Արդարոէթյան ՈՒՂԻ ամսագիր| – 2020թ․ լրանում է Հայաստանում սովետական կարգերի հաստատման 100- ամյակը: Այդ կապակցությամբ ստորև ներկայացվում է պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանի «Սովետական Հայաստանի 100-ամյակը» աշխատությունից որոշ հատվածներ:
Խոսելով 1920 թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրի մասին, դաշնակցության նորօրյա գաղափարախոսները պնդում են. «Դեկտեմբերի 2-ի երեկոյան Հայաստանը բոլշևիկներին պիտի հանձնվեր. կարելի էր թուրքերի հետ հաշտության համաձայնագրի ստորագրությունն էլ նրանց թողնել։ Բայց ինչպե՞ս վստահել բոլշևիկներին։ Եթե հանկարծ թուրքերը, օգտվելով շփոթ վիճակից, սկսեին ջարդել Ալեքսանդրապոլի հայերին և արագ թափով Երևանի վրա հարձակվեին։
Մյուս կողմից, եթե պատվիրակությունը թուրքերի առաջխաղացումը կասեցնելու համար պայմանագիրը ստորագրեր, Հայաստանի խորհրդային իշխանությունը միշտ կարող էր չեղյալ համարել այն, որը ստորագրել էր հրաժարական տված կառավարության պատվիրակությունը» (Ռ. Փիրումյան, էջ 160)։
Ըստ դաշնակցության գաղափարախոսների, ստացվում է, որ դաշնակցության կառավարւթյան պատվիրակությունը դեկտեմբերի 2-ի պայմանագիրը ստորագրել է բոլշևիկներին չվստահելու պատճառով, որ այդ պայմանագիրը ստորագրվել է Ալեքսանդրապոլի հայերի ջարդը կանխելու և դեպի Երևան թուրքերի առաջխաղացումը կասեցնելու նպատակով։
Քիչ է, եթե այս ամենը համարենք անհեթեթ բացատրություն։
Դեկտեմբերի 2-ի պայմանագրի բովանդակությունն ապացուցում է այդպիսի բացատրության ամբողջ անհեթեթությունը։
Ուշադիր կարդանք դեկտեմբերի 2-ի պայմանագրի հոդվածները։ Դրանցում այդ պնդումն ապացուցելու նշույլ նույնիսկ չկա։
Եվ որպես ապացույց, դաշնակցության այս շա՜տ տեղյակ փաստաբան գաղափարախոսին ու մյուսներին ուզում եմ հիշեցնել, թե բանակցությունների հենց ընթացքում թուրքական զորքերն ինչ բռնություններ են կատարել միայն Ալեքսանդրապոլի գավառի 3-րդ գավառամասի գյուղերում։
«Բոլոր գյուղերը,- կարդում ենք մի զեկուցագրում,- թալանված են, չկա ոչ մալ, ոչ հացահատիկ, ոչ շորեղեն, ոչ վառելիք։ Գյուղերի փողոցները լցված են դիակներով, պակասը լրացնելու գալիս են քաղցը և ցուրտը ու մեկը մյուսի ետևից տանում են զոհեր ու զոհեր։ Այդ դեռ ոչինչ, ավելի անտանելի է դառնում այս բոլորը, երբ որ ասկյարները ու այնտեղ եկած խուժանը ծիծաղում են իրենց գերիների վրա և աշխատում են ավելի սոսկալի ձևերով պատժել ժողովրդին ու նորից իրենց բավարարված չհամարելով, զվարճանում են, ենթարկում են զանազան տանջանքների, ծնողներին ստիպում են նրանց տալ իրենց` այդ դահիճներին հարազատ 8 տարեկան աղջիկներին և 20–25 տարեկան որդիներին-առաջիններին բռնաբարում են, իսկ երկրորդներին սպանում և այս բոլորը կատարում են ծնողների ներկայությամբ. այսպես են վարվում բոլոր գյուղերի հետ. մինչև 40 տարեկան աղջիկներին և տիկիններին տարել անհետացրել են, իսկ տղամարդկանց` մինչև 45 տարեկանը սպանել։ Այս գյուղերում մարդիկ չկան։ Անպատմելի, չտեսնված դրություն է» (ՀԱԱ, ֆ. 114, ց. 1, գ. 63, թ. 18)։
Մինչ Ալեքսանդրապոլում բանակցություններն էին ընթանում, մինչ դաշնակցական կառավարության ղեկավար Վրացյանը Քեմալի հետ սիրալիր նամակներ էր փոխանակում, Կարաբեքիր փաշան շարունակում էր իր կառավարության հայաջինջ քաղաքականությունը։
Այդ օրերին թուրքերի կատարած գազանությունների մասին «Իզվեստիա» թերթը հրապարակել է «Թուրքական գազանությունները Հայաստանում» հոդվածը, որտեղ ասվում էր հետևյալը. «Հայ որբերին օգնող Թիֆլիսի ամերիկյան կոմիտեի աշխատանքի կապակցությամբ պարզվել է, որ նոյեմբերի 7-ին Ալեքսանդրապոլը գրավելուց հետո, թուրքերը սկսել են թալանը, սպանությունները և ամեն կարգի սանձարձակություններ։ Նրանք քաղաքը կտրել են ամբողջ աշխարհից և հայ բնակիչներին թողել են առանց պարենի։ Հայերը մեռել են հարյուրներով, չեն բավականացրել դիակների փոխադրման միջոցները, երեխաները մահացել են փողոցներում։ Խստաշունչ ձմռանն արգելել են վառելիքի բերումը։
Երիտասարդ մարդկանց հավաքում էին խմբերով, իբր աշխատանքի համար ուղարկում Փոքր Ասիա։ Նրանք համարյա բոլորն էլ անհետացել են։ Փողոցներում բռնում էին տղամարդկանց, որոնք նույնպես անհետացել են։ Այժմ նրանց դիակները գտնվում են ջրհորներում, ձորակներում, դաշտերի մեջ։
Ալեքսանդրապոլից 20 կմ հեռավորության վրա գտնվող ձորակը լցված է կանանց ու երեխաների դիակներով։ Վերքերը հիմնականում գնդակային ու սվինային են։ Ապացուցված է, որ սպանված կանայք ենթարկվել են բռնաբարությունների։
Այս պայմաններում ամերիկյան կոմիտեին հաջողվել է փրկել 20.000 երեխայի կյանք։ Փորձ է արվում պարզելու թուրքերի կողմից սպանված հայերի քանակը, որը հաշվվում է տասնյակ հազարներով» («Известия» (Իզվեստիա»),30.06. 1921)։
Մոսկվայում գտնվող թուրքական դեսպանությունը 1921 թ. հուլիսի 13-ին «Իզվեստիա» թերթում հրապարակել է հայտարարություն, որտեղ կեղծելով իրականությունը, փորձում էր գործն այնպես ներկայացնել, թե այդ սպանությունները կատարվել են դաշնակների իշխանության ժամանակ և թուրքերը դրա հետ ոչ մի առնչություն չունեն։
Մոսկվայում Սովետական Հայաստանի ներկայացուցիչ Ս. Տեր-Գաբրիելյանը հանդես է եկել և մերկացրել է թուրքական կեղծիքը, 1921 թ. հուլիսի 30-ին նույն «Իզվեստիա» թերթում հրապարակելով թուրքերի կատարած բռնությունների մասին երկու փաստաթուղթ, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց կարևորությունը։
Ընթերցողի ուշադրությանը ներկայացնեմ դրանք։
Առաջին. «ԱԿՏ. Ես` ներքո ստորագրյալս` Ղարաքիլիսայում ամերիկյան կոմիտեի ներկայացուցիչ Չարլզ Ֆ. Գրանդս, այն բանից հետո, երբ ինձ լուրեր հասան, թե նորերս թուրքերի կողմից էվակուացված Աղբուլաղի շրջանում հայտնաբերվել են հսկայական թվով հայերի դիակներ, 1921 թ. ապրիլի 23-ին ամերիկյան կոմիտեի անդամներ` Ռեյ Դ. Օգդենի և Ջորջ Ա. Բեկ-Մամիկոնյանի ուղեկցությամբ մեկնեցինք այնտեղ։
Մենք ժամանեցինք Աղբուլաղ, որտեղից վերցնելով նոր ուղեկիցներ, խճուղային ճանապարհով ուղևորվեցինք դեպի Ջաջուռի լեռնաշղթան։
Ջաջուռի լեռնանցքի համարյա կատարին, ուղեկիցս կանգնեցրեց ավտոմեքենան և մեզ առաջարկեց հետևել իրեն` ճանապարհի հյուսիսային կողմում ընկած նեղ ու խոր ձորակի միջով հոսող գետի ընթացքի երկարությամբ։
Մոտ 200 ոտնաչափ հեռավորության վրա մենք տեսանք զգալի թվով դիակներ, մեծ մասամբ երեխաների։ Այդտեղից մոտավորապես 250 ոտնաչափ տարածության վրա, թափված էին դիակների կույտեր, որոնք ընկած էին կիրճի երկու կողմերում և մասամբ ծածկված ավազով։ Դիակներից մի քանիսն ընկած էին գետի հունը, որոնց, ըստ երևույթին, նախկին տեղերից շարժել էր ձնհալից ուժեղացած ջրի հոսանքը։
Դատելով վերքի բնույթից և դիակների վիճակից ու շատ ուրիշ նշաններից, մենք եկանք այն միասնական եզրակացության, որ հարևան գյուղերի մի խումբ հայ բնակիչներ մորթվել են երեք կամ չորս ամիս առաջ, որի մասին բավական վկայում է դիակների վիճակը։ Նրանց մոտակա գյուղերից լինելը կարող է հաստատել այն փաստը, որ կենդանի մնացած գյուղացիները հասցրել են ճանաչել և թաղել զգալի թվով սպանվածների։
Զոհերի թիվը տատանվում էր մոտավորապես 1200–1500-ի միջև, որոնք դատելով ըստ գտնված մոտ 200 պարկուճի, մեծ մասը սպանվել է սվիններով և որևէ այլ սառը զենքով, որը հաստատվում է բազմաթիվ բնորոշ վերքերով, ինչպես օրինակ, կտրված կրծքեր, հղի կանանց պատռված փորեր և այլն։
Ամենացայտուն առանձնահատկությունը տղամարդկանց դիակների լիակատար բացակայությունն է. արական սեռի զոհվածներից ամենից ավագը հազիվ թե 14 տարեկան լիներ։ Պարկուճների վրա եղած թուրքական մակագրությունները և կիսալուսնի ու աստղի առկայությունը մի քանի փամփուշտակալների վրա անկասկած դարձրին, թե ովքեր են մարդասպանները։Զառիթափից հինգ-վեց քայլի վրա թափված մի քանի պարկուճները կասկած չեն թողնում, որ զոհերը գնդակահարվել են շատ մոտ տարածությունից և շարված են եղել ձորի բերանին։ Մարմինները դրանից հետո թափել են գետի ափին և ծածկել հողով, որպեսզի իրենց հետքերը թաքցնեն։
Ես լիովին համոզված եմ, որ կիրճի երկայնքով մի փոքր դեպի վեր փռված հարթությունը, որը ծածկված էր կանացի սպիտակեղենի ծվեններով, ականատես է եղել բազմաթիվ բռնաբարությունների։Մեզ հայտնեցին, որ նույն այդ կիրճով հինգ վերստ վեր, գտնվել են մեծ թվով դիակներ, սակայն աննպաստ եղանակի պատճառով մեզ չհաջողվեց այցելել այդ տեղը, ինչպես և նկարահանել այն։
Կոտորածի վայրում թափված պարկուճների ուղիղ շարքը պարզ ցույց էր տալիս, որ տեղի ունեցածը կատարել էր վարժեցրած, կանոնավոր կերպով ղեկավարվող զինվորական ջոկատը։
Մենք բոլորս պատրաստ ենք ուզած ժամանակ հաստատել վերևում ասվածը։
Ղարաքիլիսայում ամերիկյան կոմիտեի նախագահ` Չարլզ Ֆ. Գրանդ»։
Երկրորդ. «ԱԿՏ 1, 1921 թ. մայիսի 11-ի ցերեկը, գյուղ Ղալթախչի։
Թուրքական ջարդերից տուժած Ղալթախչի, Աղբուլաղ, Ղարաբոյա գյուղերի մոտակայքում հայերի դիակները հողով ծածկելու մասին Համամլուի զինկոմի անունով ս/թ մայիսի 2-ին Ղարաքիլիսայի գավառային զինկոմի թիվ 182 հեռագրական կարգադրության համաձայն կազմակերպվել է հանձնաժողով, որը ս/թ մայիսի 8-ին մեկնելով դիակները գտնվելու վայր, մշակել է գործողության հետևյալ պլանը.
1.Նկատի ունենալով դիակների նեխումը և շատ լինելը, որոշեցինք այդպիսիք թաղել իրենց իսկ տեղում, քանի որ ոչ մի հնարավորություն չկար դրանք տեղափոխել բնակավայրերից հեռու գտնվող մի այլ տեղ, և այդ ձևով մաքրեցինք դիակներով լեփ-լեցուն շենքերը։ Դրա համար աշխատանքի են ներգրավվում հետևյալ գյուղերի փոխադրական միջոցներն ու աշխատող ձեռքերը` 1. Նալբանդ, 2. Ավդիբեկ, 3. Բեքյանդ, 4. Ղարալ, 5. Ղալթախչի, 6. Ղարաբոյա, 7. Աղբուլաղ, 8. Գյոյ-Յողուշ։
2. Բոլոր փոխադրական միջոցները և աշխատող ձեռքերը բաժանվում են մի քանի խմբերի և յուրաքանչյուր խմբին հանձնարարվում է որոշակի աշխատանք։
3. Ընդամենը թաղվել է 11.886 դիակ, որոնց մեծ մասը` 90 տոկոսը, գերազանցապես կանայք և երեխաներ են, իսկ 10 տոկոսը` տղամարդիկ։ Դիակների վերքերից երևում էր, որ կոտորածը կատարվել է գազանաբար, այսպես օրինակ, դիակների վրա կարելի էր տեսնել 10–15-ից ավելի սվինի և դաշույնի հարվածներ, մեծ թվով դիակներ գլխատված էին և ամենադաժան ձևերով այլանդակված, իսկ ջարդի ենթարկվածների մի մասն այրվել է շենքերում։
4. ա) Աղբուլաղ գյուղի տեղացի բնակիչներից սպանվել են 1186 հոգի, բ) Ղալթախչի գյուղում` 2100 հոգի, գ) Ղարաբոյա գյուղում` 1100 հոգի։ Այս երեք գյուղերում ընդամենը սպանվել է 4386 տեղացի բնակիչ։
5. Ալեքսանդրապոլի գավառ գաղթած և երեք գյուղերում օթևան գտած Կարսի մարզի գաղթականներից թուրքերը կոտորել են 7500 հոգի, իսկ ընդամենը` 11.886 հոգի։
Հանձնաժողովի վրա դրված աշխատանքը կատարվել է 7 օրվա ընթացքում` 1921 թ. մայիսի 4-ից մինչև 11-ը։
Սույն ակտը կազմվել է չորս օրինակից և մեկական օրինակ տրվել է հանձնաժողովի անդամներին` համապատասխան վերադասին ներկայացնելու համար»։
Այս փաստերը հրապարակելու հետ միասին Ս. Տեր-Գաբրիելյանը կատարել է հետևյալ հարցադրումները.
Առաջին. Մի՞թե թուրքական դեսպանությանը հայտնի չէ Հայաստանի սովետական կառավարության 1920 թ. դեկտեմբերի 15-ի այն նոտան, որտեղ բերվում են անհաշիվ, անհերքելի փաստեր թուրքական հրամանատարության զայրացուցիչ գործողություններից։
Երկրորդ. Մի՞թե նա չի լսել հայ բանվորների և գյուղացիների դիակներով լեփ-լեցուն «եղբայրական հորերի» և «ջրհորերի» մասին, այն մասին, թե ինչպես Շորագյալի շրջանի 60.000 գյուղացիներ, հույս դնելով թուրքական «կարմիր» բանակի ողորմածության վրա, ասեղի պես անհետ կորան, այն մասին, որ հայ ռազմագերիները մինչև օրս չեն վերադարձել հայրենիք, մինչդեռ թուրք ռազմագերիներն ազատվել և վերադարձել են դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին։
Երրորդ. Մի՞թե թուրքական դեսպանությունը չի լսել Ալեքսանդրապոլի հեղկոմի` ամբողջ աշխարհի կոմունիստներին ուղղված կոչի հուսահատական աղաղակները, որին հարկադրեց թուրքական հրամանատարությունն իր հայատյաց հակաժողովրդական, հակասովետական գործերով։ Ալեքսանդրապոլի կոմունիստները միամտաբար կարծում էին, թե «թուրքական բանակն անկեղծորեն կծառայի հայ բանվոր դասակարգին` թոթափելու տեռորիստների լուծը, որի ճնշման տակ նա արյունաքամ էր լինում», ինչպես թուրքական դեսպանությունը շարունակում է համոզել ռուս բանվորներին և գյուղացիներին։
Սակայն քեմալականների տիրապետությունը շուտով համոզեց մեր կոմունիստներին, որ իրենց սպասումները պատրանքներ են, արագորեն նրանց հասցրեց ակամա հուսահատության և ստիպեց զոհերի գնով հրաժարվել խայտառակ «իշխանությունից»։
Չորրորդ. Մի՞թե թուրքական դեսպանությանը հայտնի չեն թուրք հրամանատարության, հանձին Բեյսալ բեյի, հակահեղափոխական արարքները Նախիջևանի մարզում, որտեղ թալանից և բռնությունից բացի զբաղված են եղել տեղական սովետական իշխանության դեմ ուղղված բեկերի և խաների դավադրությունները կազմակերպելու և աջակցելու գործով։ Եթե դա թուրքական դեսպանությանը հայտնի չէ, ապա թող նա դիմի մարզի սովետական արտակարգ կոմիսար ընկ. Վելիբեկովին (Ադրբեջանի կոմկուսակցության անդամ)։
Հինգերորդ. Վերջապես մի՞թե թուրքական դեսպանությունը լրջորեն կարծում է, թե կարող է որևիցէ մեկին հավատացնել բանավոր հայտարարություններով, թե քեմալական Թուրքիան սաստիկ վշտացած է եղել դաշնակցական բռնապետների դեմ ուղղված անցյալ տարվա հայ աշխատավորների ապստամբության անհաջողությունով, և որ նա շատ ուրախ է, որ այժմ իրեն հարևան է սովետական հանրապետությունը» (Սահակ Տեր-Գաբրիելյան, Հոդվածներ, ճառեր, փաստաթղթեր, Երևան, 1979, էջ 206–211)։
Թուրք զավթիչների բարբարոսական գործողությունների մասին ավելի սարսափելի փաստեր են բերված 1921 թ. մայիսի 29-ին Ա. Մյասնիկյանին ուղարկած Ա. Մռավյանի հետևյալ նամակում։
«Աղբուլաղի և Ջաջուռի շրջաններում դիակների թաղման հանձնաժողովը հաշվել է 12.050 դիակ, որի 80 տոկոսը 5-ից մինչև 12 տարեկան երեխաներ են։ Շատ են նաև երիտասարդ աղջիկների ու կանանց դիակները… Ալեքսանդրապոլի հանձնաժողովի տվյալներով թուրքերը մորթել են 60 հազար մարդ, որից տղամարդիկ` 30 հազար, կանայք` 10 հազար, աղջիկներ` 5 հազար, երեխաներ` 3 հազար։ Գերի են տարվել 18 հազար տղամարդ, բռնաբարվել են 30 հազար կին, 20 հազար աղջիկ։ Սովից մեռել են 32 հազար մարդ, այդ թվում` 10 հազար տղամարդ, 5 հազար կին, 7 հազար աղջիկ, 10 հազար երեխա։ Թուրքերը հեռանալուց իրենց հետ տարել են 5 հազար կին, 3 հազար աղջիկ։
Բռնաբարվածների մեջ շատ են վեներական հիվանդությամբ վարակվածները։ Ալեքսանդրապոլի հանձնաժողովը վեներական հիվանդությամբ վարակված պատանիների համար բացել է 500 մահճակալից բաղկացած կացարան։
Թուրքական գերության մեջ գտնվող 10 հազար մարդուց կենդանի է մնացել 2 հազարը, մյուսներն ոչնչացվել են ցրտից ու սովից կամ էլ մորթվել են։ Կենդանի մնացածների վիճակն անհուսալի է։ Արդվինից փախածները հաղորդում են մի քանի գյուղերի ոչնչացման կոշմարային մանրամասներ։ Արդվինի հայերին սպառնում է ջարդը» (ՀԱԱ, ֆ. 1440, ց. 1. գ. 29, թ. 1)։
Կարելի է էլի շատ փաստեր բերել Ալեքսանդրապոլում և շրջակա բնակավայրերում թուրքերի կատարած բռնությունների, թալանի ու մասսայական սպանությունների մասին։
Այստեղ ընթերցողների ուշադրությանը ներկայացվեց թուրքական դահիճների գործադրած միայն մի քանի փաստ, որոնք ապացուցում են դաշնակցության գաղափարախոսի սնանկ պնդումն այն մասին, թե դաշնակցական պատվիրակությունը ստորագրել է պայմանագիրը, որպեսզի Ալեքսանդրապոլի հայերին փրկի ջարդից…
Շարունակելի
Աղբյուրը՝ https://www.artarutyun.com/main.htm