Քաղաքում այս որբ,‎
Քաղաքում այս մութ,‎
Որտեղ փողոցը ագռավներինն է,‎
Իսկ վերևներում աղավնիներն են`‎
Լու՜ռ,ճերմակաթույր,‎
Քայլում է կինը`ոտքերին փոշի,‎
Երկինք`կրծքի տակ:‎
Քաղաքում այս ցուրտ,‎
Քաղաքում կարմիր,‎
Որտեղ հայելիներ են վաճառում կույրերին,‎
Որտեղ փոքրիկ խանութի ապակու վրա,‎
Մեծ-մեծ տառերով գրված է`‎
Անվճար ու նոր սաթե շրջազգեստ,‎
Բայց գնորդ չկա,‎
Քայլում է կինը`աչքերին մոխիր,‎
Արև`սրտի տակ:‎
Քաղաքում այս գորշ,‎
Քաղաքում այս պիղծ,‎
Որտեղ օդը գինով է բուրում,‎
և փողոցի այն խոր,գաղտնի անկյունում`‎
մոռացված տան որբ պատուհանից`‎
Մոցարտ է հնչում,‎
Քայլում է կինը`ափերին կարոտ,‎
և երազանքեր`‎
շուրթերի վրա:‎
Քաղաքում այս կույր,‎
Քաղաքում այս խուլ,‎
Որտեղ փողոցը ագռավներինն է,‎
Որտեղ հայելիներ են վաճառում կույրերին,‎
Որտեղ երկնքում աղավնիներն են
և Աստված ինքն է քաղաքն այս լքում,‎
Քայլում է կինը`աչքերին մոխիր,‎
Ափերին կարոտ,‎
Ոտքերին փոշի,‎
Երկինք կրծիք տակ
և մի աշխարհաչափ ցավ`‎
ուսերի վրա..‎

Անի Հերունի Սաջյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert