Հետադարձ ակնարկ ԱԺ-ում ծեծկռտուքի պատճառներին

Կամ՝

Լուսավոր Հայաստանը հաջորդ իշխանություն դառնալու երազանքներում

Կուսակցությունների ղեկավարները եւ առաջնորդները անփոխարինելի ազդեցություն ունեն իրենց կուսակցությունների քաղաքական հայացքների եւ կշռի վրա: Այդ առումով էլ կուսակցություններին հիմնականում դատում են հասարակության մեջ իրենց առաջնորդների ունեցած կամ չունեցած հարգանքի, համարում ունենալ կամ չունենալու չափանիշների հիման վրա: Այդպես է աշխարհում գրեթե ամեն տեղ:

Հայաստանում եւս նույնն է: Լուսավոր Հայաստանի պարագան քննարկելիս հարկավոր է անդրադառնալ նրա անցած կարճ ճանապարհին՝ նկատի առնելով հատկապես մայիսի 8–ին ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքի հանգամանքները:

«Ելք» դաշինքի երեք կուսակցություններից մեկը «Լուսավոր Հայաստան Կուսակցությունն» էր, մյուսը «Հանրապետություն կուսակցությունը», իսկ առանցքային ուժն էր  Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը:

Լուսավոր Հայաստանը Էդմոնդ Մարուքյանի առաջնորդությամբ «Ելք» դաշինքում ունենալով Արամ Սարգսյանի առավել շոշափելի գաղափարական մերձեցումը   միշտ էլ սակայն մնաց Փաշինյանի ստվերի ներքո, իսկ պրակտիկ գործունեությամբ շառից ու փորձանքից հեռու՝ իր համաձայնողական քաղաքականության հետեւանքով, մնաց նախկին ռեժիմի համար լավագույնս ընդունելի «կլասիկ» ընդդիմության «տաքուկ» սահմաններում:

Մարուքյանի նախընտրած քաղաքական հանգստությունը փոթորկվեց այն ժամանակվանից, երբ Փաշինյանը սկսեց իր հեղափոխական քայլը  Գյումրիից: Մարուքյանից պահանջվում էր միանալ այդ քայլին, մի բան որ տեղի չունեցավ եւ չէր էլ կարող տեղի ունենալ, քանի որ դա ԼՀ–ի քաղաքական տեսադաշտի եւ պրակտիկայի հետ անհամատեղելի քայլ էր եւ կուսակցության անշառ ապագայի համար փորձանքի նոր աղբյուր: Այդ մերժումով ընդգծվում է նաեւ Փաշինյանի հետ արդեն խորացող տարաձայնությունները:

Իրավիճակը սակայն փոխվում է երբ հեղափոխության ալիքը ողողում է ողջ երկիրը եւ Թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը արդեն անխուսափելիորեն արձանագրում է իր հաղթանակը:
Արտախորհրդարանական բազմաթիվ ուժերից  մինչեւ նախկին  իշխանությունների հետ կոալիցիա կազմած կուսակցությունները չխորտակվելու համար, մեկը մի քիչ շուտ, մեկը մի քիչ ուշ, կամա, թե ակամա՝ ըստ իրենց շահերի եւ իրենց համար հարմար ժամկետի, միացան հեղափոխությանը…

Լուսավոր Հայաստանին ուրիշ բան չէր մնում քան այն, որ ընդուներ Փաշինյանի առաջնայնությունը եւ հեղափոխությունից անմասն չմնալու համար վերջին պահին տրվեր  այդ ալիքի հոսանքին:

Ազգային Ժողովի նոր ընտրություններում թեպետ Լուսավոր Հայաստանի սպասելիքները լիովին չարդարացան, ինչպես որ չարդարացան բոլոր այլ կուսակցությունների ակնկալիքները, սակայն այնուամենայնիվ ԲՀԿ–ի հետ  հաղթահարելով  ԱԺ–ի 4%-ի պատնեշը Մարուքյանի համար  Ազգային Ժողովում բացվում է նոր հեռանկար…

Նոր Ազգային Ժողով են մտնում «Իմ քայլը» դաշինքից երիտասարդ, բայց եւ անփորձ մարդկանց մի մեծ բանակ, որոնց նկատմամբ իրեն արդեն համարելով ամենագետը, խելամիտն ու փորձառուն,  Մարուքյանի մոտ հետզհետե զարգանում եւ  պրակտիկայի է վերածվում մեծամտությունը, մյուս պատգամավորներին վերից նայելը, անհամեստությունը, խորամանկ ագրեսիվությունը: Այդպիսով սկսվում է նրա շահատակությունները:

Հեղափոխության կողմ  եւ միեւնույն ժամանակ ընդդիմություն լինելը հեղափոխությամբ ընտրված խորհրդարանում իհարկե դժվար եւ անշնորհակալ գործ է, եւ պահանջում է լրջագույն քաղաքական մոտեցումներ եւ գաղափարական կուռ եւ հստակ համոզմունքներ, մի բան որ ԼՀ–ը անկարող եղավ ընկալելու:

Լուսավոր Հայաստանը Մարուքյանի գլխավորությամբ ուներ առնվազն ընտրելու երկու ճանապարհ: Առաջինը որդեգրել այնպիսի քաղաքականություն,  որը չդավաճանելով  իրենց որդեգրած գաղափարներին ու հայացքներին, ցուցաբերեր  հավասարակշռվածություն եւ առավել գործակցային քաղաքականություն: Լուսավոր Հայաստանը չընտրեց այս ուղին, մինչդեռ այդ առումով  ԲՀԿ–ն պաշտպանելով կուսակցության եւ հատկապես իրենց առաջնորդի բազմակողմանի շահերը, աղմուկից հնարավորինս խուսափելով,  ավելի խելամիտ եւ հավասարակշռված դիրք որդեգրեց:

Մարուքյանը ընտրում է երկրորդ ճանապարհը: Ենթարկվելով սեփական ամբիցիաներին իր կուսակցությանը ներքաշում է քաղաքական արկածախնդիր մի խաղի մեջ, որը հեռանկարում չէր կարող օգուտ բերել  ո’չ իրեն եւ ո’չ էլ իր կուսակցությանը:

Նրա համար ներքին ձգտումը դեպի իշխանություն դառնում է առաջնային: Հեղափոխությունը նրան տվել էր այդ հնարավորությունը: Եվ նա ընտրում է կոնֆլիկտի եւ նվազագույն գործակցության ուղին, անում է պարզ մի հաշվարկ, եւ այդ հաշվարկի արդյունքում ընտրում իր համոզմամբ  հաջորդ իշխանություն դառնալու ամենակարճ եւ դյուրին միջոցը:

Ո՞րն էր այդ հաշվարկը:

Չլինելով հոգեբան, աշխատենք կարելիին չափով խորանալ Մարուքյանի ներաշխարհի մեջ՝ վեր հանելու նրա մտորումները: Այդ մտորումները պարզագույն կերպով կարելի է պատկերացնել հետեւյալ կերպ.
Հին իշխանությունները իրենց ողջ ռեսուրսներով եւ կարողություններով համակողմանի հարձակում են սկսել Փաշինյանի դեմ եւ բոլոր թույլատրելի եւ ոչ թույլատրելի եղանակով նրան ու նրա թիմին չորս կողմից հարված են հասցնում, եւ իշխանությունների կողմից չստանալով համահունչ պատասխան, անկաշկանդ ու անպատիժ շարունակում են թուլացնել նրա հիմքերը եւ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ իբր թե երկրում ամեն ինչ քաոս է եւ իշխանությունները երկիրը կառավարելու անընդունակ են եւ անշնորհք: Հները սակայն իշխանություն վերադառնալու շանս չունեն քանի, որ հասարակությունը նրանց այլեւս չի ընդունելու:

Իսկ արտախորհրդարանական մանրմունր կուսակցությունները եւ ուժերը եւս, գրեթե բոլորը  անխնա ծակծկում են իշխանությունների գլուխը, մարմինը ոտքերը եւ խանգարում կառավարության նորմալ ընթացքին: Սրանք եւս  չունեն իշխանության գալու որեւէ լծակներ ու շանս, եւ կմնան լուսանցքում:

Խորհրդարանում իրենց դիրքը կպահպանի Բարգավաճ Հայաստանը, սակայն ոչ ավել… Եւ ո՜վ աստված այդտեղ մնում ենք մենք ու մենք, էլ ո՞վ,  եթե ոչ մենք/ես կարող ենք/եմ Փաշինյանի տեղը գրավել: Այստեղ մեզ մնում է միայն ծրագրված եւ հաշվարկված քայլերով դանդաղ բայց հետեւողական անել նույնը ինչ անում են դրսից, այն է, հենց Ազգային Ժողովի ամբիոնից վարել իշխանությունը փչացնելու նուրբ քաղաքականություն եւ «Իմ քայլի» համար  պատրաստել մեծ ու փոքր ծուղակներ… անփորձ ու տգետ անդամներին հունից հանելով եւ սկանդալներ առաջ բերելով՝ իջեցնել իշխանությունների վարկանիշը, փչացնել իշխանություններին այն աստիճան, որ ժողովուրդը փոշմանի նրանց ընտրելուց եւ … հետո… ինչ կլինի, թող լինի…  մեզ համար դա կլինի իշխանության հասնելու ամենակարճ ու դյուրին ճանապարհը:

Ահա նման տեսլականով Մարուքյանը իր պատգամավորական խմբի որոշակի անդամների անմիջական մասնակցությամբ սկսում է վարել մի կաթիլ մեղրի միտումնավոր տարբերակի քաղաքականություն:

Համառոտ ակնարկ նետելով անցյալ մեկուկես տարում Ազգային Ժողովում ԼՀ–ի ընթացքը, ինչպես նաեւ Երեւանի Ավագանիում նրանց ներկայացուցչի բռնած անհամատեղելի մոտեցումները կասկած չի հարուցվում, որ նրանք ղեկավարվում են հենց վերը նշված քաղաքականությամբ: «Իմ քայլը» պատգամավորներից արդեն կատարել են խորհրդարանում  նման կոնֆլիկտների եւ ագրեսիվության դեպքերի ցուցակագրումը,  որում Մարուքյանը ունեցել է հիմնական դերակատարություն եւ կրկնելը այստեղ ավելորդ է:

Քիչ չեն նաեւ բովանդակային առումով այն օրենքների քվեարկության արդյունքները, որոնցում Լուսավոր հայաստանը չի փայլում իր առաջադիմությամբ, այլ իրավական զանազան հնարքների տեղի ու անտեղի մեջբերումներով եւ պատրվակներով, դեմ կամ ձեռնպահ է քվեարկել այնպիսի նախագծերում ուր նախկին ռեժիմի շահերը ենթարկվում են վտանգի: Դրանցից կարելի է նշել ՍԴ–ի անդամների լիազորությունների կասեցման  հանրաքվեի օրինագիծը, Ապօրինի հարստացման դեմ օրինագիծը եւ բազմաթիվ այլ օրինագծեր:

Յուրաքանչյուր քաղաքական կառույց եւ կուսակցություն բնականաբար ձգտում է իշխանության, դա օրինաչափություն է եւ ընկալելի, սակայն հարցը նրանումն է, թե ինչի համար, ինչպես եւ ինչ գնով:

Մարուքյանը ձախողեց իր այս նախագծի մեջ պարզ այն պատճառով, որ տրվելով իր ամբիցիաներին, կորցրեց զգոնությունը եւ ժամանակից շուտ դուրս գալով «կլասիկ» դիրքերից  ինքն իրեն բացահայտեց: Չկարողացավ իրեն զսպել եւ ընկավ ինքն իր լարած թակարդի մեջ:

Այս ամենից հետո վերջապես գալով բուն ծեծկռտուքի դառը իրականությանը հարց է առաջանում,  Մարուքյանը ամբիոնից իչնու՞ էր իջնում ու գնում դեպի Սասուն Միքայելյանը, գնում  էր  որ ի՞նչ աներ: Երեւի ասեն գնում էր Սասունի ճակատը համբուրելու:

Գուցե պարզունակ թվա բայց նրա ներքին բնույթը լավագույնս ի ցույց է դրվում, նաեւ երբ նրան հիշեցնում են, թե անցյալ ռեժիմի ժամանակ է’լ են խորհրդարանում նման ծեծկռտուքներ եղել, անհամեստորեն պատասխանում է, որ, այո, բայց այնտեղ խմբակցության ղեկավարի չեն ծեծել: Պարզվում է սովորական պատգամավորի կարելի է ծեծել, բայց ո’չ իր նման  համարում ունեցող խմբակցության ղեկավարի:

Իհարկե նախկին իշխանությունների նկատմամբ Մարուքյանը անկեղծորեն ցուցաբերել է կլասիկ պատգամավորի հարգալից ու պատշաճ վերաբերմունք, բայց հե’նց հերթը եկել է նոր իշխանություններին, մոռանալով  համեստությունը սուրը պատյանի երեսից է կապել՝ մինչեւ այն աստիճան, որ ներկա իշխանություններին համարել է նախկիններից է’լ ավելի վատը, ու փառք տվել նախկիններին:

Նրանք տուժածի կարգավիճակում այնքան են ներփակվել իրենց կաշվի մեջ, որ չընդունելով դույզն անգամ իրենց մեղավորությունը, երկրից ու երկնքից պահանջում են պատասխան ու ներողություն, բայց իրենցից ոչինչ:
«Իմ քայլը» չգնաց այդ ճամփով, ընդհակառակը Վարչապետը անգամներ ներողություն խնդրեց եւ ԱԺ–ի դեպքը դատապարտելով ասաց, որ դա հեղափոխությունից հետո  իրենց համար ամենից մեծ պարտությունն է եղել: Խմբակցության ղեկավարը առաջարկեց, որ երկու կողմից էլ ներգրավված անձինք վայր դնեն մանդատները, սակայն Լուսավոր Հայաստանը կտրուկ մերժելով՝ կորցրեց բնականոն քաղաքականություն վերադառնալու այդ առիթը եւ հնարավորությունը:

Ներողություն խնդրել չխնդրելը Լուսավորի համար դարձել է պրինսիպի հարց եւ ամենից մեծ արգելքը:
Նրանք հիմա էլ ընկել են խոր հակասության մեջ, մի կողմից երկիրն ու երկինքը վկա են բերում, որ երբեք թույլ չեն տա այսինչն ու այնինչը…  եւ մինչեւ վերջ պայքարելու են գալիք բռնատիրության դեմ, մյուս կողմից զավեշտալիորեն վախենում են ԱԺ վերադառնալ, որովհետեւ իբր ֆիզիկական բռնության վտանգ են տեսնում:

Իշխանությունները վատնելով արժեքավոր ժամանակ, իհարկե թույլ են տվել որոշակի թերացումներ եւ բացթողումներ, որոնց հետեւանքով առիթավորվել են բոլոր տեսակի մեծ ու փոքր «պրոֆեսիոնալիստները», «քաղաքագետները», ազգի հազար ու մեկ «փրկիչները»…, որոնց աղմուկ աղաղակների մեջ խեղդվում է իսկական խոսքը, սթափ դատողությունը եւ արդարացի քննադատությունը:

Այս ամենից հետո վերջապես գալով բուն ծեծկռտուքի դառը իրականությանը հարց է առաջանում,  Մարուքյանը ամբիոնից իչնու՞ էր իջնում ու գնում դեպի Սասուն Միքայելյանը, գնում  էր  որ ի՞նչ աներ: Երեւի ասեն գնում էր Սասունի ճակատը համբուրելու:

Հուսանք վերջ կտրվի անմիտ հակասություններին ու կոնֆլիկտներին, սադրանքային եւ սանդրանքներին ենթարկվելու քաղաքականությանը եւ Ազգային Ժողովը կկատարի ժողովրդի առջեւ հանձն առած իր անփոխարինելի պարտականությունը:

 

Կարո Հակոբյան

17 մայիս 2020

Ուփսալա, Շվեդիա

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert