ այս երկի մասին որևէ մասնագիտական կամ թեկուզ՝ մերձգրական արձագանք չկա: Եվ չնայած այսօր հրապարակվող բազմանուն գրական ստեղծագործությունների աստղաբաշխական թվաքանակին, որևէ իմաստավորում չկա գրականություն ասվածի:

Հայաստանում, որքան էլ ինքնախաբեությանը տրվենք ու ինքներս մեզ մխիթարենք, մեծ հաշվով գիրք չեն կարդում, այլապես մեզանում կլինեին շահագրգիռ գրական քննարկումներ, գրական աշխատանքի արժեվորումներ, մի խոսքով կլիներ գրական կյանք և հեղինակ-թարգմանիչներին էլ հավուր պատշաճի կգնահատվեին: Եվ եթե այս ամենը չկա, կնշանակի այսօր, մեզանում, գիրքն ընդամենը անցյալի մնացուկ է և ոչ պահանջված, անգամ «ինքնամեկուսացման» ամիսներին, լավագույն դեպքում՝ «գիրք ընթերցելը մոդայիկ է, նորաձև է», այլ խոսքով՝ «դզող է» շրջանառվող կարգախոսի համաբանությամբ, և ինքյան հայ մարդու հոգեմտավոր սննդակարգի մաս չի կազմում, մնալով ժամանակ սպանելու ցանկալի, բայց ո՛չ անհրաժեշտ կողմնարդյունք:

Աշոտ Ալեքսանյան

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert