4-ը հուլիսի 2011, Փարիզ

Աշոտ Ալեքսանյան

Դրա համար վերցնում ես հասարակական մտածողության տիրապետող միտումը, այն մի լավ խառնում ես տվյալ պահին գերիշխող բարոյական չափորոշիչների միջին թվաբանականին, ձեռքիդ տակ եղած ազգային բացառիկության մշտանփոփոխ գանձարանից մի երկու առինքնող ցիտատ ես կաթեցնում բաղադրվելիք խյուսին, մի պտղունց սեփական անսխալականության բարդույթ ես ավելացնում վրան և պատրաստուկը դնում ես սառնարանում, որ սառչի: Ժամանակ անց, մի տասը կամ քսան տարուց սառնարանից դուրս ես կորզում խտանյութը և ո՜վ զարմանք. պարզվում է, որ մտածողության տիրապետող միտումը փոխակերպվել է իր իսկ հակադրությանը, բարոյական չափորոշիչները, տևական տուրևառությունների արդյունքում դոնդողանման, լպրծուն նյութի են վերածվել` ճարպայուղի անթափանց շերտով շրջափակելով ողջ մակերեսը, ազգային բացառիկության կաթիլային ներարկումները հօդս են ցնդել և միայն անսխալականության բարդույթն է, որ կույր ու խուլ ձևանալով, շարունակում է ճիգ ու ջանք թափել` ձգտելով առկա իրականությունը հարմարեցնել սեփական կանխակալ դատողությունների անտեղիտալի ատաղձին:
Եվ ինչ, եթե ընդհանուր հայտարարի բերելու լինենք տիրապետող միտումի ու միջին թվաբանականի հանրագումարային արդյունքը, կստացվի, որ կանխատեսումը, թեև, իրականացել է, բայց ընկալունակության հանգամանքներն են փոփոխվել, ինչն էլ հետևանք է մարդուս ինքնահաստատման մղող ծեքծեքուն համառամտության, որ բնավ համագոյակիցը և հարաբերակիցը չէ ճշմարտության համար մղվող օրըստօրէ դժգունող գոյամարտի: Ասել է, թե կանխատեսման իրականացումը թեև առկա է, սակայն բաղադրվելիք իրականության հետ կարող է և դույզն-ինչ աղերս չունենալ:

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert